«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարյուր հազարից ավելի արցախցի մեր հայրենակիցներ բռնեցին բռնի տեղահանման ճանապարհն ու, թողնելով իրենց տունը, հայրենի հողը, եկան և փորձեցին բնակություն գտնել մայր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։ Նրանց թվում է նաև Մարտակերտի շրջանից Երևան տեղափոխված Սարգսյանների ընտանիքը։ Պատերազմի պատճառած կորուստների, հայրենի բնակավայրը թողնելու և այլ հարցերի մասին զրուցել ենք ընտանիքի կրտսեր դստեր՝ Ալյոնայի հետ։ «Սեպտեմբերի 19-ին համալսարան էի գնում։ Քույրս պնդում էր, որ տանը մնամ, հարևաններից էր լսել, որ իրավիճակը լարված է։ Ես էլ կես կատակ-կես լուրջ պատասխանեցի, թե միշտ էլ լարված է, էլի, և տնից դուրս եկա։ Համալսարանի աստիճանների մոտ էի, երբ լսվեցին առաջին կրակոցները։ Բոլորն իրար խառնվեցին և սկսեցին այս ու այն կողմ վազել»,- հիշում է Ալյոնան։

Եթե բռնի տեղահանությունը չլիներ, նա կավարտեր Արցախի պետհամալսարանը. 4-րդ կուրսում է սովորում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։ Արցախցիների համար բարդությունները ծագել են դեռ շրջափակման մեջ լինելու ժամանակներից։ Աղջկա խոսքերով, շատ են եղել ծանր ու դժվար օրերը, սակայն երբեք հանձնվելու մասին չեն մտածել, «ինչո՞ւ այսպես եղավ» հարցի պատասխանը մինչ օրս էլ չեն կարողանում ստանալ։ Ալյոնան Արցախի բուհում ուներ գերազանց առաջադիմություն, անվճար էր սովորում, կուրսի ավագն էր։ Ուսումը կիսատ թողնել չէր կարող։ Երևան գալուն պես դիմել է Երևանի պետական համալսարան, սակայն իմանալով, որ պետությունը չի փոխհատուցելու արցախցի ուսանողների վարձը, գործերը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան է տեղափոխել։

«Ի սկզբանե մայր բուհ էի դիմել, սակայն լսեցինք, որ ուսման վարձի փոխհատուցում չի լինելու՝ ի տարբերություն մանկավարժական համալսարանի։ ՀՊՄՀ ընդունվելու համար 10 տարբերություն քննություն եմ հանձնել, հիմա ամբողջովին ներգրավված եմ դասապրոցեսի մեջ՝ պրակտիկաներ, քննություներ, մի խոսքով՝ ուսանողին բնորոշ կյանք»,-պատմում է Ալյոնան։

 Թե ինչ է թողել Արցախում, այդ մասին առանց հուզմունքի աղջիկը խոսել չի կարողանում. «Այն, որ Արցախի բնությունն անհամեմատելի է, դրա մասին խոսք լինել չի կարող։ Ես բնությունս ու հորս ձեռքերով սարքած տունն եմ թողել այնտեղ, հորս շիրիմն եմ թողել այնտեղ»։ Ինչպես Ալյոնան է նշում, տունը կառուցելու ժամանակ հայրը յուրաքանչյուր մանրուքին շատ ուշադիր է եղել և ամեն քարի մեջ ասես կյանք ու հոգի է դրել. «Մինչև այսօր հիշում եմ՝ ինչ ոգևորությամբ էինք տունը կառուցում, ճիշտ է՝ մեզ օգնող շինարարներ էլ կային, բայց հայրս նրանցից շատ էր աշխատում. ամեն բան իր ձեռքի տակով պիտի անցներ։ Այդ օրերը ու տունս եմ կարոտում»:

Ալյոնան մասնագիտությամբ նաև ֆոտոլուսանկարիչ և հրուշակագործ է։ Երկու տարբեր մասնագիտությունների մեջ էլ փորձում է յուրովի դրսևորվել։ Ինչպես ինքն է նշում, եթե լուսանկարչությամբ առաջ չգնա, վստահ է, որ իր անունը շատ կլսեն՝ որպես լավագույն հրուշակագործի։ Ինչպես ինքն է ասում, նպատակ է ունեցել Արցախում մի համով կետ բացել, որտեղից մարդիկ կարող էին ձեռք բերել իր պատրաստած քաղցրավենիքը։ Նպատակներից մեկն է՝ այդ ամենն իրագործել Երևանում։Հուզմունքով է նշում, որ դեռ այդ հնարավորությունը չկա. «Մեր օրերում, որպես այդպիսին, լուսանկարիչները շատ-շատ են։ Դժվար է քո տեղը գտնել և այդպես առաջ գնալ։ Մեծ լսարան ունեցող մարդկանց եմ դիմում, որպեսզի էջս գովազդեն, հավանության դեպքում էլ հենց իմ ծառայություններից օգտվեն մարդիկ։ Ինչ վերաբերում է հրուշակագործությանը, այս ոլորտում ես ինքնուս եմ, չնայած հասցրել էի արդեն բավական հաճախորդներ ունենալ։

Մինչև օրս էլ Արցախից շատերն ասում են, որ համով ձեռք ունեմ, և այդ աշխատանքս Երևանում պիտի շարունակեմ։ Նպատակներիս մեջ է՝ փոքր քայլերով նորից սկսել այդ աշխատանքը»։ Խոսեցինք նաև Հայաստանում առաջ եկած խնդիրների և մարդկանց վերաբերմունքի մասին։ Ալյոնայի խոսքով, ինչպես ամենուր, Հայաստանում էլ, բնականաբար, մարդիկ տարբեր են և, ըստ այդմ, տարբեր վերաբերմունք են ցուցաբերում արցախահայության նկատմամբ։ Նա նշում է, որ շատ են թե՛ օգնության ձեռքերը, թե՛ անտարբեր հայացքները։ «Նկատել եմ, որ շատ են տարանջատում հայաստանցիներին և արցախցիներին։ Ես կարծում եմ, որ սխալ է այդ մոտեցումը, չէ՞ որ բոլորս էլ հայ ենք։ Ճիշտ է, Արցախը հիմա ժամանակավորապես հայաթափված է, բայց Հայաստանն էլ մեր մայր Հայրենիքն է։ Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ, դրա համար կռվել է պետք։ Ադրբեջանը մեզ նման ուղղակի ստորագրությամբ մեր հայրենիքը չի վերադարձնի, Արցախի համար պայքարել է պետք»,-ասում է Ալյոնան:

ՍՅՈՒԶԻ ԴԱՎԹՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Արշակ Կարապետյանը հերքում է իր ձերբակալության մասին լուրերը Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային» Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քիմ Քարդաշյանի` 2024 թվականի ամենավառ կերպարները․ ոճ, որը չունի սահմաններ ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսականը Զուրաբիշվիլիին հրավիրել է՝ մասնակցելու Թրամփի երդմնակալությանը Մեկ տարվա ընթացքում 5 տիտղոսը լավ է, բայց մենք ցանկանում ենք պատմություն կերտել․ Բելինգհեմը՝ «Ռեալի» մասին Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ» 2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ» «Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ» «Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ» Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ» Ակտաուում ավիավթարի պատճառը ռուսական հրթիռն էր․ Euronews
Ամենաընթերցվածները