«Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեզ ծանոթացրել են մեր համատեղ ընկերները: Շփվել ենք շատ կարճ՝ մոտ երեք ամիս, 2010 թ. դեկտեմբերին ընտանիք կազմել: Ապրում էինք Դիլիջանում՝ Կարենի հայրական տանը, նա այդ ժամանակ ծառայում էր այնտեղ, հետո տեղափոխվեց Իջևանի զորամաս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի կինը՝ Արևիկը:

Նշում է՝ միասին շատ երջանիկ կյանքով են ապրել. «2015 թ.-ին ծնվեց մեր մեծ աղջիկը, իսկ 2019 թ.-ին՝ փոքրը»: Երբ Արևիկը խոսում է ամուսնու մարդ տեսակի մասին, շեշտադրում է նրա կարգապահ ու հանգիստ անձնավորություն լինելը: «Նրա մասին բոլորն են շատ մեծ ցավով խոսում, ափսոսում, որ զոհվեց այս պատերազմում: Առաջին հերթին նա մարդ էր իր տեսակով: Չափազանց լավ որդի՝ իր ծնողների համար, կատարյալ ամուսին՝ իմ համար, և լավ հայր՝ իր բալիկների համար, լավ ընկեր էր, որտեղ էլ ծառայել է աշխատանքի բերումով, բոլորը միաբերան կասեն, որ Կարենը հրաշալի մարդ էր, և որևէ պաշտոն չի ստիպել նրան փոխել իր տեսակը: Բնավորությամբ շատ խստապահանջ էր: Թե՛ տանը, թե՛ աշխատանքի վայրում ամեն ինչ պետք է անթերի լիներ»,-նշում է զրուցակիցս:

Երբ հարցնում եմ զինվորական դառնալու որոշման մասին, Արևիկը վերհիշում է Կարենի ծնողների խոսքերը՝ ինքը սիրել է, ինքն էլ ընտրել է այդ ուղին. «Երբ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որոշում է կայացրել, որ պետք է ծառայի սահմանին: Ծառայել է Մովսես գյուղում, հետո տեղափոխվել հայրենի Դիլիջան, այնուհետև՝ Իջևանի զորամաս: Նա ամեն օր դիրքերում էր: Առավոտյան շուտ գնում էր, երեկոյան ուշ ժամի վերադառնում տուն»: Նախքան 44-օրյա պատերազմը, 2020 թ. հուլիսին անհանգիստ էր նաև Տավուշում, ռազմական գործողությունների հետևանքով հայկական բանակն, ավաղ, մարդկային կորուստներ ունեցավ: Կարենն իր դիվիզիոնով ևս եղել է այնտեղ:

«Եթե անգամ ես իրեն հարցեր էի տալիս, չէր պատասխանում դրանց, քանի որ չէր ցանկանում անհանգստացնել, միշտ ասում էր՝ մի ծանրաբեռնիր քեզ, դու երեխաների դաստիարակությամբ զբաղվիր. «Ամեն ինչ լավ է լինելու, հայը միշտ եղել է ու լինելու է, մեր հողը մերն է լինելու»: Երևի ոչ մեկը չի էլ մտածել, որ մեր կյանքում նման շրջադարձեր կլինեն»: Սկսվում է 44-օրյա պատերազմը: Կարենը կնոջը չի ասում Արցախ մեկնելու մասին: Արևիկը նշում է՝ չասելու պատճառն այն էր, որ ինքը չանհանգստանար: «Հուլիսյան դեպքերից հետո Կարենը շատ քիչ էր լինում տանը: Այդ ամսվանից սկսած, կարծես ամեն ինչ իրար էր խառնվել: Անտրամադիր էր դարձել, շատ էր հոգնում: Երևի նաև սրտի խորքում զգում էր, որ ինչ-որ ավելի մեծ բան է լինելու, ինչից խուսափել չենք կարողանալու: Իր հրամանը եղել է հոկտեմբերի 1-ին: Հրաման է ստացել, որ իր դիվիզիոնը պետք է լինի Արցախում: Իր դիվիզիոնի հրետանու պետի՝ Հովհաննես Գզողյանի հետ հոկտեմբերի 1-ի գիշերը մեկնել է Արցախ: Հոկտեմբերի 2-ին շատ մեծ դժվարությամբ հասել էին այնտեղ: Իրենց զինվորներին տարել են ուրիշ վայր, իսկ իրենց ասել են, որ պետք է ուղևորվեն Մատաղիսի դիրքեր: Մեքենայի մեջ եղել են Կարենը, հրետանու պետը, վարորդը և իր երկու, ինչպես ինքն էր ասում, գերազանցիկ զինվորները: Թշնամին այդ վայրում դարանակալած է եղել, հինգն էլ զոհվել են նույն վայրում»:

Կարենը զոհվել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում: Կինն ասում է՝ շատ երկար են փնտրել ամուսնուն, չէին գտնում: ««Գտանք» հունվարի վերջին, հուղարկավորել ենք փետրվարի մեկին: Ասում էին, որ, հնարավոր է, գերեվարվել է, բայց դրան չէի հավատում, դա անհնար էր: ԴՆԹ-ի միջոցով է հաստատվել իր ինքնությունը: Ես չէի հավատում, մեզ ասացին, որ եթե երեխա ունի, կարող եք նորից թեստ հանձնել: Հանձնեցինք, հաստատվեց, որ Կարենն է»: Մինչ պատերազմը Կարեն Հակոբյանը գերատեսչական բազմաթիվ մեդալների է արժանացել: «Միշտ ասում էի՝ մի քիչ հպարտացիր քո ստացած մեդալներով ու պատվոգրերով: Իսկ Կարենն ընդամենն արձագանքում էր՝ այո, ինձ արժանացրել են մեդալների, բայց սա ամենափոքր բանն է, որ անում ենք մեր փոքր հայրենիքի համար: Արժանացել է «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» մեդալների, նաև «Անբասիր ծառայության համար» մեդալի»: Կյանքը շարունակվում է, բոլորն են շարունակում իրենց կյանքը: Սրանք մեր զրույցների ժամանակ հաճախ հնչող մտքերից են:

«Շարունակում ենք մեր կյանքը, ապրում ենք, բայց ոչ առաջվա նման, շատ մեծ դժվարությամբ: Շատ դժվար ենք ապրում առանց Կարենի: Մենք հասուն ենք, գիտակցում ենք, թե ինչ ենք կորցրել, կորցրել ենք մեր կյանքի ամենակարևոր մարդկանց, բայց երեխաների հարցերին պատասխանելը բարդ է: Մեծ աղջիկս ինը տարեկան է, վաղուց արդեն ամեն ինչ հասկացել է և գրեթե հարցեր չի տալիս, բայց փոքր աղջկաս հարցերն անսպառ են՝ «պապան ո՞ւր է, դու գիտե՞ս իր համարը, զանգեմ ու խոսեմ հետը»: Մեր երկու աղջիկն էլ զգում են իրենց հայրիկի կարիքը: Երբ ինչ-որ միջոցառումների էին հրավիրում, մեծ աղջիկս անգամ չէր ցանկանում մասնակցել՝ «չեմ ուզում հերոսի աղջիկ լինել, ուզում եմ հայրիկս մեր կողքին լինի»:

Ինձ համար շարժիչ ուժ են դարձել իմ աղջիկները, մտածում եմ՝ ինչ կաներ Կարենը մեզ համար, մեր աղջիկների համար, և փորձում եմ այդ ուղով ընթանալ, ամեն ինչ անել, որ որևէ բանի կարիք չունենան, ուրախանան ամեն փոքր մանրուքով: Այսօր ես թե՛ մայր եմ, թե՛ հայր: Եթե ես կոտրվեմ, իրենք էլ են կոտրվելու: Փորձում եմ ուժեղ լինել, մի փոքր ցրվում եմ աշխատանքի շնորհիվ, բայց երբ տուն եմ վերադառնում, ամեն ինչ, կարծես, գլխիվայր շրջվում է: Երբ ամենափոքր դժվարության ես հանդիպում, իր կարիքն ես զգում: Ամեն վայրկյան եմ իր կարիքը զգում: Միայն այն, որ երեխաների ձեռքը բռներ, ու միասին այգի գնայինք, այնքան կարևոր բան էր մեր կյանքում: Ամենամեծ դժվարությունն այսօր իր բացակայությունն է, դժբախտաբար, այլևս ոչինչ անել չենք կարող»: Երբ արդեն նյութը պատրաստ էր, այն գրելու ու վերընթերցելու պահերին Արևիկի խոսքերն ականջներիս մեջ էին՝ «Կարենը հայրենիքը վեր դասեց ամեն ինչից»: Ու որքան նման զինվորականներ, որոնք Հայկական բանակի հիմքում էին, բանակի բազկի ուժն էին, թշնամու սարսափը, հայրենիքը վեր դասեցին ընտանիքից ու հնարավոր ամեն ինչից:

Հ. Գ. - ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հակոբյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Արժանացել է այլ մեդալների ևս: Հուղարկավորված է Դիլիջանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով
Ամենաընթերցվածները