«Մե՛րս, չնեղվես, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն...». Մարտին Ավետիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարտինս բարության, համեստության, նվիրվածության իսկական խորհրդանիշ էր բոլորիս համար: Խիզախ էր, իր որոշումներից հետ չէր կանգնում, ուներ հստակ նպատակներ: Աշխատասեր էր, էներգիայով լի: Առհասարակ, և՛ աշխույժ էր, և՛ հանգիստ, իր տարիքի համեմատ լուրջ ու հավասարակշռված: Հարգալից էր բոլորի հանդեպ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Մարտինի մայրիկը:

Դպրոցում սովորելու տարիներին որդին շատ է սիրել «Հայոց պատմություն» առարկան: «Բազում խմբակների է հաճախել՝ պարի, նկարչության, սպորտային: Բայց պարի հանդեպ յուրահատուկ սեր ուներ, փոքրուց էր պարում, իր ապագան կապում էր պարի հետ: Մշակույթի պալատում «Բերդ» պարն էր պարում, այնքան խրոխտ, այնքան հպարտ: Հիշում եմ նաև դպրոցական տարիներին Ամանորի տոնահանդես էին կազմակերպել, բոլոր դասարանները ամանորյա երգեր էին ներկայացնելու: Մարտինի դասարանին բաժին էր հասել Ռափայել Պատկանյանի «Նոր տարին»: Դասարանցիները դժգոհեցին, թե տխուր երգ է, իսկ Մարտինս ոտքի կանգնեց ու սկսեց երգել. «Երնեկ, թե այս Նոր տարին...»: Զգացողություն էր, որ վրեժն ու հավատը միախառնված էին Մարտինիս երգի մեջ: Իր կատարման շնորհիվ նրա դասարանը հաղթեց»:

Բանակում ծառայելուց և վերադառնալուց հետո Մարտինը մտադիր էր ուսումը բուհում շարունակել: Նա ծնվել է Օշականում, ավարտել է տեղի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցը: 2021 թ.-ի մարտի 4-ին Մարտինը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Կապանում: «Նախքան ծառայության մեկնելը մարտական էր տրամադրված. «Էլ ինչ տղա, որ չպետք է ծառայի, մա՛մ: Ոչ մեկից ոչնչով պակաս չեմ»: Երբ 18 տարեկանը լրացավ, նախքան ծառայության մեկնելն ասաց, որ ուզում է ձեռքի վրա խաչի տեսքով դաջվածք անել: Բայց ես չէի ուզում, մի տեսակ սիրտս կծկվում էր: Համոզեց, այտս համբուրեց՝ մա՛մ, ուզում եմ, որ լինի: Սիրտս լցվեց, ամբողջ մարմնովս սարսուռ անցավ: Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ է ուզում դաջվածք անել, արձագանքեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ շատերին դաջվածքների միջոցով են ճանաչել:

Երբ բարկացա, թե ինչու է նման բաներ խոսում, պատասխանեց՝ մա՛մ, բանի տեղ մի դիր: Ու մոռացանք այդ զրույցի մասին: Բայց իր ծառայության ամիսների ընթացքում իմ մեջ միշտ եղել է վախի զգացողություն: Ամբողջ գիշեր չէի քնում, երբ իմանում էր, ասում էր. «Մա՛մ ջան, այդպես ինձ օգուտ չես տալիս, հանգիստ քնիր: Բա ես ինչի՞ եմ կանգնած սահմանին»»: 2022 թ.-ի սեպտեմբերի 4-ին լրացել է Մարտինի ծառայության մեկուկես տարին: Սեպտեմբերի 9-ին Մարտինը բարձրանում է դիրքեր: «Սիրում էր ծառայությունը դիրքերում. «Տղեն պետք է պոստերում ծառայի, մա՛մ»: Բայց նաև ասեմ, որ վերջին անգամ դիրքեր բարձրանալիս ասաց. Մա՛մ ջան, ոնց որ չուզենամ բարձրանամ դիրքեր»: Կատակի տվեցի, որ իրեն հանգստացնեմ. «Իմ Սյունյաց արծիվ, ինչի՞, դիրք բարձրանալուց վախենո՞ւմ ես»:

«Չէ, մա՛մ ջան, չեմ վախենում, բայց սրտիս մեջ տագնապ կա»: Բայց նաև չէր կարողանում բացատրել, թե դա ինչի հետ է կապված: Մարտինիս ծառայության մեծ մասն անցել է մեր երկրի հարավային սահմանն անառիկ պահելով: Երբեք չի դժգոհել որևէ բանից, միայն այդ մեկ անգամը, այն էլ՝ միայն ինձ խոստովանեց իր ունեցած տագնապային զգացողության մասին»: Սեպտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը իննից մինչև տասն անց երեսուն, Մարտինը խոսել է մայրիկի հետ: «Այդ օրը խոսել էր բոլոր հարազատների ու ընկերների հետ, ասել էր, որ վերադառնալու է, բոլորին հավաքի ու քեֆ անեն: Իրեն պետք է արձակուրդ տային, բայց բարձրացրեցին դիրքեր»: Հետո սկսվեց պատերազմը, բայց նախքան դա տղաները դիրքում իրենց ընկերոջ ծննդյան օրն էին նշում: Մարտինը չորս ժամ կռվել է թշնամու ուժերի դեմ, ստացել նահանջի հրաման, բայց, ինչպես տիկին Աննան է ասում, կար մի մայր ու մի հայրենիք:

«Ուժասպառ եղած ընկերոջ ձեռքից վերցրել է գնդացիրը ու մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամուն, ПК-ով փորձել կանխել նրա առաջխաղացումը: Դիրքի տղաների կյանքը փրկել է: Մի դիրքում կռիվ տալուց հետո տեղափոխվել է հարևան դիրքը: Կապիտանը և դիրքի ավագը լքել են տղաներին՝ նրանց թողնելով թշնամու հետ մենակ»: Մարտինը մարտնչել է թշնամու դեմ, պատճառել մարդկային ուժի մեծ վնասներ, փրկել իր զինակից ընկերների կյանքը և սեպտեմբերի 13-ին անմահացել Շիկահողում: «Սեպտեմբերի 12-ի գիշերը զրուցեցինք, իրար հրաժեշտ տվեցինք: Սեպտեմբերի 13ին՝ գիշերը ժամը երեքին, կարծես քնիս մեջ լսեցի Մարտինիս հոգոցը, թե ինչպես է ասում՝ մա՛մ, ու կտրուկ արթնացել եմ քնից:

Հեռախոսս վերցրեցի ու հասկացա, որ պատերազմ է սկսվել»: Ինչպես շատ տղաների դեպքում, Մարտինի պարագայում ևս ծնողներին ասել են՝ նա անտառներում է: Օրեր շարունակ ծնողներն ու հարազատները Մարտինին փնտրել են ողջերի մեջ, բայց օրեր անց ԴՆԹ հետազոտությունը հաստատել է Մարտինի ինքնությունը: Նկարներով նա անճանաչելի է եղել: Ինչպես դպրոցական տարիներին գրված շարադրություններից մեկում է Մարտինն ասել, «երբ մեծանամ, կցանկանայի մի լավ գործ անել իմ հայրենիքի համար, որովհետև ես էլ արժանի զավակն եմ իմ հայրենիքի»:

Անձնազոհություն հանուն գաղափարի, հանուն հայրենիքի, հանուն ընկերների ու ընտանիքի: Արդյոք սա Մարտինի նախանշած «լավ գործը» չէ՞: Բայց թող որ Մարտինն ու հազարավոր տղաներ ապրեին ու արարեին հանուն հայրենիքի: Ապրելու ուժի մասին: «Սկզբում, կարծես, տաք լինես, չես հավատում կատարվածին, սպասում ես որդուդ: Իսկ հիմա արդեն մտածում եմ, որ Մարտինս կասեր. «Մե՛րս, հզո՛րս, ապրի, որ ապրեմ, ժպտա, որ խաղաղվեմ, եղբորս աչքերն արցունքոտ մի թող: Հիշիր, որ պաշտում եմ քեզ ու կամ, քանի դու կաս»: Հենց թուլանում եմ, այս բառերն են գալիս աչքիս առաջ, գիտեմ, որ Մարտինս հենց այս բառերով ինձ կդիմեր: Ամեն անգամ դիրքեր բարձրանալուց ասում էր՝ մե՛րս, չնեղվես, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ»:

Հ. Գ. - Մարտին Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական հերթապահություն» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով: Հուղարկավորված է Օշականի ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ» Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ» Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ» Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Ռուսական բանակը Ս-300 հրթիռով հարվածել է Խարկովին, վնասվել է 26 տուն Իսրայելը հարվածել է Ռաֆահին՝ Կահիրեում բանակցությունների ձախողումից հետո ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Դոլարը թանկացել է Վթար՝ Արմավիրում. «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը, վիրավորներ կան Բոլոր թեմերից էլ միացել են, բնական ընթացքով գնում ենք․ Բագրատ Սրբազան Վաղը՝ համազգային հանրահավաք Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»
Ամենաընթերցվածները