Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս Հայաստանի քաղաքացիների գլխին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Եկամուտների հայտարարագրման գործընթացն արդեն իսկ տապալված է։ Սա ոչ միայն մասնագետների, այլև բազմաթիվ քաղաքացիների կարծիքն է: Նաև... փաստերի: Այս գործընթացը ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի ու հարկային համընդհանուր դաշտ ստեղծելու համատեքստում, որն իբր նպաստելու է պետբյուջե մուտքագրվող եկամուտների ավելացմանը։

Իհարկե, որոշ զարգացած երկրներում եկամուտների համընդհանուր հայտարարագրման պրակտիկան գործում է ու որոշակիորեն իրեն արդարացնում է, սակայն դա չի նշանակում, որ դրսում գործող համակարգը պետք է «քոփի-փեսթ» անել ու կուրորեն ներդնել Հայաստանում։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ հասնեինք այնպիսի զարգացման մակարդակի, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում իսկապես դրական իմաստով եղանակ փոխեր, բայց բացարձակ անպատրաստ վիճակում, առավել ևս, որ նույն «պատճառաբանությունների» դաշտում ահռելի անելիքներ կան, ներդնել այսպիսի համակարգ, նշանակում է պարզապես ի սկզբանե ձախողել այն, ինչը և եղավ։ Նախ՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը պահանջում է նոր տեխնիկական և վարչական ռեսուրսներ, ինչն ավելացնում է պետական ծախսերը։ Ու, ընդհանրապես, լուրջ խնդիր է ստեղծվում այն դեպքում, երբ համակարգը թերի է ու լրացուցիչ բյուրոկրատական քաշքշուկների պատճառ է դառնում, ինչի արդյունքում էլ ընդհանուր գործընթացը կիսատպռատ տեսք է ստանում։ Մյուս կողմից՝ խոշոր «մամոնտներին» թողած՝ «մրջյունների» հետևից են ընկել։ Փաստացի ստացվում է, որ մեծ ստվերային տնտեսությունների միլիոններից ուշադրությունը կենտրոնացվելու է մի կեպ ծայրը ծայրին հասցնող քաղաքացիների կամ թոշակառուների մի քանի հազար դրամների վրա։

Հիմա՝ ըստ հերթականության: ՀՀ պետական եկամուտների կոմիտեից անցած տարի մեր թերթի հարցմանն ուղարկված պատասխանում նշվում է, որ, նախնական գնահատմամբ, 2023 թվականի արդյունքներով պոտենցիալ հայտարարատու անձանց թվաքանակը գնահատվել է շուրջ 120 հազար մարդ, սակայն 2024 թ. հոկտեմբերի վերջի դրությամբ հայտարարագիր է ներկայացրել ընդամենը նշված քաղաքացիների մոտ կեսը՝ 57 930 անձ, ու իրավախախտումների վերաբերյալ կայացվել է թվով 3727 նախազգուշացման որոշում։ Հիշեցնենք, սա այն դեպքում, որ հայտարարագրման վերջնաժամկետը հուլիսի 22-ն էր (չնայած պետք է մայիսի 1-ը լիներ, բայց համակարգը պատրաստ չէր): Ու այդպես էլ պարզ չդարձավ, թե երբ նախատեսված անձանց մոտ կեսը հայտարարագիր չի ներկայացրել, ինչ է տեղի ունեցել, արդյոք տուգանե՞լ են այդ մարդկանց, թե՞ միայն նախազգուշացնելով են բավարարվել, այն էլ՝ մի փոքր մասին։ Ստացվում է, որ 120 հազար մարդու կողմից հայտարարագրերի ներկայացումը չեն կարողացել ապահովել, արդեն այս տարի անցում են կատարելու ևս 700 հազար քաղաքացու հայտարարագրմանը։ Լավ, ենթադրենք՝ այդ 700 (կամ՝ 800) հազար քաղաքացիներից 200 հազարը հայտարարագիր ներկայացրեց, մնացյալը չներկայացրեց, առավել ևս, որ արդեն իսկ շատերը սոցցանցերում հայտարարում են հայտարարագիր չներկայացնելու որոշման մասին։ Ի՞նչ են անելու այդ 500 կամ 600 հազար մարդկանց զգուշացնելուց զատ՝ տուգանելո՞ւ են, կախելո՞ւ են...

Ըստ այդմ, սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է լինելու 2026 թվականին, երբ հայտարարագիր լրացնելու պարտավորություն կունենան բոլորը՝ անկախ նրանից՝ աշխատող են, ուսանող, թոշակառու, հողի աշխատավոր, թե գործազուրկ: Վիճակն առավել մշուշոտ է դառնում, երբ ուսումնասիրում ես, թե ինչ լաբիրինթոսներով պետք է անցնի քաղաքացին՝ հայտարարագիր լրացնելու համար: Արդյո՞ք բոլորն են ունակ կամ ի վիճակի այդ ամենն անել, առավել ևս՝ տարեցները: Տեսեք՝ հաշվի առնելով, որ մեծ մասը չունի էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով էլեկտրոնային ստորագրություն, պետք է նույնականացման բջջային տարբերակն ընտրի: Դրա համար նախ պետք է ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։

Բայց քանի որ նույնականացման քարտերն այլևս չիպով չեն, ապա անհասկանալի է դառնում այս կետի պարտադիրությունը. ի վերջո, մարդն ունի անձնագիր, ունի ՀԾՀ, որն անփոփոխ է ողջ կյանքի ընթացքում, ուրեմն՝ ինչի՞ համար ենք ժամանակի կորստի ու հավելյալ 3000 դրամի ծախսի տակ դնում քաղաքացիներին:

Դրանից հետո անիմաստ ID քարտով և բջջային հեռախոսով պետք է մոտենալ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։ Ապա բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ (դե, նաև ինքնուրույն) պետք է ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը, դրանից հետո էլ էլեկտրոնային ստորագրության ծառայությունը։ Ի դեպ, վերջինս ևս վճարովի է՝ տարեկան 3000 դրամ, ինչը նորից հավել յալ ծախս է ենթադրում: Այնուհետև ՊԵԿի կայքով կամ բջջային հավելվածը ներբեռնելով՝ քաղաքացիները պետք է սկսեն լրացնել, որտեղ երկու տեսակի դաշտեր են լինելու՝ հարկվող և չհարկվող եկամուտներ։ Ընդհանրապես մեծ ժամանակ ու ջանք է պետք հասկանալու, համար, թե ինչպես է լրացվելու կամ ինչպես է ճիշտ լրացվելու։ Շատ ավելի անհեթեթ է պարտադրանքը՝ հայտարարագրել բանկային մուտքերը, որոնք ստացվել են, ասենք, ընտանիքի անդամներից, բարեկամներից կամ որպես տված անտոկոս պարտքի վերադարձ: Ճիշտ է՝ 2024-ի համար մեծ «լավություն են արել» ու դրանք դեռևս չհարկվող են, բայց այս տարի ստացված յուրաքանչյուր լումայի համար (ասենք՝ հոր կողմից որդուն փոխանցված) կարող են պարտադրել հարկ վճարել: Ընդ որում, չի սահմանվել նվազագույն գումարային շեմ:

Փաստացի, այս իշխանությունները երկիրը դարձրել են փորձադաշտ, բայց փաստն այն է, որ այսպիսի նախաձեռնությունները, որպես կանոն, իրենց «ոտքին են գցում», իսկ արդյունքում ցավում է ոչ թե իրենց «ոտքը», այլ մեր քաղաքացիների:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ» Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր Լեյեն Գորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար
Ամենաընթերցվածները