Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ բավականին հետաքրքիր ակցիա տեղի ունեցավ ԱԳ նախարարության մոտ: Արցախի քաղաքացիական հասարակության 60 կազմակերպությունների անունից ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցվեց նույն այդ կազմակերպությունների կողմից դեռևս ս.թ. սեպտեմբերի 2-ին ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին ուղղված դիմումի պատճենը: Թե՛ ակցիան ինքնին, թե՛ հիշյալ դիմումը բավականին հստակ քաղաքական բովանդակություն ունեն: Ըստ էության, առանցքային շեշտադրումն այն է, որ Արցախի հարցը ամենևին էլ փակված չէ, ինչպես դա համարում են Բաքվում և Անկարայում, և ինչպես թշնամական խոսույթը կրկնում են ՔՊ-ի միջանցքներում:
 
Արցախի հասարակական կազմակերպություններն ինչպես Բորգին, այնպես էլ Արարատ Միրզոյանին հիշեցնում են Արցախի ժողովրդի իրավունքների ողջ համալիրը պաշտպանելու Հայաստանի իրավունքի ու պարտականությունների մասին: Միաժամանակ, դիմումի հեղինակները զգուշացնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանն ուղղված քայլերը Հայաստանին կզրկեն Արցախի քաղաքացիների կենսական իրավունքները և ՀՀ պետական շահերը պաշտպանելու միջազգայնորեն ճանաչված իրավունքներից: Ըստ որում, հիշեցնենք, որ Մինսկի խմբի լուծարման պահանջ դրել է Ալիևը, ավելին՝ շարունակաբար շեշտելով, թե ՀՀ-ն ու Ադրբեջանը պիտի համատեղ նման նախաձեռնություն դրսևորեն: Դիմումի հեղինակները նաև անհրաժեշտ են համարում հիշեցնել, որ «Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ՝ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում»:
 
Հարկավ, Արցախի հասարակական կազմակերպությունների այսօրինակ նախաձեռնությունն ամենևին էլ եզակի դրսևորում չէ: Ժամանակ առ ժամանակ, իսկ վերջին ժամանակներս՝ ավելի հաճախ, ամենատարբեր գործիչներ, հրապարակային դեմքեր, հասկանալի է, բացառապես ոչ իշխանական կամ իշխանության հետ որևէ կապ չունեցող շրջանակների ներկայացուցիչներ բարձրացնում են Արցախի հայության կենսական ու անկապտելի իրավունքներին ուղղակիորեն առնչվող հարցեր: Այդ հարցերի շարքում են մարդու հիմնարար իրավունքների ապահովման անհրաժեշտությունը՝ կապված հայրենի հողի վրա ապրելու, իր ճակատագիրը տնօրինելու, իր պատմամշակութային ժառանգության պահպանումն իրագործելու իրավունքների հետ: Արցախի գլխին փաշինյանական իշխանության բերած ահավոր աղետից հետո, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ Արցախի հայաթափումից հետո, մանավանդ ձևավորված անկումնային բարոյահոգեբանական միջավայրում, շատ հնարավոր է, հանրության, ասենք, նաև քաղաքական որոշակի շերտերի կարող է այս ամենը ավելորդ թվալ, բայց այդպես չէ:
 
Նման հիշեցումները, նման դիմումները, հրապարակային ելույթներն ու հարցադրումները իրականում չափազանց կարևոր են: Այո, օրվա իշխանությունն ամենևին էլ չի ցանկանում և նման մտադրություններ էլ չունի՝ պաշտպանել Արցախի հայության կենսական իրավունքները: Սա, նկատենք, այն պարագայում, որ Փաշինյանի գլխավորած կոնկրետ այս իշխանությունը 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում քվե է ստացել Արցախի հայության իրավունքները պաշտպանելու, ինքնորոշման իրավունքն իրացնելու, Արցախի հայության իրավունքների երաշխավորը լինելու նախընտրական խոստումներով: Ավելին, այդ թեզերն արդեն պաշտոնապես, որպես նորմ, ամրագրվել են փաշինյանական այս կառավարության գործունեության հնգամյա ծրագրում: Ու հիմա, երբ Փաշինյանը և նրա թիմակիցները շարունակում են Արցախի ուրացումը, ստացվում է, որ ի լրումն ամենի, նրանք տրամագծորեն դեմ են գնում իրենց իսկ գործունեության ծրագրին, որն իրականացնելու խոստումներով պահել են իշխանությունը կամ, եթե կուզեք, վերարտադրվել:
 
Մյուս կողմից՝ այն իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունը խաչ է քաշել ոչ միայն Արցախի, Արցախի հայության վրա, իրենց իրավունքներով հանդերձ, առավել ևս կարևորվում են երեկվա ակցիային համահունչ դրսևորումները: Այո, կարող են լինել մարդիկ, որոնք կասեն, թե դա դոնկիխոտյան պայքար է՝ հողմաղացների դեմ: Բայց դա անհրաժեշտ է: Ավելին, եթե կուզեք իմանալ, ոչ միայն արցախցիները, ոչ միայն Արցախի ՀԿ-ները, այլև բացարձակապես բոլոր ազգային կառույցները պետք է ցանկացած առիթ, ցանկացած պատրվակ օգտագործեն՝ նշված խնդիրների, Արցախի հայության հանդեպ իրագործված ցեղասպանական ոճրագործության մասին բարձրաձայնելու համար: Լինի դա միջազգային միջկուսակցական հարթակ, էկումենիկ հարթակ կամ թեկուզ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հայության կողմից իրենց երկրների իշխանություններին ուղղված պահանջ, բոլորն էլ կարևոր են: Ավելին, նմանօրինակ դիմումներով, հիշեցումներով, հարցադրումներով հայկական կառույցները (եթե իրենց հայ ու հայկական են համարում) պետք է անդադար «ռմբակոծեն» բոլոր հնարավոր ու անհնար միջազգային կառույցներն ու դրանց ղեկավարությանը:
 
Այս ամենը, առավել ևս ու հատկապես՝ այսօրվա իշխանության անգործության պայմաններում, իսկապես կարևոր աշխատանք է, որը պետք է արվի: Միով բանիվ՝ միջազգային իրավունքի ամրագրված նորմերի, Արցախի արնածոր հարցի փակված չլինելու հիշեցումները կարևոր են: Բայց միաժամանակ կա այնպիսի տպավորություն, որ շատ դեպքերում ումից ասես պահանջներ ունեն, բացի... պատահած աղետների ու ողբերգության գլխավոր պատասխանատուից ու մեղավորից՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա կառավարությունից: Այո, միջազգային հանրությանը (եթե կարելի է այդպես ասել) պետք է պահանջներ ներկայացնել: Բայց այդ ամենը բազմապատիկ ավելի արդյունավետ կլինի, եթե համախմբենք բոլոր կարող ուժերն ու պատասխան պահանջենք մեր հանրությանը շարունակաբար աղետներ ու ողբերգություններ, գոյաբանական սպառնալիքներ բերող իշխանություններից: Ստեղծված իրավիճակի հիմնապատճառը Փաշինյանի իշխանությունն է՝ իր վարած պրոթուրքական «քաղաքականությամբ», եթե չասվի՝ հանձնակատարությամբ: Նախ՝ պատճառից է պետք ազատվել՝ դրանից հետո կենտրոնանալով արդեն հետևանքները քայլ առ քայլ վերացնելու, հաղթահարելու վրա:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները