Իրո՞ք խնդիրները լոգիստիկ էին, թե՞ կան ավելի լուրջ պատճառներ. զենքի արտադրության փոխարեն՝ ներմուծո՞ւմ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարդ աշխարհաքաղական դիրքը և Հայաստանի առջև ծառացած արտաքին բազում սպառնալիքները պահանջում են, որ երկրի անվտանգության համակարգը համապատասխանի ժամանակակից պահանջներին։ Սակայն նկատենք, որ անվտանգության համակարգի անընդհատ կատարելագործումը մեծ ջանքեր և նպատակաուղղված աշխատանքներ է պահանջում։ Իսկ այդ աշխատանքները պետք է կենտրոնանան առանձին ուղղությունների զարգացման վրա, որոնցից մեկն էլ ռազմարդյունաբերությունն է։ Հայաստանում գրեթե միշտ հանրային քննարկման առանցքային թեմաների շրջանակում են եղել ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները։

Անգամ պարբերաբար խոսվում է այն մասին, թե Հայաստանը մեծ ներուժ ունի ոչ միայն զենք-զինամթերքի տարբեր տեսակների արտադրության, այլև դրանք արտահանելու ուղղությամբ։ 2018 թվականի դեկտեմբերին «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագրում հատուկ կետով նշվում էր, որ անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը: Իսկ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի՝ որպես զենք արտադրող երկրի կայացումն առանձին քարոզչական «հաղթաթուղթ» էր դարձել։ Պաշտպանական ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծման խնդիրը լուծելու նպատակադրումով էր պայմանավորված, որ 2019 թվականի գարնանը ստեղծվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Եվ ուշագրավ է, որ 2018 թվականի օգոստոսին Մոսկվայում «Royalsys Engineering ltd» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ 2020 թվականի հուլիսին արդեն Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս, որտեղ կառավարության ղեկավարին տեղեկացրին, թե արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Մյուս կողմից՝ կառավարությունը դեռ 2019 թվականի փետրվարին մաքսային արտոնություն էր տրամադրել «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար, որոնք օգտագործվելու էին զենքի և զինամթերքի արտադրության մեջ։

Եվ մինչ իշխանությունները ցույց էին տալիս, թե ակտիվ քայլեր են ձեռնարկում Հայաստանը զենքի արտադրության երկիր դարձնելու ուղղությամբ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարում էր, որ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարում գործիքներ են մշակվում հայաստանյան արտադրանքը համաշխարհային շուկա հանելու համար: Նախարար Արշակյանը նաև ժամանակ առ ժամանակ հանրությանն էր ներկայացնում, թե իրենց ջանքերի արդյունքում ինչ հաջողությունների է հասել հայկական ռազմարդյունաբերությունը՝ հատկապես շեշտը դնելով տեղական արտադրության անօդաչու սարքերի գործարկման կարևորության վրա։

Իսկ Նիկոլ Փաշինյանն անցած տարի իր ուղիղ եթերներից մեկում, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե որ փուլում է գտնվում ռազմարդյունաբերության համալիրի կառուցումը, նշում էր, որ սեփական աչքերով անհավատալի մի բան է տեսել: «Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակում է։ Այդ նմուշը ոչ միայն գերժամանակակից է, այլև զրոյից հավաքվել է Հայաստանում»,- հայտարարում էր Փաշինյանը։ Եվ այսքան հավաստիացումներից հետո թվում էր, թե Հայաստանը ի վիճակի է լինելու սեփական հանրության, ինչու չէ, նաև զենքի նկատմամբ հետաքրքրություն ունեցող տարբեր կազմակերպությունների ու երկրների համար հասանելի դարձնել հայկական արտադրության առավելությունները։

Բայց արի ու տես, որ այս օրերին պարզ դարձավ, որ ինչ-որ անհասկանալի ու կասկածելի՝ իբր լոգիստիկ խնդիրների պատճառով Աբու Դաբիում ընթացող աշխարհի ամենամեծ ռազմատեխնիկական ցուցահանդեսներից մեկում՝ «IDEX-2021»ում Հայաստանի տաղավարը դատարկ է, և ցուցանմուշները բացակայում են։ Իսկ հայկական տաղավարի լուսանկարներից երևում էր, որ ռազմատեխնիկայի ցուցանմուշների փոխարեն հայկական կողմը բավարարվել է ընդամենը բուկլետներ ներկայացնելով։ Այնինչ Ադրբեջանն, առաջին անգամ ներկայանալով աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսին, ցուցադրել է պատկառելի տաղավար սեփական արտադրության բազմաթիվ զինատեսակներով։ Խնդիրն այստեղ վերաբերում է նաև Հայաստանի հեղինակությանը։ Ցուցահանդեսում պատշաճ ներկայություն ապահովելը ցույց կտար, որ առավել ևս պատերազմում կրած պարտությունից հետո ռազմարդյունաբերության զարգացումը մեր երկրի համար առանձնակի տեղ է գրավում։

Վերջապես պետք է հաշվի առնել, որ այդպիսի հեղինակավոր ցուցահանդեսները դառնում են այն կարևոր հարթակ, որի ժամանակ մեծ չափերի սպառազինությունների գնումների վերաբերյալ գործարքներ են կնքվում։ Բայց, ի վերջո, ունեցանք այնպիսի պատկեր, որ մեծ գումարով տաղավար վարձակալելով՝ Հայաստանը չկարողացավ ցուցահանդեսում պատշաճ ներկայություն ապահովել, քանի որ ռազմարդյունաբերությանը վերաբերող՝ իշխանությունների հավաստիացումները սին դուրս եկան։ Եվ անհասկանալի է մնում, թե որն էր այս դեպքում «գալչկա» դնելու համար մասնակցելու իմաստը: Բայց հարցը նույնիսկ մասնակցելչմասնակցելը չէ, այլ այն, որ մեծ-մեծ խոստումները կյանքի չեն կոչվել, ներդրումների առումով ընդամենը շղարշ է, և ունենք նման պատկեր, ինչի արդյունքում առաջ են գալիս հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն:

Մասնավորաբար, կան տեղեկություններ, որ նույն «Արսենալը» ոչ միայն նախատեսված ներդրումները չի կատարել (միայն չնչին մասը), այլև պետությունն է խոշոր գումար տրամադրել: Ավելին, մոտ 3 մլրդ դրամ էլ նախատեսված է այս տարի տրամադրել: Մյուս կողմից՝ արդյո՞ք նման կազմակերպություններն ավելի շատ շահագրգռված չեն զենք ներմուծելով (ինչի համար ևս լիցենզիա են ստացել), քան ներկրելով: Ի դեպ, այս առումով էլ կան շրջանառվող տեղեկություններ: Սրանք, ինչպես իշխանավորներն են սիրում ասել, օդում կախված տեղեկություններ են, որոնց հետ կապված՝ հանրությունը պետք է հստակ պատասխաններ ստանա:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները