Թուրքական ազդեցության ներթափանցման առարկայական վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը շարունակում է մնալ Հայաստանի և Թուրքիայի օրակարգում։ Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները շարունակում են այս հարցով հանդիպումներ և քննարկումներ ունենալ, իսկ հոկտեմբերի 6-ին էլ Պրահայում տեղի ունեցավ Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումը։ Դեռևս անցյալ տարի Էրդողանը նշել էր, թե Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը փոխանցել է իր հետ հանդիպելու առաջարկը։ Այսինքն, այդ հանդիպումը երկար էր նախապատրաստվել։ Ուստի թվում էր, թե Էրդողան-Փաշինյան հանդիպումը երկու երկրների հարաբերությունները կարգավորելու հարցում պետք է վճռական նշանակություն ունենա, բայց թուրքական կողմը կրկին նախապայմաններ է առաջ քաշում, որոնք առաջին հերթին վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և ադրբեջանական պահանջների բավարարմանը։

Պատահական չէ, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց, թե հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հայ-թուրքական հարաբերությունների հարցը կլուծվի։ Նկատի ունենանք, որ Պրահայի հանդիպումը Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների առաջին հանդիպումը չէր, քանի որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային խաղի ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը: Այնուամենայնիվ, 2009 թվականին իրավիճակը լիովին այլ էր, փորձ էր կատարվում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել երկկողմ օրակարգով առանց Ադրբեջանի միջամտության, սակայն թուրքական կողմը այդ օրակարգը տապալեց իր կողմից առաջ քաշված նախապայմաններով։

Իսկ ներկայում, երբ Հայաստանը գործող իշխանությունների մեղքով պարտվել է Արցախյան պատերազմում և թուլացած վիճակում է, կարելի է պատկերացնել, թե թուրքական կողմն ինչ պահանջներ կարող է առաջ քաշել ու զիջումներ պարտադրել։ Եվ հարց կարող է ծագել, թե այդ դեպքում ո՞րն է Հայաստանի հարցում Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Արդեն իսկ տեսանելի է Ադրբեջանում և Վրաստանում թուրքական ազդեցության ուժեղացումը, սակայն Հարավային Կովկասն ամբողջությամբ Անկարայի ազդեցության տակ գցելու համար Թուրքիային անհրաժեշտ է նաև, որ Հայաստանը ևս ենթարկվի իրենց ներթափանցմանը, բայց դրա համար Երևանը նախևառաջ պետք է հրաժարվի իր պատմական պահանջներից կամ պահանջատիրությունից։

Իսկ Հայաստանը Թուրքիայից կախվածության մեջ գցելը կարող է հիմք դառնալ, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից, և Թուրքիան ցատկ կատարի դեպի Միջին Ասիա, հարկ եղած դեպքում նաև Հյուսիսային Կովկաս և Իրան։ Այլ կերպ ասած՝ լիովին կբացվի պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհը։ Իսկ ի՞նչ վնասներ կարող է կրել Հայաստանը դրա արդյունքում։ Թուրքական ազդեցության ուժեղացման հետևանքով առաջին հերթին տուժելու է Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է Հայաստանի սուվերեն տարածքով ամեն կերպ ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի արդյունքում թուրքական և ադրբեջանական ապրանքների և ուղևորահոսքի վրա հայկական կողմը որևէ ազդեցություն չի ունենա, մաքսակետերը չեն գործի։

Միևնույն ժամանակ, տարբեր շրջանակների, հատկապես ՀՀ իշխանությունների կողմից շատ է շրջանառվում այն թեզը, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ապա Հայաստանի տնտեսությունը միանգամից սրընթաց զարգացում է ապրելու։ Սակայն այս պնդումը ծայրահեղորեն չափազանցված է՝ հաշվի առնելով թուրքական տնտեսական ներթափանցման վտանգները։ Սահմանների բացումից առաջնահերթ տուժելու է հայկական գյուղատնտեսությունը, որն առանց այն էլ ծանր վիճակում է։ Թուրքական անորակ և էժան գյուղատնտեսական ապրանքները կհեղեղեն հայկական շուկան, իսկ մեր երկրում գյուղատնտեսությամբ զբաղվելը կդառնա ոչ շահավետ։ Ուստի, իր պարենային պահանջների բավարարման հարցում Հայաստանը կախվածության մեջ կհայտնվի Թուրքիայից։ Եվ սա այն պարագայում, երբ պարենային ապրանքների դեֆիցիտի և գների բարձրացման արդյունքում նույնիսկ այն երկրները, որոնք զարգացած գյուղատնտեսություն չունեն, մտածում են գյուղատնտեսության ճյուղերի զարգացումը խթանելու հատուկ մեխանիզմների ստեղծման շուրջ։

Մյուս կողմից էլ՝ համապատասխան կարգավորող մեխանիզմների և բարձր մաքսատուրքերի բացակայության արդյունքում թուրքական արդյունաբերական արտադրանքը նույնպես կարող է հեղեղել հայկական շուկան։ Իսկ դրա արդյունքում տեղական արտադրողները կարող են դժվարություններ ունենալ և չդիմանալ մրցակցությանը։ Սակայն ավելի վտանգավոր է այն հանգամանքը, որ թուրքերը կարող են մեծ քանակությամբ հողեր, սեփականություն և անշարժ գույք գնել Հայաստանում, մանավանդ այն պայմաններում, երբ կառավարությունը մտադիր է 150 հազար դոլարի ներդրումների դիմաց քաղաքացիություն շնորհել։ Թուրքիան ունի անհրաժեշտ բոլոր ֆինանսական հնարավորությունները Հայաստանում կարևորագույն ենթակառուցվածքներ անցկացնելու կամ դրանք գնելու համար։ Իսկ թուրքական կապիտալի ներհոսքը դեպի փոքր տնտեսություն ունեցող Հայաստան իր հետ կարող է բերել նաև Անկարայի քաղաքական ազդեցությունը։

Չհաշված, որ թուրքական բնակչության հոսքը կարող է Հայաստանի համար լուրջ անվտանգային խնդիրներ ստեղծել։ Օրինակ՝ բացառված չէ, որ Թուրքիայից մեր երկրում անկայունություն հրահրվի կամ իբր ահաբեկիչների դեմ պայքարելու անվան տակ թուրքական զորքերը ներխուժեն ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձեն օրակարգ թելադրել։ Հենց այսպիսի գործելակերպով է Թուրքիան հարաբերվում, օրինակ՝ Սիրիայի ու Իրաքի հետ՝ պարբերաբար ներխուժելով այս երկրների տարածք։

Ուստի անհրաժեշտ է շատ զգուշությամբ մոտենալ հայ-թուրքական սահմանների բացման արդյունքում տնտեսական օգուտների մասին խոսակցություններին և այժմվանից մտածել այնպիսի մեխանիզմների ստեղծման մասին, որոնք հնարավորություն կտան պաշտպանել հայկական շահերը թուրքական ազդեցության ներթափանցումից։ Սակայն գործող իշխանությունները հակառակն են անում՝ չափազանց մեծ ակնկալիքներ գեներացնելով հայ-թուրքական սահմանների բացման հավանական օգուտների մասին պատմություններով։ Դրա համար էլ փորձագիտական և հանրային շրջանակների մոտ հարց է առաջանում, թե նրանք արդյոք Հայաստանի՞ շահերն են պաշտպանում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը Հրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիր Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. Bloomberg Վրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունը Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging Cell ԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավական Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ Պուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթությունները Քաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին
Ամենաընթերցվածները