Հայկ Եսայան. «Ոչ մի պաշտոնյա «Բիլայնում» բաժնետեր չէ»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հոկտեմբերի 28-ի նիստում համաձայնություն է տվել «Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («Բիլայն») ձեռքբերման գործարքին։  

Այդ առնչությամբ «Հետքի» հարցերին պատասխանել է «Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիր-բաժնետեր Հայկ Եսայանը:

Պրն Եսայան, ավարտվե՞լ է «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը` «Բիլայն») ձեռքբերման գործընթացն ամբողջությամբ:

Այո, շուրջ 1 ամիս է` ամբողջությամբ ավարտվել է: Այս պահին տնօրենը ես եմ և խորհրդի անդամ եմ: Եվ ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է «Թիմ» ընկերությանը, որտեղ հավասար բաժնետերեր ենք ես և եղբայրս:

«Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն նոյեմբերի 16-ին անվանափոխվել է «Տելեկոմ Արմենիա»-ի: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

«Վեոն Արմենիա»-ն անվանափոխվել է, դարձել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ: Դա մեր պայմանագրի շրջանակներում էր, որ ընկերությունը մեկ ամսվա ընթացքում պետք է անվանափոխվի, քանի որ չէր կարող մնալ նախորդ բրենդի ներքո: Իսկ «Բիլայն» բրենդը մենք օգտագործելու իրավունք ունենք և դեռևս կօգտագործենք՝ մինչև մեր մարկետինգի թիմը հասկանա՝ ռեբրենդավորում անհրաժե՞շտ է, և ե՞րբ է այն անհրաժեշտ։ Դեռ քննարկումների մեջ ենք, և մենք պետք է որոշումը կայացնենք, որպեսզի հասկանանք՝ երբ ենք այդ քայլին դիմում, բայց ռեբրենդավորում իրականացնելու ենք։

Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն` «Տելեկոմ Արմենիա»-ում ՀՀ ներկայիս իշխանություններից բարձրաստիճան պաշտոնյա բաժնետերեր կան:

Շատ բարձրաստիճան և ընդհանրապես ինչ-որ աստիճան ունեցող ոչ մի պաշտոնյա «Բիլայնում» բաժնետեր չէ։ Ինչպես և նշեցի, «Բիլայնում» միայն բաժնետեր է «Թիմ» ընկերությունը՝ 100 % բաժեմասով, իսկ «Թիմ» ընկերության բաժնետերեր են Եսայան եղբայրները՝ Ալեքսանդր Եսայանը և Հայկ Եսայանը։ Հավաստիացնում եմ` ով որ նման բան է ասել, ուղղակի ստախոս է և ինչ-որ ձև ուզում է սադրել, նման բան չկա։ Ընկերությունը բաց է և շարունակելու է իր հաշվետվություններն աուդիտի շրջանակներում։ Եվ այն պրոցեսները, որոնք ընկերությունում կան հենց բաց (public) ընկերություն լինելու համար, մենք պահպանելու ենք և տանելու ենք հենց այդ ուղղությամբ, որպեսզի ապացուցենք, որ Հայաստանում կարող է լինել բաց և թափանցիկ բիզնես։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին` նախագծային որոշումներում երևում է, որ «Բիլայնի» բաժնետոմսերը գրավադրվել են «Վիմպելկոմ»-ում, և տարաժամկետ վճարման պայմանով գործարք է կնքվել:

Ոչ, դա ընդամենը թույլտվություն էր, որը մենք ստացանք, որովհետև պատերազմական դրության պայմաններում շատ մոդելներ էր քննարկվում, թե ինչ մոդելով գործարքն ավարտել: Մենք գործարքը գրեթե հասցրել էինք ավարտին և, ցավոք, սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմական իրավիճակը, որը մեր գործարքը մոտ 1 ամիս հետաձգեց։ Այդ ժամանակաշրջանում շատ տարբերակներ եղան, և շատ բարդ ձևով մենք կարողացանք գործարքը փակել։ Վարկային ռեսուրսներով այն փակվեց, բայց այդ պահին վարկի տրամադրումը, ֆինանսական իրավիճակը, ռիսկայնությունը երկրում շատ էր բարձրացել։ Չեմ կարող ամբողջությամբ մանրամասներ ասել, թե ինչ տոկոսադրույքով և այլն կնքվեց գործարքը, բայց կարող եմ նշել, որ Հանրապետությունում վարկավորումները շատ դանդաղել են։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեք նախագծի հավանություն է տվել. առաջինը՝ վարկավորումը «Արդշիինբանկից», այնուհետև՝ կիսով չափ նաև «Ամերիաբանկից», իսկ հոկտեմբերի 28-ի նիստում հավանություն է տրվել «Վիմպելկոմ»-ում բաժնետոմսերի գրավադրմանը:  «Վիմպելկոմ»-ն ու դրա մայր ընկերությունը` «Վեոն»-ը փաստացի կառավարվում են թուրք մենեջերների կողմից, ինչը խիստ մտահոգիչ է, քանի որ երկիրը պատերազմական և ռազմական դրության մեջ էր այդ օրերին ադրբեջանաթուրքական ուժերի դեմ: Ի վերջո, ինչպե՞ս է ավարտվել գործարքը, և որտե՞ղ եք գրավադրել բաժնետոմսերը:

Այս պահի դրությամբ բաժնետոմսերն ամբողջությամբ գրավադրված են «Ամերիաբանկ»-ում: Քանի որ դա բանակցային փուլ էր բոլոր բանկերի հետ, այդ թվում՝ դրսի, մենք բոլոր հնարավոր տարբերակներով թույլտվությունների դիմում էինք՝ որ պահին որ բանակցում էինք որևէ բանկի հետ։ Մենք բանակցում էինք, ու մեզ թույլտվություն էր պետք; Բանակցության հետ թույլտվության համար դիմում էինք, որովհետև դա բանակցային պրոցես էր, 15-20 օր էր տևում, և որպեսզի ամեն փոփոխություն երկար չտևեր, մենք մոդելավորեցինք այնպես, որ ստացվի՝ եթե մենք հնարավորություն ունենք 1, 2 կամ 3 բանկերի միջոցով ֆինանսավորում ստանալ, այդպես էլ իրականացնենք։ Այսօր այդպես էլ կա, ընդհանուր գործարքին մեկ բանկից ավելի ֆինանսավորում է տեղի ունենում, և այսօր էլ բանակցում ենք նոր միջոցների ներգրավման համար։

Ֆինանսական միջոցների ներգրավումն ու գրավադրումը երկրորդային հարց է, երկրորդ՝ ընկերությունը եթե ֆինանսական միջոց ունի, փաստացի ապահովում է գրավը, դա բաժնետոմսերի միջոցով ապահովված կլինի, թե չէ, արդեն երկրորդային է։ Այո, մենք ընկերությունը գնել ենք վարկային միջոցներով և ներգրավելու ենք նոր ֆինանսական միջոցներ, որպեսզի զարգացման տանենք։ Ընկերությունը վերջին 5-10 տարիների ընթացքում անկում է ապրել, մենք այնպես ենք անելու, որ մեզանով վերելք սկսվի, և մենք ֆինանսական միջոցները ներդնելու ենք ավելի օպտիմալ և խնայողաբար և նոր տեխնոլոգիաների մեջ:

Այսինքն` «Վիմպելկոմ»-ում բաժնետոմսերը գրավադրված չե՞ն:

Այո, այս պահին «Վիմպելկոմ»-ում ոչինչ գրավադրված չէ: Դա ընդամենը թույլտվություն է եղել, որ մենք իրավունք ունենք գրավադրելու:

Ի՞նչ ժամկետում եք վերադարձնելու վարկային միջոցները:

Ժամկետ կա, բայց դա կոմերիցիոն գաղտնիք է, դա զետեղված կլինի մեր 2020թ. ֆինանսական հաշվետվության մեջ, որը հասանելի կլինի 2021թ. ապրիլ-մայիսին:

Հանրությանը հետաքրքրում է, թե, ի վերջո, որքա՞ն արժեցավ այդ գործարքը:

Ճիշտն ասած` դա կոմերցիոն հետաքրքրություն կարող է ունենալ, մեր պայմանագրի շրջանակներում ես իրավունք չունեմ այդ արժեքը բարձրաձայնելու, բայց կարող եմ ասել, որ «Վիմպելկոմ»-ի համար դա բավականին հետաքրքիր գործարք է եղել` ընդհանուր իր կապիտալի մասնակցության մասով: Մեր համար էլ շատ հետաքրքիր գործարք էր, որովհետև մեր ոլորտը միայն ֆինանսով չէ, նաև մարդկային ռեսուրսն է շատ կարևոր: Ես հասկանում եմ այն ֆինանսական հաստատություններին, որոնք որ մեզ ֆինանսավորեցին և ուզում են վերաֆինանսավորել, որովհետև ունենք բավականին մեծ ներուժով մարդկային ռեսուրս, որը, գումարելով այս ընկերության ներուժին, բավականին հետաքրքիր պոտենցիալ ենք տեսնում: Այսինքն` աշխարհում` IT ոլորտում, իսկ տելեկոմը փոխվում է դեպի IT ոլորտ, ոչ թե ակտիվին են ֆինանսավորում, այլ մարդկային ռեսուրսներին: Նույն վենչուր-կապիտալները ոչ թե դիտարկում են գաղափարը, այլ այն մարդկանց, ովքեր X գաղափար կծնեն, որովհետև գաղափարը կարող է մարել, իսկ մարդիկ գաղափարը միշտ փոխում են, ու հնարավոր է մի գաղափարով սկսել, բայց 3 տարի հետո այլ գաղափարով իրականացնել: Իրենք տեսել են մեր աշխատանքը, և կարծում եմ, որ դա էլ գնահատականն է եղել, որ նման բարդ պայմաններում մենք կարողացանք ֆինանսական միջոցներ ներգրավել: 

Ինչո՞վ շահագրգռեցիք «Վեոն» խմբին, որ նրանք համաձայնեցին լքել հայաստանյան հեռահաղորդակցության դաշտը և հանձնել մենաշնորհային դիրք ունեցող նախկին ամենամեծ օպերատորներից մեկին:

Մենք չենք շահագրգռել «Վեոն» խմբին, «Վեոն»-ն ուղղակի ստրատեգիկ որոշել էր մի քանի երկրներից դուրս գալ, դա գաղտնիք չէր, և արդեն մի քանի տարի ակտիվը վաճառվում էր: Մենք հետաքրքրություն ենք ունեցել ակտիվի նկատմամբ, և մենք միշտ հետաքրքրություն ենք ունեցել տելեկոմով զբաղվել, իսկ այս ակտիվը մի հարթակ էր, որը մեր մեկնարկը մի քանի տարի առաջ գցեց: Զրոյից կառուցելն ավելի ժամանակատար էր մեր համար, բայց տեխնոլոգիական տեսանկյունից ավելի արագ, որովհետև այստեղ մի քանի տեխնոլոգիական խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է վերազինել: Իրականում զրոյից կառուցելն ավելի հեշտ է, բայց ժամանակատար է, այստեղ կա ակտիվ, որը պետք է վերազինել: Այսինքն` այստեղ փոխշահավետ համագործակցություն տեղի ունեցավ:

Այսինքն` «Վեոն»-ն այլևս անելիքներ չունի՞ Հայաստանում:

Ոչ: Մենք ընդամենն ունենք պայմանագրային պարտավորություններ, եթե ինչ-որ խնդիրներ առաջանան ընկերությունում: Մեր պարտավորությունները «Վեոն»-ի հանդեպ ամբողջությամբ կատարված են, և բաժնետոմսերն ամբողջությամ մեր կառավարման ներքո են: Եվ կառավարման կարևոր օղակների մարդիկ առաջին օրվանից փոխվել են:

Ի՞նչ է սպասվում «Բիլայն»-ին:

Հենց հիմա ուսումնասիրություններ են կատարվում, թե որ ցանցային ուղղություններում ինչպիսի վերազինումներ իրականացնել: Դա շատ կարճ ժամանակում չի կարող տեղի ունենալ, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ դառնանք Հայաստանում տեխնոլոգիական առաջատարներից մեկը: Եվ սա արդեն երևում է. աշխատակիցներն, ովքեր այստեղ են, տեսնում են, թե մենք ինչ քայլեր ենք փորձում անել և ինչպիսի տեխնոլոգիական նորամուծություններ ենք անելու, որպեսզի մեր հաճախորդները զգան էական տարբերություն և նոր հաճախորդներ կարողանանք ներգրավել թե՛ ինտերնետի, թե՛ բջջային, թե՛ հեռուստատեսային և թե՛ մի շարք այլ ոլորտներում, որտեղ մենք կմտնենք և կփորձենք ռազմավարորեն նոր ուղղություններ զարգացնել: Սա շատ կարևորում եմ, որովհետև մի շարք ծառայություններ տրամադրվում են «Բիլայն»-ի միջոցով, բայց փաստացի իրենց ծառայությունները չեն, երկրորդ, երրորդ կազմակերպությունների ծառայություններ են, որոնք այսօր, ցավոք, մեր որակական չափանիշներին չեն բավարարում, և մենք այդտեղ պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք այդ որակը բարձրացնել: Նաև ամենակարևորը` մի շարք ծառայություններ ստանում ենք արտերկրից, որոնք փորձելու ենք մեր ներքին ռեսուրսներով իրականացնել, դա մեր երկրին և մեր ընկերությանը հնարավորություն կտա ներքին աշխատուժն օգտագործել, և ինչու այդ գումարները չմնան ներսում, այլ գնան դուրս: Սա մեր կարևոր թիրախներից մեկն է:

Սովորական քաղաքացի-բաժանորդին հետաքրքրում է` կապը կէժանանա՞, թե՞ ոչ:

Տելեկոմ ոլորտում վերջին 20 տարիներին գինը միայն իջնում է, միակ ոլորտն է, որտեղ գինն իջնում է: Բայց պետք է հասկանալ, որ տելեկոմ ոլորտի ծառայությունների փունջն է շատանում: Այսինքն` մարդը կարող է ֆինանսական տեսանկյունից վճարի նույնը, մի քիչ ավելի շատ կամ քիչ, բայց ծառայությունների սպեկտրը շատանում է: Դուք առաջ միայն հեռախոսակապից էիք օգտվում, հետո՝ նաև ինտերնետից, հետո սկսեցիք YouTube և վիդեոներ նայել, այսինքն` ծառայությունների տիպերն են ավելանում, որը ներդրում է, և պետք է հավաքել, որպեսզի կարողանալ նոր սերնդի ծառայություններ մատուցել, բայց դուք փաստացի վճարում եք միշտ X գումար: Եթե համեմատենք ընդհանուր աշխարհի հետ, ծառայությունների որակը և գինը բավականին ցածր են Հայաստանում: Դա լավ է, պետք է շարունակել, բայց նաև պետք է այնպիսի որակական և գնային չափանիշների ոսկե միջինի հասնել, որը հնարավորություն կտա վերազինվելու: Եթե մենք ուզում ենք վատ ծառայություններ ստանալ, իհարկե գները կիջնեն: Բայց եթե մենք ուզում ենք գոնե ավելի լավացնել, կամ գները կպահպանվեն, կամ քիչ կնվազեն: Սա ընդհանուր շուկայի միտումն է: Մենք չենք նայելու` մյուս ընկերություններն արդյոք նոր տեխնոլոգիաների մեջ ներդրում անում են, թե ոչ, շուկան չէ, որ մեզ համար դրայվեր է լինելու, մեր դրայվերը հենց մենք ենք, մեր տեխնոլոգիական մտածողությունը: Նույնիսկ եթե շուկայում ոչ մեկը ներդրում չանի, մենք շարունակելու ենք ներդրում անել:

Կա՞ն հատուկ նախագծեր, որոնք լինելու են «Բիլայն»-ի խաղաքարտերն առաջիկայում:

Այս պահին եկեք չբացեմ, որովհետև ճիշտն ասեմ` այո, տեսնում ենք, քննարկում ենք, ուղղակի հերթականությունը, թե ոնց ենք իրագործելու, դեռևս պարզ չէ: Ռազմավարության մասին մենք կխոսենք 2021թ. առաջին եռամսյակին:

Այս պահի դրությամբ «Բիլայնը» ինչպիսի՞ դիրքերում է` ինտերնետ, ֆիքսված և բջջային հեռախոսակապի` դաշտում մասնաբաժին ունենալու տեսակետից:

Չէի ուզենա առանձնացնել, բայց տելեկոմ ոլորտում ծավալով երրորդն է: Երկրորդն էր մեկուկես տարի առաջ, Ucom-ն էր երրորդը, առաջին տեղում MTC-ն էր: Այսօր ծառայությունների կոնվերգենտությունը mix է, մեզ հնարավորություն չի ընձեռում հստակ բաժանման տանել, ես ընդհանուր նայում եմ որպես տելեկոմ շուկա: Մի ցավոտ բան կա, որ մեր ֆիքսված պղնձային հեռախոսակապից բաժանորդները գնալով հրաժարվում են և անցնում են բջջային կապին: Այսինքն` հիմա հեռախոսը բջջային լինի, թե քաղաքային, մարդու տեսանկյունից միևնույն է, որովհետև ինքը ծառայությունը միևնույն է ստանում է, միմյանցից տարանջատելը շատ դժվար է: Մենք խնդիր ունենք մեր գյուղական վայրերում պահպանել գոնե այդ հեռախոսակապը, դրա համար փորձում ենք նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ծառայություններ ավելացնելով` այդ ամենը կարգի բերել:

Ի՞նչ հարաբերություններ ունեք Խաչատրյանների և Ucom-ի հետ:

Ոչ մի:

Բաժնետերերի ժողովներին չե՞ք մասնակցում:

Եկեք ֆիքսենք, որ բաժնետերերի ժողով տեղի չի ունեցել: Միայն մեկ անգամ է եղել, որին Ալեքսանդրն ասել է, որ չի մասնակցելու: Եվ բաժնետերերի գաղափարը Ucom-ում ձևավորվել է այն բանից հետո, երբ ընկերությունը դարձել է ՓԲԸ` այս տարվա սկզբին: Բաժնետերերի ժողով եղել է, թե չի եղել, ես չեմ մասնակցել և չեմ էլ ուզում մասնակցել: Ընդամենը եղել է խորհուրդ, որում ես անդամ չեմ եղել, Ալեքսանդրն է եղել անդամ, նա էլ հրաժարվել է: Նամակով ծանուցվել է, որ երեք ամիս պետք է լինի, հետո դուրս է եկել: Չկա նման բան, որ մենք մասնակցում ենք և տիրապետում ենք ինֆորմացիայի:

Բաժնետերերի հետ տարաձայնությունների պատճառով Ucom-ի տնօրենի պաշտոնը թողեցիք, ասելով, որ շուրջ մեկ տարի տարաձայնություններ եք ունեցել, որի պատճառը Ձեր և մյուս բաժնետերերի տեսլականի տարբերությունն է եղել: Ո՞րն էր ձեր տեսլականը և ո՞րը` մյուս բաժնետերերինը, ինչի պատճառով տարաձայնություններ են առաջացել:

Ժամանակը ցույց կտա, թե մենք ինչ տեսլականով կշարժվենք «Բիլայնում» և ինչ տեսլականով կշարժվի Ucom-ը: Ես Ucom-ի տեսլականը հիմա չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվում, բայց մեր տեսլականը միշտ էապես տարբերվել է, ընկերության կառավարմանը երբեք բաժնետերեը չեն մասնակցել, մենք ենք մեծ մասամբ ռազմավարական ուղղություններով զբաղվել, հիմա դա թողնենք բաժնետերերին, ովքեր մեծամասնություն են կազմում, և թող իրենց տեսլականով զարգացնեն: Այօսրվա Ucom-ի զարգացումը, որը տեսնում ենք, ոչ իմ ռազմավարությունն էր, ոչ էլ մյուս բաժնետերերի, ինչ-որ ուրիշ ռազմավարություն է, որն իր տեսլականով ուղղորդում է ընկերությունը:

Պրն Եսայան, վարկած է շրջանառվում, որ Դուք ներկայիս իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններ ունեք, և Ձեր միջոցով նրանք փորձել էին խլել Խաչատրյաններից այդ բիզնեսը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը:

Նման բան գոյություն չունի: Ոչ մի նման քննարկում տեղի չի ունեցել: Մենք ընդամենը ասել ենք մեր մոտեցումները գնելու տեսանկյունից, որը մերժվել է: Խնդիր չենք տեսնում այդտեղ: Իշխանությունների հետ մոտ լինելն ինչ կապ ունի կամ չունի, կամ ինչի պետք է իշխանությունների հետ մոտ լինենք: Որն է իշխանությունների հետ մոտ լինելը: Ես կարծում եմ, որ մենք ՀՀ քաղաքացիներ ենք, ովքեր ուզում են ունենալ լավ հեռահաղորդակցության ոլորտ, և ամեն ինչ անելու ենք, որ դա լինի, և իշխանությունների հետ ոչ մի կապ չունի: Մեր ոլորտը կարգավորվում է հանձնաժողովների կողմից, որոնք Կառավարության ենթակայության տակ չեն: Դա շատ կարևոր փաստ է, և ոչ մի իշխանական կապ չկա: Ժամանակը ցույց կտա, թե ում պնդումն է ճիշտ: Դա ուղղակի շահարկում է, որպեսզի սև բիծ անցկացնեն որոշ մարդկանց վրա, այդ թվում՝ մեր:

Դուք նաև Ucom-ում բաժնեմաս ունեիք, դա դեռևս ձեր տիրապետության տա՞կ է:

Այո, ընդհանուր շուրջ 5,97 %:

Շահերի բախում չե՞ք տեսնում` երկու մրցակից ընկերություններում լինել բաժնետեր և մյուսը նաև ղեկավարել:

Այդ հարցը նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեր առաջ դրեց: Որպես 5 և ավելի տոկոս ունեցող բաժնետեր` մենք կարող էինք նաև Ucom-ի թվերը նայել, և մենք գրավոր հրաժարվեցինք այդ իրավունքից: Բայց, գիտեք, սա էնպիսի ոլորտ է, որ բոլոր թվերը բաց են: Սա միակ ոլորտներից է, որ հստակ կարգավորում է տեղի ունենում, և 2 ամսվա ընթացքում այդ ամեն ինչը երևում է: Մի ընկերությունում, երբ դու աշխատում ես, մյուս ընկերության հետ փոխկապակցման զանգեր, տրաֆիկներ կան, քեզ ոչ մի բան չի կանգնեցնում այդ ինֆորմացիան ունենալ: Երեք ընկերություններն էլ լավ գիտեն մյուս երկուսի վիճակը: Իսկ կարևոր ռազմավարական որոշումներն այնքան դանդաղ են տեղի ունենում, որ, օրինակ, եթե որոշել ենք Աջափնյակում ցանց կառուցել, որը տևելու է 6 ամիս, ընդամենը 2 շաբաթ հետո ամբողջ Երևանը, այդ թվում` առաջինը քո մրցակիցն այդ մասին իմանալու է, որովհետև աշխատակիցները սկսելու են այդ ցանցի վերազինման աշխատանքները:

Իսկ ի՞նչ ընթացք է ստացել Ucom-ի նախաձեռնած դատական գործը` նույնաբովանդակ մեղադրանքով:

Դատական գործը շարունակում են, ինչ-որ տեղեր դիմել են, մերժվել են: Այնտեղ այնքան թույլ իրավական հիմք կա, կառուցված է «ֆիդուցիալ» պատասխանատվության սկզբունքի հիման վրա, ընկերության տնօրենը դուրս գալուց հետո ոչ մի «ֆիդուցիալ» պատասխանատվություն չունի: Շինծու գործ է, և’ մեր իրավաբանները, և’ աութսորս արած իրավաբաններն ասում են, որ այնտեղ ոչ մի իրավական հիմք չկա: Իմ դուրս գալուց բավականին հետո ենք սկսել բանակցել, և բանակցել ենք փաստացի այն ժամանակ, երբ Ucom-ի գործարքից «Վիմպելկոմը» դուրս էր եկել, ոչ թե մեր պատճառով էր դուրս եկել, այլ X Y, Z պատճառներով: Դրանով մեր իրավաբանները զբաղվում են: Նույնիսկ այդ գործով չեմ հետաքրքրվում, որովհետև գիտեմ, որ հավանականությունը շատ ցածր է, որ ինչ-որ բան կարող է լինել:

Ինչո՞ւ Ucom-ից դուրս չեք գալիս և չեք վաճառում ձեր բաժնեմասը: Կա կապվածությո՞ւն ընկերության հետ` որպես հիմնադիր:

Եթե ինչ-որ մեկը հետաքրքրված է մեր բաժնեմասը գնելով, ինչու ոչ: Նման առաջարկ չենք ստացել: Պետք է հասկանալ` ինչ գնով վաճառել: Որպես հիմնադրած ընկերություն, որի անունը ես եմ հորինել, այո, եղել է կարծես մեր երեխան, բայց արդեն ճանապարհել ենք և այդ հոգեբանական խոչընդոտն անցել ենք, և հուսով եմ, որ կյանքում այդ հոգեբանության մեջ չենք ընկնի և ոչ մի ձևով կապված չենք: Կապված չենք նաև մի բանի համար, որ մեր թիմը մեր հետ է: Դա բացառիկ երևույթներից է, երբ դու լքում ես աշխատատեղը, մոտ 800 աշխատակից դիմում է գրել, և փաստացի 500-ից ավելի աշխատակից դուրս է եկել ընկերությունից: Սա նաև ազդակ է, որ մարդիկ հասկանան, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ես չեմ կարծում, որ եթե մենք մեղավոր լինեինք կամ ինչ-որ սխալ քայլեր արած լինեինք, այդքան մարդ չուզենար աշխատել այն ընկերությունում, որը մնաց: Ոչ թե իրենք ուզեցել են մեզ հետ գալ, երևի ավելի շատ չեն ուզեցել այնտեղ աշխատել:

500-ն էլ եկե՞լ է ձեզ հետ:

500-ն աշխատում է «Թիմ» ընկերությունում, բավականին մեծ քանակ էլ ընդունվել է «Բիլայն»: «Բիլայն»-ում ընդհանուր աշխատակիցների քանակն ավելացել է և ավելանալու է, որովհետև, ինչպես նշեցի, մենք փորձելու ենք զարգացման տանել այն: Այսինքն` սա կարող է միայն դրական ազդակ լինել, որ այս ոլորտում աշխատանքային տեղերի քանակն աճեց:

«Բիլայն»-ում կրճատումներ չե՞ն եղել:

Այո, մարդիկ կան, որ հեռացել են, բայց ես դա դիտարկում եմ նորմալ գործընթաց, երբ ընկերությունն ունի 1700 աշխատակից, ինչ-որ աշխատակիցներ միշտ գնում են: Աշխատակիցներ կան, որ իրենց դիմումով և փոխհամաձայնության սկզբունքով են գնում, որովհետև մոտեցումներ են փոխվել, բայց այստեղ ֆիզիկական աշխատակցի մասին չէ խոսքը, այլ մասնագետի, և ընդհանուր աշխատաշուկայում աշխատատեղերի ստեղծման մասին է խոսքը: Փաստացի տելեկոմ ոլորտում աշխատատեղերի շուկան մեծացավ: Եթե առաջ 5000 աշխատող կար, այսօր կաշխատի 5300 աշխատող, որը դրական միտում է երկրի տեսանկյունից, և մի շարք ծառայություններ, որ «Վեոն» խումբը ստանում էր Ղազախստանից, Տաջիկստանից և մյուս երկրներից, կստանա Հայաստանի ներսի աշխատանքային ռեսուրսից:

Այսինքն` հիմա «Բիլայն»-ի աշխատակիցների թիվն անցե՞լ է 2000-ից:

Եթե վերցնենք «Թիմն» ու «Տելեկոմ Արմենիան», ապա այո, 2000-ից ավելի աշխատակից ունի:

Դրանք միանալո՞ւ են մի ընկերության ներքո, թե առանձին են գործելու:

Չեն միանա, իրավաբանորեն առանձին են գործելու, բայց մենք հետաքրքիր սխեմա ենք կառուցելու, որպեսզի նոր ոլորտներ զարգացնենք, և ընդհանուր խմբում կաշխատեն մեծ թվով աշխատակիցներ:

Ձեր աշխատակիցները մեզ հետ զրույցներում պատմեցին, որ աշխատավարձի բարձրացումներ չեն եղել, հակառակը` պարգևավճարներն էլ կրճատվել են:

Ինչ պարգևավճարների մասին է խոսքը: Ամսական կվարտալային վճարումները պահպանված են, և հստակ կոմունիկացիա է արված, որ եթե այն թիրախները, որոնք լինեն 2020թ. տարվա ընթացքում դրանք կլինեն, բայց այս պատերազմական շուկայի անկման պարագայում, եթե մարդիկ հակված են, որ աշխատավարձերը պետք է կտրուկ բարձրանան, ապա ես չեմ կարծում, որ դա ճիշտ սկզբունք է: Այսօր բոլոր ծառայությունները պակասել են, մարդկանց գնողունակությունը նույնպես, և ցավոք, Արցախի հետ կապված էլ բավականին մեծ հասույթ է կորել, որովհետև մենք փաստացի ծառայությունները տալիս ենք 0 դրամով: Այդտեղ էլ անկում կա, և եթե ընկերության հասույթները պակասել են կամ ինչ-որ բան էն չէ, պետք է կրճատում իրականացնես կամ ինչ-որ բան անես, բայց մենք չենք գնացել կրճատումների: Իսկ ով է խոստացել, որ ինչ-որ մեկի աշխատավարձը պետք է բարձրանար: Նույնիսկ ընկերությունում 2020թ. ռազմավարական պլան է եղել հուլիս ամսից աշխատավարձերի 7-10 % իջեցում, որը գնման պրոցեսը կանգնեցրել է, և այսօր դա իրականություն չի դարձել, որովհետև մենք ուզում ենք հասկանալ` արդյոք դա պետք էր անել, թե ոչ, և եթե անել, ապա ինչ ձևով: Այսինքն` այդ աշխատակիցները, որ ասում են, հենց դրա մասին տեղյակ են եղել, որովհետև բոլորի հետ կոմունիկացիա է արվել, առաջինը` կովիդի պատճառով հասույթի անկում է եղել, և երկրորդն էլ` ռազմական դրության, որը մարդկանց մոտ բերեց սպառողի միջին զամբյուղի իջեցման:

Մենք ուզում ենք հասկանալ` ինչպես անել, որ բերենք պոզիտիվի, մարդու համար հետաքրքիր աշխատանք ապահովենք, որ մարդը հետաքրքրությամբ գա աշխատելու, այլ ոչ թե ֆինանսի համար:

Ձեզ համար ի՞նչն էր ակնհայտ տարբերություն կամ խնդրահարույց այս ընկերությունում, ի՞նչ հարցեր եք առանձնացրել այս ընթացքում:

Մի շարք խնդիրներ կային, որ ակնհայտ են եղել, և մենք արագ լուծել ենք: Օրինակ` մի ուղղության վրա տարեկան մինչև 400 մլն դրամի տնտեսում ենք արել` ոչ մի աշխատակից չհանելով, ուղղակի գնման ընթացակարգը փոխելով և այլ տեղից այլ ձևով գնում իրականացնելով: Մեր խնդիրը եղել է շատ արագ օպտիմալացնել և շատ արագ ֆինանսական միջոցներն այլ ուղղություններով ուղղորդել: 2021 թ. ռազմավարությունը նոր ենք քննարկում, որովհետև ուսումնասիրում ենք մարդկանց, և թե ինչ խնդիրներ կան:

 
 
դիտվել է 59 անգամ
Լրահոս
Շիրակում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են «Սպայկա»-ն բացարձակ առաջատարն է Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ» Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունը՝ հակահայկական օրակարգի ջահակիր. «Փաստ» Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ» «Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ» Ուշագրավ առաջարկ. անհատները՝ 1 միլիոն, իսկ հասարակական կազմակերպությունները 3 միլիոն ռուսական ռուբլի դրամաշնորհ կարող են ստանալ. «Փաստ» ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր Ռուբլին թանկացել է Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն Արցախի Տանձատափ եկեղեցnւ մեծ մասը քանդվել է Ջուր չի լինի Թբիլիսիում բախումներ են. ցուցարարներին բերման են ենթարկում Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»
Ամենաընթերցվածները