Կարբի գյուղում «ВАЗ 2121» մակնիշի ավտոմեքենան ձորն է գլորվել, կա 4 զոհ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 5-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ, 61-ամյա Հմայակ Հակոբյանը:
Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել սեպտեմբերի 2-ին՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Niva-ն վարել է Օհանավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Հակոբյանը: Վթարի հետևանքով տեղում մահացել էր նույն գյուղի բնակիչ, 59-ամյա Սրբուհի Հակոբյանը, իսկ վարորդ Կ. Հակոբյանն ու ուղևորներ, Հ. Հակոբյանը, Սուսաննա Հայրապետյանը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 5-ամյա Սրբուհի Հակոբյանը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բացի երեխայից բոլոր տեղափոխվածները մահացել են:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 79 VR 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կարբի գյուղի վարչական տարածքում՝ ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 130 մետր բարձրությունից գահավիժել և հայտնվել «Ավանգարդ» հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձորում:
