«Ամուսինս նաև հայր է եղել ինձ համար». Լուիզա Ղամբարյանը` ամուսնու հետ հարաբերությունների, հոր կորստի և իր տարիքը չզգալու մասին
Tert.am Life-ը գրում է
Նա երազել է հնեաբան, բժիշկ ու նույնիսկ օտար լեզուների մասնագետ դառնալ, բայց պատահաբար հայտնվել է թատրոնում ու հավերժ սիրահարվել դերասանի մասնագիտությանը: Լուիզան այսօր դառնում է 43 տարեկան: Ասում է` երբ մասնագիտությունդ սիրում ես, տարիքդ չես զգում:
Tert.am Life-ը Լուիզա Ղամբարյանի անկեղծ զրույց է ունեցել իր մանկության, հոր կորստի, իր և ամուսնու միջև 29 տարվա տարիքային տարբերության, դստեր, մասնագիտության և իրեն ցավեցրած մարդկանց մասին:
-Լուիզա, քչերը գիտեն, որ Ձեզնից մեծ քույր և եղբայր ունեք: Տան փոքրը լինելը առավելությու՞ն է եղել Ձեզ համար:
-Մեր հանդեպ մեծերի վերաբերմունքից կառուցվում էին մեր երեխայական փոխհարաբերությունները: Տատիկս ամենաշատն ինձ էր սիրում, հայրիկս` քրոջս, մայրիկս` եղբորս: Հետո պարզվեց, որ դա մեզ ընդամենը թվում էր, նրանք բոլորիս հավասար էին սիրում, բայց փոքր ժամանակ դա հանգեցնում էր մանկական քաղցր վեճերի: Մի արտահայտություն կա` տան փոքրը տան «քաշվածն» է: Ես այդ արտահայտության ճշմարտացիությունը փոքր տարիքում քիչ, բայց զգացել եմ: Երբ տանը հացը կամ մածունը վերջանում էր, ասում էին` Լուիզ, թռի՛ր: Բայց շատ հարցերում ծնողներս նաև ընդառաջում էին, սուբյեկտիվ արտոնություններ շնորհում ինձ:
-Այսօր դառնում եք 43 տարեկան: Դուք առանձնակի հուզմունքով եք հիշում Ձեր մանկությունը և ծննդյան օրերը: Երբ փոքր էիք, ո՞վ էր Ձեր ծննդյան օրը տոն դարձնում:
-Ծնողներս իրենց հնարավորության և դրա սահմաններից դուրս ամեն ինչ անում էին, որ իմ օրը տոն դառնա: Ծննդյանս օրը հիշելիս ակամա «Մայրիկ» ֆիլմն եմ հիշում: Ճիշտ է, այն ժամանակ չկային տարատեսակ անակնկալներով լցված միջոցառումներ, բայց կար անսահման ջերմություն, սեր: Քանի որ ծննդյանս օրը ամռանն է, միշտ ընտանիքով Սևան էինք գնում ու նշում հայկական ավանդական ձևերով: Գետնին ծածկոցներ էինք փռում, խորոված պատրաստում, բանաստեղծություններ կարդում, խաղեր կազմակերպում: Ծնողներս ամեն ինչ անում էին, որպեսզի ժպտայի: Ես զգում էի, որ այդ օրն աշխարհում շատ կարևոր օր է, որովհետև ես եմ ծնվել:
-Հիմա, երբ վաղուց երեխա չեք, նույն զգացումն ունե՞ք:
-Այո՛, որովհետև նորից ընտանիքս ինձ տալիս է այդ զգացումը: Տարիների հետ հասկանում ես, որ քո ամրությունը քո ընտանիքում է և ամենաապրեցնող զգացմունքները ընտանիքում ես ստանում: Հանրային մարդու համար մեծ դեր ունեն նաև մարդկանց ոգևորող խոսքերը, ծափահարությունները, բայց դա արագ անցնում է, իսկ ընտանիքի հետ կապված զգացումներն այլ են:
-Ֆիզիկապես մեծանում եք ևս մեկ տարով, ինչն իրենից նոր. ինչպես Դուք եք սիրում նշել, պատմություն ունեցող կնճիռներ է ենթադրում: Ի՞նչ են պատմում վերջին տասը տարիների Ձեր կնճիռները:
-Սիրելի աշխատանքը նոր ու գեղեցիկ գույներ է տվել ինձ, իսկ երբ դրան գումարվում են իմ ապրած տարիների օրերն ու կնճիռները, երջանիկ պահերը, կերպարներս ավելի խորը, ազդեցիկ են դառնում: Ի վերջո, կապ չունի, թե ինչպիսի դերասան ես. կարևոր է, թե ինչ տեսակ մարդ ես: Անշուշտ, իմ կնճիռների պատմությունները դրամատիկ են, որի մեջ մտնում են տարբեր ժանրեր` կոմեդիա, տրագեդիա: Դրանց մեջ կան և՛ աշխարհացունց ուրախ պահեր, և՛ հիասթափություններ, և՛ մտահոգություններ: Պատմություններ առանձնացնել չեմ կարող, դրանք արդեն զգացմունքների են վերածվել:
-Հոգեպես Ձեզ ավելի երիտասա՞րդ եք զգում:
-Ինձ հոգեպես դեռ այն դեռահաս աղջիկն եմ զգում, որը նոր էր ընդունվել համալսարան, ում համար կյանքը դեռ նոր էր սկսվում: Իհարկե, նրա կողքին կա նաև հասուն կին, ով կարող է ճիշտ խորհուրդներ տալ այդ աղջկան՝ թեկուզ ուղղորդելով գնալ փշոտ ու բարդ ճանապարհով: Անկումներ տեսնողներն են, որ հետո բարձունքներ են ունենում: Հեշտ ճանապարհներն ընտրողները շատ են, բարդ ճանապարհին է, որ ուղեկիցներ քիչ կունենաս:
-Ձեր ճանապարհները բա՞րդ են եղել:
-Չեմ կարող ստել, որ իմ ճանապարհները բարդ են եղել: Ես հայտնվել եմ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Երբ ես հայտնվեցի թատրոնում, շատ դերասաններ բռնել էին արտերկրի ճանապարհը, քանի դժվար տարիներ էին՝ 90-ականները: Եթե այդ տարիները չլինեին, էլի այդ ամենը կտրվեր, որովհետև աշխատասիրությունը, ի վերջո, արդյունք տալիս է, բայց մեկնարկային փուլն ինձ շատ հեշտ տրվեց:
-Տարիների ընթացքում բարդություններ չեղա՞ն:
-Իմ բոլոր աշխատանքային անհաջողությունները գրանցված են իմ կողմից: Ես ստեղծագործող եմ, կարող եմ թե՛ սխալվել, թե՛ ստեղծագործական ներշնչանքի պակաս ունենալ, որն ամենադժվարին պահն է: Երբեմն, մտքումդ կենցաղն է, հոգսը, մակերեսային հազար ու մի հարց, ստեղծագործական ներշնչման աղբյուր չկա: Բարդ շրջան է, երբ դերասանը դատարկ է լինում: Ես ունեցել եմ այդպիսի շրջաններ, երբ ամեն ինչ արել եմ մեխանիկորեն: Այդպիսի պահերին լուռ սպասել եմ, որովհետև հասկացել եմ` ժամանակը կգա ու դատարկությունը կլցվի: Այդ պահին շատ բան տալ ու պահանջել չես կարող, պիտի դիմանաս քո անկմանը ու վեր հառնես:
-Այն 25 տարիների ընթացքում, որ խաղում եք թատրոնում, եղե՞լ են խաղալու համար անբարենպաստ օրեր, որոնք համընկել են ներկայացման օրվա հետ: Կարողացե՞լ եք այնպես խաղալ, որ հանդիսատեսը չնկատի Ձեր իրական հոգեվիճակը:
-Երկու այդպիսի օր է եղել: Կարողացել եմ, բայց չգիտեմ՝ ինչպես Երբ ոտքդ դնում ես բեմ, մոռանում ես, մի կողմ ես թողնում քո յոթ գլխանի տառապանքդ ու երեք ժամ հետո վերադառնում դրան: Չեմ կարող ասել, թե ինչ օրեր են դրանք եղել, բայց այդ երկու օրը երբեք չեմ մոռանա, ամեն ինչ կանեի, որ այդ օրերին չխաղայի, բայց խաղացի:
-Ձեր հորը կորցրել եք բավականին երիտասարդ տարիքում` 28 տարեկանում: Բավականին ժամանակ է անցել: Հաղթահարե՞լ եք նրա բացակայությունը:
-Այո, որովհետև համարում եմ, որ հայրս միայն ֆիզիկապես կողքիս չէ: Հոգեպես անընդհատ զգում եմ նրան թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերին: Միայն կարոտն է ցավեցնում, որը հիմա ավելի շատ է, քան այն ժամանակ, երբ նոր էի կորցրել նրան: Այն ժամանակ ցավն արտաքին էր, տարիների հետ ցավին փոխարինեց խորը կարոտը: Հիշում եմ նրա խորհուրդը՝ նույնիսկ ամենատխուր պահերին չպետք է կորցնեմ ժպիտս:
Այնքան խոսքեր եմ հասցրել ասել նրան, բայց, կարծում եմ, քիչ էր, էլի պետք է ասեի: Հայրս ուրիշ էր, զարմանալի մարդ էր. մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր: Նա կոնդեցի էր ու յուրահատուկ բնավորություն ուներ, որ եղբորս է փոխանցվել: Կարող էր ասել, որ Պուշկին կարդանք, հետո ասեր`եթե փողոցում մեկը ձեզ նեղացնի, հանգիստ կխփեք նրան, չվախենա՛ք: Շատ խորը, օրինակելի մարդ էր, ում կարելի էր անընդհատ լսել: Հորս մասին անվերջ կարող եմ խոսել:
-Նրան կորցնելու փուլում արդեն ամուսնացած էիք Գեորգի Կիմիչի հետ: Հաշվի առնելով ձեր տարիքային տարբերությունը՝ 29 տարի` նրանից նաև հայրական ջերմություն ստացե՞լ եք:
-Ամուսինս տարբեր իրավիճակներում է ապացուցել, որ առաջին հերթին բացառիկ ընկեր է ու շատ լավ մարդ: Նա ինձ շատ է ինձ օգնել հորս կորուստը հաղթահարելու հարցում: Անկեղծ ասած, միշտ էլ նրա մեջ հայրական դիրք եմ զգացել, ամուսինս ինչ-որ տեղ նաև հայր է եղել ինձ համար, բայց հորս տեղը ոչ ոք չի կարող լրացնել, ամեն մեկն իր նշանակությունն ունի:
-Ձեր տարիքային տարբերության մասին շատ է խոսվել, տարիների հետ այդ խոսակցությունները քչացել են: Ի՞նչ եք կարծում, մարդիկ, տեսնելով, որ երջանիկ եք, հասկացան` սերը տարիք չի՞ հարցնում, թե՞ ձեր դեպքում թեման իրեն սպառեց:
-Մարդիկ, ովքեր իսկապես համարում են, որ ընտանիքը երկու մարդկանց ընտրությունն ու համատեղ ճանապարհն է, ի սկզբանե չէին որակում ու քննարկում մեզ: Մեր ընտանիքն ամենասովորական ընտանիքն է: Եթե մենք չկարողանայինք դիմակայել տարբեր դժվարություններին և բաժանվեինք, գուցե շատերը դա վերագրեին տարիքային տարբերությանը, ինչն արդարացված լիներ:
Անկեղծ ասեմ` տարիքային տարբերությունը շատ դեպքերում խնդրահարույց է, տարաձայնություններ է առաջացնում, բայց չպիտի բաժանման շարժառիթ լինի: Շատ ընտանիքներ կան, որտեղ չկա տարիքային տարբերություն, բայց ամուսիններն իրար չեն հասկանում:
-Ձեր դստեր` Գաբիի դաստիարակման հարցում, Ձեր և Գեորգի Կիմիչի միջև սերունդների բախում լինու՞մ է:
-Եղել է և կա: Այս դեպքում կարևոր է կնոջ դիրքորշումը: Եթե մենք տարբեր կարծիքներ ենք ունենում, հետո մտածում եմ ու հասկանում` պետք է գնալ Գեորգիի ասած ճանապարհով` զուգահեռելով իմ ժամանակի զգացողությունը: Աղջիկս ավելի շատ ինձ հետ է կապված, քան հոր:
Մենք տանը բաժանում ենք արել, թե ես ու Գեորգին որ առարկաները պիտի պարապենք Գաբիի հետ: Ռուսերենի հարցում, բնականաբար, ամուսինս պիտի օգներ, քանի որ ռուսական կրթություն ունի, բայց, Գաբիի ցանկությամբ, ես եմ օգնում: Ես մեր պարապմունքները հետաքրքիր հումորներով եմ լցնում, իսկ Գեորգին չոր ուսուցման կողմնակից է: Իհարկե, երբեմն նաև հայրիկի օգնությանն ենք դիմում:
-Լուիզա, Ձեր առավելությունների մասին խոսելիս ասում եք, որ ներողամիտ եք: Ո՞րն է եղել Ձեր հանդեպ ամենավատ քայլը, կարողացե՞լ եք ներել դա:
-Ներել չի ստացվում, բայց փորձում եմ հասկանալ անսկզբունքային մարդկանց, ովքեր կարող են դավաճանել նույնիսկ իրենք իրենց: Այդպիսի մարդկանցից ուղղակի հեռու եմ մնում, վիրավորանքին վիրավորանքով չեմ պատասխանում, քանի որ դրանից ոչինչ չի փոխվելու:
Եթե տվյալ մարդը չի հասկանում իր սխալը, նրան վիրավորելով արժեքները չես փոխի, ուղղակի պիտի բաց թողնես: Կոնկրետ մարդկանց քայլեր նշել չեմ ուզում:
-Եթե հանրագումարի բերենք Ձեր կյանքը` ձեռքբերումներով, կորուստներով, այսօր երջանի՞կ եք:
-Ես երջանիկ եմ, որովհետև յուրաքանչյուր օր արթնանում եմ, կարողանում եմ օրվա ընթացքում մտերմանալ իմ բախտի հետ, ներդաշնակ ապրել: Դժվարություններով հանդերձ սկսել եմ ճանաչել ինձ ու սիրել: Արժանապատվորեն պիտի կարողանաս հաղթահարել ամեն ինչ ու ապրել օրով, պահով: Այդ ժամանակ հաստատ երջանիկ կլինես: