Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնելու առաքելությունը՝ ընդդիմության ուսերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանական ագրեսիային դիմակայելու տեսանկյունից ռազմական բաղադրիչի հետ մեկտեղ չափազանց կարևոր է նաև դիվանագիտական ճակատը։ Իսկ շատ դեպքերում ճկուն դիվանագիտական աշխատանքի միջոցով կարելի է հասնել անգամ շատ լուրջ արդյունքների՝ առանց նույնիսկ ռազմական ուժի կիրառման։ Պատմության մեջ բազմաթիվ են այն դեպքերը, երբ ռազմական հաղթանակը դիվանագիտական ճնշման արդյունքում վերածվել է պարտության և հակառակը։

Այնպես է ստացվում, որ միջազգային հարաբերություններում և մասնավորապես պետությունների միջև հակամարտություններում վերջին խոսքը դիվանագիտությանն է։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանն այդքան շտապում է հաշտության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Բաքուն փորձում է հնարավորինս շուտ դիվանագիտական հարթակում ամրագրել պատերազմի միջոցով իր ձեռքբերածը, քանի դեռ միջազգային իրավիճակը չի փոխվել, որի արդյունքում կարող է զրկվել հաղթանակի հիմնական պտուղներից։ Իսկ այս պայմաններում հայկական կողմի հիմնական խնդիրը պետք է լինի միջազգային հանրության տարբեր շրջանակների հետ ակտիվ աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կլինի դիվանագիտական դաշտում առաջ մղել հայկական օրակարգը՝ ի ցույց դնելով Ադրբեջանի հանցագործ պահվածքն ու արցախահայության անօտարելի իրավունքները։ Մասնավորապես, Արցախի ինքնորոշման իրավունքն այսօր պետք է լիներ տարբեր պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվող գլխավոր թեման, որպեսզի հնարավոր լինի միջազգային հանրությունից համապատասխան ազդակներ ստանալ։

Իսկ եթե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը չի բարձրացվում, ապա բնական է, որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր «խոստովանում», միջազգային հանրությունը պահանջելու է, որ Արցախի հարցում հայկական կողմն իջեցնի նշաձողը։ Բայց օրվա իշխանությունները Արցախի հարցում ոչ միայն նշաձողն են իջեցրել, այլև ամբողջապես լվացել են իրենց ձեռքերն այդ խնդրից՝ արցախահայությանը թողնելով բախտի քմահաճույքին։ Դա հենց իրենք՝ իշխանության ներկայացուցիչներն էլ չեն թաքցնում. օրինակ՝ նրանց դիրքորոշումը ոչ մեկ անգամ հստակ արտահայտեց Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, թե ՀՀ-ն այլևս հնարավորություն չունի ապահովել Արցախի անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ, այս դիրքորոշումը փաթեթավորվում է այնպիսի գաղափարի ներքո, թե Ստեփանակերտը հենց ինքը կարող է երկխոսության մեջ մտնել Բաքվի հետ։ Ու հիմա, երբ Արցախը կանգնած է հայաթափման վտանգի առաջ և ամենից շատ է հարկավոր խոսել Արցախի ինքնորոշման մասին, ՀՀ իշխանությունները լռության ուխտ են հայտարարել։ Բացառված չէ, որ այն որոշակի ժեստ է՝ ուղղված Բաքվին։

Օրերս Հայաստան է ժամանել Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը, որը հանդիպումներ է ունեցել պաշտոնական և քաղաքական շրջանակների հետ։ Ու թվում էր, թե մեր իշխանությունները պետք է հերթական լավ առիթը բաց չթողնեին Արցախի ինքնորոշման թեման առաջ մղելու համար, մանավանդ որ Եվրոպական խորհրդարանի կողմից առաջիկայում զեկույց է հրապարակվելու։ Սակայն, դատելով պաշտոնական հաղորդագրությունից, հոկտեմբերի 21ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները Կովաչևի հետ հանդիպման ընթացքում խոսել են Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին և ընդամենը բարձրացրել Արցախում ապրող հայերի իրավունքների պաշտպանության ու անվտանգության խնդիրները:

Կովաչևը հանդիպումներ է ունեցել նաև մի շարք պաշտոնյաների հետ, սակայն այդ հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ խոսվել է ժողովրդավարությունից, անվտանգությունից, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունից, իսկ Արցախի թեմայի շուրջ անգամ խոսք չի եղել։ Հոկտեմբերի 22-ին Կովաչևն արդեն հանդիպեց Փաշինյանի հետ. այս դեպքում էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու այլ հարցերի շուրջ: Ու էլի՝ ոչ մի խոսք Արցախի ինքնորոշման խնդրի մասին: Ստացվում է, որ Արցախի կարգավիճակի և ինքնորոշման խնդիրը եվրոպական համազեկուցողի հետ հանդիպումների ընթացքում իշխանական ոչ մի օղակում չի բարձրացվել։

Ու ընդհանրապես, արտերկրյա գործընկերների հետ շփումներում իշխանությունները փորձում են շրջանցել Արցախի կարգավիճակի ու ինքնորոշման հարցը։ Փոխարենը Կովաչևի հետ հանդիպման ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկայացնելով իր գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշումը, նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում։

Այս իրողությունը վկայում է այն մասին, որ Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնելու առաքելությունը մնացել է միայն ընդդիմության ուսերին։ Եվ ընդհանրապես, ուշագրավ է, որ Արցախի հարցով ընդդիմությունն է առաջին հերթին մեծ աշխատանք տանում՝ այդ թվում օգտագործելով միջազգային հարթակներն ու իրենց միջազգային կապերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները