Իրավապահները պարզում են ընտրակաշառք բաժանելու փորձ անողներին․ Նիկոլ Փաշինյան
Իրավապահներն արդեն օպերատիվ աշխատանք են իրականացնում այն անձանց նկատմամբ, ովքեր հետաքրքրված են ընտրակաշառքի հարցում։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Բոլոր այն անձինք, ովքեր հույս ունեն հին ավանդույթների տրամաբանությունը վերականգնել, ես խորհուրդ չեմ տա, որովհետև չեմ կարծում, թե ապագա համաներումներն ընտրակաշառքի հոդվածի վրա տարածվելու են։ Նամանավանդ, արդեն ընտրակաշառք խոստանալն է համարվում քրեական հանցագործություն և ծանր պատասխանատվություն է ենթադրվում։ Եվ ինձ զեկուցել են, որ արդեն կա մեկ, երկու, երեք օպերատիվ գործ՝ մի քանի ուղղություններով, որոնց անձանց շրջանակը պարզված է, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում այդ հարցի նկատմամբ։ Նրանց նկատմամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ, որոնց մասին նրանք չեն կռահում։ Կարող եք հանգիստ լինել, որ այդ առումով անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկվեն»,- ասաց Փաշինյանը։
