«Գործընթացների նման շտապողականության պատճառը հնարավոր իշխանափոխությունն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Խաղաղության պայմանագրի» օրակարգը թելադրում է Ադրբեջանը: Ավելի վաղ հրապարակված 5 սկզբունքների տակ կարող ենք հասկանալ, որ Ադրբեջանն ուզում է Արցախն ամբողջովին ադրբեջանականացնել: Սա մեծ հարցն է, ավելի փոքր հարցն այն է, թե որքան է հնարավոր կորզել Հայաստանի սահմաններից: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է «Կովկասի ինստիտուտի» փորձագետ Հրանտ Միքայելյանը:

«Այս ամենին ի պատասխան, սակայն, պաշտոնական Երևանից հայտարարեցին, որ Ադրբեջանի 5 կետերն ընդունելի են: Բացի այդ, նշվեց Հայաստանի 6 մտահոգության մասին, որոնք երևի Ադրբեջանի կողմից մերժվել են. տարբեր մակարդակներում հայտարարել են, որ իրենց համար անընդունելի են այդ մտահոգությունները: Այսպիսով, Հայաստանն Ադրբեջանի այդ կետերն ընդունել է, Ադրբեջանը Հայաստանի մոտեցումները չի ընդունել, բայց բանակցությունները շարունակվում են: Այստեղից պարզ է դառնում, որ բանակցություններն ընթանում են ամբողջությամբ ադրբեջանական օրակարգով և սպասարկելու են ադրբեջանական օրակարգն ու շահը»,-ասաց փորձագետը:

Շեշտելով Ադրբեջանի կողմից նաև ուժի սպառնալիքի ու կիրառման մասին՝ նա հավելեց. «Այդ բանակցություններն իրենց մեջ պարունակում են ադրբեջանական ագրեսիայի խաղաղեցման փորձը: Այնպես, ինչպես Արևմտյան Եվրոպայում, Մյունխենյան բանակցությունների ժամանակ Հիտլերին փորձում էին խաղաղեցնել զիջումներով՝ մասնավորապես Չեխոսլովակիայի տարածքից: Հիմա նույնն արվում է Հայաստանի և Արցախի նկատմամբ, և ներկայումս հիմնական միջնորդը Բրյուսելն է»:

Ինչ վերաբերում է գործընթացների ու բանակցությունների ինտենսիվությանը, նա շեշտեց. «Ադրբեջանում հասկանում են, որ տեսականորեն Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել, և արդեն փոխված իշխանությունն ամբողջովին այլ օրակարգով է հանդես գալու: Այս պարագայում պարզ է ներկայում առկա շտապողականությունը. եթե շտապեցին ու ստացվեց արագ ստորագրել խաղաղության պայմանագիր կոչվածը, ապա հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու հաշվի առնել այդ հանգամանքը:

Ավելի կոնկրետ՝ այդ դեպքում կա՛մ ոչինչ այլևս հնարավոր չի լինի փոխել, կա՛մ էլ, եթե հնարավոր է, ապա շատ ավելի մեծ ջանքեր գործադրելով ու ռիսկերով: Մեծ հաշվով, գործընթացների, բանակցությունների նման շտապողականությունը պայմանավորված է Հայաստանում հնարավոր իշխանափոխությամբ: Իրականում սահմանային հարցերն արագ լուծելու որևէ անհրաժեշտություն չկա: Մինչև հիմա, օրինակ՝ Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը մոտ 40 տոկոսով է դելիմիտացված, մինչդեռ Հայաստանի հետ ուզում են ամբողջությամբ ու միանգամից լուծել այդ հարցը՝ բացառապես իրենց օգտին: Ադրբեջանին նույնիսկ այդքան գյուղեր կամ տարածքներ պետք չեն: Խնդիրն այն է, որ սահմանն անցնում է Հայաստանի համար լավ պաշտպանվող տարածքներով: Կա առաջնագիծ, որը թույլ է տալիս Հայաստանը պաշտպանված պահել: Եթե այդ առաջնագիծը խախտվի, հնարավոր չի լինի Հայաստանը պաշտպանել ադրբեջանական ագրեսիաներից: Ադրբեջանն այս ամբողջ գործընթացը դիտարկում է ընդամենը պատրաստություն՝ հաջորդ ագրեսիայի համար: Եթե տարածքային կոնֆիգուրացիան ուսումնասիրենք, կտեսնենք, որ Ադրբեջանը պատրաստում է հարձակողական պլացդարմ Հայաստանի վրա, իսկ խաղաղության պայմանագիր կոչվածը այդ առումով խոչընդոտ չի լինելու: Միևնույնն է, ինչպես մինչ օրս, Ադրբեջանը կրկին խախտելու է պայմանավորվածությունները, որովհետև այս ամենը դիտարկում է այս տարածաշրջանից հայկականության վերացմանն ուղղված քայլերի համատեքստում»:

Անդրադառնալով նշված իրողություններից բխող հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ փորձագետը հավելեց. «Պարզ է՝ ընդդիմությունը գալիս է այն օրակարգով, որն այս իշխանությանն ու Ադրբեջանին ձեռնտու չէ: Իհարկե, ընդդիմության հաղթանակն Ադրբեջանին չի ուրախացնի: Այս պահի դրությամբ, սակայն, շարժումը, ցավոք, դեռ այդքան թափ չի հավաքել, շատ անհրաժեշտ քայլեր ևս դեռ չեն արվել: Բայց մյուս կողմից, ամեն դեպքում, բավականին բազմամարդ ու ակտիվ ցույցեր են, որոնք արդեն մեկ ամիս է՝ շարունակվում են:

Այսքան բազմամարդ ու մեծ շարժում Հայաստանում անկախության տարիներին եղել է 3 անգամ՝ 2008-ին, 2018-ին և 2022-ին: Եվ, ամեն դեպքում, իշխանություններն իրականում չեն անտեսում իրողությունները, ուղղակի փորձում են իրենց տեսանկյունից և իրենց համար ավելի ձեռնտու պատկեր ներկայացնել: Իրողություններն իրականում չանտեսելու տեսանկյունից դիտարկենք միայն ոստիկանական բռնությունները, որոնք ոչ թե ոտիկանության ստորադաս ներկայացուցչի, այլ քաղաքական իշխանության որոշման արդյունք են: Հաշվի առնենք նաև կալանավորումները: Այսինքն, ամեն ձևով փորձում են նվազեցնել մասնակիցների թիվը: Իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, որ կրիտիկական զանգված չհավաքվի, որովհետև կրիտիկական զանգվածի կուտակումը շատ արագ կարող է իշխանափոխության վերածվել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ Թուրքմենստանում. Պեսկով Հալանդը Չեմպիոնների լիգայի բացառիկ ռեկորդ է գրանցել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում Ուկրաինայի ԶՈւ մարդկային կnրուստը վաղուց գերազանցել է 1 միլիոնը և շարունակում է աճել. Լավրով Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունը Ես մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրենք գան և քաղաքականությանը «աբգոն» անեն․ Փաշինյան 2029 թվականին Մեծ Բրիտանիայում կհայտնվի առաջին աերոտաքսին Նոստրադամուսի մարգարեությունները 2026 թվականի համար՝ պատերազմներ, ճգնաժամեր և վերածննդի հույս Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի. Պեսկովը՝ Զելենսկու էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին «Նույնիսկ սև գույնով եղիր լույսը». Հասմիկ Կարապետյանի նոր ֆոտոշարքը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան անվանափոխվել է Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ» «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ» Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ» Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ» Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ» Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ» Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ» ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականին Գազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրել Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Ամենաընթերցվածները