«Մեր փոքր եղբայրը դարձավ կյանքի շարժիչ ուժը». տանկիստ-մեխանիկ Էդմոն Մնացականյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին Ջրականում, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Էդմոնս համեստ, խելոք, ոչ մեկին չնեղացնող երեխա էր, բարի էր ու անկեղծ, հոգատար ընտանիքի անդամների նկատմամբ, ազնիվ ու անսահման ընկերասեր: Մեր տարիքային տարբերությունը մեկ տարուց մի քիչ է ավելի: Երբ եկավ Էդմոնի բանակ զորակոչվելու շրջանը, շատ մտերմացանք, բայց, ավաղ, չհասցրեցինք մեր ավելի հասուն տարիքը վայելել, ընկերություն անել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էդմոնի քույրիկը՝ Անուշը:

Էդմոնը փոքր տարիքից զբաղվել է սպորտով, երկար տարիներ հաճախել է ֆուտբոլի, կարատեի և լողի: Դպրոցում լավ է սովորել: «Իր տեսակով հոգատար և ուշադիր էր բնության նկատմամբ: Մինչև բանակ գնալը՝ 2019 թ.-ին ընդունվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Սիրում էր տանը բույսեր աճեցնել, հիմա էլ մայրիկը շարունակում է Էդմոնի աճեցրած կծու պղպեղն օգտագործել տարբեր ճաշատեսակների պատրաստման ժամանակ: 15-16 տարեկան էր Էդմոնը, մայրիկը գնաց փոստ՝ առաքման միջոցով տեղ հասած նրա պատվերը ստանալու: Հերթ էր կանգնել, փոքրիկ տուփը վերցրել ու տուն եկել:

«Էդմո՛ն, ի՞նչ ես պատվիրել, գիտե՞ս, թե որքան եմ հերթում սպասել»: Տուփը բացեցինք, ներսում սերմեր էին: Մենք Աբովյանում ենք ապրում, բայց փոքր տարիքից հայրիկի հետ գնում էինք Մայակովսկի գյուղի մեր հողամասը, այնտեղ ծառ էինք տնկում, բերքահավաք ու այլ աշխատանք անում: Երևի թե հենց այդտեղից էլ առաջացել էր Էդմոնի սերը հողի ու բնության նկատմամբ: Մեծ նպատակներ ուներ, ցանկանում էր սեփական ջերմոց ունենալ, լոլիկ ու սունկ աճեցնել, մինչև հիմա սերմերը իր դարակում դրված են»,-նշում է զրուցակիցս:

Հիմա Էդմոնի երազանքը նրա ընտանիքն է կյանքի կոչում. կա նրա անունով հողամասը, որի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունեն: «Հայրիկս այդտեղ 200-ից ավելի ծառ է տնկել, ազնվամորու առաջին բերքն էլ արդեն համտեսել ենք: Ծառերը հրաշալի աճում են, երևի թե նրանից է, որ Էդմոնի անունով է ամեն ինչ արվում»: Էդմոնը բանակ է զորակոչվում 2019 թ. հուլիսի 13-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): Էդմոնը տանկիստմեխանիկ էր: Քույրիկի խոսքով, կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար և կարգապահ զինվոր, մարտական պատրաստության ժամանակ ունեցել է բարձր ցուցանիշներ: Մինչդեռ, Անուշի խոսքով, նախքան զորակոչվելը եղբայրը գուցե ներքին անհանգստություն ուներ:

«Կարծես չէր ուզում մեկնել բանակ, վերջին շրջանում հատկապես պարփակվել էր: Անտրամադիր էր, տխուր: Երբ արդեն ծառայում էր Արմավիրում, ամեն ինչ շատ լավ էր, իրեն լավ էր զգում: Արցախում էլ հանգիստ ծառայում էր, մեկնում էին Ջրական զորավարժությունների և վերադառնում»: Բայց պատերազմը խլեց բոլորիս հանգստությունը: «Սեպտեմբերի 27-ին և 28-ին Էդմոնը զանգել է, իր հետ խոսել ենք, կապի մեջ եղել: Ձայնը նորմալ էր, ամեն ինչ կարգին էր թվում: Գուցե հայրիկի հետ անկեղծացել է, բայց մեզ հետ զրույցում ասում էր՝ ամեն ինչ կարգին է, որևէ բանի պակաս չունեմ: Էդմոնն առաջնագծում է եղել, ինչի մասին չենք իմացել»: Էդմոնի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 2-ը. այդ օրը նա վերջին անգամ խոսել է ընտանիքի անդամների հետ: «Առավոտյան զանգեց, յոթն անց հիսուն էր, մի քանի րոպե խոսեցինք: Բոլորով հավաքվեցինք՝ ծնողներս, փոքր եղբայրս և ես, ու սկսեցինք զրուցել: Վերջին օրերին ձայնի մեջ փոփոխություն էր զգացվում: Զրույցի վերջում մաման ասաց՝ Էդմո՛ն, գլխարկդ դի՛ր, չմրսես: Ու զանգն անջատվեց, անգամ իրար հրաժեշտ չտվեցինք: Սկսեցինք զանգահարել հրամանատարին, ասում էր, որ որևէ բանից տեղյակ չէ»:

Էդմոնը զոհվել է Ջրականում, պայթյուն է եղել, գնացել է տղաներին օգնության, վիրավորներից ոմանց կարողացել են դուրս բերել մեքենայով, բայց Էդմոնն, ավաղ, չի վերադարձել: «Այնքան ուժ է ունեցել իր մեջ, որ տեսել է՝ երկնքից կրակ է թափվում, և գնացել է օգնության»: Անուշն ասում է՝ եղբայրը սրտաբաց էր, ամեն կերպ փորձում էր օգնել բոլորին: Զոհվեց, երբ օգնության հասավ զինակից ընկերներին: Էդմոնը տուն է «վերադարձել» զոհվելուց վեց ամիս անց, թշնամին է փոխանցել նրա մարմինը: «Հայրիկս օրերով գնում էր Արցախ, մի օր հեռախոսը գտավ, փոքրիկ Աստվածաշունչը ևս իրերի մեջ էր եղել, բայց այրված վիճակում: Այնտեղ իրենք ասում էին, որ Էդմոնն անհետ կորած է, բայց Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերի 6-ին հրապարակում է նրա անունը զոհվածների ցուցակում: Վիրավորում է ստացել ու միանգամից զոհվել, վիրավոր տղաներից մեկն ասել էր, որ տեսել է Էդմոնին ընկած: Մենք, իհարկե, չէինք հավատում: Հիվանդանոցներից մեկում տղաներից մեկ ուրիշը հավանաբար Էդմոնին ինչ-որ մեկին էր նմանեցրել, ասել, որ Էդմոնին առաջին օգնություն է ցույց տվել, և մեքենան նրան տեղափոխել է հոսպիտալ: Սա մեզ հույս տվեց…»:

Բայց իրականությունն այլ էր, Էդմոնի մարմինն անճանաչելի էր, ԴՆԹ անալիզը «վստահեցրեց», որ նա է, Անուշն ասում է՝ հանդերձանքը ևս հավաստող գործոն է դարձել: Ընտանիքներից յուրաքանչյուրն ապրելու, կյանքից կառչած մնալու, կյանքին հավատալու իր բանաձևն է գտնում: Էդմոնի ընտանիքը ևս այն գտել է: «Մեր միակ մխիթարությունն Աստված է, գիտենք, որ հանդիպելու ենք Էդմոնին: Եթե չհավատանք դրան, ամեն ինչ շատ անիմաստ է դառնում: Մյուս կողմից՝ բոլորիս ապրելու շարժիչ ուժը դարձավ Արգիշտին: Եթե նա չլիներ, մենք երևի թե կխելագարվեինք:

Էդմոնը լրիվ այլ սիրով էր սիրում մեր փոքր եղբորը, բոլորից առավել: Տան փոքրն էր, իր հանդեպ սերն ու ուշադրությունն էլ այլ էր: Մինչև հիմա Արգիշտին պահպանում է նամակները, միշտ զրուցում էին, թե ինչ են արել օրվա ընթացքում, Էդմոնը նկարներ էր ուղարկում, ձայնային հաղորդագրություններ: Ասում էր՝ ախպե՛րս, սպասի, գալու եմ միասին լողի գնանք, ծրագրեր էին կազմել, թե ինչ են անելու և ուր են գնալու: Էդմոնը բանակ էր զորակոչվել հուլիսի 13-ին, երկու տարի անց նույն օրը պետք է զորացրվեր, իսկ հուլիսի 20-ին մեծ շուքով նշեինք իր վերադարձն ու մեր փոքր եղբոր ծննդյան օրը: Եթե Արգիշտին չլիներ, ես, անկեղծ, չգիտեմ, թե ծնողներիս ու իմ կյանքն ինչպիսին կլիներ: Եթե նա ինչ-որ տեղ է գնում ու մի քիչ ուշանում, բոլորս իրար ենք խառնվում: Եթե մեկ խոսքով ասեմ՝ մենք իրենով ենք ապրում, ինքն է մեզ ուժ տալիս: Եվ, իհարկե, Էդմոնի հետ մի օր հանդիպելու հույսը»:

Հ. Գ. - Էդմոն Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Աբովյանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»
Ամենաընթերցվածները