«Մեր պետությունը վճարում է սրանց՝ իշխանության աթոռը զավթելու գինը, և, ցավոք, այդ գինը միայն տնտեսական չէ, նախ և առաջ անվտանգային է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձագիտական հանրույթը 2024 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ արդեն օրեր շարունակ կարծիքներ և նաև մտահոգություններ է հայտնում, զուգահեռ օրվա իշխանությունը շեշտադրում է այն, որ, օրինակ՝ անվտանգության ու կրթական ոլորտներին հատկացումներն ավելացրել են, գիտակցելով, որ հատկապես առաջինը մեր «թույլ» կետն է: Մինչդեռ երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը միայն թվերի ներկայացումը չէ, այլ այն կարևոր փաստերը, որոնք թաքնված են այդ թվերի տակ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ մեծ հաշվով, ընթացիկ բյուջե է:

«Այն բավականին իրատեսականության ռիսկեր ունի, որովհետև բարձր տնտեսական աճի հիմքով է կանխատեսված, ցուցանիշները յոթ տոկոս տնտեսական աճի պարագայում են հաշվարկված: Իսկ յոթ տոկոս տնտեսական աճի հավանականությունը բավականին ցածր է: Նախ՝ մասնագիտացված միջազգային կազմակերպություններն էապես ցածր տնտեսական աճ են կանխատեսում՝ չորսից մինչև չորսուկես տոկոսի շրջանակներում: Յոթ տոկոսից ցածր կանխատեսում ունի նաև Կենտրոնական բանկը: Հույսներն, ըստ էության, նորից արտաքին պատահական գործոնի վրա է, որը բարձր տնտեսական աճ ապահովեց, և դրանով հիմա իրենք պարծենում են, բայց էական կապ չունեն այդ գործոնի հետ: Դա ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական բարենպաստ իրավիճակն էր մեր տարածաշրջանում: Օրինակ՝ բարձր տնտեսական աճ այդ գործոնով ապահովել է նաև հարևան Վրաստանը, որը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր չէ և նաև ԵԱՏՄ անդամ երկիր չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում է այլ ցուցանիշների: «Ասում են՝ թոշակ չենք բարձրացնում, նպաստ չենք բարձրացնում, բայց զարգացման ծրագրեր ենք անում, կապիտալ ծախսեր: Այդ կապիտալ ծախսերի նախատեսումը և իրականացումն էապես շեղված են: Նախատեսում են, նախագծում, հաստատում, գովում, հետո տարվա ընթացքում ամենատարբեր պատճառներով՝ սկսած կոռուպցիոն ռիսկերից մինչև ապաշնորհ կառավարում, այդ ծախսերը նախ թերակատարվում են, հետո մեծ վերաբաշխումներ են լինում:Օրինակ՝ ջրամբարի փոխարեն ասֆալտապատում արեցին Երևանի փողոցներում, և «պատահական զուգադիպությամբ» դա համընկավ քաղաքապետի ընտրությունների հետ: Հիմա էլ այլ տարբեր վերաբաշխումներով դզում-փչում են և փորձում մի ինչ-որ թվի շուրջ կատարողական ձևակերպել: Փոխարենը կարող էին օբյեկտիվորեն բարձրացնել, օրինակ՝ աղքատության նպաստները, որ ընտանիքի հաշվով միջինը 32 հազար է, իսկ այդ թիվը նույնիսկ ընտանիքի մեկ անդամի նվազագույն սպառողական ծախսերից 2,1 անգամ պակաս է»,-հավելում է Ավետիսյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, սա է ծայրահեղ աղքատության վերացում խոստացող, աղքատությունը կրկնակի նվազեցնելու խոստում տված իշխանության իրական վարքագիծը: «Մնացածը՝ նորից պոպուլիզմ, բառաշատություն, անիմաստ քննարկումներ և իրար գովել: Տպավորություն ստացա, որ կարծես խորհրդային ինչ-որ գյուղսովետի նիստի եմ մասնակցում: Գովում են իրար, անթաքույց իրար ծափ տալիս: Ինչի՞ համար է պառլամենտի մեծամասնությունը ծափ տալիս վարչապետին՝ Արցախը հանձնելո՞ւ, հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող մեր նաև նյութական արժեքները հանձնելո՞ւ, թե՞ այս մահաբեր հինգ տարվա վարքագծի ու ապագա անորոշությունների և պատերազմի սպառնալիքի համար, որը նաև տնտեսական անվտանգության խորացող ռիսկեր է բերում: Իրար գովեն, պատահական՝ իրենց հետ չկապված գործոններից ստացված արդյունքն ամբողջությամբ իրենց վերագրեն, իսկ իրենց ձախողումներն էլ ուրիշի վզին փաթաթեն ու այս անպատասխանատու վախկոտի վարքագծով նման բարդ իրավիճակում երկիր կառավարեն: Անխուսափելի են դրա հետևանքները, ինչին ամեն օր ականատես ենք լինում»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Կարծիքներ են նաև հնչում, որ երբ դիտարկում ես, թե որքան ֆինանսական միջոցներ են հատկացվում ասֆալտապատմանը և դպրոցների ու մանկապարտեզների կառուցմանը, ինչն, այո, ևս կարևոր է, տպավորություն է, թե իշխանություններն այս կատարված աշխատանքով նախապատրաստվում են հետագայում կայանալիք ընտրություններին: «Իրենց սատանայական մտածելակերպն ու դրանից բխող վարքագիծը դժվար է կանխատեսել, բայց մի բան վստահաբար կարելի է պնդել: Ինչ էլ անեն, իրենց բացարձակ շահն իշխանությունը պահելու շահն է, որն արդեն վաղուց հակադրված է մեր ազգային, պետական շահերին, և հետևանքներն էլ անդառնալի են լինում՝ խորացող աշխարհաքաղաքական ռիսկերից մինչև սոցիալական իրավիճակի, նաև տնտեսական անվտանգության սպառնալիքներ: Սա է իրողությունը: Փաստ է նաև, ինչը երևում է վերջին ելույթներից, որ իրենց իշխանությունը պահելու, մանևրելու համար մեր տուն, մեր երկիր են բերել աշխարհաքաղաքական ամենասուր լարվածության բախման կետերը: Սրանք խիստ վտանգավոր, առարկայական, ոչ թե վերացական սպառնալիքներ են: Մեր ժողովուրդը, մեր պետությունն ու հայրենիքը վճարում են սրանց՝ իշխանության աթոռը զավթելու գինը, և ցավոք, այդ գինը միայն տնտեսական չէ, սոցիալական չէ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում ձախողումները չեն, նախ և առաջ անվտանգային է և վերաբերում է մեր գոյաբանական հարցերին ու սպառնալիքներին»,-նշում է նա:

Նոյեմբերի 16-ին՝ Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 2024 թ. պետբյուջեի նախագծին, ասաց, թե այն «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Ժամանակներն, անխոս, պատմական են, ավաղ, ոչ դրական իմաստով, ինչը փաստում է նաև մեր զրուցակիցը: «Սա մեր պատմության սև էջերից է: Պատմական ժամանակներ են, որովհետև պատմության սև էջերը լինում են նաև պատմական շրջաններ, և մենք հիմա ապրում ենք մեր պատմության սև էջը: Իսկ բյուջեն պատմական է այնքանով, որքանով մեր պատմության սև էջ գրող խմբակը նաև գրել և ներկայացնում է այդ բյուջեն: Միայն այդքանով կարող ենք այն պատմական կոչել»,-եզրափակում է պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները