Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անվտանգության խնդիրն այսօր մեր պետականության համար ուղղակի գոյաբանական նշանակություն է ձեռք բերել։ Ու երկրի պաշտպանության թեման գլխավորապես փոխկապակցվում է արտաքին միջավայրի կամ ռազմական ոլորտի հետ, բայց հաճախ այդպես էլ ուշադրություն չի դարձվում այլ ուղղությունների վրա, որոնք պետության հզորության և անվտանգության համար պակաս կարևոր չեն։ Օրինակ՝ այս տեսանկյունից առանցքային է մարդկանց՝ հողի վրա բնակվելը։ Տարածքը պաշտպանված է լինում դրա վրա ապրող մարդկանցով։ Բնական է, որ Արցախի ճակատագիրն այլ կերպ կարող էր դասավորվել, եթե այն մի քանի անգամ շատ բնակչություն ունենար։ Պատահական չէ, որ Ալիևը ագրեսիա սկսելուց առաջ բազմիցս է հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը դատարկվում է, մարդիկ արտագաղթում են, ու դա հեշտացնում է իրենց գործը։

Ավելին՝ նա ընդգծում էր, որ այդպիսի իրավիճակ ստեղծվել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի մեկուսացման ու տարածաշրջանային նախագծերից դուրս թողնելու արդյունքում։ Ընդ որում, Հայաստանի համար էական խնդիր է ոչ միայն ընդհանուր բնակչության թվի նվազումը, այլև այն, որ ժամանակի ընթացքում սահմանամերձ ու գյուղական բնակավայրերն ուղղակի դատարկվում են և մարդկանց համար բնակության առումով դառնում ոչ նախընտրելի։ Իսկ որպեսզի այդ համայնքներում մարդիկ բնակվեն, ու այդ բնակավայրերը զարգանան, պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն կենսագործունեության և զարգացման համար, այլ ոչ թե տեղի ունենա երկրի բնակչության բևեռացված տեղաբաշխում։ Պարզ է, որ բնակչության գերկենտրոնացումը ոչ թե երկրի համար խնդիրներ է լուծում, այլ խնդիրներ է ստեղծում։

Փաստացի, այսօր Հայաստանի բնակչության մեկ երրորդը բնակվում է Երևանում կամ հարակից տարածքներում։ Այսպիսի իրավիճակը պետության համար խոցելիություն է ստեղծում՝ ռեսուրսների բաշխման տեսանկյունից։ Նախ՝ կարևոր է ոչ միայն մարզերի զարգացումը, այլև հատկապես գյուղական համայնքների բարգավաճումը, բայց որպեսզի գյուղերում ապրող մարդկանց թիվն ավելանա, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը, քանի որ գյուղերը կապված են օգտագործվող հողերի հետ։ Սակայն այս ուղղությամբ չկա տնտեսական շահագրգռվածություն, միայն դատարկ հայտարարություններ են արվում, և վերջ։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, թե գյուղական համայնքներում պետք է ժամանակակից միջավայր ստեղծել, բայց գործնական քայլերի առումով, բացի մի քանի փողոցների կիսատ-պռատ ասֆալտապատումից, ոչինչ չի ձեռնարկվում։

Գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից նույնիսկ ջրի կառավարման հարցն իշխանություններն ի վիճակի չեն լուծել։ Նրանցից ավելին էլ ի՞նչ կարելի է պահանջել։ Անցյալ տարի էլ Փաշինյանը խոստովանեց, որ «այսօր ՀՀ–ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»։ Այնինչ, վերջինս 2018 թվականին հայտարարում էր. «Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երևույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել»: Թերևս հինգ տարվա հեռավորությունից կարելի է տեսնել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծամասնությունը ոչ միայն չի անցել կաթիլային ոռոգման, այլև շատերն ուղղակի թողել են գյուղատնտեսական գործունեությունը։ Գյուղացին չի զգում, որ պետությունը կանգնած է իր մեջքին։ Եվ պատահական չէ, որ մասնագետները բարձրացնում են այն հարցը, թե ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանն ի վիճակի չէ լուծել իր պարենային անվտանգության խնդիրը, որ մատակարարվող հացահատիկի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Գյուղական համայնքների զարգացման տեսանկյունից գյուղատնտեսությանը զարկ տալու հետ մեկտեղ կարևոր է բնակֆոնդի ստեղծման հարցը, մինչև հիմա գյուղերում չեն գործարկվել մատչելի պայմաններով բնակարանաշինության ծրագրեր։ Առանց նոր բնակարաններ կառուցելու անհնար է լուծել գյուղերում բնակչության ավելացման խնդիրը։ Չկան նաև համապատասխան ենթակառուցվածքներ՝ սկսած կոյուղուց և որակյալ ճանապարհներից, վերջացրած մշակութային և կրթական կենտրոններով։

Ցուցադրականություն ապահովելու համար ճանապարհներ են վերանորոգվում, սակայն մի քանի ամիս հետո դրանք արդեն քարուքանդ են լինում՝ հատկապես երբ մի փոքր ուժեղ անձրևներ են գալիս։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից շռայլ խոստումների պակաս չի եղել։ Օրինակ՝ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ գյուղերը պետք է ունենան կոյուղի, գյուղական տներում պետք է լինի բաղնիք, ցնցուղ, տաք ջուր, և գյուղի տների դրսի զուգարանի կուլտուրան պետք է դուրս գա մեր մշակույթից: Անգամ ավելորդ է խոսել դեպի գյուղական համայնքներ նոր կուլտուրա ներմուծելու մասին, երբ գյուղական բնակչությունն այդպես էլ աղքատ մնում է, ու գյուղացիներից շատերն էլ, այլ ճար չունենալով, ոչ միայն Հյաստանի այլ մասեր են տեղափոխվում, այլև մեկընդմիշտ բռնում են արտագաղթի ճանապարհը: Ցավալին այն է, որ տարբեր անիմաստ միջոցառումների, մրցույթների, համերգների ու գնումների համար իշխանությունները առանց խնայելու միլիոններով գումարներ կարող են ծախսել, բայց երբ խոսքը գյուղերի զարգացման մասին է, ապա խոստումներից բացի տակը ոչինչ չի մնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները