Նոր Շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է, բնակիչները տարհանված են. համայնքի ղեկավար
Շուշիի շրջանի Նոր Շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Նոր Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։
Նա ասաց, որ այս պահին գյուղում հանգիստ վիճակ է. «Շրջափակման մեջ է գյուղը, բայց վիճակը հանգիստ է, որեւէ գործողություն չի իրականացվում։ Մեր գյուղի մի մասով բաց հատված կա, որտեղով կարողացել ենք բնակիչներին տարհանել»։
Համայնքապետն ասաց, որ ինքը մնացել է համայնքում։
«Այս պահին եկել են ռուս խաղաղապահները։ Ուղղակի հոգեբանորեն ճնշում է կատարվում։ Ժողովուրդը խուճապի մեջ է»,- ասաց Դավթյանը։
Նշենք, որ ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել նաեւ Շուշիի շրջանի Հին Շեն գյուղը, բնակիչներն էլ այս պահին գյուղում են։
Հիշեցնենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումն առաջացել է դեպի Շուշիի շրջանի Մեծ Շեն եւ Հին Շեն բնակավայրերն իրար միացնող գյուղամիջյան ճանապարհ։