Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԱրցախյան երկրորդ պատերազմը դարձավ ջրբաժան Հայաստանի երրորդ հանրապետության համար։ 1991թ․-ին անկախությունը հաջորդեց արցախյան շարժմանը, պետությունը կազմավորվեց պատերազմին զուգահեռ, իսկ 1994թ.-ի մայիսից մինչ օրս պետությունը պայքարում էր 1988թ.-ի նպատակներին հասնելու համար: Սակայն 44-օրյա պատերազմի արդյունքները փոխեցին այն իրականությունը, որի հիման վրա գործում էր Հայաստանը մինչև պատերազմը։ Այսուհետ Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությունը գործելու է տրամագծորեն այլ միջավայրում, ուստի այսօր անհրաժեշտություն կա վերանայել արտաքին քաղաքականության առանցքային դրույթները:

Սեպտեմբերի 27-ից առաջ

 

Անկախությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության որոշիչ գործոնը եղել է ղարաբաղյան հակամարտությունը և դրանից բխող անվտանգային խնդիրները, որոնցից էլ ածանցվել են մեր առաջնահերթությունները և արտաքին աշխարհի հետ հարաբերման սկզբունքները: Ղարաբաղյան խնդրով են պայմանավորվել անմիջական երկու հարևանների հետ կոնֆլիկտային հարաբերությունները, մեծ տերություններից մեկի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալու անհրաժեշությունը և վերջինի հետևանքով միջազգային քաղաքականության մեջ ուժային կենտրոններից մեկի հետ մերձենալու պարտադրանքը։

Հայաստան-Ռուսաստան

Անհավասար ռեսուրսային պայքարի մեջ հայտնված Հայաստանը առաջինն էր, որ ողջունեց Ռուսաստանի վերադարձը Հարավային Կովկաս: Հայկական կողմը 1992-1994թթ.-ի պատերազմի կարիքների զգալի մասը լուծեց արագ կողմնորոշվելու և Ռուսաստանից անհրաժեշտ օգնություն ստանալու միջոցով: Հայաստանը առաջինն էր, որ թույլատրեց պահպանել ռուսական ռազմաբազան, կնքեց 1997թ.-ի բարեկամության և փոխօգնության դաշնագիրը: Հակամարտության առկայությունը ստիպեց Հայաստանին անդամակցել Ռուսաստանի տարբեր ինտեգրացիոն ծրագրերին՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ Թեև տարիների շարունակ փորձ էր արվում հավասարապես բարենպաստ հարաբերություններ կառուցել նաև արևմտյան երկրների հետ, սակայն Հայաստանը գտնվում էր Մոսկվայի հետ միասին մեկ բլոկում։

Հայաստան-Արևմուտք

Եթե Հայաստանը Ռուսաստանի միջոցով ապահովում էր իր անվտագությունը, ապա արևմտյան երկրների հետ հարաբերությունների օրակարգը հիմնականում կենտրոնացած էր ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքերի պաշտպանության և ֆինանսական աջակցության շուրջ։ Հայաստանն այդ աջակցության շնորհիվ փորձում էր արդիականացնել հանրային և մասնավոր ինստիտուտները։ Հայաստանը Արևմուտքի ազդեցությունը փորձել է օգտագործել նաև ղարաբաղյան բանակցություններում։ Մինսկի խմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայությունը և այդ երկներում հայկական ազդեցիկ սփյուռքի առկայությունը կարևոր դեր են ունեցել կոնֆլիկտի վերաբերյալ հայանպաստ մոտեցումների ձևավորման համար։ Հայաստանը նաև օգտագործել է Արևմուտքի գործոնը որպես փոխլրացնող, երբեմն նաև զսպող գործոն Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Թուրքիայի գործոնը

Ղարաբաղյան հակամարտությունը եղել է որոշիչ հայ-թուրքական հարաբերություններում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1993թ.-ին, Թուրքիան փակեց ՀՀ-ի հետ սահմանը, իսկ 2008թ.-ին սկիզբ առած հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տապալվեց հիմնականում այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվեց ընդունել ղարաբաղյան հարցում զիջումներ անելու թուրքական նախապայմանները: Բացի այդ, անկախության ողջ ընթացքում թուրքական վտանգը Հայաստանին ստիպեց հավասարակշռել վերջինս Ռուսաստանի հետ դաշնակցության միջոցով:

Պատերազմից հետո

Երկրորդ արցախյան պատերազմից հետո հողի վրա ձևավորվել է նոր իրականություն, ինչը պետք է լինի արտաքին քաղաքականության մշակման առանցքում։

- Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծացել է: Ղարաբաղի անվտանգությունը ներկայումս մեծամասամբ կախված է ռուսական խաղաղապահներից: Պատերազմը ցույց տվեց, որ սեփական անվտագությունը ապահովեու համար Հայաստանին գործուն աջակցություն ցույց տվեց միայն Մոսկվան։

- Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծացել է։ Թեև տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հեռանկարի առկայությանը, Թուրքիան առավել քան երբևէ ուղղակի սպառնալիք է դարձել Հայաստանի համար։

- Արևմուտքի ազդեցությունը էապես նվազել է տարածաշրջանում՝ ի հաշիվ ռուս-թուրքականի: ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է հողի վրա իրականությունը փոխելու հնարավորությունը։

Այնուամենայնիվ, Հայաստանի արտաքին քաղաքականության որոշիչ գործոնը շարունակելու է մնալ Արցախի շուրջ հակամարտությունը: Արցախի ճակատագրի հարցը դեռ առկախված է, և անհրաժեշտ է վերլուծել, թե ինչ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան հակամարտության շուրջ նոյեմբերի 10-ից հետո։

- Հակամարտության միջազգային շրջանակավորումը (framework) կերպափոխվեց: Սկսած 1992 թվականից հակամարտության և բանակցային գործընթացում ներգրավված էին բազմաթիվ այլ պետություններ՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Թուրքիա, Իրան և այլն: Արցախյան երկրորդ պատերազմից հետո հակամարտության վրա ունեցած ազդեցությամբ Ռուսասատանը և Թուրքիան առաջնային դեր ստանձնեցին։ Արևմտյան երկրները կտրված մնացին ընթացող գործընթացներից, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընկալվեց որպես ռուս-թուրքական համաձայնության արդյունք, թեև Թուրքիան որևէ կերպ հիշատակված չէր տեքստում։ Սա հարվածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, որի պահպանումը բխում էր Հայաստանի շահերից:

- Փոխվեց հակամարտող կողմերի ուժային հավասարակաշռությունը։ Եթե նախկինում Հայաստանը հաղթած կողմն էր, ապա այսօր հակառակն է։ Հայկական կողմի հիմնական նպատակը՝ Արցախի կարգավիճակի հարցը ներկա դիրքերից եթե ոչ անհնար, ապա բավական դժվար է լուծել։ Այս փաստը պատկերավոր արտահայտվեց Արցախի կարգավիճակի մասին Իլհամ Ալիևի հայտնի արհամարհական արտահայտության մեջ։

- Ստեղծվել է մի իրավիճակ, որում կողմերը կարճաժամկետ հեռանկարում շահագրգռված չեն կարգավիճակի հարցի լուծմամբ կամ նոր պատերազմով: Ռուսաստանը չի ցանկանում, քանի որ կիսալուծման կողմնակից է, ինչը հնարավորություն է տալիս փակել հակամարտության ռազմական փուլը, սակայն իսպառ չվերացնել խաղաղապահներ ունենալու «պատճառը»: Ալիևը շահագրգռված չէ, քանի որ բավարարված է իր ձեռքբերումներով, որոնցով կարող է դեռ երկար տարիներ պահել իր իշխանությունը: Հայաստանը շահագրգգռված չէ, քանի որ հյուծված է և պարտված, իսկ ներկա պահին կարգավիճակի հարցի որոշումը չի լինելու մեզ ձեռնտու պայմաններով: Հայաստանի համար առանցքայինը արցախահայության անվտանգությունն է, որը կապահովվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը կարող է և պատրաստակամ է այնտեղ ունենալ խաղաղապահներ։ Եվ ի վերջո, կարգավիճակի շուրջ կողմերի կարմիր գծերը փոխբացառող են, ուստի բոլորը հասկանում են, որ կարգավիճակի թեման սրելու է իրավիճակը:

Նոր արտաքին քաղաքականությու՞ն

Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլևս գործելու է փոփոխված տարածաշրջանային միջավայրում: Հարավային Կովկասի համար գլոբալ մրցակցությունը վերափոխվել է տարածաշրջանային մրցակցության: Արտաքին քաղաքականության մեջ պետք է թուլանա ավանդական «փոխլրացնող» կամ «և՛-և՛»-ի քաղաքականությունը: Վեկտորները հիմնականում պետք է ուղղվեն Ռուսաստանի հետ հարաբերություների խորացմանը և հարևան երկրների հետ փոխգործակցության որակական փոփոխություններին։

Թուրքիային և Ադրբեջանին դիմակայելու համար Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր որակի ստեղծումը առանցքային դեր ունի Հայաստանի համար։ Այդ որակը պետք է կառուցվի հայ-ռուսական շահերի այնպիսի համադրմամբ, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը նվազագույնը սպառնալիք չեն հանդիսանա Հայաստանի և Արցախի համար։ Ներկա իրողությունների առկայության պայմաններում Հայաստանի և Արցախի անվտանգությունը հնարավոր է պահպանել միայն Մոսկվայի հետ հարաբերությունների ճիշտ կառուցման արդյունքում։

Հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է նոր հայ-թուրքական օրակարգ ստեղծի՝ մասնավորապես ներառելով սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով, որ 2009թ.-ի՝ հայ-թուրքական մերձեցման փորձերի ժամանակ ռուսական կողմը չուներ առարկություններ, ինչպես նաև այն, որ ղարաբաղյան հարցին առնչվող թուրքական այն նախապայմանները, որոնք խանգարեցին արձանագրությունների վավերացմանը, այլևս արդիական չեն, իսկ Թուրքիան շահագրգռված է դեպի Ադրբեջան նոր ճանապարհների բացման մեջ, նման օրակարգը կարող է նորից վերադառնալ առաջին պլան:

Արևմուտքի հետ քաղաքական հարաբերությունները նոր իրականության պայմաններում ունեն հետաքրքիր երանգներ: Մոսկվան գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, ինչպես նաև ակնկալում է Արևմուտքի աջակցությունը օպերատիվ խնդիրների լուծման հարցերում: Քանի որ Արևմուտքը շահագրգռված է Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելուն, ինչի վկայություն է Ֆրանսիայի Սենատի բանաձևը, Հայաստանը կարող է խողովակ ստեղծել Ռուսաստան-Արևմուտք համագործակցության միջոցով թուրք-ադրբեջանական նպատակները չեզոքացնելու համար:

Որպես վերջաբան

Հոդվածում նշվեց, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը նախքան պատերազմը ինչ հիմքով էր կառուցվել և ինչ հնարավոր փոփոխությունների կարող է ենթարկվել։ Ապագայի վերաբերյալ առաջ քաշված մտքերը առկա իրողությունների և առավել իրատեսական միտումների արձանագրումն են, որը, սակայն, դեռ ավելի համապարփակ և մանրամասն վերլուծության առարկա է։

Հայկական քաղաքական մտքի համար ներկա իրավիճակը լուրջ մարտահրավեր է, որին հնարավորինս արդյունավետ արձագանքելը ոլորտի մասնագետների պարտականությունն է: Բազմաթիվ են նոր հարցադրումները, որոնց պատասխանների փնտրտուքը պետք է դառնա ակադեմիական և փորձագիտական դաշտի առաջնային նպատակը: Այս նպատակով ստորև կներկայացվի մի քանի հարցադրում՝ որպես վերջաբան.

1. Ի՞նչ տեսք է ստանալու փոփոխվող Հարավային Կովկասը: Ի՞նչ տեսք է ստանալու Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի հետ աննախադեպ մերձեցման ֆոնին։

2. Ինչպե՞ս է Իրանը պատկերացնում իր դերը Թուրքիայի ամբիցիաները Հվ․ Կովկասում զսպելու տեսանկյունից։

3. Ռուսաստանի և Թուրքիայի մեծացող դերի համատեքստում ի՞նչ նախադրյալներ կան Վրաստան-Ռուսաստան մերձեցման և Թբիլիսիի կողմից՝ Հայաստանի համար ավելի բարենպաստ արտաքին քաղաքականության ձևավորման համար։

4. Հայաստանը ի՞նչ սպառնալիքներ կարող է ունենալ Թուրքիայի հետ սահմանների բացման պարագայում և արդյո՞ք սահմանի շուտափույթ բացումը շահավետ է Հայաստանին:

5. Հայ-ռուսական ինտեգրացիոն հարաբերությունները կերպափոխվելու՞ են նոր ձևաչափի, թե՝ ոչ: Եթե ռուսական կողմից լինի նոր նախաձեռնություն, ինչպե՞ս պետք է Հայաստանը արձագանքի այդ առաջարկներին: Արդյո՞ք Ռուսաստանը մտադիր է առավել ընդլայնել իր ինտեգրացիոն կառույցների գործունեությունը տարածաշրջանում հաղորդակցությունների բացման պարագայում։

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ, Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

դիտվել է 9 անգամ
Լրահոս
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Թուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴ Հայաստանի մեծ մասը լույս չի ունենա Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico
Ամենաընթերցվածները