ՆԱՏՕ-ն մերժեց Ուկրաինայի կոչը
ՆԱՏՕ-ն մերժել է Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու ուկրաինական կողմի պահանջը՝ ասելով, որ իրենք մեծացնում են աջակցությունը, սակայն ուղղակի մասնակցությունը կհանգեցնի ավելի լայն, նույնիսկ ավելի դաժան եվրոպական պատերազմի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: «Մենք այս հակամարտության կողմ չենք: Մենք, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, պարտավոր ենք կանխել այս պատերազմի սրումը Ուկրաինայի սահմաններից դուրս, քանի որ դա կլինի էլ ավելի վտանգավոր, ավելի կործանարար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասուլիսի ժամանակ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել արևմտյան ուժերին սահմանել ոչ թռիչքային գոտի: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։