Ալիևը նոր թշնամիներ է փնտրում. հեռահար աքացիներ դեպի Ֆրանսիա ու Ռուսաստան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vz.ru-ն «Ադրբեջանը Հայաստանից հետո նոր թշնամի է ընտրել» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երդմնակալության խոսքում հայտարարել է արտաքին քաղաքական նոր հորիզոններ բացելու անհրաժեշտության մասին: «Եթե նախկինում մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը հայ-ադրբեջանական հակամարտության լուծումն էր, ապա այսօր այդ հարցը, կարելի է ասել, չկա օրակարգում»։ Ուստի, շարունակել է Ալիևը, պետք է գերակշռեն երկրի «արտաքին քաղաքականության այլ ուղղությունները»։ Նրա խոսքով, Բաքուն պետք է լինի «աշխարհում իսլամաֆոբիայի դեմ պայքարի առաջնագծում, նեոգաղութատիրության դեմ պայքարող երկրների կողքին»։

Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը «աջակցում է և կաջակցի, որպեսզի երկրագնդի երեսից ամբողջությամբ ջնջվի նեոգաղութատիրությունը»։ «Նեոգաղութատիրության գլխին կանգնածները թող իմանան, որ իզուր են սառը պատերազմ սկսել մեր դեմ... Մեր դեմ ուղղված քայլերին համարժեք պատասխան կտանք, իսկ մեր դեմ նենգ ծրագրեր պատրաստողները, վստահ եմ, այնպիսի պատասխան կստանան, որ կափսոսան դրա համար»,- հավելել է Ադրբեջանի նախագահը: Երևի թե Իլհամ Ալիևը որոշել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը տեղափոխել նոր մակարդակ։ Ադրբեջանի հեղինակությունը մեծապես աճել է Ղարաբաղում տեղի ունեցած բլից-կրիգից և Հայաստանի վրա շարունակվող ճնշումներից հետո։

Բաքուն տրամաբանորեն կարծում է, որ Ադրբեջանի դերն աշխարհում պետք է աստիճանաբար սկսի փոխվել։ Նա դեռևս չի հավակնում տարածաշրջանային գերտերության դերին (Թուրքիան և Իրանը դեռ «կենդանի» են, դա դժվար է պատկերացնել), բայց միանգամայն հնարավոր է, որ նա սկսել է հավակնել այնպիսի ավելի բովանդակալից դերի, քան պարզապես Հայաստանին աստիճանաբար սեղմելը: Հարցը միայն այն է, թե ինչպե՞ս ձևակերպել դա, և լայն իմաստով քաղաքակրթական ի՞նչ նախագիծ է Ադրբեջանը պատրաստվում շահարկել։ Բայց այդ ամենում կան որոգայթներ: Մասնավորապես, «իսլամաֆոբիայի» դեմ պայքարը կնշանակի հակամարտություն առնվազն Իսրայելի հետ։ Իսկ Բաքուն սերտ շփումներ ունի այդ երկրի հետ։ Նեոգաղութատիրության դեպքում էլ ավելի դժվար է:

Այնպես է ստացվել, որ նախորդ տարիներին Ադրբեջանը Չմիավորման շարժման նախագահն էր (այդ շարժումը դեռ կենդանի է), և նոյեմբերին Բաքվում կայացել է այդ շարժման հերթական համաժողովը։ Դա Իլհամ Ալիևի համար ձեռնտու հարթակ էր դարձել բարձրաձայնելու և կոնկրետացնելու նեոգաղութատիրության մասին իր տեսլականը։ Չնայած պաշտոնապես Իլհամ Ալիևի զեկույցը վերաբերում էր կանանց, քանի որ Բաքվում շարժման համաժողովի թեման էր «Իրավունքների զարգացումը և կանանց հզորացումը», այնուամենայնիվ, Ալիևը նշել էր, որ Ադրբեջանը Չմիավորման շարժման նախագահության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձրել ապագաղութացման օրակարգին։ Իհարկե, նա խոսել էր նաև կանանց մասին:

Ալիևը նշել էր, որ գաղութատիրությունը բացասաբար է անդրադարձել նաև կանանց իրավունքների վրա։ Սակայն կանանցից հետո Իլհամ Ալիևը հատուկ ուղերձ է հղել Բաքվի համաժողովի մասնակիցներին՝ «Նեոգաղութատիրություն, մարդու իրավունքների խախտում և անարդարություն» վերնագրով։ Նրա կոչի հիմնական ուղերձը եղել է այն, որ մարդկության գաղութատիրական պատմության արյունալի հանցագործությունների մեծ մասը կատարել է Ֆրանսիան։ Կոչում նշվել է, թե Ֆրանսիան օկուպացրել է Աֆրիկայի, Հարավարևել յան Ասիայի, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի տասնյակ երկրներ, թալանել է նրանց հարստությունը, երկար տարիներ պահել նրանց ժողովուրդներին ստրկության մեջ, այդ տարածքներում կատարել բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ հանցագործություններ, Ֆրանսիայի զինված ուժերը ցեղասպանության են ենթարկել հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների՝ ելնելով նրանց էթնիկ և կրոնական պատկանելությունից։

Ալիևի խոսքով, Ֆրանսիան նաև այն երկրներից է, որն օգտագործում է աշխարհում ամենամեծ թվով ականներ։ Եվ հետո՝ տրամաբանական անցում: «Ֆրանսիայից հետո այդ ցուցակում նրա մերձավոր դաշնակից Հայաստանն է։ Պատճառներից մեկը, որը սերտորեն կապում է այս երկու երկրներին միմյանց հետ, նրանց փորձն է ականային ահաբեկչության ոլորտում»,- ընդգծել է Ալիևը: Ներկայում հենց Փարիզն է Բաքվի համար ներկայացնում ոչ միայն Հայաստանի հավաքական արևմտյան դաշնակից, այլ նաև, ընդհանրապես, հակաադրբեջանական ընդհանուր չարիքի տեսակ։ Բաքուն այժմ արագացնում է իր հակամարտությունը Ֆրանսիայի հետ, քանի որ հենց ֆրանսիացիներն են փորձում ստանձնել «Հայաստանի պաշտպանի» դերը և սկսում են զենք մատակարարել Երևանին։

Բաքվին, իհարկե, չի հաջողվի խարխլել Ֆրանսիայի այդ դիրքորոշումը, սակայն «հիմնական գաղութարարի» դեմ պայքարի համար կարելի է գաղափարական ֆոն ստեղծել։ Մյուս կողմից՝ Իլհամ Ալիևը սկսել է գործել այնպիսի խորհրդանիշներով, որոնք չափազանց լայն են, որպեսզի ներառեն միայն Ֆրանսիայի հետ առճակատումը։ Նեոգաղութատիրության նարատիվն այժմ լայնորեն կիրառվում է ազատական միջավայրի կողմից ընդդեմ Ռուսաստանի, և «Ռուսական Կայսրության ժառանգության դեմ պայքարը» դարձել է արևմտյան քաղաքականության քարոզչական և դիվերսիոն ոլորտներից մեկը։ Ադրբեջանում «հակագաղութային» ոգով հակառուսական հռետորաբանությունը համարվում է դեռ մարգինալ, սակայն քաղաքական անհրաժեշտության դեպքում մարգինալությունից դեպի հիմնական անցումը շատ կարճ կտևի։ Եվ դա հատկապես Ղարաբաղում տարած հաղթանակից էյֆորիայի այն մթնոլորտում, որը շարունակում է սնուցել Ադրբեջանի մշտական ճնշումը Հայաստանի վրա։

Եթե Բաքուն հանկարծ իր «հակագաղութային» մոտեցումը շրջի Ռուսաստանի դեմ ինչ-որ լոկալ քաղաքական նպատակ լուծելու համար (օրինակ՝ «Զանգեզուրի միջանցք», ապա դա միանգամայն իրագործելի է։ Իհարկե, դա մշակութային և քաղաքական առումով ավելի դժվար կլինի, քան հեռավոր Ֆրանսիային հեռակա աքացի տալը։ Ռուսաստանն ու Ադրբեջանը շատ ավելի խոր և ամուր հարաբերություններ, շատ ավելի բարդ փոխկախվածություն ունեն: Այնուամենայնիվ, անխոհեմ կլիներ հերքել Ադրբեջանի կողմից «հակագաղութայնություն» կոչվող զենքի կիրառման բուն տեսական հնարավորությունը ավելի լայնորեն, քան միայն ֆրանսիացիների դեմ: Իլհամ Ալիևի քաղաքական հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները