«Սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել». Մեսրոպ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, ընկերասեր, համբերատար ու աշխույժ երեխա էր Մեսրոպս: Երբ մեծացավ, ավելի ծանրակշիռ դարձավ, ավելի խորն էր դատում, հարցերին այլ տեսանկյունից մոտենում: Շատ նպատակներ ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Օվսաննան՝ Մեսրոպի մայրիկը:

Մեսրոպը ծնվել է Սյունյաց աշխարհում՝ Շինուհայր համայնքում: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցից հետո ուսումը շարունակել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լրագրության բաժնում՝ որպես մարզական մեկնաբան։ Տիկին Օվսաննան նշում է՝ որդին շատ էր սիրում ֆուտբոլը: «Մեզ մոտ ֆուտբոլի հաճախելու հնարավորություն չկար, չկարողացանք իրեն սպորտի տանել, և արդյունքում Մեսրոպը որոշեց, որ պետք է սպորտային մեկնաբան դառնա: Ընդունվեց, սովորեց, մոտ մեկ տարի աշխատեց լրագրության գծով, ոչ միայն որպես սպորտային մեկնաբան: Մանկությունից իր համար ֆուտբոլը մի ուրիշ աշխարհ էր»: Մեսրոպը ծառայել է Հայկական զինված ուժերում: Ծառայության առաջին ամիսներն անցել են Արտաշատի ուսումնական զորամասում, այնուհետև ծառայությունը շարունակել է Տավուշի մարզի Իջևանի թիվ N զորամասում՝ որպես կապավոր: Ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում, արժանացել պատվոգրերի:

«Քառօրյա պատերազմի ժամանակ չնայած Արցախ չի մեկնել, բայց դիրքային ծառայություն է իրականացրել»: 44-օրյա պատերազմի ժամանակ Մեսրոպը կամավոր է մեկնել մարտի դաշտ: Մայրիկի խոսքով, պատերազմի սկսվելուց դեռ շաբաթներ առաջ ասում էր՝ պատերազմ է լինելու: «Անընդհատ լրատվության մեջ էր, աշխատում էր, գուցե տեղեկատվությունն էր վերլուծում և կանխատեսում պատերազմը: Սեպտեմբերի 27-ից մեկ շաբաթ առաջ էլ ասաց, որ կռիվ է լինելու: Զարմացանք՝ ո՞նց թե կռիվ է լինելու, արձագանքեց՝ կտեսնեք: Եվ, իրոք, պատերազմը սկսվեց: Անընդհատ ասում էր՝ գնամ զինկոմիսարիատ: Ես թույլ չէի տալիս, բայց ինքը պատճառաբանում էր, թե ուղղակի գրանցվելու է, մեկ է, հիմա իրեն չեն տանելու: Հետո մեզանից գաղտնի գնացել և կամավորագրվել էր, որ մեկներ Արցախ: Շատ հետո ենք արդեն իմացել այդ մասին»: Հոկտեմբերի 5-ին Մեսրոպը ճանապարհ է ընկնում Արցախ:

«Այնքան էր գնացել զինկոմիսարիատ, որ իրեն զանգեցին, կանչեցին: Գորիսի գրանցում ուներ, այնտեղից իրեն պետք է կանչեին ու զորակոչեին, բայց այնքան շատ էր գնացել Շենգավիթի զինկոմիսարիատ, էլ ասելու չէ: Վերջերս իմացանք, որ իրեն անընդհատ հետ են ուղարկել՝ տղա՛ ջան, գնա՛, պետք լինես, կկանչենք: Բայց չէ, այնքան գնաց ու եկավ, մինչև զանգեցին իրեն: Ես գիտեի, որ իմ տղան հայրենասեր էր, բայց որ այդ կարգի, երևի ինձ համար էլ էր բացահայտում: Հոկտեմբերի 5-ի առավոտյան, զանգը ստանալով, ուղևորվեց Արցախ: Այդ ժամանակ չգիտեինք, թե որտեղ էր, հետո իմացանք, որ Վարանդա են տարել իրեն»: Ութ օր Մեսրոպը պայքարել է թշնամու դեմ: «Մինչև հոկտեմբերի 13-ը իր հետ կապի մեջ ենք եղել, բայց այդ ընթացքում մի երկու օր չի զանգել: Զրույցները հիմնականում նրա մասին էին, որ լավ է, ամեն ինչ լավ է, երբեմն էլ հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում, ի՞նչ է լինելու, հրադադար լինելո՞ւ է: Երկար չէր խոսում՝ ընկերներս կանչում են: Բայց փեսայիս, մյուսների հետ կիսվում էր, ինչպես գիտեք, տղաները մայրիկներին ամեն բան չեն ասել»:

Վերջին անգամ ընտանիքը Մեսրոպի հետ խոսել է հոկտեմբերի 13-ի առավոտյան ութն անց կես: «Բայց որպես իր զոհվելու օր նշված է հոկտեմբերի 14-ը: Վերջին զանգից հետո իրենից այլևս որևէ տեղեկություն չենք ունեցել»: Մեսրոպը բեկորային վնասվածք է ստանում և անմահանում: Նրա «տունդարձի» ճանապարհը երկար է տևում: Մինչ այդ օրեր, շաբաթներ ու ամիսներ տևող փնտրտուք, անհայտություն: 2021 թ.-ի հունվարի 4-ին ԴՆԹ-ն հաստատում է Մեսրոպի ինքնությունը: «Մինչ այդ մենք որևէ տեղեկություն չենք ունեցել իրենից: Մեզ անգամ ասում էին, որ տղաները բունկերում են, շուտով դուրս կգան: Բայց պատերազմը վերջացավ, մենք էլի նորություն չունեինք իրենից: Հետո արդեն անալիզներ հանձնեցինք, և 2021 թ.-ի հունվարի 4-ին մեզ հայտնեցին, որ համընկնում կա»: Մեսրոպը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ յուրովի է տանում իր ցավը, բայց ապրում են, որ ապրեցնեն Մեսրոպի անունը:

«Մարդիկ պետք է ճանաչեն մեր տղաներին: Հենց դա է նաև ինձ ուժ տալիս: Սկզբում չէի ուզում ապրել, բայց հետո սկսեցի այդ հույսով ապրել, որ Մեսրոպի մասին խոսեմ, պատմեմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել մտքի հետ, որ ինքը չկա: Չեմ տեսել իրեն ու երևի մինչև վերջ էլ իրեն կսպասեմ: Երազներին հաճախ է գալիս: Իմ երազներում ես իր դեմքը համարյա չեմ տեսնում, խոսում եմ իր հետ, բայց վերջում ուրիշի դեմք եմ տեսնում: Բայց այլոց երազներին գալիս է ու ասում, որ մահացած չէ: Անգամ իր ընկերոջ երազում է եկել՝ ես մահացած չեմ, ես Եռաբլուրում չեմ, ինչո՞ւ եք գնում Եռաբլուր:

Երազներում միշտ այդ խոսքն է ասում, գուցե ինձ է հուսադրում ուրիշների միջոցով, չգիտեմ: Ես սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել: Սուտ է, որ ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ցավն ավելի է խորանում: Սկզբում մի տեսակ չես հասկանում, թե ինչ է կատարվում, բոլորը կողքիդ են: Բայց հետո մնում ես քո մտքերի հետ, մենակ, ամեն ինչ սկսում է ազդել վրադ: Ամենասկզբում սպասումն այլ տեսք ուներ, ասում էինք՝ սուտ է, չի զոհվել, իր մասին տեղեկություն չունեինք, իսկ հիմա սպասումն այլ տեսք ունի»:

Հ. Գ. - Մեսրոպ Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»
Ամենաընթերցվածները