«Շատ մեծ հարված հասցվեց ազգային հիմքին, գաղափարախոսությանն ու արժեքներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստենք, որ կրթության ամբողջ համակարգը շարունակում է մնալ ազատ անկման մեջ, այն մեծ արագությամբ գլորվում է ներքև: Դա փաստում են վերջին շրջանի ցուցանիշները՝ կապված և՛ հանրակրթության, և՛ բարձրագույն կրթության հետ: «Փաստի» հետ զրույցում, ամփոփելով անցնող կրթական տարին, նման կարծիք է հայտնում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Նշում է՝ հանրակրթության ոլորտում շարունակվեց, այսպես կոչված, ուսուցիչների ատեստավորման գործընթացը: «Դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ատեստավորմամբ հետաքրքրված է ուսուցիչների ոչ ավելի, քան տասը տոկոսը, և նրանց մեծ մասը չի կարողանում հեշտությամբ հաղթահարել սուբյեկտիվ տեստերը և ունենալ որոշակի հաջողություններ, մասնավորապես՝ կապված աշխատավարձի բարձրացման հետ։ Ողջ տարվա ընթացքում այդ գործընթացը հանգեցրեց նրան, որ ամբողջ ուսուցչական համակազմի առավելագույնը 0,5 տոկոսը կարողացավ իր աշխատավարձը բարձրացնել և հասցնել առնվազն 300 հազար դրամի: Սա էական ազդեցություն չունի կրթական համակարգի վրա: Մյուս կողմից՝ բազմաթիվ ուսուցիչներ ուղղակի դուրս եկան կրթական համակարգից՝ էլ ավելի վատթար վիճակ ստեղծելով համակարգում: Եթե չունենք ուսուցիչներ, չենք կարողանում համապատասխան կրթություն ապահովել մեր երեխաների համար, ապա դա իր հետևից բերելու է ավելի վատ հետևանքներ: Այդ երեխաները մեծանում են առանց գիտելիքների, բուհերի ընդունելության քննությունները ցույց են տալիս, որ նրանց գիտելիքները բավարար չեն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար, ընդ որում՝ հատկապես մանկավարժական մասնագիտությամբ: Դա էլ իր հերթին բերում է նրան, որ մանկավարժների թիվը էլի պակասում է, որովհետև այդ մասնագիտություններով շրջանավարտներ չունենք: Այդ փակ շղթան ամեն տարի կրկնվում է»,-ընդգծում է փորձագետը:

Հավելում է՝ շատ կարևոր է բարձրաձայնել արժեքային այն տրանսֆորմացիայի մասին, որ տեղի ունեցավ անցնող տարվա ընթացքում: «Մի քանի առարկաներ ուղղակի դուրս մղվեցին հանրակրթությունից, օրինակ՝ «Հայ եկեղեցու պատմությունը», «Հայոց պատմությունը» դարձավ «Հայաստանի պատմություն»: «Նոր չափորոշիչների» ընդունումն էական ազդեցություն ունեցավ հատկապես հումանիտար, հասարակագիտական ուղղությամբ առարկաների վրա, և այստեղ շատ մեծ հարված հասցվեց ազգային հիմքին, գաղափարախոսությանն ու արժեքներին: Հիշենք տարրական դասարանի դասագրքերը, որտեղ Հայաստանի դրոշն էին այրում, մի ուրիշ դասագրքում ադրբեջանական հեքիաթներ էին մեջբերում: Այս տարին աչքի ընկավ նաև նրանով, որ որոշ դասարաններ որոշ առարկաներից ընդհանրապես դասագրքեր չունեն, և այդպես շարունակում են իրենց ուսումը: Օրինակ՝ 10-րդ դասարանում «Պատմության» դասագիրք չկա որևէ դպրոցում և այդպես էլ չի լինելու ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Սա միակ օրինակը չէ, տասից ավելի դասագիրք դպրոց «չմտավ»: Սա փաստում է այն մասին, որ մեզ մոտ հանրակրթության ոլորտը գլորվում է ներքև:

Դա են փաստում նաև այն արդյունքները, որոնք ունեցանք. Հայաստանում տասը տարեկանների առնվազն մեկ երրորդը, ընդ որում՝ դա լավացված ցուցանիշ է անցած տարվա համեմատ, ֆունկցիոնալ անգրագետ է: Անցած տարի երկու երեխայից մեկն էր ֆունկցիոնալ անգրագետ, այս տարի իբր ցուցանիշները լավացան՝ դառնալով երեքից մեկը: Լիազոր մարմնի ներկայացուցիչը, ղեկավարը նույնիսկ պարծենալով են ասում՝ տեսեք, թե ինչպիսի ձեռքբերում ունեցանք, բայց չեն ասում, որ երեք երեխայից մեկն ուղղակի անգրագետ է: Սա այնքան մեծ ցավ է այն ժողովրդի համար, որը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի մակարդակով ունեցել է մեծանուն գիտնականներ, մշակութային գործիչներ և այլք: Իսկ հիմա այս ցուցանիշներով՝ մեկ երրորդ անգրագիտությամբ երեխաների հետ թող կառուցեն իրենց երազած ապագան»,-նշում է Մխիթարյանը՝ ամփոփելով հանրակրթության ոլորտի հետ կապված իր առանցքային մտահոգությունները:

Հաջորդիվ անդրադառնում ենք բուհական համակարգին: Անցնող տարում քննարկման առանցքում էր «Ակադեմիական քաղաքը»: Կրթության փորձագետն ընդգծում է՝ բուհական կրթության վերաբերյալ տիրապետող էին բարձրագույն կրթության դիպլոմ չունեցողի ճառերը և «Ակադեմիական քաղաքի» ներկայացումը: «Այն հիմա անվանում են «Նյու Վասյուկի» Երևանի մոտ: Այդպիսի «ներկայացումներ» եղան մի քանի բուհերում, որոշ, այսպես ասած, մտավորական դասախոսների կողմից իբր հավանության արժանացավ այդ գաղափարը: Բայց հողի վրա որևէ առաջընթաց չկա: Անցած տարի ստեղծվել էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, այն շարունակեց աշխատել ուռճացված աշխատակազմով և բարձր աշխատավարձերով, բայց արդյունք չունեցանք: Հակառակը՝ «Ակադեմիական քաղաքի» քողի տակ շատացան խոսակցությունները բուհերի կրճատման, գիտական կազմակերպությունների հետ միավորման վերաբերյալ, որոնք բնավ չեն նպաստում բարձրագույն կրթության համակարգում առաջընթացին, ընդհակառակը՝ դրանք արգելակում և խոչընդոտում են այն:

«Վերևից», այսպես ասած, հրաման կա, որ բուհերի ենթակառուցվածքների հետ կապված որևէ փոփոխություն չպետք է արվի, մինչև այդ բուհերը միավորվեն: Բոլորը, ըստ էության, սպասողական վիճակում են հիմա: Նույնը կատարվում է Գիտությունների ազգային ակադեմիայում, այստեղ ևս բոլորը խոսում են գիտական կազմակերպությունների միավորման, իրենց գործունեության դադարեցման կամ ակադեմիայի՝ համակարգից դուրս հանելու մասին: Քանի որ խոսակցության մակարդակով որևէ արդյունք չկարողացան գրանցել, որոշեցին գնալ մյուս ուղղությամբ, որով սովորաբար գնում է այսօրվա կառավարությունը: Դա օրենք ընդունելն է կամ օրենքում համապատասխան փոփոխություններ անելը՝ «օրենքով ենք անում» բառակապակցությունն արտասանելու համար: Մշակվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ, որն ավելի վատն էր, քան նախկինում գոյություն ունեցողը: Այն հավանության արժանացավ Ազգային ժողովի կողմից, բայց Սահմանադրական դատարանը որոշ դրույթներ ճանաչեց հակասահմանադրական: Այս վատ նախագծով հեղինակները ներկայացնում են այն կրթական և գիտական համակարգը, որն ունենալու է Հայաստանը՝ որպես ծառայություններ մատուցող երկիր, որին ընդհանրապես պետք չէ բարձրագույն կրթություն, առավել ևս՝ գիտություն: Պետք է ընդամենը ծառայություններ մատուցենք զբոսաշրջիկներին, Հայաստանի վրայով արևելքից արևմուտք և հակառակը երթևեկողներին: Խոսք չկա բարձր ինդուստրիալ տնտեսության, արդյունաբերության, գիտության մասին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Փաստում է՝ սպասելիքներ ներկա կառավարությունից կամ այն մարդկանցից, որոնք որոշումներ կայացնող են այսօրվա կրթության համակարգի ուղղությամբ՝ դա լինի հանրակրթությունը, բարձրագույն կրթությունը, թե գիտությունը, չենք կարող ունենալ: «Իրավիճակը կարելի է գոնե կայունացնել, մի քիչ շտկել միայն այն պարագայում, երբ փոխվեն որոշում կայացնողները: Նրանք պետք է կրթության ոլորտում որոշակի հետագիծ ունեցած մարդիկ լինեն, պետք է բարձրացնել որոշումների կայացման կոմպետենտության մակարդակը, որպեսզի կարողանանք որոշակի փոփոխություններ ունենալ և արձանագրել հաջորդ տարվա ընթացքում: Սա է իմ միակ ցանկությունը և նաև պայքարի ուղին, որովհետև հասկացանք՝ ուրիշ ձևով՝ համոզելով, անընդհատ խոսելով, ցույց տալով ուղիները, նույնիսկ նախագծեր մշակելով և ներկայացնելով, որևէ արդյունք, ցավոք, չենք կարողանում գրանցել: Միակ ելքը մնում է որոշում կայացնողներին փոխելը»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները