«Այս մարդկանց մտադրությունը ոչ թե ՀՀ զարգացումն է, ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը, այլ ընդամենն իրենց իշխանության պահպանումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է 

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք կառավարության մի շարք նախաձեռնությունների, խոսել նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտած անկանխիկ վճարումների վերաբերյալ օրենքից բխող արդեն իսկ առկա խնդիրների մասին:

Անդրադառնալով 2023 թ. հունվարի 1-ից կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձերի, նաև մինչև 2 տարեկան երեխայի նպաստի չափի նախատեսվող բարձրացմանը, Ն. Սարգսյանը, ընդհանուր առմամբ, շեշտեց, որ այս կառավարությունն իրականում ո՛չ տնտեսական պոտենցիալ է ստեղծում, ո՛չ էլ սոցիալական բեռն է վերցնում իր վրա: «Ինչպես միշտ, այս անգամ ևս գործ ունենք պոպուլիզմի, հերթական ականջահաճո հայտարարության հետ: Մի կողմից՝ դա կառավարության համար բեռ է լինելու, որովհետև հսկայական գումարների մասին է խոսքը, մյուս կողմից՝ շահառուներն օգուտներ չեն ստանալու: Իհարկե, ցանկացած գնաճի ու առկա իրավիճակի պայմաններում բարձրացումները որոշակի մեղմող ազդեցություն են ունենալու սոցիալական բեռի թեթևացման տեսանկյունից, բայց հարց է՝ ինչքա՞ն է թեթևանալու այդ բեռը, ու ո՞րն է այն գինը, որը պետք է վճարի Հայաստանի հարկատուն: Բացի այդ, հարց է, թե արդյո՞ք առաջնային են նախատեսվող այդ բարձրացումները, միգուցե պետք էր գումարը ծախսել ու տնտեսական պոտենցիալ ստեղծել, և հենց այդ պոտենցիա՞լը սոցիալական բեռը վերցներ իր վրա: Լավ է, որ բարձրացվում է, բայց ես դեմ եմ, քանի որ այդ գումարն ավելի լավ է ծախսել տնտեսական պոտենցիալի հզորացման, օրինակ՝ գյուղատնտեսությունը զարգացնելու, գործարաններ ստեղծելու ուղղությամբ: Հաշվի առնելով բյուջեի հատկացումները՝ սա անիմաստ և չհիմնավորված քայլ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեր այն իրավիճակին, որ նաև պոտենցիալի զարգացման համար քայլեր չեն արվում, Ն. Սարգսյանը նկատեց. «Կառավարության բոլոր գործողություններն ուղղված են որոշակի ժամկետով վարկանիշը բարձրացնելուն, որոշակի հույս ներշնչելուն, թե վաղը լավ է լինելու: Մինչդեռ վաղը կգա, ժողովուրդը կտեսնի, որ կրկին լավ չէ, ու նորից նոր պոպուլիզմի կդիմեն: Այս մարդկանց մտադրությունը ոչ թե ՀՀ զարգացումն է, ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը, այլ ընդամենն իրենց իշխանության պահպանումը: Մեր սուղ բյուջետային միջոցներից պաշտոնյաներին պարգևավճարների և այլնի տեսքով բարեկեցության համար գումարներ են տրվում, վերջում էլ այդ ամենը համեմում են կենսաթոշակների կամ նվազագույն աշխատավարձի չնչին բարձրացումով՝ ցույց տալու, թե, տեսեք, միայն մեզ համար չենք անում, ձեզ համար էլ ենք անում: Սովորաբար գրագետ կառավարությունները տնտեսական բեռն են վերցնում իրենց վրա, որովհետև քաջ գիտակցում են, որ տնտեսությունն է հետագայում սպասարկելու սոցիալական բեռը: Այս կառավարությունը ո՛չ սոցիալական, ո՛չ էլ տնտեսական բեռ չի վերցնում, թեպետ իրենք շարունակաբար կարողանում են հարստանալ: Սա հաստատում է այն համոզմունքը, որ ընդամենն իրենց իշխանությունը պահպանելու համար են որոշակի փոփոխություն անում»:

Շարունակելով սոցիալական բեռը թեթևացնելու թեման՝ Ն. Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք այն որոշմանը, ըստ որի, հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներն ու նպաստառուները 10 % հետվճար են ստանալու: Մեր նախորդ համարներից մեկում հայտնել էինք, որ թոշակառուների և նպաստառուների որոշ մասի շրջանում թեպետ նշվածից օգտվելու ցանկություն կա, բայց քանի որ 3 բանկ է միացել ծրագրին, չգիտեն՝ ինչ անել: «Նախ՝ կառավարությունը չպետք է խոսի այդ մասին: Քեշբեք (հետվճար) համակարգը ոչ թե կառավարությունը, այլ որոշակի առևտրային բանկեր են իրականացնում: Այն երկար տարիներ առաջ է ներդրվել՝ բանկերի միջև մրցակցության բարձրացման համար: Այժմ որոշակի պետական ծրագրով համեմելով՝ քեշբեք համակարգ է դրվում, ինչը, չեմ կարող ասել, արդյո՞ք ռեալ օգուտ կտա սոցիալական առումով, թե ոչ: Առհասարակ, կենսաթոշակառուները շատ դեպքերում մի ձեռքին պահում են բանկային քարտը, մյուսում՝ օգտվելու գաղտնաբառերը: Ի դեպ, մտահոգություն ունեմ, որ օգտվել չկարողանալու պատճառով որևէ երիտասարդի օգնությանը կարող են դիմել, որոնք էլ կարող են գումարներն այլ տեղեր փոխանցել, կենսաթոշակառուները չեն կարողանալու ստուգել: Բացի այդ, մի կողմից՝ պետությունն ասում է՝ մանր և միջին բիզնեսը պետք է զարգանա, մյուս կողմից՝ այլ մեսիջ է տալիս: Մասնավորապես, այն կենսաթոշակառուներին, ովքեր պետք է քարտով առևտուր անեն, ուղղորդում է դա իրականացնել միայն սուպերմարկետներից: Սա հստակ խոչընդոտ է մանր ու միջին բիզնեսի համար»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ բանկերի առնչությամբ ևս խնդիր է տեսնում:

«Եթե ոչ բոլոր բանկերն են միանում, ապա, այո, սա նաև արհեստականորեն որոշակի բանկերի հաճախորդների ավելացմանն ուղղված քաղաքականություն է: Հարց է՝ երբ 2-3 բանկ մոնոպոլ դիրք գրավեն, ի՞նչ կարող են անել բանկերը: Բայց իրականում այդքան լուրջ չէի վերաբերվի նաև այս առումով, քանի որ կա պոպուլիզմ ու կա պոպուլիզմից էլ ավելի բարձր պոպուլիզմ: Սա բարձր պոպոլիզմն է: Այս նախաձեռնությունից կենսաթոշակառուները ռեալ օգուտ չեն ստանալու կամ նրանց շատ փոքր քանակն է այդ օգուտը ստանալու, թեպետ կրկին տուժելու է մանր և միջին բիզնեսը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի դրույթներին՝ Ն. Սարգսյանը մատնանշեց այսօրվա դրությամբ առկա մի շարք խնդիրների մասին:

«Այս պահի դրությամբ հիմնական խնդիրը բանկային հերթերի կուտակումներն են: Շատ կազմակերպություններ չեն կարողանում POS տերմինալները գրանցել կամ ՀԴՄ սարքերը միացնել բանկային համակարգին: Չենք կարող ասել՝ սա արհեստակա՞ն է, թե՞ բանկերն ուղղակի չեն հասցնում սպասարկում իրականացնել: Ամեն դեպքում, փորձը ցույց տվեց, որ բանկային համակարգը պատրաստ չէր այսքան արագ անցում կատարել նշված համակարգին: Բացի այդ, օրինակ՝ համալսարանները և հիվանդանոցները պարբերաբար խնդիրների են բախվում շատ մանր ծախսերի կատարման առումով: Օրինակ՝ երբ պետք է 2000 դրամ ծախսել համալսարանի կարիքների համար, նրանք պետք է գնան, պայմանավորվեն, հաշիվ դուրս գրեն, փոխանցում կատարեն, որը բավականին ժամանակատար է: Հաջորդ խնդիրը վերաբերում է տուրիստական կազմակերպություններին: Մինչ այս, երբ զբոսաշրջիկներին Հայաստանի տեսարժան վայրեր էին տանում ու մուտքի համար նախատեսված 500 կամ 1000 դրամը տեղում հավաքում էին և կանխիկով վճարումը կազմակերպում, հիմա այլ է: Տուրիստականները զբոսաշրջիկների քանակի հաստատումից հետո այցելում են թանգարաններ, տեսարժան վայրեր, որ նախապես պայմանավորվեն, չեկեր վերցնեն ու հետո փոխանցում կատարեն: Մեծ հաշվով՝ այնքան բարդություններ են առաջանում: Եթե ծախսատարությունը մի կողմ ենք դնում, ապա ժամանակի առումով կազմակերպությունները ռեալ տուժում են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ հաջորդ խնդիրը կապված է բանկային տոկոսադրույքների հետ. «Հուլիսի 1-ից հետո բանկերը նոր սակագնային պլան են հաստատել, բայց օրենքը դեռ մի քանի ամիս պետք է գործի, մարդիկ պետք է ադապտացվեն փոխանցման համակարգին, ու այդ ժամանակ նոր թանկացումները ավելի ցայտուն կտեսնենք: Խոսքը մինչև 5 տոկոս բանկային միջնորդավճարների, մինչև 6,5 տոկոս՝ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին է: Սա խնդիրներ է առաջացնում մի կողմից՝ բիզնեսի համար, մյուս կողմից էլ՝ ազդեցություն է ունենում գնաճի վրա, ինչից տուժում են ֆիզիկական անձինք»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով
Ամենաընթերցվածները