«Այս իշխանությունների ծրագիրը չի ավարտվել, այն չէր ավարտվելու միայն Արցախով»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արցախի անկումից շաբաթներ անց շարունակվում են քննարկումները, թե ինչու այսպես եղավ: Հնչում են նաև մեղադրանքներ՝ ուղղված տվյալ ժամանակահատվածում Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ պատգամավորների հասցեին, թե «եթե իշխանափոխություն չլիներ, եթե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին չհասնեիք, հիմա այսպես չէր լինի»: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ վերջին երեք տարին բավական էր հասկանալու համար, որ Հայաստանում գործ ունենք իշխանավորների ինչ-որ խմբի հետ, որոնք կեղծ թեզեր ստեղծելու մեծագույն վարպետներ են: «Ստի ու կեղծիքի միջոցով արդեն բավականին երկար ժամանակ կարողանում են շարունակել կառավարել և դեռևս ստեղծում են այն քաոսը, որի մեջ մենք բոլորս ենք, և հետո կարողանում են մաքուր դուրս գալ այդ ամենից հենց այդ հատկության շնորհիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Ըստ նրա, այս փաստի առաջին և պարզ ցուցադրությունը տեսանք 2020 թ. նոյեմբերին: «Այդ ժամանակ հանկարծ պարզվեց, որ պարտություն է կրել մեր զինվորը, որովհետև փախել է, առհասարակ՝ մենք բոլորս ենք փախել, չգիտեմ էլ, թե ինչ անիմաստ ու իրականությանը չհամապատասխանող թեզեր տարածվեցին: Վերջին երեք տարվա ընթացքում ակնհայտ էր, որ այդպես չէր: Այդ մարդիկ ոչ թե փնտրում ու արագ գտնում են մեղավորներին, այլ շատ արագ «նշանակում» են մեղավորներ: Ինչ վերաբերում է Արցախի պաշտոնյաներին ուղղված մեղադրանքին, ապա կարող ենք հանգիստ մեկ ապացույց ներկայացնել: Սահմանային կուտակումներից բոլորս էինք տեղյակ, որոնք ավելի վաղ էին սկսվել: Այդ կուտակումները կային ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, այլ առհասարակ ամբողջ Արցախում: Պրոցես էր սկսվել, որն անդառնալի էր: Այդ ինֆորմացիայի ողջ փաթեթին տիրապետում էր Արցախի նախկին նախագահը, ինչին չէինք տիրապետում մենք բոլորս: Մեզ չէր տրվում այդ ինֆորմացիան ամբողջությամբ, կարող էինք ունենալ սեփական, այն էլ՝ կցկտուր ինֆորմացիան, այն էլ՝ բացառապես ինչ-որ դրվագներով»,-նշում է մեր զրուցակիցը, ապա ընդգծում այն փաստը, թե ինչ արագ ու հեշտ տեղի ունեցավ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ինչն, ըստ Հակոբյանի, մտածելու առիթ է տալիս:
«Կարծում եմ, որ այս մի փոքրիկ ապացույցը բավական է հասկանալու համար, որ շարունակում են իրենց ոճի մեջ մնալ: Տեղի ունեցած այս աղետը, արհավիրքն ամենևին իրենց չի սթափեցրել, շարունակում են գործել իրենց գծի մեջ և ուղղակի մեղավորներ «նշանակել»: Սա անլուրջ, կեղծ թեզ է, որն այլևս մեզ ո՛չ զարմացնում է, ո՛չ զայրացնում»,-հավելում է Արցախի ԱԺ պատգամավորը:
Տարբեր շրջանակների կողմից Արցախի պաշտոնյաներին ուղղվող հաջորդ մեղադրանքներից մեկը հետևյալն է՝ ինչպե՞ս ստացվեց, որ նրանցից շատերը կարողացան անվտանգ Արցախից Երևան հասնել, իսկ ոմանց Ադրբեջանը ձերբակալեց և մեղադրանքներ առաջադրեց: Գաղտնի պայմանավորվածություններից մինչև դավադրության տեսություն, Հայաստանում իշխանափոխության հնարավորությունից մինչև պատերազմի վտանգ: Ինչո՞ւ են երկրի համար ծանրագույն այս շրջանում մեր իրականության մեջ նման թեզեր գեներացվում: «Այս իշխանությունների ծրագիրը չի ավարտվել, այն չէր ավարտվելու միայն Արցախով: Արցախում եղած ժամանակ՝ այն բարդ օրերին, խնդրել ենք ամեն ջանք գործադրել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պահելու համար: Կեղծ թեզ էր այն, թե՝ Արցախը տանք, Հայաստանն անվտանգ է լինելու: Սա ամենակեղծ թեզն էր, որ շատ շրջանառվեց և բոլորիս գցեց նման փակուղու մեջ: Ծրագիրը չի ավարտվել, բնական է, որ ինտրիգները, ներքին պառակտումները պետք է շարունակվեն, պետք է ավելի խորը լինեն, որ նրանք կարողանան իրենց թելը մինչև վերջ հասցնել: Սա իրենց պարագայում նորմալ է, նորմալ չէ մեր պարագայում:
Ըստ էության, մեր քաղաքական ուժերը և հասարակությունը տրվում են այդ մանիպուլ յացիային: Ամենավտանգավորը սա է, շարունակում ենք գլորվել և ինքներս որևէ ջանք չենք գործադրում, որ կանգ առնենք և կարողանանք այս ամենի դեմն առնել: Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքական ու ռազմական որոշ գործիչներ կարողացան անվտանգ հասնել Երևան, իսկ որոշները ձերբակալվեցին: Բոլորս ենք տեղյակ, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ինչ-որ ցուցակներ էր շրջանառում: Օրինակ՝ ցուցակներից մեկում ես կայի, մյուսում չկայի, մեկ օր մի մեղադրանք էին առաջադրում, հաջորդ օրը մեկ ուրիշը, մեկ օր էլ առհասարակ ինձ առաջադրված որևէ մեղադրանք չկար: Ադրբեջանը նաև այդ առումով էր խելացի ու ճիշտ աշխատում, այն մարդիկ, որոնք պետք է ձերբակալվեին, մտածեին, որ իրենց այդ վտանգը չի սպառնում, և հակառակը՝ մարդիկ, որոնց Ադրբեջանը նպատակ չուներ ձերբակալելու, անհանգիստ լինեին և կարծեին, որ իրենց գուցե ձերբակալվածների ճակատագիրն է սպառնում:
Անցակետում էր պարզ դառնում նաև, որ տարբեր ցուցակներում ներառված մարդկանց չեն ձերբակալելու, ի վերջո, հարյուրավոր մարդկանց չէին ձերբակալելու միջազգային աղմուկից խուսափելու համար: Ամեն դեպքում իրենք անհանգստություն էին պատճառում մարդկանց: Պատերազմի օրերին նաև թեզեր հնչեցին, թե ադրբեջանական անցակետերում երիտասարդներ են, որոնք չեն ճանաչում Արցախի քաղաքական ու ռազմական գործիչներին, սա, իհարկե, ծիծաղելի է, քանի որ իրենք այնպիսի սարքավորումներ ունեին, որ հույսը չէին դնելու այն հանգամանքի վրա, թե դեմքով կճանաչե՞ն պաշտոնյաներին, թե՞ ոչ»,-ասում է մեր զրուցակիցը:
Այսօր մայր Հայաստանում ապաստանել են 100 հազարից ավելի մեր հայենակիցները, որոնք բռնի տեղահանվեցին Արցախի Հանրապետությունից: Խնդիրները շատ են, բազմազան, հրատապ լուծում պահանջող: Տիկին Հակոբյանից հետաքրքրվում ենք, թե արդյո՞ք արցախյան քաղաքական ուժերն ու անհատներն իրենց հերթին որոշակի քայլեր, քննարկումներ ու լուծումներ փորձելու են գտնել մեր հայրենակիցների համար:
«Գործընկերների մասով դեռևս խնդիր ունենք իրար կողքի հայտնվելու, բոլորիս համար բարդ է: Այնպես չէ, որ ես ավելի լավ վիճակում եմ, ուղղակի հասկանում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնել եմ, երբ Արցախը համեմատաբար անվտանգ էր, գիտակցում եմ, որ չեմ կարող ինձ այնպես պահել, ինչպես իր վրա պարտավորություն չվերցրած քաղաքացին: Որոշում եմ կայացրել, որ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի մյուսների որոշումը, շարունակելու եմ իմ գործունեությունը հետևյալ կոնտեքստում՝ ունենք կապիտալ, դա մեր արցախահայերն են, որևէ մեկն իրավունք չունի այդ կապիտալը մսխել: Դրանով պայմանավորված՝ նախ որոշել եմ մեր հայրենակիցների տեղակայման վայրերը ճշտել, կսկսենք կարիքների գնահատում անել, որքան էլ այս պայմաններում դա բարդ է: Սա մի փոքր երկար կտևի, բայց պետք է անել: Կարևոր մեկ հանգամանք կա, որի մասին ուզում եմ խոսել:
Սոցիալական հարթակները և այն իրականությունը, որում ապրում ենք, շատ տարբեր են: Իրականության մեջ ունենք Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայրենակիցներ, որոնք ոչ թե խղճում են արցախցիներին, ուղղակի ցավում այս աղետի համար, այլ հավասարապես մեզ հետ հայրենիք են կորցրել, Արցախը նաև իրենց հայրենիքն էր: Առաջին բանը, որը մեզ պետք է ոտքի կանգնեցնի, ապրումակցումն է, որ ես տեսա, շոշափեցի, զգացի, պատրաստակամությունը՝ առանց պաթոսի ու ցուցադրության աջակցելու: Այս մարդիկ շատ են, ու նրանք օր օրի ավելանում են, մարդիկ են, որոնք ցանկանում են աջակցել, արցախցիների մեջքն ուղղել:
Հիմա այս հարցերով ենք զբաղված, պայմանական տանիք ստեղծելուն են ուղղված լինելու մեր քայլերը, որտեղ կմեկտեղենք բոլորի խնդիրները, բոլորի մասին տեղեկություն կունենանք: Չգիտեմ, թե որքանով այս աշխատանքը ծավալուն ու դժվար կլինի, բայց պետք է սկսել: Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը հուսալքվի, կոտրվի կամ մտածի, որ ամեն ինչ ավարտված է: Երեք տարի իշխանությունների վարած քաղաքականությունը գնահատելով՝ այս սցենարը մեր աչքի առաջ միշտ ունեցել ենք: Գիտեինք, թե որն է նպատակը, հետևաբար միամտություն կլիներ նման սցենար չտեսնելը: Հիմա իրավունք չունենք ձեռքներս ծալելու և հայ ազգի հերթական սուգը գրանցելու ու ողբալու»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում