«Ավտոպիլոտ ռեժիմով գահավիժում. թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները, շատ դժվար է կանխատեսել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայ-ադրբեջանական ոչ մի բանակցություններ էլ տեղի չեն ունենում, տեսնում ենք, որ Ադրբեջանը տարբեր ժամանակահատվածներում պարտադրանքով, իր գործընկերների միջոցով, խաբելով, շանտաժելով Հայաստանի գործող իշխանություններին, հասնում է իր ուզածին»: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ հարցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների և գերատեսչությունների շփումների մասին:

«Հետպատերազմյան երեք տարիներից և Արցախի կորստից հետո գործընթացները ցույց են տալիս, որ պարտված լիդերը չի կարող իրեն հաղթած պետության լիդերի հետ հավասարը հավասարին խոսել կամ ինչ-որ դրական արդյունքի հասնել իր ղեկավարած պետության համար: Դրա վառ օրինակը հայ-ադրբեջանական, այսպես կոչված, հարաբերություններն են: Երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը որևէ` անգամ չնչին դրական արդյունքի չի հասել: Ադրբեջանն ինչպես պահանջել էր, որպես շանտաժ հինգ նախապայմանները դրել էր Հայաստանի առաջ, այդպես էլ շարունակում է: Խնդիրը հետևյալն է, որ այս երեք տարվա ընթացքում, համագործակցելով Նիկոլի հետ, պարտադրելով Նիկոլին՝ շատ հարցերում գնալ իր համար ցանկալի քայլերին, Ադրբեջանն այդ հինգ նախապայմանից գրեթե երեքն իրականացրել է: Հիմա ընդամենը մնացել է մեկ-երկու նախապայման, որոնք Ադրբեջանը երբեք չի կատարի, բայց կպարտադրի Հայաստանի Հանրապետությանը, եթե Հայաստանը շարունակի ղեկավարել կապիտուլ յանտ Նիկոլը, փաստացի ընդունել հինգ նախապայմանները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով, առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունենալու 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք: «Երբեք Ադրբեջանի նախագահի շուրթերից կամ ադրբեջանցի որևէ պաշտոնյայի շուրթերից չեք լսի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանը 29,8 հզ. քառ. կմ տարածքով: Չի եղել նման բան և չի լինելու: Ադրբեջանն ասում է՝ ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ճանաչում է այդ ամբողջականությունն այնպիսին, ինչպիսին ուզում է, այսինքն՝ իր կողմից տարբեր ժամանակահատվածներում օկուպացված տարածքները դուրս բերված Հայաստանի տարածքից, դա Սոթք-Խոզնավարի, Սև լճի, Իշխանասարի, Ներքին Հանդի, Տեղ գյուղի, Ջերմուկի հատվածներն են, ՀՀ առաջին նախագահի օրոք օկուպացված Արծվաշենն է: Երկրորդ պայմանն այն է, որ Ադրբեջանը, իր կողմից օկուպացված որևէ տարածք Հայաստանին չվերադարձնելով, պարտադրելու է Նիկոլ Փաշինյանին իրեն զիջել, այսպես կոչված, անկլավները:

Ադրբեջանի նախագահն օրեր առաջ շատ պարզ նշեց՝ արցախահայությունը հնարավորություն կստանա վերադառնալ Արցախ մեկ պայմանով, եթե համապատասխան քանակությամբ ադրբեջանցիներ վերադառնան Հայաստան: Այն, ինչ ունեինք մինչ Արցախի վերջնական հայաթափումը, հիմա լրիվ այլ ձևաչափով առաջ է տարվում: Այս ամենի կազմակերպիչներից մեկը նաև Նիկոլն է: Վաղը, մյուս օրը նա իր ընտրազանգվածին, իրեն երկրպագող զանգվածին կասի՝ տեսեք, Հայաստանը փրկում եմ, Արցախի հայությունը չպետք է վերադառնա Արցախ, հակառակ դեպքում թուրքերը կգան, կլցվեն ձեր կողքերը: Նիկոլը շատ պարզ և պրիմիտիվ է գործում, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիանալի գիտի հայաստանյան հասարակության զգալի մասի քաղաքականապես տգետ էությունը:

Գրեթե մեկուկես տարի առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող այդ անձը ԱԺ ամբիոնից ասում էր՝ մեր միջազգային գործընկերները (թե իր նման կապիտուլ յանտին ո՞վ է գործընկեր համարում) հարցնում են՝ Հայաստանն ինչո՞ւ է մոնոէթնիկ երկիր: Ինչպես ասում են գյումրեցիները, հասկանո՞ւմ եք, թե ինչ ցրցամ էր գցում: Նշեմ, որ նախ` Հայաստանն այս պահին գործընկեր չունի, երկրորդ՝ դա որևէ գործընկերոջ գործը չէ, համոզված եմ, որ որևիցե մեկը նրան նման հարց չի տվել: Նրան այդպիսի հարցեր կարող են տալ միայն Անկարայից և Բաքվից, այն էլ՝ ոչ թե հարց տան, այլ պարտադրեն նրան, որ թուրքերը շատ արագ լցվեն Հայաստան»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ բանակցություն չկա, կա պարտադրանք Հայաստանի Հանրապետությանը: «Ինչ վերաբերում է արտգործնախարարների հանդիպումներին, նշեմ հետևյալը՝ ոչ մեկին այս պահին պետք չէ Հայաստանի Հանրապետության պատճառով վատացնել հարաբերությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Եվրոպային պե՞տք էր լավամարդ դառնալ Բաքվի առաջ, եվրոպացիներին պե՞տք էր Հայաստանի Հանրապետության և Արցախի հաշվին դիվիդենտներ ձեռք բերել Բաքվի և Անկարայի մոտ: Երբ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին պետք էր Հայաստանի հաշվին բարելավել հարաբերությունները Բրյուսելի, Բաքվի և Անկարայի հետ, նա շատ արագ կազմակերպում էր այդ հանդիպումները Բրյուսելում, Ստրասբուրգում: Նա ուղղակիորեն պարտադրեց Նիկոլին Հայաստանի և Արցախի հաշվին գնալ զիջումների: Երբ արդեն փաստացի Նիկոլից կորզեցին, որ նա ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, պահանջեցին, որ նշի կոնկրետ Ադրբեջանի տարածքը՝ 86,6 հզ. քառ. կմ, Նիկոլի նմանն էլ նրանց բացարձակ պետք չէ:

Հիմա, երբ գործը հասել է նրան, որ այս գործարքի քավորները երաշխավորեն, որ Ադրբեջանն էլ ճանաչում է Հայաստանի տարածքը 29,8 հզ. քառ. կմ, արդեն չորսհինգ ամիս է՝ Ադրբեջանն ուղղակիորեն իբր թե արհամարհած ունի ԵՄ պաշտոնյաներին, այդ թվում՝ Շառլ Միշելին: Հիմա Վաշինգտոնում չի ցանկանում կազմակերպել Միրզոյան-Բայրամով հանդիպում: Դա այն պատճառով չէ, որ Վաշինգտոնը կամ Բրյուսելը թույլ են և չեն կարող այդ հանդիպումը կազմակերպել, նրանք, եթե ցանկանան, այդ հանդիպումը կկազմակերպվի 5-6 ժամվա ընթացքում, ուղղակիորեն Բայրամովին բերման կենթարկեն Բրյուսել ու Վաշինգտոն, բայց դա նրանց պետք չէ, չեն անելու: Իրենք Հայաստանի ղեկավարությանը պարտադրեցին անել քայլեր, որոնց հետևանքների համար հիմա չեն էլ ցանկանում երաշխիքներ տալ Հայաստանին: Հիմա եվրոպացիներն ասում են՝ մենք ի՞նչ անենք: Ռուսները, կրավորական կեցվածք ընդունելով, նստած նայում են, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունը կործանում Հայաստանը»,-կարծիք է հայտնում Համբարյանը:

Նշում է՝ հիմա գրեթե նույն վիճակում ենք, որն ունեցել ենք 1920-21 թվականներին: «Հայաստանի առաջին հանրապետության գործող իշխանությունները, մոլի եվրոպամետ քաղաքականություն վարելով, վերջում գործը հասցրեցին նրան, որ 1920 թ.-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեցին Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը: Հայաստանը հռչակեցին 10 հզ. քառ. կմ տարածքով երկիր, հետո ռուսները եկան, Հայաստանը դարձրեցին գրեթե 30 հզ. քառ. կմ տարածք: Երբ հիմա որևէ հայ պատմաբան, վերլուծաբան, քաղաքագետ փորձում է ռուսներին կշտամբել, թե դուք 1921 թ.-ին ստորագրեցիք Կարսի և Մոսկվայի պայմանագրերը և մեր հաշվին բարելավեցիք հարաբերությունները Թուրքիայի հետ, Ռուսաստանը նույն րոպեին նրանց հիշեցնում է հայերի կողմից ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագիրը և ասում՝ եթե դժգոհ եք Կարսի և Մոսկվայի պայմանագրերից, որով Հայաստանը 30 հզ. քառ. կմ տարածք է ունեցել, գնացեք ձեր 10 հզ. քառ. կմ տարածքը վերցրեք, դրանով սահմանափակվեք, մյուս 20-ը վերադարձրեք թուրքերին ու ադրբեջանցիներին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ստացվում է՝ որպես պետություն ինքնահոսի՞ ենք մատնված: «Ավելի կենցաղային մակարդակով կբնութագրեմ՝ Հայաստանի Հանրապետություն կոչված ինքնաթիռը ավտոպիլոտ ռեժիմով ուղղակիորեն կործանվում է, գահավիժում, թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները, շատ դժվար է կանխատեսել: Հիմա ոչ թե վատի ու շատ վատի միջև ենք ընտրություն տանում, այլ շատ վատի ու կործանման միջև ենք գտնվում: Որևիցե լավ սպասելիք բացարձակ չունեմ: Արևմուտքի կրավորական կեցվածքը՝ կապված այս գործընթացների հետ, ցույց է տալիս, որ Ադրբեջանի ախորժակն էլ ավելի է բացվում: Ալիևը չմեկնեց Գրանադա ու Ստրասբուրգ՝ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպմանը, իր արտգործնախարար Բայրամովին չի ուղարկում Բրյուսել կամ Վաշինգտոն: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը կենացները թանկացնելու է և Հայաստանից ստանալու է ամենը, ինչի մասին նույնիսկ չէին երազում: Իրենց օկուպացրած տարածքները Հայաստանին չեն վերադարձնելու, հայկական բանակին դուրս են հանելու անկլավներից, ամեն ինչ անելու են, որ հայ-վրացական ճանապարհը փակվի դեպի Բագրատաշեն, որ Տիգրանաշենով անցնող ճանապարհը փակվի և մեծ խնդիրներ լինեն, որ Հայաստանը լցվի թուրքերով, և կարճ ժամանակահատվածում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխություն տեղի ունենա, որ թուրքերի անվտանգության պաշտպանությունը դրվի Թուրքիայի և Ադրբեջանի վրա: Ու Նիկոլը կստորագրի դա»,-ասում է մեր զրուցակիցը:

Արձագանքում եմ՝ Բայրամովը Թուրքիային հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում «անաչառ» կողմ է հռչակում: «Խայտառակություն է դա: Ադրբեջանը պարտադրում է, որ Ֆրանսիան որևէ ձևաչափով չմասնակցի հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց բոլոր հայ-ադրբեջանական պատերազմներում Ադրբեջանի կողքին կանգնած և դա չթաքցնող Անկարան Հայաստանի գործող իշխանությունների թողտվությամբ և համաձայնությամբ հիմա դարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող ինչ-որ կենտրոն: Ամենազավեշտալին այն է, որ Նիկոլը մի պահ փորձ կատարեց հայթուրքական հարաբերությունների կարգավորման պահով ինչ-որ քայլեր ձեռնարկել և այդ հարաբերությունները տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մեսսին և ընկերները մնացին առանց գլխավոր մարզչի. «Ինտեր Մայամի»-ի գլխավոր մարզիչը անսպասելիորեն հրաժարական է տվել. աղբյուր «Մտեք ռեստորաններ, տեսեք՝ ինչ է կատարվում։ Էդքանն ուտելու՞ ես, որ պատվիրել ես». Դավիթ Հակոբյան
Ամենաընթերցվածները