«Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ինչ-որ սեկտա է գործում և մեզ տանում դեպի կործանում»

Օտարերկրյա տարբեր պաշտոնյաների կողմից հնչում են «ահազանգեր» Հայաստանի հարավի ուղղությամբ ադրբեջանական հնարավոր ներխուժման մասին: Որոշ հայտարարություններ հերքվում են, որոշները՝ ոչ: Մյուս կողմից՝ թշնամին պարբերաբար լուսանկարներ ու քարոզչական նյութեր է տարածում՝ Ալիևը Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշն է բարձրացնում, մեկ այլ տեղում Հայաստանի դրոշն ավազի ժամացույց է հիշեցնում, իբր ժամանակը սպառվում է և այլն: Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ասում է՝ հնարավոր է, որ սա հոգեբանական ճնշում է:

«Գուցե ճնշում են գործադրում, որ այս խումբը մինչև վերջ ամեն ինչ հանձնի, միջանցքն էլ հանձնի: Բայց կա նաև ռեալ հնարավորություն, որ կարող են ուժով բացել այդ միջանցքը, այդ հնարավորությունը ևս ունեն: Աշխարհի ուշադրությունը հիմա շեղված է դեպի Միջին Արևելք, Հյուսիսային Պաղեստին: Իրանի ուշադրությունը ևս շեղված է, Ռուսաստանն էլ Ուկրաինայում շատ ավելի լուրջ հարցեր է լուծում: Աշխարհը, ինչպես միշտ, մեզ անտեսում է: Եվ Ադրբեջանը նման հնարավորություն կունենա ուժով այս հարցը լուծելու: Ցավոք, ունենք մի կառավարություն, որը հինգ տարի ոչինչ չարեց՝ մեզ խոստանալով խաղաղության դարաշրջան, փոխանակ զբաղվեր մեր բանակով, մեր պաշտպանական զինատեսակներով, դիվանագիտությամբ, արդյունքում եկանք այս տոտալ ձախողմանը»,- ասում է Խաչիկյանը:

Իշխանությունն անընդմեջ խոսում է տարածքային ամբողջականության, անկախության և պետականության պահպանման մասին: Սա ենթադրում է, որ իրական վտանգ կա՞: «Այո, այդպիսի վտանգ կա: Կարող ենք կորցնել Հայաստանի հարավը՝ Սյունիքը, իսկ Հայաստանի մնացած մասը, եթե մեր բախտը բերի, մտնի այլ պետության, օրինակ՝ Ռուսաստանի կամ Թուրքիայի կազմի մեջ: Սա ռեալ վտանգ է: Այս խումբն ինչ ասում է, հաջորդ օրը ճիշտ հակառակն է լինում: Այնպիսի տպավորություն է, որ այս մարդիկ խոսելիս չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում: Մյուս կողմից՝ զարմանալի չէ, քանի որ որևէ պատրաստություն չունեն: Տարածքային ամբողջականությունն ապահովվում է՝ ունենալով ուժեղ պետություն՝ ուժեղ բանակ, տնտեսություն, տեխնոլոգիաներ, իհարկե, դաշնակիցներ: Այդ բոլոր ոլորտներում նրանք ամեն ինչ տապալեցին, չկարողացան որևէ բան անել: Անգամ տնտեսական աճը, որով այդքան հպարտանում են, մեծամասամբ բացատրվում է Ուկրաինայի պատերազմով և Հայաստան ռելոկանտների ժամանելով: Տպավորություն է, որ Հայաստանում ինչ-որ աղանդ է գործում, որտեղ մարդիկ ուղղակի կրկնում են իրենց սեկտայի ղեկավարի խոսքերը՝ առանց հասկանալու, թե ինչ են ասում: Սա տարօրինակ իրավիճակ է, որևէ ուրիշ երկրում նման բան չէի տեսել, չեմ կարծում, որ կտեսնենք»,-ընդգծում է նա:

Ստացվում է, որ ռազմական հնարավոր ագրեսիայի դեպքում միջազգային հանրությունը միայն զսպվածության ու ռազմական գործողությունները դադարեցնելու կո՞չ կանի: Մեր զրուցակիցն այս համատեքստում առաջարկում է նայել վերջին երեք տարվա փորձը: «2020 թ.-ին պատերազմ էր, ոչինչ չարվեց, միայն հայտարարություններ հնչեցին: Տեսանք անգամ էթնիկ զտում, նման բան չէր եղել մեր պատմության վերջին հարյուր տարվա ընթացքում: 120 հազար մարդ ենթարկվեց էթնիկ զտման, և աշխարհն անգամ պատժամիջոցներ չկիրառեց Ադրբեջանի դեմ: Դրանից ավելի վառ փաստարկ կամ ապացույց պե՞տք է: Տեսնում ենք, որ ամբողջ աշխարհն անտարբեր նայում է, թե ինչպես են հայերին շարունակում քարտեզից ջնջել: Բայց, իհարկե, աշխարհին մեղադրելուց առաջ պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ինչպե՞ս ենք սա հանդուրժում: Ինչպե՞ս է ստացվում, որ այս խումբը շարունակում է տանել մեզ դեպի նոր ողբերգություններ. ամեն օր նոր ողբերգություն է, և մենք սա հանդուրժում ենք, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ինչոր սեկտա է գործում և մեզ տանում դեպի կործանում»,-շեշտում է նա:

Ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանի Դաշնությանը բոլոր հնարավոր մեղքերում: Մեղադրանքներ են հնչում պայմանագրային պարտավորությունները չկատարելու, ռուսական խաղաղապահ զորախմբի անգործության և այլնի մասով: Ռուսաստանը, նաև քննադատելով հայկական կողմի ինչ-որ քայլեր, տարբեր պաշտոնյաների շուրթերով շարունակում է պնդել, որ Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է: Ի վերջո, սա հայկական կողմի իրական դեմա՞րշն էր ուղղված Ռուսաստանին, թե՞ փոխադարձ մեղադրանքների հիմքում այլ բան է: Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորն այս առումով մի քանի վարկած է առաջ քաշում:

«Սա կա՛մ լավ կազմակերպված թատրոն է, որտեղ այս խումբը սպասարկում է Ռուսաստանի շահերը՝ Ռուսաստանի համար ալիբի ստեղծելով, այնպիսի իրադրություն ստեղծելով, որ Ռուսաստանը ոչինչ չանի և արդարանա, այսինքն՝ արդարացում ենք ստեղծում նրանց համար, որ ոչինչ չանեն, կա՛մ սա ծայրահեղ անմեղսունակ և հոգեբանական լուրջ խնդիրներ, ինչ-որ բիպոլ յար շեղումներ ունեցող խումբ է, որը մի օր հայհոյում է Ռուսաստանին, ամեն ինչ անում, որ փլուզվեն մեր հարաբերությունները նրա հետ, մյուս օրն ասում, որ իրար հետ որևէ խնդիր չունեն: Իսկ Ռուսաստանի կողմից արվող հայտարարությունների հիմքում կարող է լինել հետևյալը՝ «միևնույնն է, Հայաստանը գնալու որևէ տեղ չունի, մենք ենք որոշելու, թե Հայաստանն ինչ է անելու, մենք տարածաշրջանից դուրս չենք գալու, Հայաստանից էլ դուրս չենք գալու»:

Այս երեքն էլ շատ վատ սցենարներ են, ևս մեկ ողբերգություն է, որը կատարվում է մեր շուրջը: Այս խումբն անպատրաստ է, անկիրթ, փորձ չունի, զբաղված է քաղաքացիների վրա թքելով և հղի կանանց սպանելով, ասելով, որ ժողովուրդը պետք է ասֆալտ ուտի և բորդյուրներ լիզի, և դա՝ այն բանից հետո, երբ իրենց հռչակել էին թավշյա կառավարություն և ժողովրդին սուտ խոստումներ տալով եկան իշխանության: Սա ամենօրյա ողբերգություն է, մարդկանց մեծ մասը այլևս որևէ հույս չունի, և շատերը մտածում են Հայաստանից արտագաղթելու մասին»,-նշում է նա:

Բրյուսելում ԵՄ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հնարավոր հանդիպման մասին է խոսում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Մեր զրուցակիցը շեշտում է՝ ամոթալի է, որ մինչև հիմա եվրոբյուրոկրատները չեն ընդունում, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, Ադրբեջանի նկատմամբ որևէ սանկցիա չեն կիրառում, բոլոր պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանին: «Եվս մեկ անգամ տեսնում ենք իրենց երեսպաշտ, կրկնակի ստանդարտների վրա հիմնված արտաքին քաղաքականությունը: Նրանք աշխատում էին այս ղեկավարության հետ, որ Արցախը հանձնվի և բնակչությունը տեղահանվի: Սա նրանց պլանն է, իհարկե, Միշելը պետք է գոհ լինի, որ այս աղանդին հաջողվեց մեր ժողովրդին համոզել, որ պետք է հանձնել մեր հայրենիքի և մեր ժողովրդի մի մասը:

Սա իրենց գիծն է, նրանք տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել Հայաստանում մեզ համոզելու համար, որ հարցն այսպես պետք է լուծվի: Հաջորդ քայլով գուցե համոզեն, որ ինչ-որ միջանցք տրամադրվի Թուրքիային, դրանից հետո Ադրբեջանը և Թուրքիան իրենց բնակչությանը կբերեն Զանգեզուր, դրանից հետո այնտեղ կմտնի թուրք-ադրբեջանական բանակը: Եվրոբյուրոկրատները մեկ անգամ ևս ինչ-որ հայտարարություններ կանեն, կդատապարտեն, բայց ոչինչ չեն անի, պատժամիջոցներ չեն կիրառի, մեզ ռեալ օգնություն ցույց չեն տա, ինչպես միշտ»,- եզրափակում է Արթուր Խաչիկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Ամենաընթերցվածները