«Մեծ հաշվով, կարելի է ենթադրել, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու ծրագիր կա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ զրուցել ենք մայիսի 28- ին նաև Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաք-երթի, ինչպես նաև բանակցային գործընթացների մասին:

Վահրամ Բալայանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրեց ԱՀ ԱԺ-ի ապրիլի 14-ի հայտարարությունը: «Դեռ ապրիլի 14-ին Արցախի ԱԺ-ն հայտարարություն ընդունեց, որը բխում էր Արցախի ժողովրդի ցանկություններից: Ըստ էության, հանրահավաքը այդ հայտարարության շարունակությունը կարելի է համարել. թե՛ աշխարհին, թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ Ադրբեջանին ասվեց, որ Արցախը շարունակում է կանգուն մնալ, պայքարելու է իր շահերի, իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի իրացման համար, մեծ հաշվով՝ իր պետականությունը պաշտպանելու ուղղությամբ ջանքեր է գործադրելու: Հանրահավաքի ուղերձները հենց նշված բովանդակությունն ունեին»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով որոշ շրջանակների կողմից հանրահավաքը համերգ ներկայացնելու, նաև ստվեր գցելու փորձերին՝ Վ. Բալայանը շեշտեց. «Այն մեծ հանրահավաք էր, որին հաջորդել էր համերգ: Ի դեպ, ասեմ, որ նաև Ասկերանում, Մարտունիում էր հանրահավաք եղել: Կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ, բայց խնդիրն այլ է. վատ է, երբ իրողությունները փորձում են չներկայացնել այնպես, ինչպես կա: Ինքնախաբեությամբ չպետք է զբաղվել, որովհետև դա, ինչպես ասում են, լավ տեղ չի տանի: Շատ կցանկանայի, որ թե՛ փողոցում, թե՛ հրապարակում և թե՛ տանը նստած մեր հայրենակիցները՝ բոլորը, վերջիվերջո հասկանան, որ ազատությունը, խաղաղությունը, պետականությունը ոչ ոք սկուտեղի վրա չի նվիրում: Այն պայքարի, համառության, արյան ու քրտինքի արդյունքում է լինում: Միայն այդ ժամանակ կայուն խաղաղություն կլինի»:

Այս համատեքստում խոսելով առկա բանակցային գործընթացներից՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Մեծ հաշվով, կարելի է ենթադրել, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու ծրագիր կա: Շառլ Միշելի ներկայացրած մտքերը դրա վկայությունն էին, մասնավորապես, երբ խոսում էր «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» մասին: Տպավորություն է ստեղծվում, թե Արցախի բնակչությունն ինչ-որ մի տեղից է եկել, հյուրի կարգավիճակ ունի ու պարզապես պետք է անվտանգության համակարգ ձևավորվի, որ այդ մարդիկ այդ կարգավիճակով իրենց ապահով զգան ու ապրեն: Սա չի համապատասխանում ո՛չ պատմական իրողություններին, ո՛չ էլ ներկա զարգացումներին»: Նա ընդգծեց՝ չճանաչցված լինելու պատճառով Արցախի համար դժվար է միջազգային կառույցներում պաշտպանել իր շահը:

«Այդ տեսանկյունից պատվիրակված էր, որ այդ ամենը կատարի ՀՀ-ն: Մինչդեռ պատերազմից հետո ՀՀ իշխանությունները Ադրբեջանի առաջարկությունները լուռ համաձայնությամբ ընդունելու կուրսն են ընտրել՝ առանց որևէ պայքարի: Այսինքն, չդիմակայել այն ամենին, ինչ կատարվում է: Հաշվի առնելով թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԳ նախարարի, թե՛ իշխող խմբի հայտարարությունները՝ ՀՀ իշխանությունները փորձում են ամեն գնով պաշտպանել ու առաջ տանել խաղաղության թեզը: Մինչդեռ այդ ճանապարհով պատերազմն ավելի կմոտեցվի: Երբ քո դիմաց թշնամի է, որն անընդհատ պահանջներ է դնում, իսկ դու այդ ամենին որևէ պատասխան չես տալիս, բնականաբար, թշնամին ավելի սանձարձակ է դառնում և նոր պահանջներ է առաջադրում: Դրա վառ արտահայտությունը հենց ՀՀ տարածքից արված բռնազավթումներն են, նաև այն հավակնությունները, որոնք այսօր կան նաև ՀՀ-ի նկատմամբ:

Սա հեռանկար չէ թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ և թե՛ հայ ժողովրդի համար: Այլ մոտեցում պետք է որդեգրել, փորձել սեփական հնարավորությունները մեկտեղել՝ դիմակայելով հակառակորդի ճնշումներին: Մյուս կողմից էլ՝ պետք է փորձել դիվանագիտական դաշտում բարեկամներ ձեռք բերել, եղած բարեկամների հետ լավ հարաբերություններ ձևավորել ու մեր շահն առաջ տանել»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ աշխարհը բազմաշերտ է, ու այդքան էլ ճիշտ չէ ներկայացնել, թե բոլորը կանգնած են Ադրբեջանի կողքին:

Իսկ թե ինչպես օգտվել հնարավորություններից ներկայիս պայմաններում, նա նկատեց. «Ցավոք, ՀՀ իշխանությունների խոսքն ու գործը տարբերվում են: Սկզբում այլ բան ասվեց, հետո ժողովրդական ճնշումների ազդեցության տակ որոշակի խմբագրումներ եղան, ինչը, սակայն, չի կարող աշխատել, քանի որ հստակ մոտեցում պետք է ունենալ: Իշխանությունը պետք է ժողովրդի առջև կանգնի, դրոշակակրի դերակատարություն ունենա, բայց վախվորած պահվածքը, անընդհատ խուսանավելու հանգամանքը թույլ չեն տալիս, որ ներքին հանրային ռեսուրսն ու ներուժը կոնսոլիդացվի, նպատակաուղղվի մի կետի:

Մյուս կողմից էլ՝ միջազգային կառույցների, բարեկամ ու ոչ բարեկամ երկրների շրջանում տպավորություն է ձևավորվում, թե հայ ժողովուրդը համակերպված է այս վիճակի հետ, որին կարելի է ամեն ինչ պարտադրել ու ստանալ: Մեզ համար սա կործանարար է, ու պետք է արմատապես փոխել այդ ամենը: Մեր ներքին ռեսուրսները պետք է մեկտեղել. խոսքը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի մասին է: Եթե կարողանանք մեկտեղել, դա փոքր ուժ չէ: Բացի այդ, այլ քաղաքականություն պետք է որդեգրել. այսօր կատարվողը պետք է մի կողմ դնել և ազգային շահերի դիրքերից խոսել թե՛ թշնամիների, թե՛ բարեկամների հետ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները