«Կոռուպցիա կա կոռուպցիա», բայց այն համակարգային չէ՞.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ իշխանությունները (կարևոր չէ, թե՝ որ) խրոխտ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մտապատկերում առաջ է գալիս սեփական պոչը բռնել ցանկացող շունիկի պատկերը: Սա տողերիս հեղինակի պատկերավոր դիտարկումը չէ, բայց այն չափազանց դիպուկ է՝ հատկապես փաշինյանական կառավարության վերջին նիստի ընթացքում հնչած որոշ «հակակոռուպցիոն» հայտարարությունների նախաբնութագրման համար: Հարցն այն է, որ երբ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչներն են խոսում կոռուպցիայի դեմ պայքարից, ապա այստեղ միայն գեղարվեստական պատկերով դժվար է բնութագրել երևույթը: Դա երևի այդպիսի գիտափորձ է՝ եփած հավերի ծիծաղը շարժելու նպատակով, ըստ որում՝ ոչ թե փոխաբերական, այլ ամենաուղիղ իմաստով:

Լավ, դեռ մի կողմ ենք դնում էկոնոմիկայի նախարարությունում «բռնոցի-կալանոցին», դրան շաղկապված թեմատիկ ճյուղավորումներն ու այլ ճառագայթները: Ինչ-որ բան հուշում է, որ իշխանամերձ ու իշխանամեջ անձանց հետ կապված այդ պատմության խմորը դեռ «ցիստեռններով» ջուր է քաշելու: Այնպես որ, դրա հետ կապված անդրադարձերի պակաս չի լինի:

Վերցնում ենք զուտ պետական գնումների հետ կապված դիտարկումը, որ կառավարության վերջին նիստում բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը: Քննարկվում էր գնումներին, կոռուպցիոն ռիսկերին առնչվող հարց, Փաշինյանը, որպես իրեն հենց նոր հայտնի դարձած մի մեծ գաղտնիք, նկատեց, թե գործարարները պետական գնումներին մասնակցելու հետ կապված ասում են. «Լավ, է՜, ձեր գնումներին մասնակցենք՝ ՊՎԾ-ն, ԱԱԾ-ն գալու են, մամուլը գրելու է...»:

Մի փոքր բացենք ասվածը: Խոսքն այն մասին է, որ ինչ-ինչ գործարարներ ասել են, որ եթե իրենք ներգրավվեն պետական գնումների գործընթացում, ապա իշխանության պատժիչ մարմինները կընկնեն իրենց ու իրենց ընկերությունների ետևից: Քավ լիցի, նման մարմինների պակասություն չկա՝ հարկային, վերահսկողական, ոստիկանություն, ԱԱԾ և այլն: Այստեղ հետաքրքիրը «եթե պետական գնումների մրցույթին մասնակցենք» ձևակերպումն է: Մենք, իհարկե, հակված չենք նրան, որ պետական գնումներին չմասնակցողները ճնշումների չեն ենթարկվում, սակայն հետաքրքիր է, թե ինչու են գործարարները շեշտադրում հենց պետական գնումները: Այ, այստեղ հետաքրքիր շերտեր կան: Եկեք մի պահ «հանգիստ թողնենք» Հայաստանում կոռուպցիան հաղթահարած լինելու մասին դեռ քանի տարի առաջ հպարտ-հպարտ ազդարարած Փաշինյանին ու մի փոքր բացենք նրա ականջին գործարարների հասցրած դառը ճշմարտությունը:

Այդ մարդիկ ի՞նչն են սխալ ասել:

Ակնհայտ է, որ «Նիկոլի թվի» Հայաստանում տնտեսավարումը, առավել ևս՝ պետական պատվերների հետ կապված գործընթացները քաղաքականացված են: Այդ ասպարեզում պատահական անձինք կամ ընկերություններ չեն էլ կարող հայտնվել: Նախ՝ այո, գործարարները միանգամայն հիմնավոր մտավախություններ ունեն, որ այս կամ այն պետական պատվերն ստանձնելու համար պայքարի մեջ մտնելու դեպքում իրենց դեմ կկիրառվեն զանազան ճնշումներ՝ «ֆավորիտ» ընկերության օգտին:

Երկրորդ՝ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ իր ընկերության մասնակցությունը կամ ավելի ճիշտ՝ հայտ ներկայացնելը չի օգտագործվելու ներկայացրած առաջարկությունները կամ գաղափարները կրկնօրինակելու և յուրացնելու, աշխատանքի կամ ծառայության գները նախապես պարզելու և դրանցից ավելի ցածր գներ նշելու, ինչպես նաև՝ գնման գործընթացին օրինականության պատրանք հաղորդելու նպատակով: Այսինքն՝ իբր, տեսեք, ամեն ինչ լավ է, մի քանի հայտ է եղել, մրցակցություն է եղել, ընտրվել է ամենից ցածր գին առաջարկողը, կա ամենից ձեռնտու տարբերակ առաջարկողը:

Երրորդ՝ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ եթե նույնիսկ ինքը մասնակցի գնման գործընթացին, չի հայտնվելու քաղաքական պարտադրանքի տակ, այսինքն՝ չեն ստիպելու իրեն, որ դառնա, կոպիտ ասած, «նիկոլական»: Դե, հրաժարվելու դեպքում... տեսեք վերը՝ ստուգումների մասին գործարարների խոսքերը՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ:

Եվ վերջապես, ոչ մի գործարար չի կարող վստահ լինել, որ Փաշինյանի կառավարության հետ գործ բռնելու դեպքում չի «քցվելու»: Այդ գործում, ի վերջո, փաշինյանական իշխանությունը չեմպիոնների չեմպիոն է: Է՛լ ավելին, ոչ մի գործարար չի կարող վստահ լինել, որ Փաշինյանի իշխանության պայմաններում «պետական պատվեր» ստանձնելու դեպքում հարկադրված չի լինելու պարբերաբար չնախատեսված մուծումներ անել հանրահայտ որոշ հիմնադրամների:

Շարունակությունն ավելի ճո՛խ է:

Եկեք միասին շնչադադար վերցնենք ու ինքներս մեզ հարց տանք. իսկ այդ ո՞ր կառավարությունը, ո՞ր վարչապետն է խոսում պետական գնումների ժամանակ մրցակցությունից և ՄՐՑՈՒՅԹԻՑ:

Սա այն կառավարությունն է, որն ուղղակի կարելի է անվանել «մեկ անձից գնումների» կառավարություն: Այսինքն, այս կառավարությունը պետական միջոցներով աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնումները, որպես կանոն, իրականացնում է առանց մրցույթների, իբրև թե՝ հրատապության կարգով, «մեկ անձից»: Մամուլը պարզապես հեղեղված է այդ մասին հրապարակումներով: Ու կապ չունի՝ ինչ-որ հուշանվերներ է ձեռք բերո՞ւմ ինչ-որ նախարարություն, թե՞ օտարերկրյա պատվիրակության են «ռեստորան տանում»: Արդեն չենք խոսում ասֆալտի, դպրոց կառուցելու, մոդուլային շինություն հավաքելու մասին, ցնցուղն ու կախիչն էլ՝ ձեզ փեշքեշ: Մեկ անձից գնել է, որ գնում են:

Ի՜նչ մրցույթ, ի՜նչ մրցակցություն...

Այնպես որ, եթե անգամ գործարարները Փաշինյանի կամ նրա որևէ կարկառունի ականջին բան են ասել, այդ «բանը» ակտուալ է և դեռ այնքան ակտուալ կլինի, որքան գոյություն կունենա այս իշխանությունը:

Վերադառնանք Փաշինյանին ու կոռուպցիան հաղթահարած լինելու մասին մի ժամանակվա նրա պնդումներին, նաև սրբագրումներին, թե՝ չէ, ոնց որ կոռուպցիա դեռ կա, բայց այն համակարգային չի... Հա, իր նախարարներից մեկն էլ էր նախօրեին այդ մասին խոսում՝ հենց վերջին «բռնոցի-կալանոցիի» թեմայի մեջ:

Իյա՜, իրո՞ք: Այսինքն, համակարգ արդեն չկա, դրա համար՝ համակարգային չէ՞, թե՞ մեկ այլ հասարակ մահկանացուներիս անհասկանալի նրբերանգ կա: Ի՞նչ ասել է՝ «համակարգային կոռուպցիա չկա» մի իշխանության պարագայում, որն ընդամենը «օրինականացրել» է անհիմն բարձր պարգևավճարումները, որի ներկայացուցիչները թանկարժեք անշարժ գույք ձեռք է, որ ձեռք են բերում, ի լրումն՝ կասկածելիորեն նպաստավոր պայմաններով վարկավորվելով: Ի՞նչ ասել է՝ «համակարգային կոռուպցիա չկա» մի իշխանության պարագայում, որի բարձրաստիճան ներկայացուցիչների ազգականները, բարեկամները, ընկեր-խնամիծանոթները ներգրավված են նույն իշխանության մեջ, այս մի քանի տարվա մեջ բիզնես «վերելք» են արձանագրել և այդպես շարունակ: Այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, քանզի իրապես շատ տխուր է: Ու ոչ միայն այս առումով...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի
Ամենաընթերցվածները