Արցախի ազատության համար պայքարը նաև հնարավորություն է՝ վերաիմաստավորելու մեր սեփական գոյությունը. Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ

Հանգստյան օրերին տարեմուտի այցելությամբ մեկնել էինք Արցախ՝ ամփոփելու անցնող տարվա ընթացքում մեր արածը, և արդեն նոր տարվա պլաններ գծելու։ Արցախում հիմա անսովոր եռուզեռ է՝ մի կողմից թշնամին փորձում է սադրանքների գնալ և վիճակը սրել, մյուս կողմից՝ այդ սադրանքները սկսել են ավելի կոշտ հակահարված ստանալ։ Մի կողմից, թշնամին փորձում է հայտարարել, որ Արցախ և Արցախի հարց այլևս գոյություն չունի, մյուս կողմից՝ Արցախի նախագահը տպավորիչ այցելություն է ունենում Ֆրանսիա, փաստացի ընդունվում պետականին մոտ մակարդակով։ Մի կողմից, թշնամին (ինչպես նաև իր հայաստանյան գործակատարները) փորձում են տպավորություն ստեղծել, որ Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներն են, և իրենց հետ բանակցություններն Ադրբեջանի ներքին գործն է, մյուս կողմից, Արցախի նորանշանակ վարչապետը (պաշտոնապես՝ պետնախարարը) հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է համակերպվի Արցախի անկախության հետ և սովորի հարևանություն անել։

Այս ամենը ցույց է տալիս, որ անկախության հանրաքվեից 31 տարի անց, Արցախի ազատության համար պայքարը թևակոխում է նոր փուլ, և այդ փուլը ունենալու բազմաթիվ չափողականություններ՝ հոգեբանական, դիվանագիտական, ռազմատեխնիկական, դեմոգրաֆիական, տնտեսական և այլն, և յուրաքանչյուրը պահանջելու է վիթխարի ջանքերը, անսովոր լուծումներ, ուժերի մեծ համախմբում, ներքին հակասությունների մեղմում, ներքին թուլության ու ծուլության հաղթահարում՝ և այդ ամենը զուգահեռ, անողոք ժամանակին և դժնի թշնամուն դեմ հանդիման։

Հստակ պատկերացնելով ողջ այս ծանր բեռը, երբեմն նույնիսկ ինքդ քեզ հարց ես տալիս՝ հանուն ինչի՞ պետք է մենք այդքան տանջվենք, այդքան մաքառենք, այդքան զրկանքներ կրենք, ինչու չենք կարող ապրել ուրիշ ժողովուրդների պես՝ հարաբերականորեն "անդարդ" կյանքով։ Սակայն երբ երկար ճանապարհից հետո հասնում ես Արցախ, կարծես այդ հարցի պատասխանը գալիս է ինքնաբերաբար, նույնիսկ բուն հարցն է վերանում՝ որովհետև այս երկիրը մերն է, որովհետև այստեղ են ապրում մեզ հարազատ մարդիկ, և դիմագրավելով բոլոր փորձություններին և դժվարություններին, շարունակում են պայքարել իրենց ազատության համար։ Որովհետև իրենց ազատությունը մեր բոլորի ազատությունն է, իրենց պատիվը՝ մեր բոլորի պատիվը, իրենց հաղթանակը՝ մեր բոլորի լինելիության առանցքը։

Արցախի ազատության համար պայքարի նոր փուլը նաև հնարավորություն է՝ հաղթահարելու մեր մեջ եղած բազմաթիվ ախտերը։ Հնարավորություն է առողջ, մարտունակ և պատվախնդիր սերունդ մեծացնելու, նրան կրթելու և զարգացնելու ազատատենչ ոգով։ Հնարավորություն է մաքրելու կոռուպցիայի «ավգյան» ախոռները, ժողովրդի լայն շերտերին վերադարձնելու արդարության զգացումը, վերակառուցելու մեր պետական համակարգը և դարձնելու այն առավել թափանցիկ և արդյունավետ։ Հնարավորություն է զարգացնելու բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք մեզ թույլ կտան ոչ միայն պաշտպանել մեր երկիրը, այլև այն առաջ մղել բազմաթիվ ոլորտներում․ և դարձնել կյանքի համար ավելի գրավիչ և մրցունակ։

Արցախի ազատության համար պայքարը նաև հնարավորություն է՝ վերաիմաստավորելու մեր սեփական գոյությունը որպես ազգ, հոսանքին հանձնված, սպառող և նյութապաշտ զանգված լինելու փոխարեն վերգտնելու մեր առաքելությունը, միավորվելու և համատեղ գործելու թեև բարդ, բայց վեհ և միավորող ընդհանրական նպատակների շուրջ։ Հնարավորություն է՝ նշաձողը իջեցնելու փոխարեն այն շարունակաբար բարձրացնելու, հանձնելու փոխարեն՝ պահելու, զարգացնելու և նորը ձեռք բերելու համար։ Ի վերջո՝ այն հնարավորություն է փակելու պարտության ցավոտ էջը, և նոր հաղթանակներով մեր ազգային ընթացքը շարունակելու համար։

Այս ամենը սակայն կլիներ ընդամենը պաթոսախառն կենաց, եթե չլինեին այն մարդիկ, որոնց համար սա դարձել է կյանքի իմաստ, այն մարդիկ, որոնց ես մշտապես հանդիպում եմ Արցախում և Արցախի ճանապարհներին։ Նրանցից շատերը զինվորական կամ անվտանգության համանման խնդիրներով զբաղվող անձիք են, ուստի առայժմ ոչ իրենց անունները կարող եմ նշել, ոչ էլ հրապարակել իրենց հետ նկարները։ Սակայն այս մարդիկ ոչ միայն ամենօրյա ծանր աշխատանք են կատարում՝ բարդագույն պայմաններում, մշտական վտանգին դեմ հանդիման, այլև իրենց մեջ ուժ են գտնում նորը ստեղծելու՝ իրենց գործում նոր տեխնոլոգիաներ ներդնելու, նոր մարտունակ սերունդ դաստիարակելու, նոր բնագծեր ամրապնդելու, և միասին՝ մեր երկրի պաշտպանության համար նոր մարտական ներուժ ստեղծելու։ Այս մարդիկ դեռևս շատ չեն, բայց իրենք մեր ազգի ողնաշարն են, մեր երկրի աղը, և իմ երազանքն է, որ ամեն տարի իրենց տեսակն ավելանա, իրենց միանան նորանոր մարդիկ և խմբեր, իրենց կարողություններն ավելանան, և միասին մենք կերտենք մեր նոր հաղթանակները, միասին ազատ, արդար և անվտանգ երկիր կառուցենք, և հաղթանակների և բարգավաճման դարաշրջան բացենք մեր ազգի համար։

Մինչ այդ, շնորհակալ եմ այս այցելության ընթացքում հանդիպած բոլոր եղբայրներին և քույրերին, մեր միասնական հայրենիքի ազատության համար պայքարող բոլոր արժանապատիվ մարդկանց, և նրանց հետ միասին հույսով ու վստահությամբ եմ նայում դեպի մեր ապագան։ Աստված զորավիգ և պահապան մեր ազգին և հայրենիքին։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները