Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանն անձամբ և նրա թիմակից-հանձնակատարներն էլ՝ խմբակային, թե առանձին-առանձին, մի խոսքով՝ ՔՊ-ով ու սատելիտներով ականջակոշտուկում են «խաղաղության պայմանագիր» բառակապակցությամբ:

Փաշինյանական իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում վերջերս գերիշխում է այն թեզը, թե Ալիևին առաջարկում ենք ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերը, իսկ չհամաձայնեցվածները... ընթացքում համաձայնեցնել:

Ու այս ամենից խրձերով հարցեր են ծագում: Խրձերից առանձնացնենք մեկ-երկու հասկ ու հատիկ-հատիկ դիտարկենք:

Նախ՝ «համաձայնեցված կետերի» մասին բազմաթիվ հայտարարությունների հորձանուտում անհետանում է առանցքային հարցը. իսկ կոնկրետ ինչի՞ վերաբերյալ է այս կամ այն կետը: Ի՞նչ կետեր են բանակցություններում քննարկվում, առհասարակ, ինչի՞ վերաբերյալ են համաձայնությունները:

Փաշինյանն ու նրա շահերն սպասարկող «նիկոլփաշինյանները» սրա մասին լռում են: Այնինչ, ակնհայտ է, որ հայտարարված անմիջնորդ հայ-ադրբեջանական բանակցություններում թելադրողը ադրբեջանական կողմն է: Փաշինյանական իշխանությունը եթե այդ բանակցություններում ինչ-որ դիրքորոշում դրսևորում էլ է, ապա այն հանգիստ կարելի է բնութագրել հայտնի անեկդոտային արտահայտությամբ, այն է՝ «տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չեմ գալիս»: Մի խոսքով, Հայաստանի, հայության շահերը պաշտպանելու տեսանկյունից այդ «բանակցություններում» ողորմելի վիճակ է. Կիրանցի հանձնումը, ուրացված Արցախի հիշատակումն անգամ «ջնջած ունենալու» փաստերը՝ հապացույց:

Դե, Արցախը ուրանալու և հայաթափելու, Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելու հարցում փաշինյանական իշխանության պաշտոնական դիրքորոշումը արդեն լրիվ բացահայտ է և օրերս ձևակերպվեց ամենաբարձր մակարդակով հնչեցված՝ մոտավորապես «հանձնել ենք, լավ ենք արել» դրոշմով:

Վերադառնանք, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրին», որով, ինչպես ասվեց, փաշինյանական իշխանությունն ուղղակիորեն արդեն ականջ է կոշտուկում: Դրա բովանդակությունն անհայտ է: Բովանդակությունն՝ իր հերթին: Անհայտ են գոնե համաձայնեցված (կամ քննարկվող) կետերի, այսպես ասենք, գոնե ընդհանուր բնութագրերն ու մոտեցումները:

Ոնց որ մեկին վարձես՝ որպես բրոքեր, որ քո անշարժ գույքի հետ կապված գործարք անի: Նա էլ գա, թե՝ «գործը կպել է, պայմանագիրը պատրաստ է»: Ու գույքատերը բռնում և պայմանագիրը կնքում է, իսկ հետո այն բացում է ու տեղեկանում, որ այդ գործարքի դիմաց ինքը ոչ միայն «օղաբլիթի անցք» է ստացել, այլև դեռ մի բան էլ պիտի մյուս կողմին գույքի հնգապատիկի չափով վճարի, իսկ վերջում էլ գնա ու մոտակա սակուրայի ծառից կախվի:

Չէ, իսկապես: Ի՞նչ է գրված այդ «պայմանագրում»: Դա «խաղաղությա՞ն պայմանագիր» է, թե՞ նոր կապիտուլյացիոն ակտ, դա «ղուշուգի՞ր» է, թե՞ «ղազագիր»:

Կամ՝ Հայաստանի Սահմանադրությունը «հեչ անելու», Անկախության հռչակագիրը չեղարկելու ադրբեջանական պահանջի վերաբերյալ Փաշինյանն արդեն համաձայնե՞լ է: Կամ՝ Հայոց բանակը լուծարելու կետի շուրջ «կողմերը» համաձայնե՞լ են: Կամ՝ Հայաստանը հարյուր հազարավոր թուրքերով հեղեղելու կետին համաձայնե՞լ է:

Իրենք կասեն՝ ոչ: Բայց ասեն-չասեն, ո՞վ է տեսել, թե այնտեղ ինչ է գրված: Նկատի ունենք՝ նորմալ, ոչ պաշտոնյա հայերից ո՞վ է տեսել:

Երկրորդը, որ ոչ պակաս էական է: Խոսքը «եկեք համաձայնեցվածներն ստորագրենք, իսկ մնացածը՝ հետո» թեզի մասին է: Նախ՝ հարց է ծագում, թե այդ ինչո՞ւ են այդպես շտապում: Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ներկայացուցիչները «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ իրենց նախորդ ճառերում դա այնպես էին ներկայացնում, թե մի համապարփակ բան է լինելու, թե դա առկա խնդիրների խորքային լուծում է, այս, այն:

Հիմա արդեն «երգում են» համաձայնեցված ինչ-ինչ կետեր ստորագրելու, մնացածը հետո, ընթացքում, քիչ-քիչ ստորագրելու մասին:

Այդ դեպքում, կներեք, դա ոչ թե պայմանագիր է (անունն ինչ ուզում եք, դրեք), այլ ընդամենը «շրջանակային համաձայնագիր», կամ ավելի ցածր կարգավիճակ ունեցող մի բան, ասենք՝ «մտադրությունների մասին հուշագիր»:

...Գիտեք, երբեմն թվում է, թե Հայաստանի ու հայության վրա ինչ-որ դաժան գիտափորձ են անում՝ պարզելու համար, թե որևէ հասարակություն որքա՞ն կարող է հանդուրժել բացարձակապես անհանդուրժելին: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե «խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ կարող են ապահովություն ունենալ, չարաչար սխալվում են: Դուք երբեք ու երբեք չեք կարող պայմանավորվել մեկի հետ, որի նպատակը ձեզ բնաջնջելն է: Իսկ նրանք, ովքեր խաղաղություն են մուրում, միշտ ստանում են և՛ խայտառակություն, և՛ պատերազմ:

Առնվազն մինչև օրս «խաղաղության» մասին Փաշինյանի բոլոր հայտարարությունների շարունակությունը եղել են մարտական գործողություններ, կորուստներ, զոհեր, նոր սպառնալիքներ: Ըստ երևույթին, նույն փոցխի վրա ցատկոտելը սիրելի մարզաձև է դառնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները