Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Բաքվի հայերի կոտորածների 30-րդ տարելիցի կապակցությամբ


Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1990թ. հունվարին Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված հայերի կոտորածների 30-րդ տարելիցի կապակցությամբ: Ներկայացնում ենք Արտակ Բեգլարյանի հայտարարությունը.

«1990 թվականի հունվարին Ադրբեջանի Բաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացվող ջարդերի թատերաբեմ (1905թ. և 1918թ. հայերի զանգվածային կոտորածներից հետո երրորդ անգամ), որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, դեռևս շարունակում էին բնակվել զգալի թվով հայեր: Հունվարի 13-ին Բաքվում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքից հետո, կանխավ մշակված ծրագրի համաձայն, հավաքված մոտ 50 հազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի և նախորոշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով:

Հունվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում միայն իր ազգային պատկանելիության համար Բաքվի հայությունը ենթարկվեց բռնարարքների՝ կոտորած, թալան ու բռնի տեղահանում՝ խախտելով հայերի կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներ: Սպանվածների ճշգրիտ քանակը մինչ այժմ հայտնի չէ, սակայն ըստ մեր վերջին հետազոտությունների՝ սպանվել է շուրջ 450 մարդ:

Հունվարի 18-ին Բաքվի հայկական ջարդերի և Շահումյանի շրջանի հայկական գյուղերի ու Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձևը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով:

Միայն 1990թ. հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, կոտրելով Ադրբեջանի ազգային ճակատի զինված ջոկատների կատաղի դիմադրությունը, դադարեցրեցին հայերի յոթօրյա կոտորածները:

1990 թ. սեպտեմբերի 27-ին «New York Review of Books»-ում բաց նամակ հրապարակվեց՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ: Նամակում, մասնավորապես, նշվում էր, որ «հայկական փոքրամասնության դեմ իրականացված ոճրագործությունները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ՝ պաշտոնական քաղաքականություն»:

Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված մարդկության դեմ այդ հանցագործությունը արագացրեց և գրեթե ավարտին հասցրեց Ադրբեջանում հայ բնակչության լրիվ էթնիկ զտումը: Այդ քաղաքականության շրջանակներում 1988-1990թթ. Ժամանակահատվածում Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ԽՍՀՄ իշխանությունների իմացությամբ ու թողտվությամբ, սպանվեցին հազարավոր և բռնագաղթեցին ավելի քան 400,000 հայեր:

Դրան հաջորդող տարիներին (ներառյալ՝ 1991-1994թթ. Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ) նույնպես Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը: Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի և մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, և շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետևանքները:
Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև բոլոր հայերը և Արցախ այցելող օտարերկրացիները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսևորման կոնկրետ օրինակներ և վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն:

Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, և Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման և իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր: Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետև պարգևատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. հունվարին Բաքվում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ: Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից և տևական խաղաղությունից»:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները