«Թշնամին այս պարագայում ոչ թե իր համար օգտակարության, օգտավետության հարց է լուծում, այլ Հայաստանին վնասելու և թուլացնելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզի չորս գյուղի ապագան վտանգված է: Ինչպես իշխանությունն է ասում՝ դրանք «վերադարձնում» են Ադրբեջանին, չեն հանձնում: «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ զրույցում նախ մեկնաբանություն ենք խնդրում կարևորի մասին՝ կա՞ն փաստական, իրավական, պատմական հիմքեր, որոնցով Հայաստանի իշխանություններն իրավասու են «վերադարձնել» այդ տարածքներն Ադրբեջանին:

«Որևէ հիմք չկա՝ ո՛չ իրավական, ո՛չ առավել ևս պատմական: Եթե առաջնորդվում ենք GPS քարտեզներով, որոնք ցույց են տալիս, որ, օրինակ՝ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս՝ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի այդ հատվածի առանձին մասեր իբրև թե պատկանում են Ադրբեջանին, այս համատեքստում եկեք մի պարզ բան հասկանանք: Ինչպե՞ս է հնարավոր, որ ամբողջ ճանապարհի առանձին մասեր պատկանեն Ադրբեջանին, ինչպե՞ս կարող է ամբողջ ճանապարհի առանձին մասեր լինեն Ադրբեջանի տարածքում: Այդ ճանապարհը կառուցվել է Խորհրդային Հայաստան պետության ֆինանսներով, Խորհրդային Հայաստան պետության կողմից հողահատկացման հիման վրա: Խորհրդային Հայաստանը չէր կարող Խորհրդային Ադրբեջանի հողի վրա կառուցել ճանապարհ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Ընդգծում է՝ պարզ չէ, թե ինչի՞ արդյունքում են այդ հատվածները համարվում Ադրբեջան: «Հիմա ինչ-ինչ պատճառներով, չգիտես էլ, թե որ թվականի քարտեզով, դա Խորհրդային Միության գլխավոր շտաբի ինչոր թվականի քարտե՞զն է, թե՞ Գուգլի GPS-ի ծրագրի ինչ-որ կամայականությունն է, այսինքն՝ չգիտենք, թե ինչի արդյունքում, այդ հատվածները համարվում են Ադրբեջան: Տվյալ տարածքներն Ադրբեջանին պատկանելու մասին հայ-ադրբեջանական սահմանազատման վերաբերյալ որևէ պայմանագիր, այդ տարածքները, շրջանները Խորհրդային Ադրբեջանին հատկացնելու վերաբերյալ որևէ մի թուղթ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի, Խորհրդային Միության համապատասխան կառույցի կամ ինչ-որ դատարանի, արբիտրաժի որոշումներ, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև որևէ պայմանագիր չկա: Եթե այստեղ կառուցվել է ճանապարհ, այն կառուցվել է Խորհրդային Հայաստանի հողի վրա և նրա միջոցներով, սա արդեն իսկ պատմական փաստ է՝ հասկանալու համար, որ դա չի կարող լինել Խորհրդային Ադրբեջանինը»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ բոլոր նման հայտարարությունները հանցագործություն են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: «Հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարությունները. եթե չեմ սխալվում, նա նաև «բռնազավթում» բառն էլ է օգտագործել: Դա ինքնիրավչություն է, դա միակողմանի ձևով որոշում է՝ ասել, որ սա պատկանում է Ադրբեջանին: Ո՞վ է դա որոշում. եթե չի եղել սահմանագծում և սահմանազատում, չի հստակեցվել այդ սահմանը, չի գծվել և չի զատվել այն, և արդյունքներն էլ չեն հաստատվել ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով, ապա ցանկացած հայտարարություն տվյալ տարածքների՝ Ադրբեջանին պատկանելիության մասին, տարածքներ, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից, հանցագործություն է, որ ենթակա է պատժի Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով»,-հավելում է «Հայաքվե» նախաձեռնության անդամը: Այս գյուղերի հանձնումով Հայաստանը թշնամու առաջ բացո՞ւմ է իր հյուսիս-արևել յան դարպասները: «Սրանով առաջին հերթին Տավուշի և առհասարակ Հայաստանի Հանրապետության ռազմավարական խորությունն է փոքրանում:

Ուշադրություն պետք է դարձնենք Ոսկեպարի ուղղության հատվածին, որն, ըստ այդ քարտեզների, բավականին ներս ընկած է դեպի մեր կողմ: Ոսկեպար գյուղի հետևի հատվածն էլ դեպի սարերն ու անտառները, այսպես կոչված, «անկլավն» է: Եթե ելնում ենք այն տրամաբանությունից, որ դա էլ է ենթակա վերադարձի Հայաստանի Հանրապետության կողմից, հետևապես այդ հատվածում Լոռու մարզն արդեն դառնում է սահմանամերձ: Այնքան է ռազմավարական խորությունը քչանում, փոքրանում, որ անգամ Լոռին դառնում է սահմանամերձ և թշնամու կողմից դիտարկելի: Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական նշանակության ռազմավարական միջպետական ճանապարհի հատվածները զիջելը բերելու է նրան, որ շատ էական տնտեսական վնասներ է կրելու Հայաստանը: Այդ հատվածով անցնում են գազամուղ, կոմունիկացիաներ, այդ ամենը տնտեսական ու սոցիալական մեծ վնասներ է պատճառելու: Այդ շրջանի բնակչությունն արտագաղթելու է, ամայանալու են այդ տարածքները:

Այսպիսով՝ առանց այն էլ մի բուռ մնացած մեր հայրենիքի հատվածները շարունակելու ենք կորցնել: Հասարակական հոգեբանության առումով շարունակվելու են անդառնալի հոգեբանական հարվածները մեր ժողովրդին, որ մենք, ուզած-չուզած, ստիպված կորցնում ենք, տալիս ենք, զիջում ենք ու չենք ստանում խաղաղություն, բայց որքան ուզեն, պետք է զիջենք»,-ասում է նա:

Շեշտում է՝ այստեղ մեկ հարց է առաջ գալիս: «Եթե Ադրբեջանի սպառնալիքի ներքո դա զիջում ենք, որպեսզի պատերազմ չլինի, հետագա մյուս պահանջներին ինչպե՞ս պետք է դիմադրենք: Ենթադրենք, ադրբեջանցիներն ասացին, որ դա Իջևան չէ, այլ Քարվանսարա է, դա պահանջում ենք, հակառակ դեպքում պատերազմ կլինի: Ո՞րն է լինելու ֆունդամենտալ տարբերությունն այն հանգամանքի, որ հիմա, այո, զիջում ենք, իսկ հետո չենք զիջելու»:

Նիկոլ Փաշինյանը խոսում է գյուղերը չտալու դեպքում պատերազմի հավանականության մասին: «Այստեղ նույնիսկ ադրբեջանցիներն ուղիղ ձևով չեն ասում, որքան որ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի կողմից վերաձևակերպվում է: Ադրբեջանցիները նույնիսկ այդքան կոշտ չեն արձագանքում այդ հարցին: Մի կարևոր հանգամանք ևս ընդգծենք, որ մեր ժողովուրդը նույնպես իմանա: Այդտեղ թշնամու համեմատ շատ ավելի լավ վիճակում ենք գտնվում մեր դիրքային առավելության տեսանկյունից: Եթե ասում են, որ պատերազմ կլինի և պատերազմով կվերցնեն այդ տարածքները, ապա իրենք այդ տարածքները վերցնելու համար ահռելի մարդկային կորուստներ են կրելու, հանգամանք, որը չես կարող իմանալ, թե ինչպես կընդունի ադրբեջանական հասարակությունը: Ադրբեջանական հասարակության ընկալումների մեջ Արցախը և Տավուշը տարբեր են: Չի կարելի միանշանակ ասել, որ եթե չտանք, ադրբեջանցիները պատերազմ կսկսեն, մեզ կկոտորեն և ամեն ինչը կվերցնեն, մեկ է՝ այսպես թե այնպես, վերցնելու են: Ոչ:

Ռազմավարական տեսանկյունից դա մեր ամենալավ կահավորված շրջանն է: Հնարավոր է՝ այդտեղ ճիշտ և լավ դիմադրություն կազմակերպել և թույլ չտալ, որ թշնամին մեկ սանտիմետր անգամ առաջ գա: Այն պահից սկսած, երբ թշնամին փորձի առաջխաղացում անել և նրա մռութը ջարդվի այդտեղ, դա կարող է անիվը հակառակ ուղղությամբ պտտել, դա կարող է մեզ համար կարևոր, վճռական նշանակություն ունենալ: Իմ այս խոսքով չեմ ասում, թե պատերազմ եմ ցանկանում, որևէ մեկիս պատերազմ պետք չէ, բայց պատերազմի սպառնալիքի ներքո անվերջ զիջելն ուշ թե շուտ ավելի արյունալի, հուսահատ պատերազմի է հանգեցնելու, բերելու է պատերազմի Երևանի, Վանաձորի փողոցներում:

Պատերազմը, այսպես թե այնպես, ստանալու ենք, եթե զիջենք թշնամու քմահաճույքներին: Այն տարածքները, որոնց հետ կապված թշնամին հավակնություն է հանդես բերում, ռազմավարական տեսանկյունից իր համար մեծ նշանակություն չունեցող են: Այդ տարածքների զավթումը նրա համար Հայաստանին վնասելու, Հայաստանին թուլացնելու նպատակ ունի: Նա այստեղ օգտակարության, օգտավետության հարց չի լուծում, նա Հայաստանին վնասելու, թուլացնելու, կործանելու հարց է լուծում: Պետք է սա հստակ գիտակցենք»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենաընթերցվածները