«Մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա». լեյտենանտ Վոլոդյա Մհերյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր տեսակով շատ հանգիստ էր: Բնավորությամբ այնպիսին էր, որ եթե ինչ-որ բան ձեռնարկեր, պետք է հասներ իր նպատակին: Ընդհանրապես չէր սիրում կռվել, վիճել: Միշտ ասում էր՝ բացատրեք մարդուն, խոսեք նրա հետ, ամեն ինչ կհասկանա: Ընկերասեր էր, ծնողասեր: Հարևանին ծանր պայուսակներով տեսնելիս պետք է ընդառաջ գնար ու օգներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Վոլոդյայի մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցական տարիներին որդու սիրելի առարկան «Հայոց պատմությունն» էր: «Շատ լավ է սովորել թե՛ հիմնական ու ավագ դպրոցներում, թե՛ ռազմական համալսարանում: Փոքրուց երազում էր զինվորական համազգեստ հագնելու մասին, ասում էր՝ պետք է սպարապետ դառնամ: Իր համար կուռք էին Վազգեն Սարգսյանը և Մոնթեն: Տարիներ առաջ, երբ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը միասնաբար ընտրությունների էին մասնակցում, այցելեցին Զեյթուն համայնք, որտեղ բնակվում ենք մինչ օրս: Հանդիպումը համայնքում գտնվող մեծ այգում էր, Վոլոդյան ինձ ստիպեց իրեն այնտեղ տանել: Ինչ-որ զուգադիպությամբ թե՛ Վոլոդյան, թե՛ Վազգեն Սարգսյանը նմանատիպ վերնաշապիկներ էին հագել: Վոլոդյան հենց այդ ժամանակ ասաց՝ մամա՛, մեծանամ, սպարապետ եմ դառնալու: Դրանից հետո սկսվեց զինվորական դառնալու մղումը: Իր հայրիկը շատ հայրենասեր էր, ու հաճախ զրույցներ էին ունենում հայրենիքի, պատմության մասին»: Վոլոդյան սիրում էր թանգարաններ հաճախել, եկեղեցիներն էին նրան հետաքրքիր, ամենը, ինչի մեջ նա Հայոց պատմությունը կարող էր «գտնել»:

Տիկին Քրիստինեն ասում է՝ չէր ուզում, որ որդին զինվորական դառնա: «Դիմել էր և՛ Տնտեսագիտական համալսարան, և՛ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, երկրորդը՝ մեզանից թաքուն: Արդյունքում երկու համալսարան էլ ընդունվել էր, բայց ասաց. «Ինձ զինվորական կյանքի մեջ եմ տեսնում, իմ տեղն այնտեղ է: Ուզում էի ապացուցել, որ կընդունվեմ ցանկացած տեղ, ուր ցանկանամ, բայց ուզում եմ զինվորական դառնալ»: 2015-2019 թթ. սովորեց ռազմական համալսարանում: Համալսարան ընդունվելուց մեկ ամիս հետո նամակ ստացա: Ճիշտն ասած, վախեցած բացում էի ծրարը: Ինձ ուղղված շնորհակալական նամակ էր, որ նման որդի եմ դաստիարակել: Համալսարանից բազմաթիվ պատվոգրեր ունի, օրինակելի կուրսանտ է եղել: Ավարտելուց հետո, երբ գնում էր վիճակահանության, ասացի՝ Վադի՛ ջան, մենակ Ջաբրայիլ չընկնես: Իր զրնգուն, հպարտ և ուրախ ձայնը մինչև հիմա հիշում եմ, երբ զանգեց՝ մե՛րս, իմանաս, թե որտեղ եմ ընկել: Հարցրեցի՝ Ջաբրայի՞լ:

«Չէ, մե՛րս, Մոնթեի զորամասը»: «Մարտունի 2»-ում սկսեց իր ծառայությունը լեյտենանտի կոչումով: Մարտկոցի ավագ սպա էր: Երբեք չի դժգոհել որևէ բանից: Երբ զրուցում էինք, զինվորների մասին ասում էր՝ երեխեքս: Պատերազմից հետո իր ողջ մնացած զինվորներն այցելեցին ինձ, պատմում էին, որ որդիս իրենց համար հրամանատար չի եղել, այլ ընկեր: Տղաս նշանված էր, հոկտեմբերի 20-ին իր հարսանիքը պետք է տեղի ունենար: Զինվորների հետ կիսվել էր իր ուրախությամբ, ասել, որ դիրքերից իջնի, հարսանիքից հետո գառ է մորթելու ու կոնյակ բացելու, որ նշեն: Իր զինվորներին, իր աշխատանքը շատ է սիրել, նվիրված է եղել իր գործին: Ապրիլ յան պատերազմից հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին կցում էին պատերազմում անմահացած տղաների ընտանիքներին: Իմ տղան կցված էր Տիգրան Բերակչյանի ընտանիքին: Տիգրանի եղբոր ընկերը «Մարտունի 2»-ում ծառայելիս է եղել: Իր երդմնակալության արարողության ժամանակ Տիգրանի եղբայրը գնացել էր Արցախ, ասել էր՝ Վադիի տանը կմնամ: Մայրիկը զանգել էր որդուն՝ Նարե՛կ ջան, Վադիի տա՞նն ես մնում: Տիգրանի եղբայրը պատմել էր՝ Վադիի զինվորի ծնողներն են եկել, տունը տվել է իրենց, որ մնան, ինքը մեքենայի մեջ է քնում: Հաջորդ առավոտյան էլ տղաս ասաց, որ իր զինվորի մայրիկը տունը կարգի էր բերել ու սեղանին էլ քաղցրավենիք թողել»:

Սեպտեմբերի 1-ին Վոլոդյան հինգ օրով արձակուրդ է գալիս: «Համարյա տանը չէր մնում, նշանածի հետ ամենուր գնում էր: Արցախ մեկնելու ժամանակ ասաց, որ սեպտեմբերի 30-ին նորից կգա Երևան՝ հայրիկի մահվան առաջին տարելիցին, իսկ հետո՝ իր հարսանիքի օրերին: Երբ վերադարձավ Արցախ, միանգամից դիրքեր էր բարձրացել: Երբեք չի ասել, որ պատերազմ է սպասվում: Սեպտեմբերի 27-ին երկու որդիներիցս լուր չունեի: Գիշերը հերթով զանգեցին՝ լավ ենք, պատերազմը մեզանից շատ հեռու է: Փոքր տղաս ժամկետային զինծառայող էր, նրա դեպքում հանգստություն կար ներսումս, Վադիիս դեպքում՝ ոչ: Սեպտեմբերի 29ին փոքր տղաս վիրավորվել էր, զանգեց՝ մա՛մ, մի բան ասեմ, բայց չվախենաս: Ինձ համար պարզ էր, որ վիրավոր է: Իմացա, որ Մուրացանի հիվանդանոց են բերում: Ոտքից էր վիրավորվել: Վադիին ասացի, որ Էդգարը վիրավորվել է, հոսպիտալում է: Վադիս ասաց՝ եթե կարող ես, պահի, թող էլ չգա: Զարմացա:

Հոկտեմբերի 6-ի երեկոյան փոքր տղաս զանգեց՝ մա՛մ, գնում եմ, ախպերս ու ընկերներս այնտեղ են: Իրեն հոսպիտալում եղած ժամանակ չէի տեսել, թույլ չէին տալիս, այդ օրն ասացի, որ ոչ մի տեղ չգնա, մինչև չտեսնեմ իրեն: Թույլ չէին տալիս, բայց, ի վերջո, մի քանի րոպեով տեսա տղայիս ու ճանապարհեցի: Հոկտեմբերի 21-ին Վադին զանգեց ու երկար խոսեց: Անհանգստանում էի, բայց ինքն ասաց՝ «ծիտիկները» չկան, ի՞նչ իմանայի, թե ինչ նկատի ունի: Խորհուրդ տվեց՝ Իրինայի հետ գնա Մոսկվա, մի քիչ մնացեք, հետո կգաք: Նույն օրը եղբոր հետ է խոսել: Փոքր եղբայրը հարցրել է, թե ինչի կարիք ունի, ասել է՝ եթե կարաս, երեխեքիս քաղցր բեր, ինձ էլ մի հատ կոլա: Ցավոք, փոքր տղաս Վադիիս չհասավ: Ամիսներ շարունակ իրենց այդ զրույցն ինձ հանգիստ չէր տալիս, իր ողջ մնացած զինվորները «Մարտունի 3» զորամաս էին տեղափոխվել, իրենց քաղցր տարա, ասացի՝ ձեր հրամանատարի ցանկությունը չէի կարող չկատարել: Պատերազմի օրերին վատառողջ էր, խորհուրդ տվեցի՝ իջիր դիրքերից, առողջացիր, նորից կբարձրանաս:

«Մա՛մ, ես որ իջնեմ, իմ երեխեքին ո՞վ նայի», ու մինչև վերջ չիջավ: Հրամանատարներից մեկն է ինձ պատմել՝ երբ Վադին վատառողջ է եղել, տաք սուրճ է պատրաստել, որ գոնե դա խմի: Տեսել է, որ սուրճը զինվորներին է տալիս, հետո դատարկ բաժակը հրամանատարին է փոխանցել: Հարցրել է՝ խմեցի՞ր, Մհերյան, «հա, լրիվ խմել եմ»: Կամավորականներից մեկն էլ ինձ պատմեց՝ հաց չէր ուտում, մինչև իր զինվորը չուտեր: Իր զինվորներից ու հրամանատարներից շատերն ինձ հետ կապ են պահպանում, զանգահարում, այցելում: Ի դեպ, կամավորական ջոկատի կողմից տղաս ստացել է Ռեմբո մականունը իր դիպուկ հարվածների համար»: Վոլոդյան զոհվել է հոկտեմբերի 22-ին երեկոյան ժամը 4-5-ի միջակայքում «Մարտունի 2»-ում:

Հաջորդ օրը նա Երևանում էր: «Շատ էր սիրում 22 թիվը, ու իր համար նշանակալի շատ իրադարձություններ կապված էին 22 թվի հետ: Ծնվել է օգոստոսի 22-ին, ֆուտբոլի մարզաշապիկին 22 թիվն էր, ռազմական համալսարանն ավարտել է հուլիսի 22-ին, ընդունվել է աշխատանքի օգոստոսի 22-ին և, ցավոք, զոհվել է հոկտեմբերի 22-ին: Իր քույրիկը ծնվել է նոյեմբերի 22-ին, այդ ժամանակ Վոլոդյան ասաց՝ քուրս էլ է իմ կողմից»: Ապրելու ուժի մասին: «Աղջիկս դարձավ մեր շարժիչ ուժը: Երբ սեպտեմբերին ամուսնուս մոտ էինք գնացել, Վոլոդյան ասաց՝ մա՛մ, երբեք թույլ չտաս քեզ խղճան, առաջ գնա: Երևի այդ բառերը նաև ինձ ուժ տվեցին: Իր իրերից ինձ միայն անձնագիրն ու զինգրքույկն է հասել, դրանք իր գրպանում են եղել: Իր զինգրքույկը երկար ժամանակ չէի կարողանում անգամ բացել, որոշ ժամանակ հետո բացեցի, ներսում մի դեղին թուղթ էր, վրան գրված է՝ ուժեղ եղեք: Ապրեցինք, ապրում ենք: Ամեն անգամ իր մոտ եմ գնում, նստում, զրուցում, հետո էլ տուն վերադառնալիս ասում եմ՝ գնում եմ ապրելու»:

Հ. Գ. - Վոլոդյա Մհերյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալներով Արցախի և Հայաստանի Հանրապետությունների կողմից, Արցախի կողմից՝ «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Քանաքեռի գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ» Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ» Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ» Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Ռուսական բանակը Ս-300 հրթիռով հարվածել է Խարկովին, վնասվել է 26 տուն Իսրայելը հարվածել է Ռաֆահին՝ Կահիրեում բանակցությունների ձախողումից հետո ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Դոլարը թանկացել է Վթար՝ Արմավիրում. «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը, վիրավորներ կան Բոլոր թեմերից էլ միացել են, բնական ընթացքով գնում ենք․ Բագրատ Սրբազան Վաղը՝ համազգային հանրահավաք Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»
Ամենաընթերցվածները