«Չեմ հավատում, որ Արամս էր, սպասում եմ, որ գալու է, դա է ուժ տալիս». բժիշկ Արամ Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Ջրականում, ամփոփվել Եռաբլուրում 11 ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարև, Սասունցի Դավիթ: Դու շատ համարձակ, ներողամիտ, ազնիվ և քաջ ես: Ես կցանկանայի, որ իմ ընկերը լինեիր, սովորեիր մեր դասարանում: Ես կսովորեցնեի քեզ գրել, կարդալ, և դու կիմանայիր, որ Մսրա Մելիքի նման խարդախները միշտ պարտվում են: Եվ դու չէիր ընկնի Մսրա Մելիքի ծուղակը: Այսպիսով, ավարտում եմ նամակս: Քեզ հարգող, միշտ հիշող Ստեփանյան Արամ»: Արամը 2005 թ.-ին՝ երրորդ դասարանում նամակ է գրել Սասունցի Դավիթին: Նամակի վերջում ավելացրել է ամսաթիվն ու հայրենի քաղաքի՝ Արտաշատի անունը: Տարիներ անց մայրիկը գտել է նամակը, մասունքի պես պահում է այն: Աշխույժ ու ակտիվ Արամը հայրենասեր էր, ընկերասեր, արդարամիտ, ճշմարտության համար պայքարող: «Չնայած աշխուժությանը, ամեն ինչի մեջ չէր ընկնում, փորձում էր շատ լսել, երբ պետք էր, խոսում էր: Կռվարար չէր, հակառակը՝ սիրում էր բոլորին հաշտեցնել: Դպրոցում լավ էր սովորում: Եվ անգամ կարող էր ուղղումներ անել: Օրինակ՝ մի օր քիմիայի ուսուցչուհուն ասել էր, որ խնդիրը սխալ է գրել, պատասխանն էլ սխալ է ստացվելու: Դե, ուսուցիչներն էլ չեն սիրում, երբ իրենց ուղղում են»,զրույցի ժամանակ ասում է տիկին Ջավահիրը՝ Արամի մայրիկը:

Նրա խոսքով, ինչպես ուսուցիչները ներկայացնում էին դասը, նույն կերպ Արամը մատուցում էր, գիրքը կարող էր չբացել: «Առարկաներից սիրում էր Հայոց պատմությունը: Շատ էր սիրում, երբ իր համար ընթերցում էի, ավելի լավ էր ընկալում: Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ էի ընթերցում, հաճույքով լսում էր: Սիրում էր մաթեմատիկան: Հինգ տարեկանում մինչև իննի աղյուսակը գիտեր: Պապիկն էր սովորեցրել: Անգիր անել չէր սիրում, պետք է հասկանար այն, ինչի մասին գրում էր, այն, ինչ պատմում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արամի մայրիկը:

Դպրոցին զուգահեռ Արամը նաև սպորտի է հաճախել, բայց ըմբշամարտից հրաժարվել է և ստիպել ծնողներին իրեն շախմատի տանել: «11 տարեկան էր, ուսուցիչն ասաց, որ ավելի վաղ տարիքից պետք է շախմատի հաճախել: Հետո հավելեց՝ երկու հարց կտամ, եթե հասկանամ, որ ընդունակ է, կվերցնեմ իրեն որպես աշակերտ: Արդյունքում Արամը սկսեց հաճախել շախմատի դասերի: Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան դպրոցի անունից մասնակցել են շախմատային մրցաշարերի, իրենց՝ երեք տղայից և մեկ աղջկանից կազմված խումբը երեք անգամ մեդալի է արժանացել: Վերջին անգամ մրցումների էին մասնակցում Արցախում: Բժշկական համալսարանում սովորելու տարիներն էլ շախմատային մրցումների էր մասնակցել, մեդալի արժանացել»: Դեռ ատամհատիկին է Արամն ընտրել բժշկի մասնագիտությունը: Տիկին Ջավահիրի խոսքով, որդին նաև շատ էր ազդվել, երբ տարիներ առաջ սխալ վիրահատության հետևանքով պապիկը կուրացել էր:

«Ասում էր՝ այնքան լավ բժիշկ պետք է լինեմ, որ նման սխալներ թույլ չտամ»: Արամն ընդունվում է Բժշկական համալսարան, ինչն ընտանիքի համար մեծագույն ուրախություն էր: «Սիրում էր բարձր կուրսերի հետ դասի նստել, երբ իրեն ասում էի, որ չի կարելի, դժգոհում են, պատասխանում էր՝ մա՛մ, ինձ հետաքրքիր է»: Արամը սովորում էր ռազմաբժշկական ֆակուլտետում: «Ամեն տարի ռազմաբժիշկներին 2 ամսով տանում էին զորամասեր: Արդարություն էր ուզում հաստատել ամենուր, զորամասերից մեկում զինվորներին տրված ուտելիքի գույնն այլ էր եղել, իրեն դուր չէր եկել: Արամն ընդդիմացել էր, առհասարակ, փորձում էր օգտակար լինել զինվորներին ինչով կարող էր»: Տիկին Ջավահիրի խոսքով, 2019 թ.-ի քննություններից մեկի պատասխանները դասախոսը լիարժեք չի համարում, քննությունը չի նշանակում:

«Արամին զորակոչեցին ծառայության: Կարգն էր այդպիսին: Ծառայելուց հետո պետք է վերադառնար, հանձներ իր քննությունը: Մեկնեց Ջրական՝ որպես ռազմաբժիշկ: Արամս տարված էր վնասվածքաբանությամբ: Ընտրել էր այդ մասնագիտացումը: Վնասվածքաբան-օրթոպեդ Լևոն Ժամագործյանի հետ երեք անգամ մասնակցել է վիրահատությունների: Տղաները պատմում են, որ եթե ձեռքի տակ գործիքներ ունենար, հենց մարտի դաշտում վիրահատություններ կաներ, կապում էր, ֆիքսում վնասվածքները, օգնում բոլորին»: Սկսվեց պատերազմը: «Նախքան պատերազմական օրերի մասին պատմելը, նշեմ, որ Արամս պետք է արձակուրդ գար, սակայն օրերը «հավաքում» էր, որպեսզի եղբոր նշանդրեքին տանը լիներ: Ինձ հետ զրույցում նաև հասկացրեց, որ իր ընկերուհու տուն էլ պիտի գնանք: Ուրախությանս չափ չկար: Օգոստոսին զանգեց, ասաց, որ ուզում է հետախուզության դասակում ծառայությունը շարունակել: Հարցրեցի, թե ինչու, ասաց, որ դեռ մտածում է, բայց օրդինատուրա ընդունվելու ժամանակ դա արտոնություն կդառնա անվճար սովորելու համար: Ընթացքում զրուցում էինք, իրեն ավագ սերժանտի կոչում էին տալու, հրամանը գալու էր սեպտեմբերի 25-ին, այդ ժամանակ էլ սերժանտի կոչումով պետք է տուն գար:

Սեպտեմբերի 23-ին զանգեց՝ մա՛մ, շատ խառն եմ, կզանգեմ: Բայց գլխի չէի ընկնում, թե ինչ է կատարվում: Հետո արդեն իմացանք, որ սեպտեմբերի 25-ին իրենց զորամասից հրետանին դուրս են բերել, թաքցրել, բայց դրա տեղը թշնամին ևս իմացել է: Սեպտեմբերի 27-ին արդեն եղբորն է զանգել՝ ապե՛ր, կռիվը սկսվել է, մամայենց լավ կնայես: Երբ եղբայրը հարցրել է, թե որտեղ է, արձագանքել է՝ տարբեր տեղեր, չեմ կարող ասել: Մեծ տղաս ասել է, որ ջոկատով կմիանան իրենց, իսկ Արամը խորհուրդ է տվել՝ ապե՛ր, զգույշ կլինես: Արամը վստահ էր, որ եղբայրը գնալու է իր մոտ»: Երկրապահների խմբով տիկին Ջավահիրի ավագ որդին սեպտեմբերի 30-ին արդեն Ջրականում էր: «Տղաներն անտառներում են եղել, թփերում, Արամն իր ընկերներին ասել է՝ եթե մեզ ձայն տան, մինչև եղբայրս անունը չտա, դուրս չենք գալու, գիտեմ, որ եղբայրս ջոկատով գալու է: Եվ միայն Զորոյի անունը լսելուց հետո են տղաները թաքստոցից դուրս եկել: Սեպտեմբերի 29-ին ինձ հետ խոսել է՝ մա՛մ, հեռախոսիս քարտը և իմ բանկային քարտը անվավեր ճանաչիր, որովհետև դուրս ենք եկել զորամասից ու ամեն ինչ թողել այնտեղ, թող օտարի ձեռքը ոչինչ չընկնի: Արամն ասաց, որ թշնամին մտել է զորամաս, իսկ զինվորները կարողացել են հակառակ կողմից դուրս գալ: Կարող ենք, չէ՞, կասկածներ ունենալ, որ թշնամին հստակ իմացել է, թե ուր է գալիս»:

Հոկտեմբերի 1-ին մայր ու որդի զրուցել են: Տիկին Ջավահիրն ասում է՝ որդու ոգին տեղն էր, մեկ րոպե անգամ չի մտածել նահանջի մասին: Արամի ավագ եղբայրը շրջափակման մեջ է հայտնվել 12 օր, իսկ Արամի ուղղությունը դեպի Ջրական էր, նշել է, որ շատ լավ տղաների հետ է ծանոթացել: Նախքան այդ հասցրել է լինել Կարմիր շուկայում և այլ վայրերում, օգնություն ցույց տալ զինվորներին: Կյանքեր է փրկել, իր ձեռքերի վրա նաև զինվոր է մահացել, ինչն ընկերների խոսքով մեծագույն ցավ էր Արամի համար, որ չկարողացավ փրկել, որ ինչ-որ բան անելն իր ուժերից վեր էր: Ճակատագի՞ր է, թե՞ ինչ, բայց երկու եղբայր իրար մոտ են եղել, մի քանի դիրք այն կողմ, բայց անտեղյակ եղել դրանից: Մայրիկի խոսքով, չեն ունեցել ռացիա, անհրաժեշտ իրեր, զենք:

Հոկտեմբերի 3-ի լուսադեմին Արամը Ջրականում անմահանում է, ասում են, որ ձեռնամարտի են բռնվել թշնամու հետ: Արամը տուն է «վերադառնում» 11 ամիս անց: Մի քանի ԴՆԹ հետազոտություն է իրականացվել, բայց, ի վերջո, ընտանիքը Սևանի դիահերձարանում է «գտել» որդուն: Արամը ճանաչելի չի եղել, մայրիկի խոսքով, ասել են. «Ձեր որդին է, եթե «չվերցնեք», եղբայրական գերեզմանատանը կհուղարկավորենք»: Բժիշկ Արամի մասին զրույցը լուսավոր, ցավոտ, բազում անպատասխան հարցերով ստացվեց: «Մինչև հիմա չեմ հավատում, որ Արամս էր, սպասում եմ, որ գալու է, երևի դա է ուժ տալիս: Չգիտեմ՝ մայրական սի՞րտս է, թե՞ ինչ, բայց չեմ հավատում: Անընդհատ խոսում եմ իր հետ, բայց կարոտը խեղդում է: Մի խոսք ուներ, ասում էր՝ մեր երկիրը դեպի լավը պետք է փոխեմ, չգիտեմ, թե ինչո՞ւ էր նման բան ասում»:

Հ. Գ. - Արամ Ստեփանյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և ԵԿՄ-ի «Հայրենիքի պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մեսսին և ընկերները մնացին առանց գլխավոր մարզչի. «Ինտեր Մայամի»-ի գլխավոր մարզիչը անսպասելիորեն հրաժարական է տվել. աղբյուր «Մտեք ռեստորաններ, տեսեք՝ ինչ է կատարվում։ Էդքանն ուտելու՞ ես, որ պատվիրել ես». Դավիթ Հակոբյան
Ամենաընթերցվածները