«Մա՛մ, սա աշխարհի ամենասիրուն տեղն է, ամբողջ Հայաստանն այստեղից կարծես տեսնեմ, սա չպիտի որևէ մեկին տանք». Վահե Նազարյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Ջերմուկում, տուն «վերադարձել» երեք ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վահեն ամեն միջավայրում տարբերվում էր՝ թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, թե՛ ֆուտբոլային ասպարեզում: Շատ հավասարակշռված էր, հանգիստ, անհրաժեշտության դեպքում՝ խիստ իր շրջապատում, եղբոր նկատմամբ: Իրեն հարգում էին իր այդ խստության համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Վահեի մայրիկը:

Նշում է՝ մինչև հինգերորդ դասարանը որդին բացարձակ գերազանցիկ է եղել: «Օլիմպիադաների է մասնակցել, աշխարհագրության օլիմպիադայում հաղթել: Դպրոցից գովասանագրեր ունի: Բայց Վահես տարված էր ֆուտբոլով: 2011 թ.-ից Արարատի մանկապատանեկան թիմում է խաղացել: Մինչև զորակոչվելը ֆուտբոլ էր խաղում: Խաղում էր նաև Երևանում՝ ֆուտզալի ակումբում, բայց դա «թողեց», քանի որ իր նպատակը մեծ ֆուտբոլում հաջողություններ ունենալն էր: Խաղացել է բարձրագույն լիգայում, բայց կորոնավիրուսի պատճառով մեկ տարի կորցրեց, կարծես դա իր դեմ լիներ: Տիրապետում էր անգլերենին և ռուսերենին: Ինքնուրույն էր սովորում օտար լեզուները. երբ ասում էի, որ կարող ենք իրեն լեզվի պարապմունքների ուղարկել, հակադարձում էր՝ համակարգիչ գնեք, ինքնուրույն կսովորեմ: Ու սովորում էր: Հիմա, երբ նայում եմ իր գրառումները, զարմանում եմ, թե երբ է հասցրել այդքան բան սովորել»:

Վահեի ապագայի պլանները կապված էին ֆուտբոլի հետ, ծառայությունն ավարտելուց հետո էր որոշում կայացնելու բարձրագույն կրթության հետ կապված: «Թե՛ մենք, թե՛ իր դպրոցում զարմացել էին, որ որևէ տեղ չընդունվեց: Ասաց, որ չի ուզում որևէ բան կիսատ թողնել, կծառայի, կվերադառնա, հետո կորոշի, թե ինչ անել: Հետաքրքիր մի բան էլ ասեմ. նախքան բանակ զորակոչվելը Վահեն հաշտվել է բոլորի հետ, որոնց հետ թեկուզ մի փոքր վեճ է ունեցել: Իր զոհվելուց հետո են ընկերները պատմել ինձ այդ մասին: Կանխազգացո՞ւմ է ունեցել, թե՞ ինչ, հիմա որևէ մեկս ասել չի կարող: Տանն իր անկյունում նոթատետրեր կան, իր ամեն օրվա մասին գրել է: Անգլերենով է գրել: Օրվա պլանավորում է արել, թե երբ պետք է արթնանա, գիրք կարդա ու ֆիլմ դիտի և այդպես շարունակ: Այնքան գրքեր կան մեր տանը, բոլորն իրենն են: Կատակում էի՝ Վահե՛ ջան, հաստափոր գրքեր գնիր, որ երկար կարդաս»:

Վահեն Հայկական զինված ուժեր ծառայության զորակոչվել է 2022 թ.-ի հուլիսի 15-ին: Օգոստոսին տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը, սեպտեմբերին տեղափոխվել է Ջերմուկ, տեղափոխվելուց տասն օր հետո բարձրացրել են դիրքեր: Տիկին Արմինեն ասում է՝ երբ որդին պետք է բանակ զորակոչվեր, ասում էր՝ մա՛մ, կլսեք իմ մասին, թե ինչպես եմ ծառայում: «Թե՛ Արարատում, թե՛ Ջերմուկում իր ծառայության կարճ ընթացքում հարգանք է վայելել, սիրվել իր ծառայակից ընկերների կողմից: Ինձ ասում էին՝ ուրախացիր, տղեդ բանակ է գնում: Բայց ես ուրախ չէի: Վահեն էլ ասում էր՝ մա՛մ, պետք չի բանակի քեֆ անել, եթե գամ, այդ ժամանակ կանեք: Իմ հայրիկի գերեզմանատեղին Աբովյանի պանթեոնից այնքան էլ հեռու չէ: Երբ ասում էի՝ գնանք տատիկ-պապիկի մոտ, Վահեն արձագանքում էր՝ միևնույնն է, ես էլ եմ այնտեղ գնալու: Երբեմն նման բաներ էր ասում: Երկու անգամ ավտովթար եղավ, բայց իրեն ոչինչ չեղավ: Ընկերներին ասել էր՝ երրորդ անգամը ծառայության ժամանակ է լինելու, ու ես չեմ փրկվելու: Նման զգացողություններ է ունեցել»:

Մայրիկը նշում է՝ ծառայության կարճ ժամանակահատվածի մասին որդին քիչ էր պատմում, բայց գիտեին, որ հարմարվել է ծառայությանը: «Պատմում են, որ Վահեն հենց սկզբից ծառայության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել: Տասն օրից ավելի էր, ինչ Ջերմուկում էր: Ինձ միշտ ասում էր՝ մա՛մ, սա աշխարհի ամենասիրուն տեղն է: Ամենաբարձր տեղում էր, ու այսպես էր նկարագրում. «Ամբողջ Հայաստանն այստեղից կարծես տեսնեմ: Այս տեղը չպիտի որևէ մեկին տանք»»: Վահեն բարձրացել է դիրքեր, ու սկսվել է պատերազմը: «Այնպիսի կռիվ է տվել Վահեն: Ընկերներին ասել էր՝ այստեղ այնքան բան ենք արել, որ դիրքը չենք կարող տալ թշնամուն: Ինչպես էր զգում, որ նման բան կարող է լինել: Այնտեղ ամեն հարմարություն ստեղծել էին, նկարներ էլ կան: Մինչև վերջին պահը երեք հոգով, այդ թվում՝ իրենց մայորը, մնացել են դիրքում: Ինը հոգուց երեքն են այդ դիրքում զոհվել, նրանք, ովքեր մինչև վերջ մնացել են, չեն նահանջել:

Վահեն սեպտեմբերի 13-ին չի զոհվել: Այդ օրը կռվել է, հետո նաև սեպտեմբերի 14-ին: Ընկերներին զանգել է ու ասել՝ դաժան մարտեր են, գուցե չվերադառնանք»: Վահեն զոհվել է սեպտեմբերի 14-ին՝ երեկոյան ժամը հինգից վեցի միջակայքում, ընկերներին ասել էր, որ շրջափակման մեջ են հայտնվել: Մինչ այդ դաժան մարտ են մղել թշնամու դեմ: «Հիմա, երբ ասում եմ՝ գոնե փախնեին, արձագանքում են՝ դու հավատո՞ւմ ես, որ քո տղեն կփախներ, դիրքը կթողներ: Ջերմուկի ամենաբարձր տեղն էր»: Վահեն տուն է «վերադարձել» երեք ամիս անց: Մայրիկի խոսքով, դեկտեմբերի 7-ին Ադրբեջանը 13 տղայի մարմին է փոխանցել Հայաստանին, Վահեն նրանցից մեկն էր:

«Սպասում էի իրեն, մտածում, որ կվերադառնա, ինձ անակնկալ կանի: Բայց օրերն անցնում էին, լուր չունեինք իրենից, մեզ էլ էին շատ ծնողների պես ասում, որ անտառներում են, բայց իրականությունն այլ էր»: Հիմա Աբովյանում ավագ դպրոցներից մեկում, որտեղ սովորել է Վահեն, նրա անունով դասասենյակ է անվանակոչվել, դպրոցում փառքի անկյունը երեխաներին պատմում է Վահեի ու նրա սխրանքի մասին, որ սերունդները չմոռանան, որ անուն առ անուն ճանաչեն նրանց, որոնց կյանքի գնով Հայաստանը շարունակում է ապրել:

Ծանրագույն օրերի միջով է անցել Վահեի ընտանիքը ու շարունակում է անցնել: Վերքը, որ վստահաբար երկար ժամանակ դեռ չի սպիանա, շարունակում է ցավեցնել: Սպիանալուց հետո էլ այն հանգիստ չի տալու ծնողներին, որոնք իրենց զավակներին են կորցրել, զավակներին, որոնց հայրերը պատերազմից չեն վերադարձել, կանանց, որոնց ամուսինները հայրենիքն ամենաթանկն են համարել: Իսկ ընտանիքին Վահեից հետո ապրելու ուժ տալիս է նրա կրտսեր եղբայրը: «Պետք է հանուն նրա ապրենք, ուժեղ լինենք, որ հանկարծ նա չկոտրվի, չէ՞ որ ինքն էլ իր եղբորն է կորցրել: Նաև հույսս չեմ կտրում, որ մի օր հանդիպելու ենք մեր երեխաներին: Իրենք չեն գալու, բայց մենք ենք գնալու իրենց մոտ, այդ հույսն է ապրեցնում»:

Հ. Գ. - Վահե Նազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի զինվորական պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ» Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ» Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ» Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Ռուսական բանակը Ս-300 հրթիռով հարվածել է Խարկովին, վնասվել է 26 տուն Իսրայելը հարվածել է Ռաֆահին՝ Կահիրեում բանակցությունների ձախողումից հետո ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Դոլարը թանկացել է Վթար՝ Արմավիրում. «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը, վիրավորներ կան Բոլոր թեմերից էլ միացել են, բնական ընթացքով գնում ենք․ Բագրատ Սրբազան Վաղը՝ համազգային հանրահավաք Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»
Ամենաընթերցվածները