Առավել հավանական են սահմանային բախումները, քան Ադրբեջանի լայնածավալ ներխուժումը Հայաստան․ Stratfor

Կանխատեսումներով զբաղվող ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել՝ գնահատելով Ադրբեջանի՝ Հայաստանի հարավ ներխուժելու և միջանցք բացելու հնարավորությունները։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է «Սիվիլնեթը»։

Չնայած Ադրբեջանի կողմից հարավային Հայաստանը և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ուժով գրավելու հեռանկարին՝ առավել հավանական է, որ Բաքուն համեմատաբար նվազ տարածքային ներխուժումներ և սահմանային հրետակոծություններ իրականացնի՝ Հայաստանին համաձայնության գալ ստիպելու համար: Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը կտրականապես հերքեց հոկտեմբերի 13-ի Politico-ի հրապարակումն այն մասին, թե պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ամերիկացի մի խումբ օրենսդիրների զգուշացրել է առաջիկա շաբաթներին Ադրբեջանի՝ հարավային Հայաստան ներխուժելու հնարավորության մասին։ Թեև խոսնակը հայտարարեց, որ հոդվածը ճշգրիտ չէ և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին», նյութը վկայակոչում էր նախկինում առկա պնդումները, որ Հայաստան-Ադրբեջան պատերազմի վերսկսումը կարող է ավելի հավանական լինել, քան նախկինում ակնկալվում էր:

– Հայտարարությունները հնչեցին այն բանից հետո, երբ հոկտեմբերի 8-ին Եվրամիությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարեց, որ կա Հայաստան ադրբեջանական ներխուժման «անմիջական սպառնալիք», որը կարող է տեղի ունենալ շաբաթների ընթացքում: Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասաց, որ Ֆրանսիայի որոշումը՝ Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու մասին, «նրան պատասխանատու կդարձնի Հայաստանի հետ ցանկացած նոր հակամարտության համար»: Երկու հայտարարություններն էլ արևմտյան մայրաքաղաքներում մտավախություն են առաջացրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա ռազմական առճակատումը հնարավոր է՝ չնայած Ադրբեջանը վերականգնել է իր միջազգայնորեն ճանաչված տարածքը՝ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո։

– Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սեպտեմբերի 20-ին՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողության մեկնարկից մեկ օր անց, անձնատուր եղան Ադրբեջանի պահանջներին՝ կազմալուծելով իրենց զինված ուժերը և հումանիտար միջանցքով լքելով տարածքը:

– Ալիևն ավելի վաղ զգուշացրել էր, որ Հայաստանում «[հայերի] համար հարմարավետ ապրելու պայմանն այն է, որ Երևանը պետք է ընդունի Զանգեզուրի միջանցքով տարանցման Բաքվի պահանջները»։ Ալիևը նաև սպառնացել էր չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ հարավային Հայաստանը գրավելու անուղղակի սպառնալիք, որը ենթադրում է ցամաքային միջանցքի ստեղծում դեպի իր էքսկլավ Նախիջևան:

Խաղաղության համաձայնագիրը մնում է անհասանելի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բաց թողնված հանդիպումները սրում են լարվածությունը, իսկ Երևանն ու Բաքուն աշխարհաքաղաքական տարբեր հակումներ ունեն: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը վերջին անգամ հանդիպել են հուլիսին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումից ամիսներ առաջ։ Այդ ժամանակից ի վեր չկայացավ երկու հանդիպում, որտեղ առաջնորդները կարող էին հանդիպել նորմալ պայմաններում, մեկը՝ հոկտեմբերի 5-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում (որին մասնակցում էր Փաշինյանը, բայց ոչ Ալիևը), մյուսը՝ հոկտեմբերի 12-ին ԱՊՀ գագաթնաժողովում (որին մասնակցում էր Ալիևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Եվրասիական տարբեր երկրների ղեկավարների հետ, բայց ոչ Փաշինյանը)։ Երկու առաջնորդների որոշումը՝ բաց թողնելու համապատասխան գագաթնաժողովները, վկայում է այս երկրների աշխարհաքաղաքական տարբեր հետագծերի մասին, որտեղ Հայաստանը միտված է դեպի Արևմուտք, իսկ Ադրբեջանը՝ դեպի Ռուսաստան, Իրան և Թուրքիա: Հոկտեմբերի 17-ին Փաշինյանը Եվրախորհրդարանում բուռն ելույթի ժամանակ ազդարարեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերակողմնորոշելու իր ցանկության մասին՝ ասելով, որ Հայաստանը պատրաստ է ավելի մոտ լինել Եվրամիությանը, որքանով որ դաշինքը հնարավոր կհամարի։ Երևանի և Բաքվի միջև այս տարամիտումը, հավանաբար, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն հասել համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Ադրբեջանը, հավանաբար, կփորձի համախմբել տարածաշրջանի հիմնական շահագրգիռ կողմերին՝ Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին՝ աջակցություն ստանալու խաղաղ կարգավորման իր տեսլականի համար և ճնշում գործադրելու Հայաստանի վրա: Մինչդեռ Հայաստանը, հավանաբար, կփորձի աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից: Սա կպահի լարվածությունը, հատկապես, որ Փաշինյանի և Ալիևի և/կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաների ու պատվիրակությունների (օրինակ՝ երկու երկրների փոխվարչապետների կամ արտաքին գործերի նախարարների, կամ նրանց` սահմանազատման համատեղ հանձնաժողովի) հանդիպումները չկայանան, քանի որ սա ցույց կտա, որ խաղաղության գործարքը և Զանգեզուրի միջանցքի գործարկումը դեռ հնարավոր չէ։ Այնուամենայնիվ, ավելանում են մտավախությունները, որ Ադրբեջանը կարող է շուտով ուժի դիմել, քանի որ կարծես թե խաղաղության կամ սահմանազատման հարցերով նշանակալի բանակցություններ չեն ընթանում:

– Հոկտեմբերի 5-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում վարչապետ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ստորագրեցին հայտարարություն, որով վերահաստատեցին Հայաստանի տարածքային ամբողջականությունը (29 800 քառակուսի կիլոմետր տարածքով) և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (86 600 քառակուսի կիլոմետր տարածքով) ճանաչելու պատրաստակամությունը։ Սակայն Ադրբեջանի նախագահ Ալիևը չստորագրեց համաձայնագիրը այն բանից հետո, երբ նա վերջին պահին հրաժարվեց գագաթնաժողովին մասնակցելուց։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Բաքուն ցանկանում է, որ Թուրքիան նույնպես մասնակցի Հայաստանի և եվրոպացի պաշտոնյաների հետ ցանկացած հանդիպման:

– Հոկտեմբերի 6-ին Ալիևը հայտարարեց, որ Բաքուն մտադիր է մոտ ապագայում հանդիպում կազմակերպել «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Թուրքիա և Իրան + Ադրբեջան, Հայաստան և Վրաստան): Իր հայտարարությունում Ադրբեջանի նախագահն ընդգծում էր, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները՝ առանց ավելի հեռու գտնվող տերությունների միջամտության՝ գաղափար, որին արձագանքեցին ռուս պաշտոնյաները։ Այս հայտարարությունը Բաքվի ցանկության արտահայտությունն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչող և Զանգեզուրի միջանցքի հարցում վերապահումներ ունեցող Իրանին և Ռուսաստանին մոտեցնելու իր դիրքորոշմանը՝ այդկերպ ճնշում գործադրելու Երևանի վրա, որպեսզի նա ընդունի իր պայմանները։

Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում Բաքուն առաջնահերթություն է համարելու Զանգեզուրի միջանցքի գործարկումը՝ Երևանի վրա ճնշում գործադրելու և լծակները պահպանելու համար: Քանի որ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններն այլևս վերականգնված են՝ Ադրբեջանի հաջորդ նպատակն է սկսել տարանցումը Ադրբեջանի և Նախիջևանի էքսկլավի միջև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով՝ Հայաստանի տարածքով: Ադրբեջանը ցանկանում է օգտագործել արտատարածքային միջանցքը բազմաթիվ պատճառներով, որոնցից ամենակարևորն է, որ ավելի հեշտ և էժան դառնա մուտքն իր էքսկլավ և բարելավվի Նախիջևանի տնտեսությունը՝ Թուրքիայի հետ Արևելք-Արևմուտք առևտրի ավելի ուղիղ ճանապարհի օգտագործման միջոցով՝ այսպես կոչված՝ Անդրկասպյան կամ Միջին միջանցքով: Այս նպատակից ելնելով՝ Բաքուն ցանկանում է, որ երթուղում անվտանգության և այլ տեսակի ստուգումները լինեն նվազագույն, և տուրքեր կամ տարանցիկ վճարներ չլինեն դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ (և ոչ դեպի այլ շուկաներ) ապրանքաշրջանառության համար: Դրան հասնելու համար Ադրբեջանը բազմաթիվ միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ սպառնալով Հայաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի կնքումը պայմանավորել Զանգեզուրի միջանցքի առևտրային տարանցիկ օգտագործման թույլտվությամբ և Իրանի միջով այլընտրանքային տարանցիկ երթուղու զարգացմամբ՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար:

– Ռուսաստանը քիչ է շահագրգռված խաղաղ բանակցություններով, որոնք կարող են հանգեցնել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, եթե ինքը ներգրավված չի լինելու միջանցքի շահագործմանը։ 2020-ի նոյեմբերի հրադադարի համաձայնագրով, որը վերջ դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը հստակ թույլտվություն էր տրվում Զանգեզուրի առաջարկվող միջանցքով երթևեկությունը կարգավորելու համար։ Բայց քանի որ այդ զինադադարն այլևս չի գործում Ռուսաստանի և նրա խաղաղապահների՝ այն չպահպանելու հետևանքով, Հայաստանը հավանաբար զգուշանում է թույլ տալ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը դեր ունենալու միջանցքի ապահովման գործում, քանի դեռ Մոսկվան դրա դիմաց որևէ բան չի տալիս Երևանին, այսինքն՝ Ռուսաստանի մշտական դերը միջանցքում կասկածելի է։

Քանի որ աշխարհի ուշադրությունը շեղված է այլ ճգնաժամերի վրա, իսկ Հայաստանն ավելի թույլ դիրքում է, հավանականություն կա, որ Ադրբեջանը կարող է վստահանալ, որ այժմ ամենահարմար պահն է ներխուժում սկսելու և Զանգեզուրի միջանցքը ուժով գրավելու համար: Ադրբեջանի մոտալուտ ներխուժումը Հայաստան մնում է համեմատաբար քիչ հավանական սցենար: Սակայն կա մի քանի պատճառ, թե ինչու Բաքուն կարող է համարել, որ ռազմական նման գործողությունը միգուցե հասնի նպատակներին՝ համեմատաբար նվազ հնարավոր հետևանքներով՝ ի տարբերություն նախորդ տարիների։

Նախևառաջ, Ադրբեջանն ունի ավելի մեծ և ավելի հագեցած զինուժ, քան Հայաստանը, հետևաբար նա կարող է հավատալ, որ ի վիճակի է հաջողությամբ գրավել և պահել բավականաչափ հայկական տարածքներ՝ Երևանին արագ մղելու խաղաղ բանակցությունների: Բաքուն կարող է նաև համարել, որ ռազմական առավելությունն ու միջանցքը գրավելու համար ուժի կիրառման իր կարողությունը ժամանակի ընթացքում նվազելու են, քանի որ հայկական ուժերը աստիճանաբար ամրություններ կկառուցեն այդ շրջանում և ձեռք կբերեն ավելի որակյալ արևմտյան զենք։ Դա հրատապության զգացում է առաջացնում Բաքվի մոտ։

Երկրորդ, Բաքուն միգուցե նվազ հավանական է համարում, որ հենց հիմա ներխուժումը կարող է Արևմուտքի կողմից լայնածավալ տնտեսական պատժամիջոցների հանգեցնել, քանի որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Եվրոպան և Միացյալ Նահանգները մեծացրել են ադրբեջանական նավթի և բնական գազի գնումները՝ ռուսական մատակարարումները փոխարինելու իրենց ջանքերի ծիրում և չափազանց անհանգստացած են էներգակիրների համաշխարհային գների աճով:

Երրորդ, Ադրբեջանը, հավանաբար, կարծում է, որ տարածաշրջանային խաղացողների և միջազգային հանրության ուշադրությունը շեղված է Ուկրաինայում և Գազայում շարունակվող ճգնաժամերով (և վերջին հակամարտության հնարավոր ընդլայնմամբ) ու, հետևաբար, ցանկություն չեն ունենա ներգրավվելու և կանխելու Ադրբեջանի ռազմական գործողությունը:

Վերջապես, 2020-ից ի վեր ռազմական և դիվանագիտական անխափան հաջողություններ գրանցելով՝ նախագահ Ալիևը կարող է չափազանց վստահ լինել ռազմական նման գործողությամբ արագ հաղթանակ ապահովելու իր ունակության մեջ՝ հաշվի առնելով վերը նշված գործոնները: Այս ռիսկն ավելի է նյութականացնում Ադրբեջանի խիստ ավտորիտար և անհատական կառավարման համակարգի ստեղծած՝ իշխանության գործողությունների անվերապահ ներքին աջակիցների արձագանքը (echo chamber), ինչը նշանակում է, որ Ալիևը կարող է գերագնահատել ներխուժման հնարավոր հաջողությունը և/կամ թերագնահատել միջազգային հնարավոր արձագանքը՝ հիմնվելով վատ տեղեկատվության վրա:

– Կենտրոնացած լինելով Ուկրաինայում պատերազմի վրա՝ Ռուսաստանը մի քանի անգամ ձախողել է Հայաստանին պաշտպանելու իր պաշտոնական պարտավորությունները՝ ադրբեջանական սպառնալիքների դեմ: 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը գրավեց և շարունակում է գրաված պահել շուրջ 220 քառակուսի կիլոմետր հայկական տարածք չսահմանազատված սահմանի երկայնքով։ Թեև Հայաստանի՝ ավելի խորքում հողերի գրավումն ու գնդակոծությունը արժանացավ միջազգային դատապարտման՝ այն պատասխանի չարժանացավ Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից, ոչ էլ հանգեցրեց Հայաստանին Արևմուտքի կողմից վճռական ռազմական աջակցության:

Բայց հաշվի առնելով նման խոշոր ներխուժման բնորոշ ռիսկերը, ինչպես նաև Հայաստանի տարածքով տարանցիկ երթուղի ստեղծելու հրատապ անհրաժեշտության բացակայությունը, առավել հավանական է, որ Բաքուն դեռ շարունակի փոքրածավալ ներխուժումներն ու գնդակոծությունները, ինչպես անցյալ տարի: Թեև մի քանի պատճառ կա, թե ինչու Ադրբեջանը ներկայում կարող է խորհել հարավային Հայաստան ներխուժելու մասին, բայց Բաքուն թերևս ավելի շատ պատճառներ ունի ներխուժում ձեռնարկելու փոխարեն հրահրելու ռազմական բախումներ:

Նախ, թեև Հայաստանի տարածքով միջանցքը շատ ցանկալի է Ադրբեջանի համար, այն խիստ անհրաժեշտ չէ: Ադրբեջանն իր կապը Նախիջևանի հետ պահպանում է Վրաստանի և Թուրքիայի միջոցով՝ ի լրումն Իրանի, որի հետ Բաքուն այժմ հավակնում է Զանգեզուրի այլընտրանքը դիտարկել, որը կշրջանցի Հայաստանը: Եթե Իրանը և Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, դա միայն ավելի կմեկուսացնի Հայաստանին նրա տարածաշրջանային գործընկերներից և նրան դուրս կթողնի տարածաշրջանում Արևելք-Արևմուտք հարաճուն առևտրից, ինչից խուսափելու համար Երևանը կարող է զիջումների գնալ Բաքվին:

Երկրորդ, Թուրքիան՝ Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը, զբաղված է Սիրիայում իր ռազմական միջամտությամբ և տարածաշրջանային ու ներքին մի շարք այլ խնդիրներով: Այսպիսով, Անկարան թերևս դեմ հանդես գա Հայաստան լայնածավալ ներխուժմանը, որը կարող է խախտել ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը և միևնույն ժամանակ վնասել Թուրքիայի հարաբերությունները Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի հետ՝ միաժամանակ խաթարելով Անկարայի նպատակը, որ Հայաստանն ի վերջո հայտնվի իր ազդեցության գոտում: Միջանցքի զավթումը կբարդացնի նաև Թուրքիայի միջազգային դիրքը և Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը Բաքվի համար կարող է ավելին լինել, քան Հայաստանի հարավը զավթելու առավելությունները:

Երրորդ, Հայաստանի հետ լայնածավալ մեկ այլ պատերազմ, որը կհարուցի ադրբեջանական ներխուժումը, հավանաբար շատ ավելի մահաբեր և անկանխատեսելի կլինի, քան երկու երկրների նախորդ՝ 2020-ի պատերազմը: Դա պայմանավորված է նրանով, որ այն տեղի կունենա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում (և ոչ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում), ինչը նշանակում է, որ հայկական զինուժը պատրաստ կլինի ավելի մեծ կորուստներ կրելու՝ իրենց դիրքերը պահպանելու և ներխուժած ադրբեջանական զորքերի գրաված ցանկացած տարածք հետ գրավելու համար:

Վերջապես, [Ադրբեջանի հարձակումը նվազ հավանական է] հենց այն պատճառով, որ նախագահ Ալիևն այժմ ժողովրդականության գագաթնակետին է և արդարացրել է իր ընտանիքի տասնամյակների նեպոտիստական և ավտորիտար կառավարումը` հաջողությամբ վերականգնելով Ադրբեջանի լիակատար գերիշխանությունը Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ հերթական պատերազմն անտեղի կվտանգի իր վարչակարգի ներկայիս անհոգ ապագան:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով
Ամենաընթերցվածները