«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ ու չարաճճի երեխա էր Դավիթս: Դպրոցում գերազանց էր սովորում, սակայն առաջադիմությունը վերջին տարիներին փոխվեց: Իմ երեք երեխան էլ ուսման հանդեպ սեր են ունեցել, աչքի ընկել բարձր առաջադիմությամբ: Դավիթի ամենասիրելի առարկաներից էին «Հայոց լեզուն» և «Գրականությունը», առհասարակ, շատ էր սիրում ընթերցել: Նրա երազանքը բժիշկ դառնալն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արաքսյան՝ Դավիթի մայրիկը:

Դավիթն իր երազանքների իրականացումը պետք է սկսեր, երբ վերադառնար պարտադիր զինվորական ծառայությունից: Դավիթը զորակոչվել է զինծառայության 2019 թ. դեկտեմբերի 27-ին: Ծառայում էր Ասկերանում՝ որպես հետախույզ: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Իր ընկերոջ հետ էին, հավաքակայանում վիճակահանության ընթացքում Դավիթն «ընտրեց» Արցախը, իսկ ընկերը՝ Արմավիրի ուսումնական զորամասը: Վեց ամիս հետո ընկերոջն էլ տեղափոխեցին Արցախ, բայց միասին չէին ծառայում: Բարձր տրամադրությամբ, հայրենիքին նվիրվածությամբ ու սիրով ծառայում էր, շատ ոգևորված էր: Վերջերս իր դպրոցում, որտեղ դասարաններից մեկն անվանակոչել են Դավթիս անունով, միջոցառում էր: 12-րդ դասարանում ուսուցիչը Դավիթի դասարանին թեմատիկ աշխատանք է հանձնարարում՝ «Հայրենիքը սուրբ է» վերնագրով: Աշակերտները պետք է մի քանի տողով ի մի բերեին իրենց մտքերը: Տղայիս գրած աշխատանքը ձեռքս ընկավ:

Դավիթը գրել է. «Հայրենիքը սուրբ է: Ամեն մարդ պետք է իր հայրենիքն ընդունի որպես իր ընտանիք: Հայրենիքն այնքան կարևոր է մեր համար, որ նույնիսկ մեր կյանքը զոհաբերում ենք հանուն նրա: Պետք է հայրենիքը պահել մաքուր: Չպետք է հեռանալ քո սեփական հայրենիքից»»:

Դավիթի ծառայության ամիսներին ընտանիքը երբեք չի ունեցել տագնապի զգացողություն, քանի որ որդին երբեք չի տրտնջացել, հակառակը՝ իր ոգևորությունը փոխանցել է ընտանիքի անդամներին: «Սեպտեմբերի առաջին օրերին տատիկի հետ էր զրուցել: Դա այն ընթացքն էր, որ համավարակի պատճառով չէինք կարողանում երեխաների մոտ գնալ, իրենք էլ՝ արձակուրդ գալ:

Տատիկին ասել էր. «Ուզում եմ մամային անակնկալ անել: Հասակս համընկել է, քննություններ եմ հանձնել, որ սպեցնազում շարունակեմ ծառայությունս»: Պետք է գար Երևան, սակայն պատերազմը թույլ չտվեց: Շատ ոգևորված էր, անգամ մտքեր ուներ, որ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո շարունակեր իր ծառայությունը զինված ուժերում»: Դավիթն առաջին օրվանից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Ասկերան, Ակնա, Հադրութ:

«Պատերազմի առաջին օրվանից իր հետ կապ ենք ունեցել, ավելի կոնկրետ՝ մինչև հոկտեմբերի 11-ը: Այդ օրը վերջին զանգն էր: Այդ օրն առաջին անգամ զանգեց, ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Երկրորդ անգամ զանգեց, երբ արդեն մեքենայի մեջ էր, ձայներ էին լսվում: Այդ օրերին հեռախոսը միշտ ձեռքիս էի պահում, զանգի էի սպասում, լուրեր նայում, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Այդ օրվա երկրորդ զանգի ժամանակ անմիջապես պատասխանեցի, Դավիթը չէր տեսել, որ արդեն միացել է իմ զանգը, տղաներին ասաց, որ ավելորդ բան չասեն՝ մորս եմ զանգել: Սկսեցինք զրուցել, բնականաբար, պատերազմի դաշտից ստացվող լուրերը վախեցնող էին: Ձայնիցս զգաց, որ հուզված եմ, հարցրեց՝ մա՛մ, լացո՞ւմ ես, չտեսնեմ, որ էլ լացես: Ես էլ արձագանքեցի՝ Դավի՛թ ջան, եթե խոստանաս, որ քո հետ ոչ մի վատ բան չի լինի, հաստատ չեմ լացի: «Կներես, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ»: Հոկտեմբերի 11-ին երեկոյան ժամը վեցի կողմերը տղաներին «ուրալներով» տեղափոխել են Հադրութ: Անօդաչուն հարվածել էր մեքենաներին: Իննսուն երեխայից տասնհինգին էին վիրավոր տեղափոխել Երևան: Նրանցից մեկը Երևանում մահացավ: Մյուս տղաները տեղում էին մահացել:

Երեխեքը չէին պատկերացրել, թե ինչ պատերազմի են հանդիպել: Եթե դա պատերազմ լիներ, իրենք կհաղթեին, դա պատերազմ չէր»: Դավիթի պատերազմը սկսվել է Ասկերանում, շարունակվել Ակնայի (Աղդամ) դիրքերում, ավարտվել Հադրութում: «Մենք Դավիթին ուշ գտանք, քանի որ իր մոտ փաստաթուղթ չէր եղել: Փնտրելու ընթացքում շատերին ենք հանդիպել: Տղաներից մեկը լացելով պատմում էր, թե պատերազմի ընթացքում ինչպես է Դավիթն իրեն գրկած իջեցրել Ակնայի դիրքերից. «Հասցրեց ինձ շտապօգնության մեքենայի մոտ, հետո ինձ տեղափոխեցին: Դավիթը կյանքս փրկել է»»: Որդուն փնտրելու ժամանակ ծնողները նրա հետ վերջին զրույցից մոտ երկու շաբաթ հետո զանգ են ստանում, մայրիկը տարակուսում է, չգիտի՝ ուզում էին իրենցից գումար կորզե՞լ, թե՞ ինչ: «Մեր տղային էինք փնտրում, զանգ ստացանք, որ իրեն տեսել են, ողջ է, բայց վիրավոր: Դրանից հետո գնացինք Արցախ, իր հրամանատարին ասացինք, որ վիրավոր է և այլն: Բայց հրամանատարը հերքեց դա՝ Դավիթը հետախույզ էր, պատրաստված զինվոր, եթե ողջ մնացած լիներ, ինչ-որ տարբերակով դուրս կգար այդտեղից»: Դավիթին «գտել» են դեկտեմբերի 31-ին:

«Նրա մարմինն ամբողջական էր: Հոկտեմբերի 12-ից եղել է Երևանում, բայց քանի որ իր մոտ ոչ մի փաստաթուղթ չի եղել, բավականին երկար փնտրեցինք իրեն: Իր գրպանում մի թուղթ կար. «Լավ է այնտեղ, որտեղ պատրոնների տեղը թռչուններն են թռչում»: Մեծ տղաս անընդհատ գնում ու գալիս էր Երևան, խնդրել էր իրեն ցույց տալ տղաների լուսանկարները, ցույց էին տվել, բայց Դավիթը նրանց մեջ չէր եղել: Մեծ տղաս պարբերաբար երազներ էր տեսնում, պատմեց մեզ դրանք՝ Դավիթը երազումս ասում է, որ գալիս ես, բայց ինձ տուն չես տանում: Հետո արդեն միասին եկանք Երևան, որ ես էլ արյան անալիզ հանձնեմ, բայց արդեն «գտել» էին երեխուն:

Ասացին, որ ամուսնուս ԴՆԹ-ի հետ համընկնում կա, էլ անհրաժեշտություն չկա, որ արյուն հանձնեմ: Իրեն ամենուր փնտրել ենք: Այդ ընթացքում մեր վերջին զրույցն էի վերլուծում, վատ կանխազգացում ունեի, որ կարծես իմ երեխեն ինձ հրաժեշտ էր տալիս: Ամեն լուր լսելու պատրաստ էինք, բայց հեռախոսազանգը, որի ժամանակ զանգահարողը մեզ ասաց, թե Դավիթին տեսել է, գնում է դիրքեր, նրան իր հետ կիջեցնի և այլն, մի տեսակ սպասում արթնացրեց մեր մեջ»: Հիմա Դավիթն Արագածոտնի մարզի հայրենի՝ Զարինջա գյուղում է: «Իր համար առանձին տեղ հատկացվեց, միայն Դավիթն է պատերազմում զոհվել: Դավիթս այնպիսի տեղում է, որ ով գյուղ է մտնում, առաջինն ակամայից պետք է նրա կողքով անցնի, նոր շարունակի ճանապարհը»: Ընտանիքն իրենց համակած այս ցավը հաղթահարելու ուժ գտավ, ապրեցին հանուն մեկը մյուսի: «Ասում են, թե ժամանակը բուժում է, դա անհնար բան է, ուղղակի խոսք է, ասում են: Դավիթից հետո առողջական խնդիրներ ունեի, կարծես ապրել չուզենայի: Մեծ տղայիս ասացի՝ Դավիթին շատ եմ կարոտել, ուզում եմ մոտը գնալ: Պատասխանեց՝ մա՛մ, որ իր մոտ գնաս, հետո էլ պետք է ասես՝ Սլավիկին ու Գրետային եմ կարոտել: Զգացի, որ մեծ տղայիս ու աղջկաս էլ եմ պետք»:

Հ. Գ. - Դավիթ Ավոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նրա անունով պուրակ և հուշաղբյուր է կառուցվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները