Կառավարման փաշինյանական «լեվլը». մակարդակ եմ ասել, է՜.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լավ, ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ասելիքը: Սկզբունքորեն, դա ասուլիս էր… ասելիքի բացակայության մասին: Երեքուկես ժամանոց չասելիք: Փաշինյանն, իհարկե, իր՝ կրկնվող բառերի չարաշահմամբ, հոգեբանաբարդույթային արտահայտություններով, կրկնվող հակադարձ հարցերով, էքսցենտրիկ բառագլուխկոնծիներով կարող է դրանից էլ երկար խոսել: Ինչ-ինչ, բայց խոսելը նրա մոտ ստացվում է, նա այդ «գծով», անկասկած, տարածաշրջանային չեմպիոն է: Թեկուզ և, կրկնենք, անասելիք, անբովանդակ, մանիպուլյացիոն:

Բա՛յց: Ի՞նչ էր ասում այդ մարդը, որի որոշումներից, քայլերից, հայտարարություններից, այդ թվում՝ ասուլիսներում արած հայտարարություններից կախված է մի ամբողջ պետության, երկրի, ժողովրդի ճակատագիրը: Ո՛չ մի բան: Եթե այդ երեք ժամ ու մի 20 րոպե տևած ասուլիսը, այսպես ասած, «քամես», տակը կմնա այն, որ Փաշինյանը գործնականում հայտարարեց, թե՝ հա՛, Տավուշի մարզի մի մասը տալիս եմ Ադրբեջանին: Խոսքը 4, այսպես ասած, «անկլավների» մասին է: Իրականում խոսքն ի սկզբանե Հայաստանին պատկանող տարածքի, խորհրդային տարիներին այդ տարածքում մի քանի տարի ադրբեջանական թուրքերով բնակեցված, ապա՝ 1988-92թթ. ընթացքում նրանցից ազատված բնակավայրերի մասին է:

Բնակավայրեր, տարածքներ, որոնք ինչպես Տավուշի մարզի բնականոն կենսագործունեության, այնպես էլ՝ Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ կապի տեսանկյունից, ունեն ռազմավարական նշանակություն: Տարածքներ, որոնք եթե անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, ապա, անկասկած, վերածվելու են ռազմականացված հենակետերի, որտեղից շրջակա հայկական բնակավայրերի վրա պարբերական հարձակումներ ու ելուզակություններ են իրականացվելու, ի լրումն՝ կաթվածահարելու են մերձակա ենթակառուցվածքների բնականոն շահագործումը (ավտոճանապարհ, ըստ հնարավորության՝ երկաթուղի, գազամուղ, կապուղի): Սա է: Այլ բան չկար:

Հավելենք, որ Փաշինյանը այդ «հանձնումը« փաթեթավորում է այնպես, թե դրանք… «ադրբեջանապատկան» տարածքներ են եղել: Դե, դրել, ճշգրտումներ է արել, պարզել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ոչ թե 29 800 քառակուսի կիլոմետր է, այլ դա կլորացված թիվ է, ավելի փոքր պիտի լինի: Քարտեզի մակետ էր կտրել տվել ու ամբողջ ասուլիսում այն «խաղացնում» էր: Հա, էլ ի՞նչ կար Փաշինյանի ասուլիսում: Ինչպես միշտ՝ մանր, էժան խարդավանքներ: «Նախկինների»՝ նրա ու իր երկրպագուների սիրելի թեման չսպառած, Փաշինյանը «նոր ֆորմացիայի» նախկինների, կներեք, «բուրդն էր գզում» վերջին ասուլիսում: Այսինքն, արդեն նա իր իշխանության «նախկիններին» է հասել: Ձեռքբերում է, ոչինչ չես ասի: Չնայած, ինչո՞ւ չասենք: Տեսեք, դրել, երկար-բարակ, իր հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի՝ աշխատանքից ազատվելու հարցերն էր մանրամասնում, կարծես դա առհասարակ որևէ նորմալ մարդու հետաքրքիր է:

Հետո հասավ իր իսկ նշանակած պաշտպանության բազմաթիվ նախարարներից Արշակ Կարապետյանին, թե «սխալ էր զեկուցել, գործից հանեցի…», կամ նման մի բան: Դա էլ դեռ մի կողմ: Պարզվեց՝ ճապաղ ասուլիսը Փաշինյանին քիչ էր թվացել: Կամ էլ՝ այն բանից հետո, երբ Արշակ Կարապետյանը արձագանքեց ու հայտարարեց, որ Փաշինյանը ստում է (ինչպիսի՜ անակնկալ, չէ՞), որ ինքը նրան այդ օրը չէր կարող ոչինչ էլ զեկուցել, քանի որ աշխատանքային գործուղմամբ գտնվում էր Դուբայում, Փաշինյանն, ըստ երևույթին լուրջ ցնցումների մեջ է ընկել: Եվ ահա, կեսգիշերին մոտ բռնեց ու…

«Տիկ-տոկ» ցանցի իր էջում հրապարակեց իր ու Արշակ Կարապետյանի՝ նշված օրվա (2021թ. նոյեմբերի 14-ի)՝ «Վոթսափով» ունեցած գրագրությունը: Սա այն է, ինչին Փաշինյանին այդքան ատելի ռուսերենով անվանում են՝ «դնո» (дно), այն է՝ «հատակ», իսկ այս դեպքում՝ հատակից էլ անդին: Այսինքն, երկրում վարչապետ է մեկը, որը նախարարների հետ անվտանգային հարցերը քննարկում է... «Վոթսափով»՝ քիչ չէ, դեռ այդ գրագրության բովանդակությունն էլ, որպես «կոմպրոմատ», շրջանառության մեջ է դնում... «Տիկ-տոկ»-ով: Մնացել է, որ կառավարության կամ անվտանգության խորհրդի նիստերն էլ «Օդնոկլասնիկիով» քննարկեն, պրծնի՝ գնա: Մակարդակ եմ ասել, է՜... Ու նման անձը պետություն է ղեկավարում: Այսինքն, հենց այդպես էլ ղեկավարում է: Խայտառակություն չէ, ի՞նչ է: Էլ չենք խոսում այն մասին, որ Փաշինյանի կողմից իր և պաշտպանության նախկին նախարարի գրագրության «բացահայտումը» ոչ մի բան էլ չի բացահայտում:

Նա այնտեղից ասում է, թե իրենց մոտ ամեն ինչ նորմալ է (որտե՞ղ՝ «իրենց մոտ», Դուբայո՞ւմ, թերևս, որտեղ այդ պահին գտնվում էր աշխատանքային գործուղման բերումով), սա այստեղից մի 6-7 ժամ հետո գրում է, թե տգեղ բան ստացվեց, հանրային (!) պարզաբանում պիտի տաք: Ո՞ւ... Ի՞նչ է դա ապացուցում: Թերևս մեկ բան. Նիկոլ Փաշինյանին չի կարելի ոչ միայն վարչապետի, այլև որևէ «անմեղ» հիմնարկի որևէ վարչության պետի պաշտոն վստահել: Նիկոլ Փաշինյանը սպառված, զրոյակետացված, ի լրումն՝ աղետաբեր, պարտության խորհրդանիշ «գործիչ» է: Վերջին ասուլիսում, իր իսկ բառահեղեղից ոգևորված, կերկերուն տոնայնությամբ ասաց, թե՝ «կարո՞ղ ա, մենք ենք խնդիրը, թողնենք, ռադներս քաշենք»: Սա այն դեպքն է, երբ միակ արձագանքը աստվածաշնչյան «դու ասացիր»-ն է: Հ.Գ.-Ի դեպ, կարո՞ղ է շուտով սպասենք նոր սերիաների, ասենք՝ էկոնոմիկայի նախարարի կամ իր նշանակած-իր ազատած այլ նախարարների հետ այլ «մեսինջերային» գրագրությունների հրապարակմանը: Հանրության՝ նման շոուների սիրահար մասը կարգին զբաղմունք կունենա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա էր շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտարարել է «Իրական խոստում 4» գործողության 31-րդ փուլի մասին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի
Ամենաընթերցվածները