Ընկալման շեղումներ կամ՝ նորից՝ «ո՞րն է, բաբո, մեր Հայրենիք...». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին առիթ ունեցել ենք (և ոչ միայն՝ մենք) անդրադառնալ ընկալման այնպիսի շեղումների, որոնք ամփոփ արտացոլվում են «էս ժողովուրդը», «էս երկիրը», «էս քաղաքը» արտահայտություններով: Մեզանից շատերն են այդպես արտահայտվում: Անգամ՝ չնկատելով, այնքան, որ սովորական մի բան է դա դարձել կամ ընկալվում:

Մինչդեռ շեղումը, ընդգծենք՝ ընկալմա՛ն շեղումը, ակնհայտ է: Ասելով՝ «էս երկիրը (ժողովուրդը, ազգը, հասարակությունը)», մենք մեզ դուրս ենք դնում այդ ամբողջից, այդ հավաքականությունից: Մենք մեզ օտարում ենք կամ դրսևորում ենք մեր՝ արդեն օտարացածությունը: Հակառակ դեպքում կասեինք՝ «մե՛ր երկիրը (ժողովուրդը, քաղաքը և այլն): Բայց եթե միայն ընկալման շեղումներն այդքանով սահմանափակվեին... Չեն սահմանափակվում:

Այս օրերին մարդու ականջ են սղոցում այսպիսի արտահայտություններ, որ հնչում են հատկապես տարատեսակ պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների շուրթերից, հեռուստաեթերից, տարբեր հայրենակիցների խոսքուզրույցում. «արցախահայություն», «Արցախի հայություն», «Ղարաբաղի հայություն»:

Որպեսզի միանգամից գլխի ընկնեք, թե դա որքան սխալ, որքան տարանջատող, օտարող, խորթացնող ու անընկալելի արտահայտություն է, առաջարկում ենք շարքը շարունակել, ըստ հնարավորության՝ բարձրաձայն: Օրինակ, ասեք՝ «շիրակահայություն», կամ՝ «կոտայքահայություն», կամ՝ «լոռվահայություն», կամ՝ «տավուշահայություն», կամ՝ «արմավիրահայություն»…

Համոզվեցի՞ք: Քիչ է մնում արդեն ասենք՝ «հայաստանահայություն»:

Եթե Սփյուռքի տարբեր գաղթօջախների դեպքում ընկալելի են, օրինակ՝ սիրիահայեր, լիբանանահայեր, ամերիկահայեր, ֆրանսահայեր (և այդպես շարունակ) արտահայտությունները, ապա իսկապես վայրիվերո և ականջ սղոցող հնչողություն ունեն «միբուռացած» Հայրենիքի տարբեր մարզերում ապրող հայրենակիցների վերաբերյալ բերված օրինակները: Բայց, ախր, ասվում է, չէ՞: Ասվում է, հնչում է ու բեկորում առանց այն էլ բեկորված, փսորվող «կեսբուռացած» ժողովրդին:

Ի դեպ, Հայրենիքի մասին: Եվ սա իսկապես կարևոր է ու, ցավոք, ընկալման շեղումների մեջ վատթարն է:

Այնպիսի խորացող տպավորություն է, որ մեր ժողովրդի, մեր հասարակության մի որոշակի մասը չունի այն, ինչը կոչում են «Հայրենիքի զգացողություն»: Այդ երևույթի դրսևորումները դիտարկելու առիթներ էլ են եղել: Մասնավորապես, երբ վտանգ է սպառնում կամ, ասենք, հարձակում է տեղի ունենում Վայոց ձորի սահմանին, Աշոցքում կամ Երևանում չի զգացվում, որ մարդիկ անհանգստացած են դրանից կամ տագնապած: Շատերը նույնիսկ կարծում են, թե՝ «դե, դա հեռու է…», պատկերավոր ասած՝ «դեռ մեր տներին չեն հասել…»: Ու ընկնում են թունավոր ինքնախաբեության մեջ, թե՝ ոչինչ արտառոց չի կատարվում, թե՝ կարելի է շարունակել ապրել առաջվա պես: Ամենից կարևորը ընկալման շեղումն է, այսինքն՝ այն ընկալման բացակայությունը, որ «ինչ-որ տեղ, սահմանին» սպառնացող վտանգն ուղիղ սպառնալիք է այդ սահմանից տասնյակ կիլոմետր հեռու գտնվող յուրաքանչյուրիս համար:

Տեսե՛ք, վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում քանի՞ անգամ եք լսել հետևյալ արտահայտությունը. «Արցախի հայերը հայրենազրկման են ենթարկվել» կամ պարզապես՝ «հայրենազրկվել են»: Ցավն այն չէ միայն, որ օրվա իշխանության վարած «քաղաքականության» հետևանքը ներկայիս շարունակական մղձավանջն է, Արցախի հայաթափումը և պետականության կորստի շոշափելի սպառնալիքը: Ցավը նաև այն է, որ ասում ենք, թե արցախցինե՛րն են հայրենազրկվել: Այ, այստեղ է նաև կատարված աղետի, դրա ընթացքը կասեցնել չփորձելու «գաղտնիքը»:

Ո՜չ, ժողովուրդ ջան, միայն արցախցիները չեն հայրենազրկվել: Բոլո՛րս ենք հայրենազրկվել, որովհետև Արցախը բոլորիս համար է Հայրենիք, այդ Հայրենիք ասվածի, Հայրենիք եղածի մի բաղկացուցիչ մասն է: Բայց քանի դեռ չկա դրա տիրապետող ընկալումը, որ Խուստուփը միայն սյունեցու լեռը չէ, այլ բոլորի՛ս հայրենիքի կարևոր ու խորհրդանշական բարձունքներից մեկն է, որ Սև լիճը պարզապես բարձունքի վրա եղած մի լճակ չէ, այլ բոլորի՛ս հայրենիքի մի կարևոր հատվածն է, մենք շարունակելու ենք կորցնել, մեր Հայրենիքը շարունակելու են կռկել, շարունակելու են տձևել, կտրտել, մինչև... չգոյություն:

Արցախցին իր բնօրրանից է բռնագաղթել: Բայց հայրենազրկվել ենք բոլորս՝ հայերով ու ՀՀ քաղաքացիներով: Եվ, եթե չկա դրա ընկալումը, կրկնենք ավելի պարզ՝ շարունակելու ենք զրկվել:

Այ, ասում են, արցախցիները փախստական են կամ փախստականի կարգավիճակ պիտի ունենան: Մարդը ո՞նց կարող է սեփական հայրենիքում փախստականի կարգավիճակով լինել: Եվ ո՞ւմ է առհասարակ պետք այն իշխանությունը, որը մարդուն սեփական հայրենիքում փախստական ու տնազուրկ է դարձնում…

Ի դեպ, ոչ բարով իշխանության մասին: Այս նյութն արդեն պատրաստ էր, երբ լրահոսում հայտնվեց տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում էլի ինչ-որ բաներ է խոսել… Հայրենիքի ու պետության թեմայով: Պարզվեց՝ չէր խոսել, այլ դեմագոգիայի հերթական խմբաքանակն էր արտանետել: Իբր՝ «գուՅտ է արել», թե՝ «հայրենիքը պետությունն է», իսկ պետությունը՝ 29 800 քառակուսի կիլոմետր է, ու՝ վե՛րջ: Դրանից այն կողմ, ըստ Նիկոլ Փաշինյանի «դոկտրինի», ոչ մի հայրենիք էլ չկա, ավելի ճիշտ՝ իր հասկացողությամբ՝ ուրիշների հայրենիքն է: Փաշինյանի ու նրա ամբողջ ՔՊ կազմի համար անհող քոչվորների հայրենիքներն են, հասկանո՞ւմ եք, մեր բազմահազարամյա երկրի այս կամ այն հատվածները: Արցախը, ըստ Փաշինյանի, թուրքերի հայրենիքն է, հայերինը չէ՛: Նախիջևանը թուրքերինն է, հայերինը չէ: Վաղն ի՞նչ են հայտարարելու ոչ Հայրենիք: Այդպես է լինում, երբ անհայրենիքությունը վերև է բարձրանում, երբ անհայրենիքներն են որոշում կայացնում, իսկ արդյունքում հայրենազուրկ են դառնում բոլորը…

Մի հռետորական հարց մնում է. բա «միջազգայնորեն չճանաչված» Ստեփանակերտի կենտրոնում, Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ էիր կոկորդդ պատռում, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ»
Ամենաընթերցվածները