Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Համաշխարհային մակարդակում պետական պարտքի հարցը շատ լուրջ քննարկումների թեմա է դարձել։ Պետական պարտքի ներգրավումը կարող է նպաստել երկրի տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը, պայմաններ ստեղծել բնակչության բարեկեցության համար, սակայն երբ խախտվում է պետության եկամուտների ու պարտքի հավասարակշռվածությունը, իրավիճակը դառնում է վտանգավոր։

Մի շարք պետություններ ուղղակի կքած են ահռելի պետական պարտքի բեռի տակ։ Այս երկրների կառավարություններն անընդհատ ավելացնում են պետական պարտքի ծավալներն այն պարագայում, երբ պետությունն ի զորու չէ դրան համապատասխան եկամուտներ ներգրավել, և բյուջեում հավասարակշռությունը խախտված է։ Երկարաժամկետ հեռանկարում պետական պարտքի չափից ավելի աճը կարող է խաթարել երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Եթե պետությունը մեծ պարտք ունի և չի կարողանում կամ շատ դժվարությամբ է վճարում պարտքի տոկոսները, ապա այդ դեպքում ներդրողները կարող են կորցնել վստահությունը երկրի տնտեսության հանդեպ, ինչն էլ կհանգեցնի ազգային արժույթի անկմանը։

Մյուս կողմից՝ երբ կառավարությունը մեծ պարտք է կուտակում, և այն սկսում է վճարել նոր տպագրված փողերով, դա պայմաններ է ստեղծում հիպերգնաճի ու ինֆլ յացիայի տեմպերի արագացման համար։ Այդպիսի իրավիճակ է, օրինակ՝ Վենեսուելայում և Զիմբաբվեում։ Բացի այդ եթե պետական պարտքը վերահսկողությունից դուրս է գալիս, կառավարությունը կարող է ստիպված լինել կիրառել խիստ հարկային կամ խնայողության միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական անկման։ Կառավարությունը բյուջեի մուտքերն ավելացնելու և դրանք պարտքի սպասարկմանն ուղարկելու համար կարող է վարել նաև հարկերի ու տուրքերի բարձրացման քաղաքականություն։

Սակայն առանց համապատասխան հաշվարկների ու ռիսկերի գնահատման պետական պարտքի սրընթաց աճի արդյունքում բացառված չէ նաև այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ պետական պարտքի սպասարկումն այլևս դառնա անհնար։ Օրինակ՝ այդպիսի իրադրություն ստեղծվեց Շրի Լանկայում 2022 թվականին, երբ սպառվեց ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ արտարժույթը և 51 միլիարդ դոլար արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարվեց, ինչի արդյունքում էլ կղզի պետությունը բախվեց ամենալուրջ ճգնաժամին իր անկախությունից ի վեր։ Պետական պարտքի բեռի ծանրացման պայմաններում հնարավոր է նաև ավելի բարենպաստ պայմաններով պարտք վերցնելու կամ գործող պարտքը վերակառուցելու անհրաժեշտություն առաջանա, բայց այդ դեպքում պարտատուները կարող են քաղաքական և այլ պահանջներ առաջ քաշել։ Օրինակ՝ երբ Պակիստանը փորձում է նոր ու ավելի թեթև պայմաններով վարկեր ձեռք բերել Արժույթի միջազգային հիմնադրամից, Իսլամաբադի առաջ պայմաններ են դրվում, որ պետք է դրա համար կրճատի իր կապվածությունը Չինաստանի հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա անհանգստացնող են ոչ միայն մեր պետական պարտքի ծավալները, այլև դրանց սրընթաց աճը։ 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ողջ պետական պարտքը, այսինքն՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը կազմեց 12 մլրդ 842 մլն դոլար։ Մեկ տարվա ընթացքում՝ 2023 թվականի վերջի համեմատ, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8,4 %-ով։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում պետական պարտքն աճում է մոտավորապես մեկ միլիարդ դոլարով։ Ու պարտքի ծավալների ավելացման նման տեմպերի պարագայում բացառված չէ, որ այս տարվա ընթացքում արդեն մոտենանք 14 մլրդ դոլարի սահմանագծին։

Պետական պարտքի ավելացման թեմայի շուրջ հանրությունը շատ զգայուն է, քանի որ քաղաքացիների միջոցների հաշվին է, որ պարտքը վճարվելու և սպասարկվելու է։ Ու այս պայմաններում էկոնոմիկայի նախարարը մանիպուլացնում է հանրությանը՝ նշելով, որ ՀՀ արտաքին պարտքը ոչ թե 12 մլրդ դոլար է, այլ 5 մլրդ 962 մլն դոլար: Սա ակնհայտ «բառային» մանիպուլ յացիա է՝ ուղղված հասարակության՝ տերմինների մեջ չխորացող ու միայն թվերին ապավինող մասին: Ի վերջո, ոչ մի մասնագետ երբեք չի ասել, որ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար է։ Բոլոր տնտեսագետներն էլ շեշտում են՝ 12 մլրդ-ը (իրականում՝ 12,8) ՊԵՏԱԿԱՆ պարտքն է: Իսկ պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պարտքերի հանրագումարից՝ 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ Այսինքն, բացի սեփական փոքրաթիվ ընտրազանգվածին մանիպուլացնելուց նույնիսկ արտաքին պարտքի թիվը նախարարը ճիշտ չի ներկայացնում: Ակնհայտ է, որ արտաքին պարտքը շատ ավելին է նախարարի նշած 5 մլրդ 962 մլն դոլար ցուցանիշից։ Միգուցե նա պարտքի ծավալներն ավելի պակասեցնելու համար հանել է ԿԲ-ի պարտքը և միայն կառավարության պարտքը ներկայացրել։ Հնարավոր է:

Իշխանությունների դեպքում մանիպուլ յացիաները նորություն չեն, քանի որ տնտեսական ոլորտի պատասխանատուները ժամանակին էլ ասում էին, թե պարտքը նվազում է, այնինչ իրականում պարտքն ավելանում էր, սակայն նվազում էր դրա ծավալը դրամային արտահայտությամբ, քանի որ դրամն արժևորվում էր դոլարի նկատմամբ։

Մինչ պետական պարտքի մասնաբաժինը մեծ արագությամբ աճում է, դրա դրական տնտեսական էֆեկտը չի զգացվում։ Մյուս կողմից՝ մեր երկիր շատ մեծ գումարներ են մտնում՝ հատկապես ուկրաինական պատերազմից հետո, բայց այդպես էլ դրանք տնտեսական առումով հեռնակարային արդյունք չեն ունենում, ու ստիպված պետությունը նոր պարտքեր է վերցնում։ Պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունը հիմնվում է գերազանցապես վերարտահանման վրա։ Իսկ կառավարությունն էլ երկրում կապիտալի կենտրոնացման բարենպաստ պայմաններ չի ստեղծում, կուտակված կապիտալը արտահոսում է և դուրս է գալիս երկրից։ Անգամ հայ գործարարներից շատերը նախընտրում են ավելի շատ դրսում, օրինակ՝ Դուբայում ներդրումներ անել կամ գույք գնել, քան Հայաստանում։

Ինչպես ընդհանուր հարկային համակարգը, այնպես էլ օրենսդրական դաշտն ու վարչարարությունը դյուրին չեն տնտեսական գործունեություն իրականացնելու և ներդրողներին գրավելու համար։ Դրա համար էլ, քանի որ երկարաժամկետ առումով ռեսուրսների բազա չի ստեղծվում բյուջե մուտքեր գրանցելու համար, կառավարությունը ստիպված հենվում է պարտք վերցնելու վրա, որպեսզի պետության ֆինանսական պարտավորությունները կարողանա իրականացնել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը Ուկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել Շվեդիայից Հայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներ Իսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել «Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերից Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Մերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. Ռյուտե ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Եղանակը Հայաստանում Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչները Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhը
Ամենաընթերցվածները