«Ժողովրդական էյֆորիան և ժողովրդի հավատը չարաշահելու միջոցով այսօր մարդիկ պաշտոններ են զբաղեցնում»

Բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը պարբերաբար անդրադառնում է առողջապահության ոլորտում առկա իրավիճակին, բարձրաձայնում խնդիրների մասին։ Գրիգորյանը նշում է՝ քննադատությունը և հարցերի բարձրացումն ինքնանպատակ չէ և չի կարող լինել։ 

«Շատ դեպքերում մարդիկ ինձ ասում են՝ դու միայն վատն ես տեսնում, լավը չես տեսնում, ես պատասխանում եմ հետևյալ կերպ՝ դրական բարեփոխում անելը նախարարների, պետական գործիչների պարտականությունն է։ 

Իսկ բացթողումների մասին պետք է իրենց ասել, որովհետև մեր նպատակը չէ, որ վատաբանենք ինչ-որ գործչի ու դրանից հետագայում տուժի ժողովուրդը։ 

Մեր խնդիրն այն է, որ լինի ոչ թե ուղղակի նախարար, այլ լինի արժանի նախարար, որը կկարողանա ժողովրդի առողջական վիճակը բարելավել, համապատասխան հիվանդությունները կանխարգելել, խնդիրներին տալ համակողմանի լուծում։ 

Ես հայտնում եմ իմ կարծիքը զանազան խնդիրների վերաբերյալ թե՛ որպես բուժող բժիշկ, թե՛ որպես առողջապահության կազմակերպիչ, որպեսզի մենք կարողանանք ունենալ էլ ավելի լավ առողջապահական համակարգ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը։ 

Անդրադառնալով վերջին շրջանում առողջապահության ոլորտում իրականացված փոփոխություններին, որոնք պաշտոնատար անձինք ավելի հաճախ բարեփոխումներ են կոչում, բժիշկ-ուռոլոգը նշում է՝ բարեփոխումը պետք է միտված լինի դեպի դրականը, իսկ կարո՞ղ եք վերջին շրջանի «բարեփոխում» ցույց տալ, որը ժողովրդական, մասնագիտական, հանրային կամ տնտեսական բլոկի ընդվզում չի առաջացրել։ 

«Այսպես ասած, բարեփոխում էր այն, որ բժիշկների աշխատավարձը չնչին, բայց բարձրացվեց, սակայն դրա հաշվին բժիշկների վրա ահագին ադմինիստրատիվ ռեպրեսիաներ սկսեցին կիրառվել, սկսեցին ճնշումներ գործադրել, կարծիք և ազատ խոսք սահմանափակել և այլն։ Երկրորդ բարեփոխումն, իմ խորին համոզմամբ, առողջապահության նախարարությանը չէր վերաբերում, բայց իրենք մշակեցին օրենսդրությունը և այն ընդունվեց միաձայն, ինչը շատ ողջունելի է։ 

Դա մեքենաներում երեխաների համար նախատեսված քարսիթները պարտադիր դարձնելն էր։ Դրանք, իհարկե, գովելի, ճիշտ արված նախաձեռնություններ են, սակայն դրանք իրենց հետ բերել են նաև խնդիրներ, որոնց պատասխանները չունի առողջապահության նախարարությունը, ինչպես նաև գործող ամբողջ իշխանությունը։ Դրա համար հիմա չենք կարող ասել, որ ունենք բարեփոխումների շրջան։ 

Ունենք փոփոխությունների շրջան, իսկ թե դրանք բարեփոխում են, թե հետընթաց, այդ մասին կարելի է դատել հետագայում, երբ, օրինակ՝ ներկայիս իշխանությունների կառավարման ժամկետը վերջանա, գա այլ իշխանություն ու գնահատի դա, որովհետև այսօր մեկը մյուսի գործը, խնդիրը ծածկադմփոց է անում, փորձում ստեղծել իմիտացիա, որ կատարվում է ինչ-որ գործ։ 

Այո, կատարվում է ինչ-որ գործ, բայց արդյո՞ք կարելի է դա դրական տեղաշարժ համարել առողջապահական ոլորտում, թե՞ ոչ, խնդիրը դա է»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Գաղտնիք չէ, որ տարբեր ոլորտներում կատարվող փոփոխությունների մասին թե՛ քաղաքացիները, թե՛ հասարակական շրջանակները տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն իսկ դառնում են նախագծեր, սկսում քննարկվել Ազգային ժողովում։ 

Փորձագետները կարծիք են հայտնում, որ նախագծերը դրվում են շրջանառության մեջ՝ առանց հանրային լայն քննարկման։

 Առողջապահության ոլորտը ևս բացառություն չէ։ Գերատեսչության ներկայացրած մի շարք նախագծեր արժանացել են սուր քննադատությունների, բազմիցս նշվել է, որ նախքան փոփոխություններ կատարելը պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, ինչպես, օրինակ՝ բնակչության սոցիալական վիճակը և այլն։ 

Գրիգորյանը նշում է՝ բազմիցս բարձրաձայնել է, որ առողջապահության նախարարության այն մոտեցումը, թե իրենք ամեն ինչ գիտեն, միշտ չէ, որ ճիշտ է։ 

«Չեմ կարող փաստել, որ առողջապահության ներկայիս նախարարությունը, մասնավորապես վերնախավը, շատ գրագետ է առողջապահության ոլորտում։ Կարող է նրանք լավ բիզնեսմեններ են, հարկային տեսուչ, հաշվապահ, դեղագետ, բայց որպես առողջապահության մասնագետ չեմ տեսնում, որ նրանք դրական աուրա ունեն իրենց շուրջը և դրական բաներ են անում։ 

Չեմ բացառում՝ ցանկություն ունեն բարելավել առողջապահության ոլորտը, բայց ցանկությունը և հնարավորությունը պետք է համարժեք լինի։ 

Օրինակը բերեմ սպորտից։ Ցանկացած մարզիկ ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն իր մարզաձևում, սակայն պետք է հաշվի առնել նաև հնարավորությունները։ Հիմա՝ հնարավոր է, որ առողջապահության նախարարության այս աշխատակազմի մոտ կա այդ ցանկությունը, բայց, ավաղ, գիտելիքային պաշարը, փորձի բացակայությունը և կողքից կարծիքներ լսելու անկարողությունը բերում են նրան, որ նրանք դա չեն կարողանում անել։ 

Ավելին ասեմ՝ ցանկացած տեսակի քննադատություն նրանց օգնություն է, որովհետև եթե նրանք վերցնեն քննադատության մեջ եղած մտքերը և կիրառության մեջ դնեն, ոչ թե խաղան սև ու սպիտակներ, հեղափոխականներ և հակահեղափոխականներ, ապա նրանք կհաջողեն։ 

Բայց հավանաբար իրենց մոտ փառասիրությունն ավելի բարձր է, քան ազգի առողջապահական կարիքները հոգալու միտումը, ուստի նրանք դա չեն անում»,-ընդգծում է առողջապահության կազմակերպիչը։ 

Ներկայիս իշխանությունների՝ տարբեր ոլորտներում կատարած կադրային նշանակումները ևս միանշանակ չեն ընդունվում։ 

Կարծիք կա՝ ով քայլել է հեղափոխության օրերին, վաղ թե ուշ, պաշտոն է ստանում։ «Այսօր շատ քիչ պաշտոնյաներ ունենք, որոնք իրենց տեղում են։ 

Ոչ թե իշխանության մեջ պաշտոններ են հասնում այս կամ այն մարդկանց, այլ իշխանությունը գլոբալ բաղկացած է բարձրագույն չավարտած կամ բարձրագույն ավարտած, բայց փորձ չունեցած, կամ էլ մասնագիտական իրենց հանրության կողմից մերժված մարդկանցից։ 

Ժողովրդական էյֆորիան և ժողովրդի հավատը չարաշահելու միջոցով այսօր այդ մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, և բնական է, որ նրանք ունենալու են ո՛չ բավարար փորձ, ո՛չ բավարար հմտություն, ո՛չ էլ բավարար կարողություն խնդիրները լուծելու համար։

 Ունեմ շատ լավ ընկերներ՝ մասնագետներ, որոնք «Իմ քայլը» խմբակցությունից Ազգային ժողովում են կամ զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը։ Նրանք կուլիսներում ասում են՝ իրականում հնարավոր չէ այս կոլեկտիվի հետ աշխատել, որովհետև մարդիկ չեն հասկանում իրավիճակը, չեն կարողանում ճիշտ գնահատականներ տալ, սակայն դրա համար շատ ճոխ պարգևատրվում են։ 

Վերցնենք առողջապահության նախարարության պարգևավճարների բազմամիլիոնանոց ֆոնդը և համեմատենք Մարալիկի ծննդատան երկու հիվանդների համար անհրաժեշտ մոնիտորի գնի հետ, որի արժեքը մեկ միլիոն դրամ է։ 

Այն գնելու համար այսօր ժողովուրդը դրամահավաք է կազմակերպել։ Ժողովուրդն ընտրել է քաղաքական իշխանություն, որը ժողովրդի համար անհրաժեշտ ծախսերը թողել է հենց ժողովրդի վրա, բայց իրենց պարգևավճարներն իրենք արդարացված են համարում։ 

Չեմ զլանա և ևս մեկ անգամ կկրկնեմ մեր, այսպես ասած, ընդդիմադիր գործիչներից մեկի ասածը՝ «սա ամենաարդար բանն է, ինչը կարող է տեղի ունենալ այս ժողովրդի հետ»։ Եթե ժողովուրդը չի հասկանում՝ ում է ընտրում, արդար է, որ նա պետք է կրի հետևանքները, պատասխանատվությունը»,-եզրափակում է Գևորգ Գրիգորյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

                                                                                                                                                      

                                                     «Փաստ», թիվ 16 (705).

                                                      փետրվարի 6, 2020թ.

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»
Ամենաընթերցվածները