ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԴԵՌ ԿՓՈՐՁԻ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼՈՒ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ
Նիկոլն ու իր թիմն այս օրերին նորից ոգեւորված տեսք են ստացել: Դա կապված է ֆրանսիական Սենատի հայտնի որոշման հետ, որով, ի դեպ, ընդամենը խորհուրդ է տրվում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի ինքնորոշումը: Ընդ որում, այդ խորհուրդը կառավարության կողմից պարտադիր կատարման ենթակա չէ, մինչդեռ Սենատը կարող էր նաեւ նման պարտադրող բանաձեւ ընդունել:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍԵՆԱՏԻ «ՁԻՈՎ ՔԱՅԼԸ»
«Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը կարեւորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ...»,- ոգեւորված գրում է ՀՀ ԱԳՆ-ն: Նույն մտքին են նաեւ մեր ԱԳՆ-ի արցախյան սորոսածին գործընկերները: Նման հրճվանքի մեջ է նաեւ Նիկոլը. «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է՝ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»: Սակայն հայաստանյան հասարակությունն ¥պողոսազգիներին նկատի չունենք¤ արդեն սովորել է ուշադրություն չդարձնել Նիկոլի անհամ քաղաքական մեկնաբանություններին եւ յուրովի է մեկնաբանում Սենատի այդ քայլը՝ նաեւ պատասխանելով Նիկոլին: Օրինակ այսպես. «Հա, էսա ֆրանսիական նավերը թափով կբարձրանան Արցախի լեռները... Բայց իրենց այնտեղ արդեն թուրքերն են դիմավորելու, որովհետեւ մարդա մեկն առանց կրակոցի հանձնել է Քարվաճառը, Քաշաթաղը, Աղդամը», «Էլի սկսա՞ր մարդկանց էշի տեղ դնել: Սենատի ճանաչելը դեռ նախագահը պտի հաստատի...», «Էլի մուտիլովկա ես անում: Սենատը ընդամենը կոչ ա արել, այ հողատու, Արցախ ես թողե՞լ, որ ճանաչեն...»:
Իսկ ահա հայտնի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այս գնահատականն է տվել. «Պատմականը Ձեր դավաճանությունն էր: Իսկ այդ որոշումն ավելի փոքր արժեք ունի, քան թշնամուն հանձնվող որեւէ թումբ: Հերի՛ք է մարդկանց թմրեցնեք «արծրունական իրականությաբ»»:
Ի դեպ, մոտավորապես նույն տիպի արձագանք եկավ Բաքվից, որտեղ այդ բանաձեւն ընդամենը «սովորական թղթի կտոր» են համարում: Բայց, թերեւս, ինչպես որ մեր չինովնիկության ծայրահեղ ոգեւորությունն է անտեղի, այնպես էլ Սենատի փաստաթղթի նկատմամբ ծայրահեղ հոռետեսական վերաբերմունքը: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ նախ հասկանալ է պետք՝ ինչո՞ւ նման բանաձեւ ընդունվեց հենց այս պահին, ընդ որում, երբ Ֆրանսիան մի ձեռքով՝ Սենատի միջոցով խոսում է Ղարաբաղի անկախության ճանաչման մասին, իսկ մյուս ձեռքով՝ ի դեմս ԱԳՆ-ի, կասկածի տակ է առնում ճանաչման նպատակահարմարությունը: Կարճ ասած, այն տպավորությունն է, որ Ֆրանսիայի նման երկիմաստ քաղաքականությունն անիմաստ չէ, եւ Սենատի այդ բանաձեւին գնահատական տալու կամ նրա հնարավոր հետեւանքները հաշվարկելու համար նախ հասկանալ է պետք՝ այս ի՞նչ նոր խաղ է փորձում սկսել Փարիզը: Հասկանալու համար նախ փորձենք մի պահ դուրս գալ այն հարթությունից, թե կոնկրետ Հայաստանի եւ Ադրբեջանի համար ինչ տեղի ունեցավ Արցախում, ով ինչ կորցրեց եւ ստացավ, եւ իրավիճակին մոտենանք աշխարհաքաղաքական իմաստով: Այդ տեսանկյունից շատ էական չէ, թե որտեղ կանգ առավ պատերազմը՝ մի քանի բնակավայր այս թե այն կողմ: Այստեղ առաջնայինը այս պատկերն է՝ պատերազմը կանգ առավ, որի արդյունքում տվյալ հատվածում երկարաժամկետ կտրվածքով հայտնվեց ռուսական բանակը՝ դրանից բխող մի շարք տեսաների եւ քիչ տեսանելի հետեւանքներով հանդերձ: Ուստիեւ ֆիքսենք թիվ 1 եզրահանգումը՝ Ռուսաստանին աշխարհաքաղաքական տեսանկյունից ձեռնտու էր նման զինադադարը:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՄՆ-Ն
Հաջորդը, իսկ ո՞ւմ ձեռնտու չէր: Հաջորդ համանախագահ երկիրն ԱՄՆ-ն է, որի վերջնական դիրքորոշմանը դեռ սպասել է պետք՝ այդ երկրում կատարվող իրադարձությունների եւ ապագա պաշտոնական աշխարհաքաղաքականության անորոշությունների պատճառով: Սակայն որոշ պատկերացումներ կարելի է կազմել: Իհարկե, մինչ Սպիտակ տնից հեռանալը դեմոկրատները լուրջ հակասություններ ունեին աշխարհաքաղաքական ինքնիշխանության ձգտող Էրդողանի հետ, որը պարզ արտահայտվեց նաեւ Թուրքիայում 2016թ. հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ: Այս առումով որոշակի վերլուծական շրջանակներ այն կարծիքն ունեն, որ այդ թշնամանքը կշարունակվի նաեւ Բայդենի նախագահության փուլում: Բայց մյուս կողմից էլ Վաշինգտոնում կարող են այլ կերպ մտածել. Էրդողանին հեռացնելու փորձերը կտանեն ՌԴ-ի ուղղությամբ նրա ակտիվ տեղաշարժին: Մինչդեռ այսպես Էրդողանը բոլոր հնարավոր ուղղություններում Մոսկվայի հետ մտնում է հակամարտության մեջ: Սիրիայում դա եղավ, ապա՝ Արցախում, կան նախադրյալներ, որ նման բախման կգնա նաեւ Ուկրաինայիում: Այսինքն, եթե ապագա դեմոկրատական Սպիտակ տունը գա այն եզրակացության, որ կարող է Էրդողանին պահել, որպես ՌԴ-ին տարբեր ուղղություններով հարվածող գործիք, հաստատ կպահի: Բայց մյուս կողմից էլ նույն Սիրիայի օրինակը Վաշինգտոնին նաեւ ցույց տվեց, որ բավականին ռեալ է նաեւ այն, որ որոշակի բախումներից հետո Անկարան եւ Մոսկվան կարողանում են լեզու գտնել, ընդ որում՝ սեփական շահը պահպանելով եւ ԱՄՆ-ին շրջանցելով: Իսկ եթե նույն մոդելը գործի նաեւ Ացախում, որը, ի դեպ, այս պահին գործում է, այսինքն՝ Մոսկվան եւ Անկարան շարունակեն գործել ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում, այդ դեպքում, թերեւս, Էրդողանին հեռացնելը Բայդենի կառավարության համար կդառնա առաջնային խնդիր: Սակայն նման իրավիճակում Էրդողանին այլ տարբերակ չի մնա, քան Պուտինի վրա հույսը դնելը: Արդյունքում, Արցախում ռուսական զորքի ներկայությունը, իհարկե, վերալիբերալացող Վաշինգտոնին ձեռնտու չի կարող լինել: Հասկանալի է նաեւ, որ ռուսական զորքերի տեղակայումից հետո ռեվանշի փորձեր կլինեն՝ ռուսներին այդ հատվածից դուրս մղելու համար: Նաեւ, որ այստեղ շատ բան կախված է, թե ինչ կարգի հարաբերություններ կկարողանան ստեղծել Էրդողանի հետ, որը, չմոռանանք, արդեն հանդգնում է բաց ճակատով պատերազմի մեջ մտնել այնպիսի ուլտրալիբերալ առաջնորդների հետ, ինչպիսին է, օրինակ, Մակրոնը:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՆ
Հասկանալի է նաեւ, որ երրորդ համանախագահ երկրին՝ Ֆրանսիային եւս ձեռնտու չէ Արցախում ռուսական զորքերի ի հայտ գալը: Եվ ահա Փարիզը, որն այս պահին, ինչպես ԱՄՆ-ն, կաշկանդված չէ իշխանափոխության խնդրով, դեռ հազիվ էր ստորագրվել եռակողմ համաձայնագիրը, որ արդեն իսկ սկսեց նշաններ ցույց տալ, որ իրեն խաղից դուրս չի համարում: Վերադառնալով Սենատի բանաձեւին` նկատենք, որ միամտություն կլիներ ենթադրել, որ այն կայացվել է հանուն Արցախի եւ արցախցիների «սիրուն աչքերի»: Քանի որ հակառակ դեպքում Փարիզը նախ թող հոդաբաշխ բացատրություն տա, թե ինչու այդպես էլ որեւէ գործնական քայլ չկատարեց պատերազմի ժամանակ: Օրինակ, ինչու հանդես չեկավ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների առաջարկով, երբ հենց Մակրոնն էր խոսում ահաբեկիչներին Ղարաբաղ բերելու մասին: Կամ ինչու նման բանաձեւ չընդունեց այն ժամանակ ու փոխարենը վերջին երկու շաբաթներին հանգիստ սպասում էր, թե երբ է ընկնելու Ստեփանակերտը: Ու հանկարծ կտրուկ ակտիվացավ, երբ տեղեկացավ, որ երբ սեփական համանախագահն անգործության էր մատնված, ինչ-որ համաձայնագիր է ընդունվել: Սենատի նման բանաձեւն ու դրա դեմ ֆրանսիական կառավարության հանդես գալը միայն մեկ տպավորություն է առաջացնում՝ ներկա իրավիճակը Փարիզը համարում է իր համար անընդունելի: Բայց կոնկրետ ի՞նչը: Որ պատերազմը կանգնե՞լ է. բայց դա նաեւ Ֆրանսիայի պահանջն էր, սրա դեմ չի կարող բողոքել: Միաժամանակ, հազիվ թե պաշտոնական Փարիզի համար էական լինի այն փաստը, թե պատերազմը կանգնելուց հետո, օրինակ, Շուշին ում վերահսկողության տակ է մնացել, կամ որքան է լինելու Լաչինի միջանցքի լայնությունը: Վերջապես, եթե Փարիզին իրոք հետաքրքրում է Արցախի ապագա կարգավիճակի հարցը, ապա բանակցային գործընթացը, ինչպես ներկայացվել է, այդ համաձայնագրով ոչ թե չի դադարել, այլ նաեւ նոր էջից է վերսկսվելու, եւ, որպես համանախագահ, հենց բանակցային սեղանի շուրջ էլ թող հասնի Արցախի անկախությանը: Այսինքն, այս բոլոր հարցերն այլ մեխանիզմներով են լուծումներ պահանջում, որին Սենատի բանաձեւը չի կարող որեւէ բանով օգնել: Արդյունքում, կա միայն մեկ գործոն, որը կարող էր Փարիզին տանել նման կտրուկ քայլերի: Դա արցախյան հատվածում ռուս խաղաղարարների տեղակայման փաստն է, եւ ենթադրելով, որ նման քայլերով Մակրոնը պարզապես մտածում է զորքերի տեղակայման հետողորմյայի մասին, հազիվ թե սխալվենք: Ամեն դեպքում, Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի եւ արտաքին գործերի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, ներկայացնելով պաշտոնական Փարիզի կարծիքն այդ բանաձեւի նկատմամբ, բավականին հետաքրքիր ակնարկներ հնչեցրեց: Նախ, որ՝ «Բազմաթիվ հարցեր կան, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ մասնակցությունն անհրաժեշտ է»: Այն դեպքում, երբ հասկանալի չէ, թե ինչ է անելու ՄԽ-ն, երբ վերջինիս 30-ամյա գործունեության արդյունքում էր, որ ունեցանք այս վիճակը: Մինչդեռ, եթե ՄԽ-ն մնա օրակարգում, Փարիզը եւս կմնա խաղի մեջ: Հակառակ դեպքում, ֆրանսիացի պետնախարարն ակնարկում է այլ մեխանիզմի մասին՝ «Լուծում կարելի է գտնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով... բայց այնտեղ կան տարաձայնություններ»: Իհարկե, կան, այդ թվում՝ խաղաղապահների պատկանելիության հարցով: Այսինքն, եթե հարցը մտնի ԱԽ, ապա առաջին հերթին հենց ՌԴ-ն է հայտնվում տարօրինակ վիճակում, քանի որ պետք է մասնավորապես կարգավիճակի եւ խաղաղապահների մասին խոսի, երբ արդեն իսկ եռակողմ փաստաթուղթ է ստորագրել ու խաղաղապահներ գործուղել:
Ավելին՝ այստեղ