«Քիչ էր խոսում, բայց աչքերում այնքան ասելիք կար, երբեմն ինքս ինձ հարց էի տալիս՝ տեսնես ներսումդ ի՞նչ է կատարվում». Գևորգ Կուլիջանյանը զոհվել է նոյեմբերի 2-ին Շուշիի մերձակայքում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գևորգը ծնվել է 2002 թ. մայիսի 23-ին Արցախի Հանրապետությունում՝ Մարտակերտի Հոռաթաղ գյուղում: Դեռ վեց տարեկանը չլրացած՝ նա կորցնում է մայրիկին, ամիսներ անց՝ հայրիկին, մնալով մորաքրոջ և տատիկի խնամքին: «Բավականին ծանր օրեր ենք ունեցել, բայց սփոփվում էինք Գևորգովս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Քրիստինեն:

Հավելում է՝ իրեն մորաքույր-մայրիկ անունով են կոչում: Գևորգը հաճախել է շախմատի, կարատեի, ֆուտբոլի, ըմբշամարտի: «Հաճախում էր տարբեր սպորտաձևերի, որ կարողանա գտնել իր հետաքրքրությունները: Շատ խելացի տղա էր, ընկերասեր, խղճով, միշտ ցանկանում էր բոլորին օգնել: Աշխույժ էր, այնքան, որ անգամ շախմատի ուսուցիչն էր ասում՝ թող ինչ-որ սպորտաձևի հաճախի, անսպառ էներգիա ունի, ու հետո կատակելով հավելում՝ շախմատը շատ լավ հասկանում է, բայց բոլորին խանգարում է: Սիրում էր վազվզել: Բնություն էր սիրում, ձկնորսություն: Առավոտյան վեցին կարող էր արթնանալ ու գնալ սունկ հավաքելու, գիտեր, որ գիշերն անձրև է եկել, ու սունկ կլինի: Շատ էր սիրում քայլել, առավոտյան պարտադիր մարզվում էր, վազում»,-նշում է զրուցակիցս:

Դպրոցական առարկաներից նա սիրում էր ռուսաց լեզուն, մորաքույր-մայրիկը կարծում է, որ այդ առարկան սիրելը կապված էր նաև ուսուցչուհու հետ: «Պատմության դասերն էր շատ սիրում, իրեն հետաքրքրում էին պատմական իրադարձությունները, ամեն իրադարձության մանրամասներին հրաշալի տիրապետում էր: 14 տարեկանից հաճախել է Երկրապահ կամավորականների միություն: 16 տարեկանից Երկրապահում կրտսեր սերժանտի կոչում ուներ: Իր հայրիկը զինվորական է եղել, բնական է՝ սերը շատ էր այդ մասնագիտության նկատմամբ: Քույրս էլ մի կարևոր ու հետաքրքիր «առաքելություն» էր ստանձնել բարդ օրերում: Չկային սմարթֆոններ, բայց նա գումարը չէր ափսոսում, ֆոտոժապավեն էր գնում, ուրիշներից ֆոտոխցիկ խնդրում և Արցախում, որքան հնարավոր է, ամեն ինչ լուսանկարել ու պահպանել էր: Շատ էր սիրում Արցախը»: Վերադառնում ենք Գևորգի պատմությանը:

«Փոքր տարիքից էի իր համար վախենում: Երբ Գևորգի խնամակալության փաստաթղթերն էինք պատրաստում, որոշեցինք նրան մայրիկիս անունով գրանցել: Մտածում էի, որ կմեծանա, տատիկն արդեն մեծ կլինի, գուցե իրեն բանակ չտանեն: Բայց գիտեի նաև Գևորգի հայրենասիրության մասին: Էջմիածնում այնպիսի հատվածում ենք ապրում, որ Արարատ լեռը երևում է, ամեն առավոտ հիանում էր Արարատով, մեր բնությունով: Մեր պատմությունը, եկեղեցիները իր համար առանձնահատուկ նշանակություն ունեին: Դեռահաս երեխաների նման չէր ձգտում ազատ ժամանակը ժամանցի վրա ծախսել: Քիչ էր խոսում, բայց աչքերում այնքան ասելիք կար: Մեկ-մեկ նստում էինք իրար դիմաց, լռում, այդ լռությամբ ավելին ասում, իրար շատ լավ էինք հասկանում: Բայց ինքս ինձ հարց էի տալիս՝ տեսնես աչքերդ ի՞նչ են ասում, ներսումդ ի՞նչ կա, ինչո՞ւ չես խոսում»:

Ծրագրեր էր կազմում, թե ինչով է զբաղվելու բանակից վերադառնալուց հետո: «Շատ լավ էր սովորում, բայց այսպես ասեմ՝ դեմ էր դիպլոմային ուսմանը, կարծիք էր հայտնում, որ դիպլոմն իրեն չի արդարացնում, լավ ապագայի երաշխիք չէ: Մտածում էր բանակից վերադառնալուց հետո ավտոէլեկտրիկություն սովորել, սեր ուներ տեխնիկայի հետ, քանդում էր, վերանորոգում, նորից հավաքում»: Թվում է, թե երկկողմանի ծնողազուրկ Գևորգը բանակ զորակոչվելու ժամանակ պետք է գոնե ինչ-որ արտոնություններից օգտվեր, բայց այդպես չեղավ: 2020 թ. հուլիսի 9-ին նա զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Մարտունի 3, հետո տեղափոխվում է Ստեփանակերտի Հայկազովի զորամաս: «Գևորգն ասում էր՝ տղեն տղա չի, եթե չի ծառայել: Նույնիսկ վարորդական դասերի հաճախեց, վկայական ստացավ, դա իր համար հայրենիքին լիարժեք ծառայելու ևս մեկ տարբերակ էր: Երբ պետք է բանակ մեկնելուց առաջ պարտադիր հանձնաժողովներով անցներ, իրեն հիշեցրեցի մեր ցավի մասին:Բայց Գևորգս արձագանքեց՝ «մա՛մ, պետք է գնամ, ոչ մեկից լավը չեմ, ոչ մեկ պարտավոր չէ իմ փոխարեն ծառայել»:

Իր զոհվելուց հետո Արցախից հրամանատարներ եկան մեր տուն, ասացին, որ շառավիղային ծառայություն հասկացությունը հանվել էր, երբ արտոնություն ունեցողները տանից կոնկրետ հեռավորության վրա էին ծառայում, իսկ հետո հավելեցին՝ ձեր որդին արտոնություն ուներ դիրքեր չբարձրանալու, սահմանում չծառայելու: Բայց երկու ամսվա ծառայող զինվորը պատերազմի է մասնակցել, ի՞նչ արտոնության մասին է խոսքը: Ծառայության օրերին ամեն երեկո ինձ զանգում էր, ասում՝ մամա՛ ջան, ամեն ինչ նորմալ է: Պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, բայց կարծում եմ, որ տղաները պատերազմի մասին նախօրոք գիտեին: Սեպտեմբերի 26-ի գիշերը 12 անց կես Գևորգս ինձ զանգել էր՝ մա՛մ ջան, ի՞նչ կա: Զարմացա՝ հեռախոսն ինչո՞ւ է մոտդ, ասաց՝ մոռացել եմ հանձնել, հետո էլ՝ մատս պատահական է կպել: Բայց Գևորգս ուղղակի ուզում էր ձայնս լսել. «Մամա ջան, հանգիստ քնի, ամեն ինչ նորմալ է, հեռախոսս անջատում եմ, վաղը կզանգեմ»:

Առավոտյան արդեն պատերազմ էր, խառնաշփոթ էր սկսվել, չգիտեի, թե ինչ անել: Գևորգս զանգեց՝ մամա՛, նորակոչիկ ենք, բունկերում ենք, մեզ ոչ մի տեղ չեն տանում: Այդպես մեկ ամիս ինձ խաբեց: Ոչ մի անգամ իր զանգելուց չի եղել այնպիսի զգացողություն, որ կասկածեմ, թե պատերազմական իրավիճակում է: Բայց իր հետ ծառայող տղաներն են ասում՝ ի՞նչ բունկեր: Տղաներից մեկը պատմում է՝ մեր վաշտով, միանալով կամավորականներին, Արցախի տարածքով չորս-հինգ տեղում ենք եղել՝ Քարվաճառ, Մարտունի 3, Ստեփանակերտի շրջակա տարածք, իսկ վերջում՝ Շուշի: Գևորգս հրետանավոր էր: Իսկ Հայկազով տեղափոխումից մեկ շաբաթ անց նրան մեքենա էին տրամադրել»: Քրիստինեն ասում է՝ Գևորգի մահվան վկայականում որպես մահվան օր նշվել է նոյեմբերի 1-ը, բայց այդ երեկոյան նա խոսել է Գևորգի հետ:

«Զրուցեցինք, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, հաջորդ օրն անհասանելի կլինի, քանի որ լույս չունեն, չի կարող լիցքավորել հեռախոսը»: Հետո զանգում է ընկերոջը, ասում, որ գնում են Շուշի. «Տանեցիների կողքը կլինեք, չգիտենք, թե ինչ է լինելու: Այգում չորացած ծառ ունենք, կկտրեք, որ չորանա, ձմռանը մերոնք վառեն, մեր փայտը քիչ է, չի հերիքի»: Նոյեմբերի 2-ի առավոտյան ժամը 7-ի մոտակայքում Գևորգը զոհվում է ԱԹՍ-ի հարվածից: Գևորգը շուտ է տուն «վերադառնում»: «Բանակ գնալուց առաջ ընկերներին ասել էր. «Չգիտեմ, թե մամայի համար ինչ անեմ, ամբողջ կյանքում իրեն պարտական եմ լինելու: Ինձ չլքեց, իր անձնական կյանքը չդասավորեց, որ իմ կողքին լինի, ամեն ինչ արեց իմ համար: Ի՞նչ եմ անելու, որ արժանի լինեմ մամային»: Իրեն զոհելով փորձեց արժանի լինե՞լ, չգիտեմ էլ, թե ինչ ասեմ: Քույրիկիս մահվանից հետո մեզ ապրեցնողը Գևորգն էր, նրանից հետո՝ մեր ընդհանուր նպատակներն ու երազանքները: Պահ կար, երբ շատ էի թուլացել, առողջական խնդիրներ ունեի, բայց բժշկի չէի գնում:

Գևորգը գալիս էր երազներիս ու խռով էր հետս: Հետո սթափվեցի, սկսեցի աշխատել: Երազներիս իրեն արդեն ուրախ ժպիտով էի տեսնում: Գևորգիս այսպես հասկացա՝ «իմ կյանքը քո համար չխնայեցի, դու ինչո՞ւ ես քեզ սպանում, ուրիշների համա՞ր եմ զոհվել»: Հիմա ես իր փոխարեն էլ եմ ապրում»: Իսկ վերջում պատմում է մի բան, ինչը թերևս անբացատրելի է. «Գևորգս յոթ տարեկան էր, քրոջս գերեզմանին էինք այցի գնացել, վերադառնում էինք, սկսեց վազվզել, ճանապարհի աջ կողմում կակաչներ էին բացվել, այդտեղ իրեն նկարեցի, մի կադրում հրեշտակի պես ձեռքերը դեպի երկինք պարզած է: Այդ նույն տեղում են նրան հուղարկավորել: Այդ նկարի մասին միայն ես գիտեի, հետո երբ համեմատեցինք նկարները, ուղղակի ապշել էի: Կարծես իր տեղը նախապես կանխորոշած լիներ»:

Հ. Գ. Գևորգ Կուլիջանյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ծաղկունք գյուղի գերեզմանատանը: Գյուղում խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ Գևորգի, Ազատի ու Ռուստամի՝ 44-օրյա պատերազմում անմահացած տղաների:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով
Ամենաընթերցվածները