Շրջափակման մեկ ամիսը. Արցախում դրությունն ավելի ու ավելի է ծանրանում

Երբ անցած տարվա դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, Արցախում ու Հայաստանում չէին կանխատեսում, որ շրջափակումը կարող է մեկ ամիս շարունակվել՝ թերևս նկատի ունենալով, որ ճանապարհը փակելու նախկին փորձերը հաշված ժամեր էին տևել։ Հիմա, սակայն, անգամ պաշտոնական հայտարարություններում խորացող անորոշություն է. 120 հազար արցախցիների դեռ որքա՞ն կբավարարեն սննդի պաշարները։

Շուշիից մտնելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհ՝ ադրբեջանցիները առանց ռուս խաղաղապահների դիմադրության արագ տեղավորվեցին՝ վրաններ, խարույկ, սննդի կետ, երգ, պար ու հերթափոխ։

Բնապահպան ներկայացող ադրբեջանցիները Կաշենի ու Դրնբոնի հանքավայրերում ստուգումներ են պահանջում, որ կանխեն, ինչպես պաստառներին են գրել, «էկոցիդը»։ Անկախ լրատվամիջոցներից կարճ ժամանակ պահանջվեց բացահայտելու, որ բնապահպանությունից նրանք հեռու են, ցույցերի, ակցիաների երբևէ չեն մասնակցել, փոխարենը սոցիալական ցանցերում ակտիվ գովերգում են Ալիևների ընտանիքին, խրախուսում հայատյացությունը։

Ու թեև Արցախի իշխանությունները հայտարարեցին հանքարդյունահանումը դադարեցնելու մասին պայմանով, որ միջազգային փորձագետները դիտարկեն տարածքը, ճանապարհը չբացվեց։

Պաշտոնական Երևանը հենց առաջին օրվանից Ռուսաստանին է ուղղում ակնկալիքները՝ մեղադրելով, թե խաղաղապահները Արցախի հայաթափման լուռ վկան են դարձել։

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Հայկական կողմը չմասնակցեց Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը, իսկ արդեն նախագահների մակարդակով բանակցությունները չկայացան, թեև Պուտինը, Ալիևը և Փաշինյանը նույն հարկի տակ մասնակցում էին նույն միջոցառմանը։ Լաչինի թեման Ռուսաստանի նախագահը գոնե հրապարակային նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը չշոշափեց։

Միջանցքը բացելու Ադրբեջանին ուղղված կոչեր հնչեցրել են Վաշինգտոնը, Փարիզը, Բրյուսելը, միջազգային կառույցներ, հարցը հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, գրեթե միաբերան հորդորներ՝ վերացնել շրջափակումը, ինչը, սակայն, տեղի չի ունենում։

Անձամբ Իլհամ Ալիևը այս թեմային չի անդրադարձել, Ադրբեջանի արտգործնախարարությունը ինչպես շրջափակումից առաջ, այնպես էլ այս ընթացքում կրկնում է. «Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է, և այնտեղ ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կերաշխավորվեն Ադրբեջանի օրենքներով ու Սահմանադրությամբ»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրերում գրեթե ամեն օր միայն նշվում է, որ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակվում են։

Այս ընթացքում ընդամենը տասը տոննա բեռ է Հայաստանից Արցախ տեղափոխվել. Կարմիր խաչի միջնորդությամբ մանկական սնունդ, դեղեր ու բժշկական պարագաներ։ Այնինչ, ըստ մոտավոր հաշվարկների՝ օրական մոտ 400 տոննա բեռ էր մինչև շրջափակումը Ղարաբաղ մտնում։ Ծայրահեղ ծանր վիճակում հայտնված 18 հիվանդ Արցախից Հայաստան է տեղափոխվել Կարմիր խաչի միջոցով, Ստեփանակերտի պնդմամբ՝ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում մոտ 3 տասնյակ մարդ սպասում է իր հերթին, այդ թվում՝ երեխաներ։

 

Շաքարավազը, ձեթը, մակարոնեղենը, բրինձը արցախցիները ստանում են պետական պահուստներից՝ կտրոններով։

«Ամեն ինչ պակաս է, ոչ մի բան էլ չկա», - ասում են տեղացիները, ավելացնում. «Խանութները սաղ դատարկ են»։

Հազարից ավելի մարդ մեկ ամիս է՝ սպասում է Հայաստանում, որ ճանապարհը բացվի հասնեն ծնողներին, զավակներին։

Ռուսաստանից Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանը ի պատասխան Ադրբեջանի պահանջների՝ լքել Ղարաբաղը՝ բազմահազարանոց հանրահավաքի ամբիոնից բացառեց այդ սցենարը. «Ես այստեղ եմ, ես պայքարում եմ, ու ես այստեղից չեմ գնալու, ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին», - հայտարարեց նա։

Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանn ուղիղ չասաց՝ Ադրբեջանը Սյունիքով միջա՞նցք է պահանջում Լաչինի ճանապարահը բացելու համար։ Բաքվի նպատակը, ըստ Երևանի, արցախահայերի կամքը կոտրելն է։

«Մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում», -երեկ ասաց նա։

Բայց առաջիկա բանակցությունների մասին դեռ չի հայտարարվել։ Արցախում դրությունն ավելի ու ավելի ծանր է դառնում։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին
Ամենաընթերցվածները