Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը որևէ կերպ կարձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած ագրեսիվ ու ակնհայտորեն ռազմատենչ հայտարարություններին: Այդ հարցում էլ, ի դեպ, թշնամին առաջ անցավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի ղեկավարություն համարվող Փաշինյանը չէր կարող ձևացնել, թե ոչինչ չի պատահել, և անվրդով հեծանիվ վարեր կամ, ասենք, «ռիլ» նկարեր: Կարճ ասած՝ պիտի արձագանքեր:
 
Նախօրեին արձագանքեց: Հարցազրույց տվեց «Արմենպրես» գործակալությանը: Ավելի լավ է՝ լռեր: Բայց քանի որ չլռեց, տեսնենք, թե ինչեր ասաց: Եթե խիստ հակիրճ, ապա Փաշինյանը առավել քան պարզորոշ հասկացրեց, որ պատրաստ է ընդունել Ալիևի հերթական պայմանները: Իր իսկ ավելի վաղ արած արտահայտության նմանությամբ՝ Փաշինյանը շարունակեց դիրքավորվել որպես «ադրբեջանական ժողովրդի» շահերի սպասարկող:
 
Տեսեք. շատ պարզ հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարի վերաբերյալ, Փաշինյանը պատասխանել է. «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ՝ այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:
 
Սա քիչ է ասել, թե վտանգավոր հայտարարություն է: Փաշինյանի այդ ձևակերպումը թե՛ մանիպուլ յատիվ է, թե՛ ցինիկ՝ իր բովանդակությամբ, թե՛ շատ ավելի, քան վտանգավոր, ի լրումն՝ նման մոտեցումը նաև ական է՝ հետագայում այլ՝ ազգային ու պետական շահերով առաջնորդվող իշխանության համար: Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքն առհասարակ՝ հընթացս հիմնավորելով նշված բնորոշումները:
 
ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է դեռևս 1992 թվականի մարտիին՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով: ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում նշված է, որ խմբի նպատակն է՝ քաղաքական լուծումներ գտնել (առաջարկել) Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ: Չնայած նման ձևակերպմանը, բոլորն էլ ընդունել են և ընդունում են, որ Մինսկի խմբի, հատկապես ՄԽ եռանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական ջանքերի առանցքը Արցախի հիմնախնդրի քաղաքական (խաղաղ) կարգավորումն է: Հենց դրա վրա են տասնամյակներով կենտրոնացված եղել միջնորդական ջանքերն ու ՄԽ եռանախագահության գործունեությունը: Հակառակ պարագայում այդ ընթացքում անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր էլ հրապարակավ կարծարծվեին, ինչպես քննարկվում էին Արցախի հայության իրավունքներին վերաբերող խնդիրները՝ այդ խմբի գործունեության հետ կապված:
 
Բայց հիմնականը՝ այդ Ադրբեջանն ու Թուրքիան են համարում որ՝ ա) Արցախի խնդիրն այլևս լուծված է, բ) Արցախի հետ կապված հակամարտության թեմա չկա: Հիմա Փաշինյանը հայտարարում է, որ ինքն էլ է ադրբեջանական ու թուրքական ոճրագործ ռեժիմների պարագլուխներ Էրդողանի ու Ալիևի նման կարծում, որ Արցախի խնդիրը լուծված է: Բայց այդպես չէ: Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճիրը, էթնիկ զտման հանցավոր մոտեցմամբ հազարամյակներով հայկական Արցախի հայաթափումը հակամարտության լուծում չէ՝ անկախ այն բանից, թե ով ինչ է ասում:
 
Ինչպե՞ս է լուծված ու ի՞նչ եղելությունների հետևանքով: Հիշեցնե՞նք. Փաշինյանի ջանքերով բանակցային գործընթացը լիարժեք փակուղու մեջ մտցնել, հրահրիչ հայտարարություններ, թշնամու ռազմական նկրտումները լեգիտիմացնող հայտարարություններ, հիմնախնդրի բովանդակային խեղաթյուրում (ազգային ինքնորոշման խնդրից՝ տարածքային կլանման), պատերազմ, կորուստներ, ազատագրված տարածքներն առանց կրակոցի հանձնում, վերջապես՝ Արցախի ուրացում, շրջափակված Արցախին թշնամու սպառնալիքներին ու հարձակմանն ի պատասխան՝ չմիջամտելու, «պատերազմի մեջ չներքաշվելու» թուլամորթ դիրքավորում՝ Հայաստանի ղեկավար համարվողի կողմից:
 
Բայց դա հարցի լուծում, առավել ևս՝ կարգավորում չէ:
 
Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության ու «զբաղմունքի» բուն առարկան Արցախի հիմնախնդիրն է: Արցախի՛: Հիմնականը. որքան էլ համարվի, որ ԵԱՀԿ ՄԽն անգործության է մատնված, իսկ եռանախագահության պետությունները սուր հակամարտության մեջ են, բուն հարցն այն է, որ ՄԽ լուծարումը միջազգային իրավաքաղաքական առումով յուրօրինակ տապանաքար կդառնա Արցախի հայության իրավունքներին հետամուտ լինելու և մեր հայրենակիցների՝ սեփական բնօրրան վերադառնալու և ապրելու իրավունքի հնարավոր իրացման համար:
 
Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ Արցախի ու արցախահայության ճակատագրին ու հիմնարար իրավունքներին վերաբերող որոշումներ կայացնի: Նիկոլ Փաշինյանն ընդամենը ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում: Նրան չի ընտրել, նրան նման լիազորություններ չի տվել Արցախի հայ ժողովուրդը, որ, ի դեպ, ոչ թե 100 կամ 120 հազար է, ինչպես շատերը նշում ու կրկնում են, այլ 149 հազար (վերջին մարդահամարի պաշտոնական տվյալներով): Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ մարդկային ու, առավել ևս, ո՛չ էլ բարոյական առումով ոչ մի իրավունք չունի Արցախի հայության իրավունքներին ուղղակիորեն վերաբերող նման հարցով ինչ-որ բան որոշել, առավել ևս՝ նման հայտարարություն անել:
 
Մյուսը. Փաշինյանը Արցախի հայության իրավունքների հաշվին որոշել է «բազար անել» Ալիևի հետ: Թե՝ լավ, կհամաձայնենք ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, եթե Ալիևն էլ համաձայնի, որ էլ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» չի անվանելու: Էհ, ենթադրենք, թե Ալիևն էլ ձևացրեց, թե մի երկու օր այդպես չի վարվելու, հետո՞: Դա ի՞նչ մի նախապայման է: Ախր, գոնե նախապայմանը մի բանի նման լիներ: Ոնց որ «տունտունիկ» խաղա:
 
Դրանից հետո այն, թե ինչեր է ասել Նիկոլ Փաշինյանը «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ, արդեն ո՛չ զարմանալի, ո՛չ էլ հետաքրքիր են թվում: Մեկը «հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չլինելու» մասին է: Փաշինյանն Ալիևի պահանջին գործնականում համաձայնում է ու ասում, թե ամբողջական սահմանազատումից հետո այդ ներկայացուցիչները չեն լինի: Մյուսը միմյանց դեմ միջազգային հայցեր չներկայացնելու պահանջն է: Փաշինյանը գործնականում դրան էլ է համաձայն: Ու, եթե սա 17-ից 2 «չհամաձայնեցված» կետերն են, ապա սարսափելի է պատկերացնել անգամ, թե ժողովրդից գաղտնի պահվող մնացած 15 համաձայնեցված կետերն ինչերի մասին են:
 
Դժվար չէ կանխատեսել, որ Փաշինյանի նման արձագանքից հետո Ալիևն էլ ավելի է կոշտացնելու և ինտենսիվացնելու ինչպես հնչեցված, այնպես էլ նորանոր պահանջները, ասենք՝ Հայոց բանակն… ապառազմականացնելն ու զինաթափելը, Արցախի ազատամարտի ղեկավարներին կալանավորելն ու ադրբեջանական դահիճներին հանձնելը, Հայաստանում մի 300 հազար ադրբեջանական թուրքերի բնակեցնելը և այլն, և այլն: Թշնամու պահանջները չեն սպառվելու: Իսկ քանի դեռ Հայաստանում ղեկավար է Փաշինյանը… Չշարունակենք, առանց դրա էլ պարզ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները