Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին հետախուզության ծառայությունը ձևավորվել է հազիվ 1 տարի երկու ամիս առաջ ու նախօրեին հրապարակեց իր անդրանիկ «տարեկան զեկույցը»: Առհասարակ, տարօրինակ է, որ հատուկ կամ գաղտնի ծառայությունը նման հրապարակային դրսևորումներ է ունենում: Երկուսից մեկը՝ կա՛մ հրապարակած տվյալները հետախուզական չեն, կա՛մ ծառայությունը: Ենթադրելի է, որ նման ծառայությունն իր տեղեկությունները պետք է տրամադրի այլ հատուկ ծառայություններին ու երկրի ղեկավարությանը: Իսկ հրապարակային առավելագույնը, որ պետք է լինի, այն է, թե հարկատուների միջոցներից որքան գումար է ստացել ու ծախսել:

Այդուամենայնից, փորձենք հասկանալ, թե ինչ է ասված այդ «լավաշ» փաստաթղթում: Նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունից հանգում ես անբեկանելի ու դառը եզրակացության. ԱՀԾ-ն ընդամենը Փաշինյանի ու նրա իշխանության «փիարով» զբաղվող հավելյալ կառույց է: Մի խոսքով՝ ամեն ինչ լավ ու հիասքանչ է...

Ընդհանրական արտահայտություններով, ոչինչ չասող նախադասություններով հագեցած նման «զեկույց» կարող է շարադրել իրավաբանության, միջազգային հարաբերությունների կամ լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ցանկացած գրագետ ուսանող, որը հետևում է հիմնական իրադարձությունների լրահոսին:

Տեսեք, ընդամենը երկու մեջբերում այդ դարակազմիկ «փաստաթղթից».

Ա) «...Սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում»։

Բ) «...Ադրբեջանը 2025 թվականին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը։ Այս շրջանակներում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները»:

Այսի՞նքն: ԱՀԾ-ն հայտարարում է, թե, այ, իր զեկույցը հրապարակելու կոնկրետ այդ պահի դրությամբ, ասենք՝ հունվարի 23-ի ժամը 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների հավանականությունը բարձր չէ: Հա, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը պատերազմի ու հարձակման չի պատրաստվում և, ասենք, հունվարի 24-ի ժամը 11:30-ին արդեն պատերազմի հավանականությունը մեծացել է:

Անհնար է անտարբեր անցնել զեկույցում արտացոլված վերլուծական մտքի հետևյալ գլուխգործոցի կողքով. «2025 թվականին ռուսուկրաինական հակամարտությունում ցանկացած սցենարով զարգացում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի Հայաստանի անվտանգության միջավայրի վրա»։

Սա մոտավորապես նույնն է, եթե հողագործն ասի, թե եղանակի ցանկացած փոփոխություն ուղղակի կամ անուղղակի կազդի գարնանացանի ու բերքատվության վրա: Կամ՝ եթե եղանակի տեսությամբ հաղորդեն, որ վաղը կարող է անձրև տեղալ կամ չտեղալ, բայց, համենայն դեպս, անձրևանոց վերցրեք:

Հիմնականը, ինչն ուղղակի աչք է ծակում զեկույցում, Ռուսաստանի դեմ ուղղված թշնամական բնույթի քողարկված կամ անթաքույց ակնարկներն են:

Իսկ դրանց «դափնեպսակը» հետևյալ քանքարամիտքն է. «2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն էլ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն»:

Հստակեցնենք, որ Հայաստանը «տնտեսական կախվածություն» ունի առավելապես Ռուսաստանից: Ըստ որում, Փաշինյանի իշխանության շրջանում, որքան էլ դա տարօրինակ չհնչի, հայ-ռուսական առևտրա տնտեսական հարաբերությունների ծավալներն էապես աճել են, Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է: Դա նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում Հայաստանը որպես վերաարտահանման հանգուցակետ ծառայեցնելով է պայմանավորված: Ու որպեսզի ոչ ոք չկասկածի, որ հենց Ռուսաստանի մասին է խոսվում, Ռուսաստանին են մեղադրում, թե «միջամտելու է Հայաստանի ներքին գործերին», «կարկառուն» քպականներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարում է. «Հույս ունեմ, որ Ռուսաստանը, որպես գործընկեր երկիր և որպես մի երկիր, որը մշտապես հայտնում է, որ չի խախտում և հարգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, որևէ կերպ չի փորձի միջամտել մեր ընտրություններին»:

Իսկ կարելի՞ է այդքան «ջրերի» փոխարեն ինչ-որ փաստ հանրայնացնել: Բայց ամենագլխավորը՝ առկա մարտահրավերների ֆոնին այս մարդկաց բացառապես մի բան է հետաքրքրում՝ առաջիկա ընտրություններն ու իրենց վերարտադրման հնարավորությունները: Ու վերջ...

Ի դեպ, իսկ Թուրքիան կամ Ադրբեջանը չեն միջամտո՞ւմ կամ չունե՞ն նման նկրտումներ, իսկ Եվրամիությո՞ւնը, իսկ ԱՄՆ-ն ու, ասենք, Ֆրանսիա՞ն, իսկ ուրիշ այլ երկրնե՞ր: Գիտե՞ք, թե իրականում ինչ են ուզում ասած լինել: Դա, ի դեպ, դժվար չէ կռահել՝ ուշադիր ծանոթանալով ԱՀԾ հրապարակած, կներեք՝ «զեկույցին»:

Ակնհայտ է, որ գլխապատառ դեպի Եվրամիություն ու ԱՄՆ նետվելու Փաշինյանի հերթական արկածախնդրությունը հանգեցնելու է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների, առհասարակ՝ հարաբերությունների խզմանը, դա հանգեցնելու է տնտեսական կոլապսի և սոցիալական քաոսի, որի պայմաններում Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը: Այսինքն, այդ բոլոր ԱՀԾ-ների, մյուս կարկառունների միակ փորացավն այն է, որ իրենք հանկարծ իշխանություն չկորցնեն: Այն, որ իրենց իշխանավարումը Հայաստանն ուղիղ գծով տանում է դեպի ճակատագրական նոր փորձանքների, նրանց առանձնապես չի հուզում: Ու թող սա համարվի պետական գաղտնիքի հրապարակում, բայց, մեր մեջ ասած, Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը Փաշինյանին ու նրա շահերն սպասարկողներին երբեք չի հուզել: Նրանք ուրիշների շահերն սպասարկելու վրա են կենտրոնացած, ինչի ամենից ցայտուն ապացույցը Հայաստանի ու մեր ժողովրդի ներկա խայտառակագույն վիճակն է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները