«Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած հինգշաբթի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դժգոհեց իրավապահ համակարգի աշխատանքից՝ ասելով, որ իր «համբերության բաժակը լցվել է»։ Հետո ինքն իրեն «քյասիբի ռադիո» անվանեց, ասաց, որ տարիներ ի վեր որևէ բան չի փոխվում երկրում: Կիրակի ուշ երեկոյան լրահոսի ամենաքննարկվող թեման ուժային կառույցների ղեկավարների՝ աշխատանքից ազատման մասին լուրերն էին: Երկուշաբթի առավոտյան հրաժարականի դիմումներ ներկայացրեցին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Խոսվում է նաև այն մասին, որ այսքանով հրաժարականների ցանկը չի ամփոփվելու, ինչպես նաև մանդատներ են վայր դնելու որոշ պատգամավորներ: Նախընտրական քարոզչամեքենայի հնա՞րք, թե՞ վեց ու կես տարվա ձախողված կառավարման հերթական մեղավորների փնտրտուք: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ վեց ու կես տարի անձը երկրի վարչապետ է, խայտառակ իրավիճակ է իրավապահ համակարգում:
 
«Եթե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին իրավապահ համակարգը վատ էր գործում, ապա Նիկոլի կառավարման տարիներին սարսափելի վատ է գործում: Չեք պատկերացնում, թե ինչ խայտառակ փաստաթղթեր եմ ստանում Հակակոռուպցիոն կոմիտեից: Բացահայտ կեղծիքներով, ստերով, կեղծ տեղեկություններով լի պատճառաբանություններով քրեական գործեր չեն հարուցվում: Այդ ամեն ինչի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Արցախյան վերջին պատերազմից հետո նա ասաց՝ այո, պատասխանատուն ես եմ, բայց հո մեղավորը չեմ: Նույնը հիմա է անում: Նա տեսավ, որ իր «գեղցու ոճով կրուտիտները», որ նա պատասխանատու է, բայց մեղավոր չէ, աշխատում են:
 
Այսպիսի այլանդակություն եղել է միջնադարյան Ռուսաստանում, երբ ժողովրդին ասում էին՝ ցարը լավն է, բայց նրա նշանակած նախարարները վատն են: Դա եղել է 18-րդ, 19-րդ դարերում, այն դեպքում, երբ բնակչության 95 տոկոսն անտառաճանաչ է եղել: Հիմա այդ պրիմիտիվ, անասնական մեթոդները Նիկոլը կիրառում է 21-րդ դարում Հայաստանում: Ցավով պետք է արձանագրեմ, որ դա նրա մոտ ստացվում է, այն էլ՝ շատ հաջող: Նա այդ օրն ընդդիմադիրի կեցվածք էր ընդունել կառավարության նիստում և այնպիսի տպավորություն էր թողնում հանրության վրա, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: Մտածող մարդը պետք է հասկանար այս ամեն ինչի հիմքը, և ընդամենը մեկ հարց ուղղեր վարչապետին՝ այսինքն, դու այնքան անճար ես, այնքան ոչնչություն ես, որ քո ասածները քո ենթակաները ամիսներով, տարիներով չեն անո՞ւմ: Շարունակում են մեղադրել «նախկիններին»: Եթե հիմա էլ ինչ-որ բան ես խոսում, ինչ-որ նիկոլական, ինչ-որ «ժող ջան» ասում է՝ «նախկինները»:
 
«Նախկիններից» Սերժ Սարգսյանը 10 տարի է կառավարել, նույնքան կառավարել է Ռոբերտ Քոչարյանը:Իրենց սիրելի կուռքը վեց ու կես տարի երկիր է ղեկավարում, մինչև հիմա իր բոլոր հանցագործությունները, իր բոլոր բացթողումները, իր բոլոր սխալները բարդում է «նախկինների» վրա: Եվ դա անցնում է, դրա համար էլ այս մարդն այլ բան չի հնարում, իրեն պետք չէ հնարել, որովհետև իր փոխարեն կհնարեն: Լրագրողը Երևանում հարցում է իրականացնում, ասում է՝ ո՞վ է տրանսպորտային կոլապսի մեղավորը, մեկն ասում է՝ Քոչարյանը: Քանի որ Նիկոլն այս մասսայի հետ գործ ունի, իրեն պետք չէ ինչ-որ նոր հնարքներ գտնել, նա գործի է դնում, ասենք, գեբելսյան մեթոդները: Ֆաշիստական Գերմանիայում ապատեղեկատվությունը որպես ճշմարտություն մատուցելու մեթոդի հեղինակը Գեբելսն էր, հիմա սա նրա մեթոդներն է կիրառում: Ինչպես էին ցարական Ռուսաստանում ցարի կողմնակիցները խաբում հանրությանը, նույն այս մեթոդներն է կիրառում: Կիրառում է միջնադարյան ապատեղեկատվության մեթոդներ: Այս մարդուն ուրիշ բան հնարել պետք չէ, նա գործ ունի մի հանրության հետ, որը պատրաստ է բառի բուն իմաստով ամեն անասունություն ընդունել որպես վերջին ճշմարտություն և դրանով պաշտպանել իրենց «փրկչին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:
 
Վստահաբար, թափուր մնացած պաշտոններում շուտով նշանակումներ կլինեն, բայց արդյոք երկրի ղեկավարի նման գործելաոճը չպե՞տք է ազդակ լինի նրանց համար, որոնք համաձայնելու են զբաղեցնել ուժային կառույցների ղեկավարների կամ նախարարների պաշտոնները: Կունենա՞ն վստահություն, որ վաղը նույն կերպ իրենց հետ չի վարվելու Նիկոլ Փաշինյանը:
 
«Հայաստանի Հանրապետությունում բոլոր հարցերը լուծվում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքում, անխտիր բոլոր հարցերը լուծվում են այնտեղ: Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է մեկ ու շատ կարևոր փաստ հասկանան՝ իրենք ընդամենը գործիք են: Կօգտագործվեն Նիկոլի կողմից և արհամարհական ոճով, WhatsApp հավելվածի հաղորդագրության միջոցով նրանց բառի բուն իմաստով կվռնդեն պաշտոնից: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ իրենք այնքան չհարգված են Նիկոլի կողմից, որ վերջինս անձամբ չի կանչել նրանց իր մոտ և չի ասել՝ շնորհակալություն ձեր աշխատանքի համար, դիմում եք գրում, ազատվում, քանի որ ես գտնում եմ, որ ձեզ պետք է փոխարինեմ այլ մարդկանցով: Կիրակի՝ ոչ աշխատանքային օրով հաղորդագրության մակարդակով է տեղի ունենում Հայաստանում պաշտոնների, այն էլ՝ հիմնականում ուժային կառույցների ղեկավարներին պաշտոնից ազատելը»,- նշում է մեր զրուցակիցը:
 
Մինչև շատերը փորձում են գուշակել, թե ովքեր կնշանակվեն թափուր մնացած պաշտոններում, մյուսներն էլ ասում են՝ միևնույնն է, ոչինչ չի փոխվելու: Նույն հարցն ուղղում ենք Գագիկ Համբարյանին՝ որևէ բան մեր իրականության մեջ փոխելո՞ւ է նոր անձերի նշանակումը: «Բացառվում է: Ավելին ասեմ՝ սպասում եմ, որ ավելի խայտառակ կերպարներ կնշանակվեն այդ պաշտոններում: Սա ցույց տվեց, որ պատմության անիվը հակառակ պտտել հնարավոր չէ: Հեղափոխությունները խժռել են իրենց հեղինակներին, այդպես միշտ է եղել: Հիմա մենք տեսանք Նիկոլի կողմից իր ամենամտերիմ գործընկերների, իր հետ քայլածների խժռման գործընթացը, լինի դա Ռուստամ Բադասյանը, Վահե Ղազարյանը, Արգիշտի Քյարամյանը, թե Կարեն Անդրեասյանը»,-հավելում է նա:
 
Շատերը սա որակում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի». նման հավաստիացումներ են տալիս ՔՊ խմբակցությունից: «Սա չի կարելի համարել ընտրությունների նախերգանք, որովհետև Նիկոլը նաև անտրամաբանական քայլերի հեղինակ է: Նա հիմնականում «ժող ջանի» քմահաճույքով է առաջնորդվում: Չի բացառվում, որ սրանով նա վեց ու կես տարվա իր բոլոր հանցագործությունները, խայտառակ քայլերը, որոնք նա արել է սրա-նրա ձեռամբ, գցելու է նրանց վրա: Այդ ընթացքում նա թույլ է տվել, որ նրանք դառնան դոլարային միլիոնատերեր, դրա մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում: Իրենց մասին կոմպրոմատները հավաքել է Աբազյան Արմենի միջոցով: Ուստի, նրանք չեն համարձակվի իրենց բերանը բացել և ինչ-որ բան ասել տեղի ունեցածի վերաբերյալ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները