ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Թթուջուր-Նավուր, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Հ21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Դժվարանցանելի են Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր և Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։