«Որքան ուժեղ էր, նույնքան էլ բարի. եթե իրենից հետո կարողացա ապրել, դա ինձ փոխանցված իր ուժն է». կրտսեր սերժանտ Հարություն Նիկոլյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Կարմիր շուկայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ ու խելացի էր Հարությունս: Շատ էր սիրում սպորտը: Սկզբում հաճախեց կարատեի, այնուհետև ըմբշամարտի: Կարատեի՝ Հայաստանի չեմպիոնի տիտղոսն է նվաճել, այդ ժամանակ 10-11 տարեկան էր: Մեկնել է նաև Վրաստան մրցումների: Հետո սկսեց ըմբշամարտի հաճախել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հարությունի մայրիկը:

Նշում է՝ որդին փոքրուց շատ բարի էր: «Որքան ուժեղ էր, նույնքան էլ բարի էր»: Մայրիկի խոսքով, Հարությունը դպրոցում շատ լավ էր սովորում: «Չորրորդ դասարանում իր ուսուցչուհին իրեն մաթեմատիկոսի տիտղոս շնորհեց: Շատ էր սիրում նաև «Պատմությունը»: Հենց այդ գծով էլ որոշել էր շարունակել իր ուսումը: Ընդունվեց Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ, բայց ուսանող լինել չհասցրեց: Ընդունվեց, օրեր անց զորակոչվեց ծառայության: Պետք է բանակից գար ու շարունակեր ուսումը, բայց չեկավ...»: Հարությունն ընտրություն չի կատարել սպորտի և պատմության միջև: «Այնպես չէ, որ նա սպորտը թողել էր, և՛ սպորտն էր իրենը, մտադիր չէր այն թողնել, և՛ պատմությունը, մտադիր էր այդ ուղղությամբ բարձրագույն կրթություն ստանալ: Այնքան աշխույժ և խելացի էր, որ ամեն ինչ հասցնում էր, երբեք ինքն իրեն ընտրության առջև չի դրել: Ամեն ինչ սիրում էր այս կյանքում, կյանքն էր սիրում: Հարությունն ուրիշ էր, կարծես ընտրված լիներ»:

2019 թ.-ի հուլիսի 9-ին Հարությունը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտ՝ Ցորի զորամաս: Հարությունը կրտսեր սերժանտ էր, ԲՄՊ-ի հրամանատար: Մայրիկի խոսքով, սիրով է մեկնել ծառայության: «Հայրիկն Ուկրաինայում էր: Իրեն անգամ ասում էի՝ ծանուցագիրը մի քիչ ուշ վերցրու, որ պապան գա, հետո մեկնես ծառայության: Ասաց՝ չէ, մա՛մ, երբ տվել են, այն ժամանակ էլ վերցրել եմ ու այդ օրն էլ կգնամ: Հարութս մկրտված չէր, ուզում էինք, որ հայրիկը գա, մկրտվի մեր տղան, հետո բանակ ճանապարհենք: Հասցրեցինք ամեն ինչ կազմակերպել: Հայրիկը հուլիսի մեկին եկավ Հայաստան, ամսի վեցին մկրտությունն էր, ութի երեկոյան մեռոնից հանել ենք, իսկ 9-ի առավոտյան ճանապարհել ենք ծառայության: Երբեք ու երբեք չի դժգոհել ծառայությունից, պատկերացրեք, որ չեմ զգացել, թե բանակում զինվոր ունեմ: Ամեն օր զրուցել եմ իր հետ: Միշտ ասում էր՝ «մե՛րս, ամեն ինչ տոչնի ա, ամեն ինչ նորմալ»»:

Անգամ պատերազմի ծանր օրերին որդին մայրիկին հավատացրել է, թե ամեն ինչ կարգին է: «Միայն մեկ անգամ 32 ժամ չի զանգել: Ամեն հնարավոր տարբերակով մեզ հետ կապ էր հաստատում: Ճիշտ է, կապ չկար, լինելուց էլ շատ վատն էր, բայց ամեն ինչ անում էր, որ իր ձայնը լսենք ու իմանանք, որ իր հետ ամեն բան կարգին է: Ասում էր՝ մա՛մ, ու միայն այդքանը մեզ բավական էր, կարևորը՝ իր ձայնը լսում էինք: Կարող էր հետո կապն ընդհատվել, բայց մի փոքր հանգիստ էինք, որ իր ձայնը լսեցինք: Պատերազմի ժամանակ էլ երբեք չի ասել, որ բարդ է, նեղության մեջ է՝ «տոչնի ա, մե՛րս, լավ ա լինելու, մե՛րս»: Բայց հիմա իր ընկերներն են պատմում, որ ոչինչ էլ «տոչնի» չի եղել, ռումբերը կարկուտի նման թափվել են երեխեքի վրա: Հարցնում էի՝ տղե՛ս, հաց կերե՞լ ես, արձագանքում էր՝ հա, մե՛րս: Բայց տղաները հիմա պատմում են, որ օրերով հաց չեն կերել: Մի օր զանգեց՝ մե՛րս, ես էլ ԲՄՊ չունեմ, էլ ինձ ԲՄՊ չեն տալիս, ինձ տվել են РПК, դրանով եմ կրակում»: Ցորից՝ Ջրական, հետո՝ Հադրութ ու Վարանդա, վերջում՝ Կարմիր շուկա:

Հենց այնտեղ էլ անմահացել է Հարությունը՝ 38 օր կռիվ տալով թշնամու դեմ: «Նոյեմբերի 3-ին է զոհվել՝ Կարմիր շուկայում: Ժամը մեկն էր, զանգեց ինձ: Այնպիսի ձայներ էին լսվում, երբեք դրանք չեմ մոռանա: Հարցրեցի, թե ի՞նչ ձայներ են, «որտե՞ղ ես, տղե՛ս», գիտեի, թե ինքը Ստեփանակերտում է, Ցորում, պատասխանեց. «Մե՛րս, քաղաք է, աղմուկ է, մի մարդ իր քարի ցեխն է թողել, գնացել, մեկը մի ուրիշ բան, դրա համար խառը ձայներ են: Չնեղվես: Լավ, մե՛րս, կզանգեմ»: Ժամը երեքին ինքը զոհվել է: Իր զոհվելուց հետո մեր բարեկամները պատմում էին՝ զանգում էինք Հարութին, ասում՝ տղա՛ ջան, թե մի հնար կա, արի, կգանք քո հետևից: Իսկ Հարութս պատասխանել է՝ երբեք, երբեք չեմ թողնի ու գամ»: Որդու տուն «վերադարձի» ճանապարհը մայրիկը հեքիաթի է նմանեցնում: «Ամսի երեքին զոհվել է, վեցին իր հոգեհանգիստն էր:

Իրենից ոչինչ պակաս չէր, կարծես քնած լիներ: Երևի Աստված իմ աղոթքները լսեց ու իրեն գոնե այդպես ու ավելի շուտ ինձ վերադարձրեց: Գոնե ես իրեն տեսա: Բոլորն ինձ ասում էին, որ Հարութս ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում, գնում են՝ տեսնեն, թե որտեղ է: Իսկ ես ասում էի՝ թող միայն շնչի, ապրի: Իր զոհվելու օրը Գորիս-Արցախ ճանապարհը փակ էր, ոչ մի մեքենա չէր անցնում: Ես էլ մտածում էի՝ բա իմ երեխեն վիրավոր է, ո՞նց են բերելու: Իրեն բերել էին Մարտունիի դիահերձարան»: Իսկ հիմա Հարութի ընտանիքին մնացել են միայն հուշերը: «Տարիների հետ ավելի է դժվարանում, կարոտը խեղդում է, հիմա ինձ համար ավելի ծանր է: Անընդհատ մի միտք, գուցե այն նաև վախ կոչեմ, ներսումս պտտվում է՝ Աստված իմ, հանկարծ չմոռանամ Հարութիս խոսքերը, բառերը, դեմքը»: Ապրելու ուժի մասին խոսելիս տիկին Գայանեն ասում է՝ երևի Հարութիս ուժն է փոխանցվել երկնքից:

«Եթե իրենից հետո կարողացա ապրել, դա ինձ փոխանցված իր ուժն է: Ոչ ոք իրեն չի փոխարինի: Իմ երկու աղջկա համար եմ ապրում, պայքարում, բայց պահ է գալիս, երբ ներսումս ամեն ինչ գլխիվայր է շրջվում: Իմ երեք երեխային էլ անսահման շատ եմ սիրում, բայց Հարութիս հանդեպ սերն այլ է: Իր մատը փուշ մտներ, ամբողջ գիշեր կնստեի իր կողքին, ասում էր՝ հո երեխա չեմ, գնա քնի, մա՛մ: Այդպիսին էր մեր կապվածությունը: Բայց հիմա ես կարողանում եմ առանց իրեն ապրել: Գնում, գալիս էր, համբուրում էր ինձ, երբեմն իրեն ասում էի՝ տղա՛ ջան, հերիք է գնաս, գաս, պաչես: Հիմա այնքան եմ փոշմանել, որ նման բան եմ ասել»:

Հ. Գ. - Հարություն Նիկոլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ջրաշենի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները