«Սամվելը «գնացել է» հանուն վեհ գաղափարի, սա մեզ հպարտություն է փոխանցում, չնայած երբեք չի մեղմացնելու մեր ցավը». կապիտան Սամվել Մատինյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Մարտունու շրջանի Ննգի գյուղում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սամվելը երկու քույրերի կրտսեր եղբայրն է: Սպասված էր նրա ծնունդը մեր ընտանիքում: Ինչպես սպասում էինք, որ իր ծնվելով լույս և ուրախություն է մեր տուն գալու, այդպես էլ եղավ: Շատ ակտիվ էր, սիրված, անընդհատ ուշադրության կենտրոնում և չափից դուրս բարի ու խղճով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Սամվելի մայրիկը:

Նշում է՝ որդին դպրոցում շատ լավ էր սովորում: «Նրա սերը ֆիզիկայի ու մաթեմատիկայի հանդեպ էր: Բուհ ընդունվելու և բարձրագույն կրթություն ստանալու համար Սամվելը դիմեց ԵՊՀ ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժին, ընդունվեց, զուգահեռ դիմել էր նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, կրկին ընդունվել էր: Երկուսի միջև ընտրություն կատարելիս ընտրեց ռազմական համալսարանը: Ռազմական գործի հանդեպ սերն ի հայտ եկավ վերջին դասարաններում, երբ ուսումնասիրում էին «Ռազմագիտություն» առարկան: Այնքան լավ էր հանձնել քննությունները, այնքան ճիշտ էր կատարել իր չափագրումները, որ իրեն ընտրել էին որպես հրետանավոր»: Երբ հարցնում եմ անհանգստությունների մասին, տիկին Գայանեն արձագանքում է՝ որդու սովորելու տարիներին դեռ պատերազմի մասին խոսք անգամ չկար, տեղային և այլ բնույթի մարտեր ևս չկային:

«Երբ ընդունվել էր, այդ պահին շատ ուրախացանք, բայց իրեն շատ դժվար ենք ճանապարհել: Երբ տնից գնում էր, սարսափելի դժվար էր: Մի քանի օր մեզ չենք «հավաքել»: Իրեն տեսանք քառասուն օր հետո՝ երդմնակալության արարողությանը: Ինչպիսի հանդիպում էր՝ և՛ մենք էինք լաց լինում, և՛ Սամվելը»: Ռազմական համալսարանում սովորելու երրորդ տարում՝ 2016 թ.-ին, Սամվելը պրակտիկայի է մեկնում Արցախ՝ Մեխակավան (Ջաբրայիլ): «Իրենք տեղ էին հասել, և գիշերը պատերազմը սկսվել էր: Այդ ժամանակ հենց Ջաբրայիլում էին եղել: Պատերազմի ավարտից հետո բարձրացել էին հենց այն նույն դիրքերը, որտեղից կռիվը սկսվել էր: Չգիտեմ՝ սպաների վերաբերմունքն էր հավանել, թե տեղանքը, բայց, երբ համալսարանն ավարտելիս ասել էին, որ կարող են Արցախում առաջնային սահմանագծում զորամասեր ընտրել և այնտեղ ծառայել, չէր մասնակցել վիճակահանությանը, գրել էր, որ ուզում է գնալ Մեխակավան»:

Լեյտենանտ Սամվել Մատինյանն ուղևորվում է Արցախ: Ծառայության ընթացքում ստանում է ավագ լեյտենանտի, իսկ լավ ծառայության համար վաղաժամկետ շնորհում են կապիտանի կոչում: Մայրիկն ասում է՝ որդին մի սահմանից՝ իր ծննդավայր Այգեհովիտից գնացել է մեկ այլ սահման: «Երբ արձակուրդների ժամանակ իր ընկերների հետ գալիս էր մեր տուն, միանգամից հասկանում էիր, թե որքան սիրված ու ընդունված է Սամվելը: Որոշ ժամանակ ծառայելուց հետո Սամվելն ինձ տարավ իր մոտ, այնտեղ որպես բուժքույր էի աշխատում: Մի տարի այնտեղ իր հետ ապրել եմ, պատերազմից կես տարի առաջ վերադարձել: Մեխակավանում հիմնականում ապրում էր սպայական կազմն ընտանիքներով: Կային խանութներ, վարսավիրանոցներ: Մի անգամ խանութում առևտուր էի անում, խանութպանը հարցրեց՝ կներեք, դուք անծանոթ եք, ո՞վ եք: Պատասխանեցի՝ Մատինյան Սամվելի մայրն եմ: «Որքան շնորհակալ ենք, որ այսքան լավ տղա եք դաստիարակել ու ճանապարհել մեզ մոտ: Մեզ միշտ հետաքրքրել է, թե ինչպիսի ընտանիք ունի նա»:

Նույնը նաև ասաց իրենց գնդի հրամանատարը: 2020 թ. հունվարի 1-ին իր հրամանատարի հետ եկել էին մեր տուն: Նա ասաց՝ միշտ ուզում էի գալ ձեր տուն, ծանոթանալ ձեզ հետ, հասկանալ, թե ինչ ընտանիքից է դուրս եկել Սամվելը, որ այսքան լավն է: Իր ընկերները, սպայական կազմը, հրամանատարներն ամեն տարի Սամվելի համար կարևոր՝ իր ծննդյան, հիշատակի օրերին, և ոչ միայն, մեր տուն են գալիս: Ընտանիքներով բարեկամացել ենք: Այնքան մտերմիկ երեկոներ ենք ունենում, ամեն ինչ այնքան լուսավոր է լինում, անգամ տխրությունը»: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Սամվելը Մեխակավանում էր: Մայրիկի խոսքով, առաջինը նրանց դիրքերի վրա են հարձակվել:

«Իր հրամանատարը, որը Սամվելին որդու, եղբոր, ընկերոջ պես է սիրում, հետագայում պատմեց՝ հարձակում է եղել իրենց դիրքերի վրա, Սամվելն իր մի քանի զինվորի հետ շրջափակման մեջ են հայտնվել. «Աղոթում էի, որ կարողանան դուրս գալ: Երկնքից կրակ էր թափվում: Մի քանի ժամ հետո ծխի, կրակի միջից Սամվելն իր զինվորների հետ դուրս եկավ, կարծես Աստված ինձ օրհնեց, կարծես իմ մի քանի տարի կորած հարազատին գտած լինեի»»: Տիկին Գայանեն ասում է, որ երբ հարակից վաշտերի հրամանատարներ են զոհվել, այդ վաշտերի տղաները միացել են Սամվելենց, և նա եղել է այդ ամբողջ մարտկոցի՝ 102 հոգու հրամանատարը: «Մեկ վիրավոր են ունեցել, որի վիրավորվելուց անմիջապես հետո տարել է բուժկետ, վիրակապել են, մի քանի օր մնացել է այնտեղ ու վերադարձել: Ասում են, որ բոլորին խիստ հանձնարարություն է տվել՝ կասկան գլխներից չհանել անգամ քնելուց: Իսկ ամենածանր պահերին նաև կատակներ է արել, ոգևորել տղաներին, նշում են՝ մեր ուրախությունն էր: Հատուկ հանձնարարությամբ մեկ զինվորի հետ նաև գնացել է արդեն թշնամու տիրապետության տակ անցած հատված, այնտեղ ավարտել իր գործողությունը և վերադարձել: Իր հրամանատարը՝ Խաչիկը, ասում է՝ երբ գնում էր, այնքան պինդ գրկեցի իրեն, վախ կար, որ կարող է հետ չգալ, աղոթում էի, որ հետ գար ու եկավ»:

Հոկտեմբերի 29-ին Սամվելը կարողանում է տուն գալ: Մայրիկը վերհիշում է՝ անասելի ծանր էին տրվում այն զրույցները, երբ հայտնում էր ընկերների՝ Լևոնի, Հարութի, Արմենի զոհվելու լուրերը: «Ինձ ասաց, որ Արմենը զոհվել է, «պիտի գամ, որ իրեն հրաժեշտ տամ»: Ու եկավ: Հողին հանձնեց իր ընկերոջը: Գիշերով տղաների համար անհրաժեշտ ամեն ինչ գնեց՝ հագուստ, ուտելիք, ծխախոտ: Հոկտեմբերի 30-ին առավոտ շուտ մեկնեց՝ «երեխեքը ինձ են սպասում, Խաչոյին մենակ եմ թողել, խոսք եմ տվել, որ շուտ եմ հասնելու»: Նոյեմբերի 1-ի գիշերը, երբ օրը փոխվում է, տեղ էր հասել»: Նոյեմբերի 2-ին Սամվելը զոհվում է Մարտունու շրջանի Ննգի գյուղում: Արկի մի փոքրիկ բեկոր դիպչում է նրա գլխին՝ զարկերակին, վայրկյանները վճռում են ամեն ինչ: Տղաները շտապում են բժշկի մոտ հասցնել Սամվելին, բայց ամեն ինչ անօգուտ է լինում: Տիկին Գայանեն հիշում է՝ երբ Սամվելը վերադառնում էր մարտի դաշտ, քույրը խնդրում է. «Սա՛մ, հանկարծ կասկադ գլխիցդ չհանես»:

«Նախքան պատերազմը քույրիկից Հայաստանի զինանշանով գլխարկ և վերնահագուստ էր խնդրել, պատվիրել էինք, սակայն, բնական է, պատերազմի պատճառով իրեն չէին հասել: Այդ օրը մեկնելիս հագավ այդ շապիկն ու գլխարկը և գնաց: Դեպքի օրն այդ հագուստով է եղել, հետո այդ շորերն ուղարկեցին մեզ: Նոյեմբերի 4-ին Սամվելն արդեն «տանն» էր»: Երբ հարցնում եմ Սամվելից հետո ուժ ստանալու աղբյուրի մասին, տիկին Գայանեն արձագանքում է. «Սկզբում թվում էր, թե ուրիշ իրականության մեջ ենք ապրում, երազ է, արթնանալու ենք, ու ամեն ինչ վերջանալու է: Հետո, երբ սկսում ես գիտակցել տեղի ունեցածը, ամենավատ շրջանում ես հայտնվում՝ քո ցավի հետ մենակ ես մնում: Իսկ հետո եկավ այն գիտակցումը, որ Սամվելը «գնացել է» հանուն վեհ գաղափարի: Միշտ եմ ասում՝ երանի նրան, ով «գնալու» է ինչ-որ մեծ գործ, սխրանք կատարած:

Մեր թեմի առաջնորդը՝ Բագրատ սրբազանը, որ մեզ շատ հարազատ մարդ է, և ում դերը շատ մեծ է, որ մենք ավելի խաղաղ և ուժեղ ենք, միշտ ասում է. «Երանի բոլոր այն տղերքին, որոնք գնացին հայրենիքի համար, որովհետև չկա դրանից ավելի մեծ սխրանք: Չկա ուրիշ որևէ մահ, որ կարող է ավելի վեր դասվել, քան երբ քո անձը զոհես հանուն ուրիշ մարդկանց»: Դա մեզ հպարտություն է տալիս, չնայած երբեք չի մեղմացնելու մեր ցավը: Տեսնում ես մարդկանց, որ այնքան մեծ սիրով են խոսում իր մասին, իր զինվորներին, որոնք գրում և հարցնում են, թե կարո՞ղ են ինչ-որ բանով օգտակար լինել մեզ: Նաև սա է մեզ հպարտություն փոխանցում»:

Հ. Գ. - Կապիտան, մարտկոցի հրամանատար, հրետանավոր Սամվել Մատինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», «Զորավար Անդրանիկ» մեդալներով, արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի թե՛ ծառայության տարիներին, թե՛ հետմահու: Նախքան շրջափակումը Սամվելի ընտանիքն Արցախի Հանրապետությունից տեղեկացել է, որ նա արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի, բայց հայտնի պատճառներով այն Տավուշ՝ Սամվելի ընտանիքին չի հասել: Այդ հարցով Տավուշի մարզպետարանը դիմել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությանը: Սամվելը հուղարկավորված է Այգեհովիտի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում












դիտվել է 33 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները